Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, March 27, 2011

Սերմն առողջ է, ափսոս անդաստանն է ապական …

Մեր գրավոր հարցերին էլ.փոստով պատասխանել է բեմադրիչ, գրող, հրապարակախոս, հայագետ, իսկ հիմնականում` որպես ազգաբան ու էաբան, Հայաստանից վտարանդի ֆրանսաբնակ Ալեքսանդր Արորդի Վարպետյանը:

- Պարոն Վարպետյան, ինչպե±ս դարձաք վտարանդի, թեև` եթե չեմ սխալվում Երևանում շարունակում եք պահել Էության գրասենյակը և բավական համախոհներ ունեք:

- Վտարանդի եմ դարձել 1999 թ. հոկտեմբեր 27-ին Հայաստանի խորհրդարանում ոճրագործության և դրանից հետո Հայաստանում ներքին և արտաքին քաղաքական փոփոխությունների հետևանքով: Պաշտոնապես` այդ պատճառաբանված է ՙՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին՚ նախկին` ապա 2007 թ. փետրվարի 4-ին ուժի մեջ մտած ՙՕտարերկրացիների մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի /գ/ և /զ/ ենթակետերի պահանջների համաձայն: Այն են. գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է` վնաս պատճառել Հայաստանի պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, զ) ՙգոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ՚ : Համարյա al qaida …

- Այդքան զավեշտակա±ն է պաշտոնական պատճառաբանությունների անհեթեթությունը:

- Կա այլ մեկ խայտառակ օրինազանցություն: Ես Ֆրանսիայից մանուկ հայրենադարձս, եղել եմ խորհրդային Հայաստանի քաղաքացի 1948 թ.-ից: 1991 թ. այն պաշտոնապես վերաձևակերպվեց որպես ՀՀ քաղաքացիություն, սառեցվեց 1994 – 95 թթ. երկքաղաքացիության մասին օրենքով, որն էլ չեղյալ հայտարարվեց ՀՀ կառավարության 20. 09. 2007 թ. N1116-Ն որոշմամբ: Նույն այդ որոշմամբ փաստացի պիտի վերականգնվեր իմ ՀՀ քաղաքացիությունը, սակայն նոր մի խարդավանքով այդ դիմումս նույնպես մերժվեց: Մնում է տալ տարրական մեկ – երկու հարց, ինչո ±ւ են ՀՀ իշխանությունները տրվել այսպիսի խարդավանքների, որո±նք են ոչ միայն վտարման` այլև մոլեգին բանսարկումների և անգամ Սփյուռքում հետապնդումների բուն պատճառները, և ի±նչ են այդքան համառորեն թաքցնում ՀՀ իշխանությունները, երբ հնարավոր էր արգելքի վերացմամբ փակել այս խնդիրն ու բերանս, ինձ վերցնելով անմիջական հսկողության տակ:

- Ըստ Ձեզ, ինչո±ւ և ո±վ կամ ովքե±ր չեն թողնում գալ Հայաստան և մինչև ե±րբ կշարունակվի այդ քաղաքականությունը:

- Չմանրանալու համար միայն պնդեմ: Պատճառը` 1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունն է, պատասխանատուն` ՀՀ երկրորդ նախագահը, Հայաստան նույնիսկ կարճատև մուտքի արգելողները` նրա սքող – բացահայտ ՙգվարդիան՚, հատկապես ՙգլխիս գործ սարքած՚ դավադիրները: Այս քաղաքականությունը կշարունակվի մինչև ՙղարաբաղյան իշխանության՚ երկարակեցությունը և Մոսկվայի նրանց հովանավորությունը: Այսինքն` շատ երկար …

- Դուք երբեք հակառուսական կողմնորոշում չեք ունեցել, հիմա` Ռուսաստանի կողմից գաղութացվող Հայաստանում` ի±նչ կարող եք անել, որ չեն կարող` ուրիշները:

- Թույլ տվեք հարցին պատասխանել հարցով: Ես ընդհանրապես որևէ երկրի ազգության դեմ չեմ եղել, այլ գործել եմ միայն հանուն հայոց ինքնագիտակցության, հոգևոր և բանական վերաճի` որպես գոյապահպանման, կայացման ու հարատևման անշրջանցելի նախապայման: Այս առումով, կարո±ղ էի արդյոք լինել նաև Ռուսաստանի համար սպառնալիք …

- Միևնույն ժամանակ` Դուք գործելով հոգևոր դաշտում որևէ կերպ վտա±նգ եք սպառնում Հայ Առաքելական եկեղեցուն, նրա դավանանքին: Թերևս` գաղտնիք չէ նաև, որ շատ ազգակործան աղանդներ վաղուց ի վեր հաստատվել են Հայաստանում և մարդորսությամբ են զբաղված:

- Եթե ՙԷություն՚ ազգային իմաստության տաճարը և նրա վերոնշյալ առաքելությունը սպառնում են նաև Հայ առաքելական եկեղեցուն, ուրեմն վտանգավոր եմ նաև նրա համար, իսկ իրականում` հենց աղանդների և տգիտության: Քարոզչություն չանենք, թող յուրաքանչյուր ընթերցող դատի ըստ իր հայացքների ու տրամաբանության:

- Ձեր գործողություններն ու դիրքորոշումները որևէ կերպ աղերսվո±ւմ են Հայաստանի ներքաղաքական խնդիրների հետ: Դուք մտերիմ եք եղել և համագործակցել եք Հայաստանում այսօր իշխանական կուսակցություն համարվող ՀՀԿ հիմնադիր, դիսիդենտ, երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի հետ: ՀՀԿ նավասարդյանական թևի, շերտերի հետ համագործակցության, հաղորդագրության եզրեր ո±ւնեք և որքանո±վ են Ձեր առաջիկա պլանները համընկնում հայրենիքի քաղաքական զարգացումների հետ:

- Ես մտերիմ եմ եղել ազգանվեր ու հայրենանվեր բոլոր խոհեմ և ազնիվ անձերի ու շրջանակների հետ, մինչև վերջերս հնարավորինս մնալով վերքաղաքական, վերկուսակցական և վերկրոնական: Հայրենիքի այժմյա իրադարձությունների հետ կապեր չունեմ, հետևում եմ միայն որպես ազգաբան: Չեմ կարծում, որ իմ կենդանության օրոք բախտորոշ փոփոխություններ լինեն, ապագայում` վստահ: Ամենայն անում եմ այդ հեռանկարով:

- Ծանո±թ եք Հայաստանում տիրող քաղաքական, հասարակական – սոցիալ տնտեսական իրավիճակին, ինչպիսի±ն են բնորոշումները հեռվից, գուցե` ավելի սառը հայացքով ու ռեալ բառուբանով:

- Ակնհայտ և հիմնավոր ահազանգերը միայն հավելեմ: Ժամանակին, ետխորհրդային իրադարձություններն ընկալում էի որպես կա’մ հիրավի պատմական վերածնունդ, կա’մ հոգեվարային` աշխուժացում: Արդ, քսանամյա այս կենսափորձը բնորոշում եմ որպես երկհազարամյա պատմության խտացում, իմա` անկումային: Այսուհանդերձ` չեմ կարծում, որ հայերն այս հարյուրամյակում կանհետանան, եթե ասորիները պետականություն կորցնելուց 2500 տարի հետո դեռևս գոյություն ունեն: Եվ հետո, ԽՍՀՄ-ի պես հզոր տերության փլուզուման դեպքում, գաղութարարության նահանջի, ազգային փոքրամասնությունների աշխուժացման ու երրորդ աշխարհի ինքնագիտակցության հետ դժվար թե կայսրություններն ու բռնատիրությունները երկար գոյատևեն: Արդեն ձևավորվում են այլ գերակայություններ և միջազգային փոխհարաբերություններ:

- Սփյուռքի մեջ ապրելով զգո±ւմ եք ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության կարևորությունը, թեկուզ` այսպես կոչված ՙԱրի տուն՚ և տարաբնույթ նախաձեռնություններն ի±նչ արձագանք են գտնում Սփյուռքում:

- Այդպիսի խրտվիլակ միայն այս խամաճիկ իշխանությունները կարող էին հորինել: Այն, անգամ երբեմնի Սփյուռքի կոմիտեի շերեփուկը չէ:

- Ընդհանրապես` Սփյուռքում այսօրվա ու երեկվա հայի համար դժվար չէ± ինքնադրսևորվելը, և արդեն այսքան տարի ապրելով այնտեղ, ի±նչ եք կարծում որքա±ն են Ձեր պես մտածողները:

- Ավելի ու ավելի քիչ: Լինելով սփյուռքահայի հետնորդ և վերջին շուրջ 35 տարիներին ապրելով ու գործելով արտերկրում, ականատես եղա Սփյուռքի ուռճացմանն ու միաժամանակ ուծացմանը: Իսկ ինձ պես մտածողները հավելվում են նավաբեկյալների համաբանությամբ ու համաչափությամբ, այդուհանդերձ` մեծամասամբ ընկղմելով ՙլողալու՚ անկարողությունից:

- Ձեզ Հայաստանում հիշում են, որպես արորդու, էաբանի, ով Գրողների միությունում մարդաշատ հանդիպումներ էր անցկացնում ու ոգեշնչում մարդկանց: Այդ ոգեղեն ուղին Սփյուռքում շարունակո±ւմ եք և ինչպե±ս:

- Միայն ոգե-գաղափարապես, խիստ սահմանափակ միջոցներով` թեև զգալի ներգործությամբ: Փոքր-ինչ դիտողականությունն ու ազնվությունը բավարար կլինեին գրանցելու համար, որ այդ և հայագիտության ասպարեզում կատարվող բուռն խմորումները ՙԷության՚ ծլարձակումներն են: ՙԷություն՚ ոգե-գաղափարական համակարգը հիրավի անչափ խորն է և դեռ անելու է իր ՙսև, թե սպիտակ՚ գործը (նայած ո±ւմ համար` ինչպե±ս): Կապրեք` կտեսնեք, այն էլ միայն երևութական կողմը: Իսկ եթե երբևէ ստեղծվի հիրավի ազգային պետություն` անհամեմատ շատ ավելին և նույնքան շատ արագ:

- Ծանո±թ եք Հայաստանում լույս տեսնող ժամանակակից գրականությանը և որքանո±վ:

- Միայն մասամբ: Կարող եմ ասել, որ առկա է շատ խոստումնալից պոտենցիալ, գիտամշակութային համարյա բոլոր ասպարեզներում, ցավոք` ոչ աշխարհայացքային և գաղափարական: Զի, 8-ամյա Մոցարտ կարող է լինել, 8-ամյա Պլատոն` դժվար թե: Մինչդեռ` հուզաբանական այդ պոտենցիալը ազգային տաղանդի ինքնաբուխ դրսևորում է: Սերմը առողջ է, ափսոս անդաստանն է ապական: Ուստի` սերմերը կա’մ թերաճում են և` ի վերջո, փտում, կա’մ համասփռվում և առավելաբար բարգավաճում բերրի, թե նպաստավոր միջավայրերում: Այդ եղել է հայոց բուն ողբերգությունն ու թերևս` լինի անհետացման հիմնապատճառներից մեկը, մյուսը` ազգային աշխարհայացքի և գաղափարախոսության բացակայությունն, ըստ այդմ` հարափոփոխ իրավիճակներին չհարմարվելու ունակությունը, ինչպես բոլոր գոյաձևերի և ՙբնական ընտրության՚ պարագաներում: Հուսամ գոնե տարրական այս օրինաչափությունները ՙԷության սկզբունքների ու խորհուրդների խորխորատներ՚ չեն դիտվի:

- Ինչի± մասին կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

- Եթե կողմնացույցի գլխավերևում մագնիս է դրված, ապա դժվար թե ՙփոքրիկ նավակը՚ երբևէ հասնի ՙկապույտ ծով՚ …

Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Saturday, March 5, 2011

Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական վիճակը դանդաղ անէանալն է, եթէ …


Գրող, հրապարակախոս, 1993 թ.-ից Հայաստանից վտարանդի, այժմ` փարիզաբնակ Կարեն Ա. Սիմոնյանի հետ զրուցում ենք ժամանակների, երեք նախագահների հակահայ գործունեության, ժամանակի գրականության ու Սփյուռքի նախարարության անդեմ գործունեության ու քաղաքական իրավիճակի մասին` զերծ չմնալով նաև հուշերից …


– ՙՈրտեղի±ց յայտնուեցին բոլոր այն ապիկարները, այն անօրէնները, խաբեբաները, ստահակները, կեղեքողները … այն ցինիկները` շնականները, որոնց համար խիղճն ու ամօթը անծանօթ ստորոգութիւններ են, այն ստորաքարշ կամազուրկները, ովքեր ընդամէնը քսան տարուայ ընթացքին զրկուեցին իրենց յիշողութիւնից եւ ենթարկուեցին ոճրագործ պրն. Լևոն Տէր Պետրոսեանի ՙխոստովանութեան՚ գայթակղութեանն ու իրենց միջից մատաղացուներ տուեցին մէկ ուրիշ ոճրագործ Ռոբերտ Քոչարեանին եւ այն էլ` հերթական սատրապ Սերժիկ Սարգսեանի բագինին զոհաբերելու համար՚: Ձեր իսկ առաջադրած այս հարցին` մեր օրերի պատասխանը …



- 1925 թուականին Մոսկուայի մտաւորական ներկայացուցիչների հետ հանդիպումի ընթացքին Նիկոլայ Բուխարինը այսպէս ներկայացրեց բոլշեւիկեան ծրագիրը. «Այո՛, մտաւորականներին մենք կը բազմացնենք կաղապարներով, նրանց կ’արտադրենք գործարանային եղանակով»։ Կոմունիստական կայսրութեան այս խոստումը արագօրէն իրականացուեց։ Նախ Հայաստանի մէջ 1930-ական թուականների խանջեանական «կուլտուրական ռեւոլիւցիան» (որ, ի դէպ, իր լիակատար աւարտին հասցրեց Ա. Միկոյեանը) գլխատեց հայ «բուրժուական» մտաւորականութեանը։ Նրանց փոխարինելու եկան «կարմիր պրոֆեսուրա»յի կարճատեւ դասընթացներ աւարտած պրոլետարական «մասնագէտները», ինչպէս նաեւ արուեստի ու գրականութեան մէջ խրախուսուեցին երիտասարդ, բայց գորշ միջակութիւնները։ 1950-ականներին արդէն սրանք էին այն թթխմորը, որ պէտք է դաստիարակէին յետպատերազմեան երիտասարդութեանը։ Իսկ 1971 թուականին ԽՄԿԿ կոմկուսի 24-րդ համագումարի որոշման համաձայն Խորհրդային Միութեան ամբողջ տարածքի վրայ բնակուող ազգերը յայտարարուեցին «պատմական մի նոր ընդհանրութիւն՝ սովետական ժողովուրդ»։ Սովետական ժողովրդի լեզուն ճանաչուեց ռուսերէնը, ելնելով «այն դերից, որպիսին խաղում է ռուս ժողովուրդը ԽՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքի մէջ» (տե՛ս «ԽՄԿԿ XXIV համագուրարի նիւթերը», Ե. 1971)։
Այդ «եղբայրական ընտանիքի» անդամները Ռուսատանի կողմից գաղութացուած ժողովուրդներն են, որ գտնւում են նոյն ժողովրդի ծնունդ կոմունիստների հսկողութեան տակ՝ դաւաճանելով իրենց ժողովուրդների ազգային շահերը։ Բայց Վ. Լենինը ժամանակին «մեղքերի թողութիւն» էր տուել կոմունիստներին, գրելով, թէ «Ով դէմ է պետական դաւաճանութեան՝ նա կանգնած է բուրժուակա՛ն եւ ո՛չ թէ աշխատաւորական տեսակէտի վրայ» (տե՛ս «Սոցիալդեմոկրատ», թիւ 43, 1915)։ «Սովետական մարդու», «սավոկի» կամ Homo sovieticus‐ի հիմանական յատկանիշներն են նրա անսահման հայրենասիրութիւնը, որ իրականին հաւատարմութեան դրսեւորում է վարչակարգի, եւ անսահման հաւատը լուսաւոր ապագայի նկատմամբ։ Սավոկին բնորոշ է նրա լաւատեսութիւնը իրականութեան բոլոր, նոյնիսկ ողբերգական վիճակների մէջ (Ստալինեան մրցանակի դափնեկիր Վ. Վիշնեւսկի՝ «Լաւատեսական ողբերգութիւն» թատերախաղ)։ Նրա համար հայրենիքը Սովետական Միութիւնն է («Իմ կայսրութիւնը» — այսպէս կարօտեց Հրանտ Մաթեւոսեանը, երբ Հայաստանը ձեւականօրէն անկախացաւ), ուրեմն, հայրենիքի սահմանները «Բրեստից մինչեւ Կամչատկա եւ Մուրմանսկից մինչեւ Արաքս գետ» (Ս. Կապուտիկեան)։ Սավոկը անաստուած է։ Նա մերժում է Աստծուն եւ պաշտում է կուռքերին։ Այդ կուռքերի պատկերները սավոկային տօների ժամանակ զարդարում էին Երեւանի կենտրոնական հրապարակի շէնքերի ճակատները։ Հետեւաբար, անաստուած կամ հեթանոս սավոկը չի կարողանում ապրել առանց կուռքերի։ Նրա կեանքը իմաստաւորւում է ընդհանրապէս հերոսականութեան մթնոլորտի մէջ։ Սավոկին միշտ հարկաւոր են նորանոր կուռքեր, որպիսիք կարող են դառնալ նաեւ ազգային ժողովի նախագահական սեղանի առաջ նստածները, այն պայմանով սակայն, որ իբրեւ յանցագործներ դատապարտուելու փոխարէն դառնան յանցագործութեան զոհեր։ Բայց ամէնից գլխաւորը. սավոկը ինքնահաստատումը գտնում է այն դէպքում, երբ նրա առաւելութիւնը միւսներից կոմկուսն ու սովետական իշխանութիւնը մատնանշում են շքանշաններով, պատուոգրերով, կոչումներով կամ պետական մրցանակներով… Եւ այս բոլորից զուրկ չէր մնում գրեթէ ոչ ոք։ Հասարակութեան անդամները հիմնարկային, գործանարանային, կոլխոզային, շրջանային, քաղաքային բոլոր մակարդակներով ունէին իրենց հասանելիք հերոսականացման բաժինները։ Ծայրահեղ դէպքում «արտադրութեան առաջաւորների պատուոյ տախտակների« վրայ աշխատանքային վայրերում եւ նոյնիսկ բացօթեայ վահանակների վրայ տեղադրուած լուսանկարներով նրանք ստանում էին իրենց բաժին «հերոսականութիւնը»։ Բայց այս բոլորը քօղարկում էին անցեալի ողբերգութիւնները եւ ներկայի այն ապիկարութիւններն ու անիրաւութիւնները, որպիսիք յատուկ էին կուսակցական եւ սովետական ղեկավարներին։ Նաեւ բնորոշ էին ոչ միայն ղեկավարութեանը, այլեւ «սովետական մարդուն» ընդհանրապէս։

Գողութիւնը նոյն այդ 60-70-ականներին ստացել էր պաշտօնական չգրուած օրէնքի ուժ։ Միայն մէկ օրինակ. Գիւմուշի էլէկտրակայանը կառուցելիս շրջակայ գիւղերի բնակիչները իրենց հոգսերը հոգում էին շինհրապարակի ցեմենտով եւ շինարարական այլ եւ այլ նիւթերով։ Իրաւապահ մարմինները սկսեցին ձերբակալութիւնները, որոնց առիթով բողոքի լուրը հասաւ է կուսակցապետ Ե. Քոչինեանին։ Նա խնդիրը լուծեց միայն հռետորական հարցով. «Մարդիկ գողանում են ոչ թէ վաճառելու, այլ տուն շինելու համար, չէ՞…» Այս մտածելակերպը բացառութիւն չէր հայութեան համար։ Զեղծարարութիւնը, գողութիւնը եւ համատարած կաշառքը արդէն բացայայտ էր: Եւ այս երեք չարիքները «դատապարտում» էին հէնց իրենք՝ կուսակցական պաշտօնեաները, ճիշտ մեր ժամանակների պէս փորձելով ներշնչել, թէ այդ չարիքների հեղինակները իրենցից հեռու ինչ որ մարդիկ են։ Դպրոցների եւ համալսարանների վկայականները, գիտական աստիճանները, կուսակցութեան մէջ մտնելու եւ «հացի գրքոյկ» ունենալու համար շրջկոմներից տրուող «անկետա»ները վաճառւում էին շարունակ բարձրացող գներով։ Պաշտօնական վիճակագրութիւնը հարիւրաւոր հազարներով ծախու հանուած վկայականների քանակը նկատի ունենալով հնգամեակից հնգամեակ արձանագրում էր կրթութեան ու գիտութեան վիթխարի աճ եւ զարգացում («Эхо Москвы», Журналистическое расследование, Май, 2008)։ Սավոկը սերնդէ սերունդ դաստիարակուած էր, իսկ աւելի ստոյգ՝ նրա ուղեղը լուացել էին ներշնչելով «…այն համոզումը, թէ նոյնիսկ կրթական մարզում, առաւել եւս չխօսելով կեանքի մնացեալ մարզերի մասին, լաւագոյն միջոցը ուժն է: Ներշնչւում էր այն համոզումը, թէ սովետական մարդը նոյնիսկ սեփական շահերից ելնելով՝ երբէք ինքնուրոյն ոչինչ չի անի, եթէ չլինի պետական հարկադրանք: Հետեւաբար ամէն ինչի համար պէտք է շնորհակալ լինել պետութեանը» (Михаил ГЕЛЛЕР, Машина и Винтики, Лондон, 1985):
Եւ հաւատարիմ լինել բռնատիրական պետութեանը, որ ոչ թէ ինքն էր մարդու համար, մարդու իրաւունքը պաշտպանելու համար, մարդու ազատութիւնը ապահովելու համար, այլ մարդն էր պարտաւոր նոյնիսկ իր անձը զոհաբերելու՝ յանուն պետական վարչակարգի կամ աւելի պարզ բառ ու բանով՝ «За родину, за Сталина»։ Հայրենիքն ու կոմունիստական վարչակարգը նոյնացուեց սովետական մարդու գիտակցութեան մէջ։ Սավոկը ուժային գաղափարախօսութեան փաթեթաւորումի մէջ էր։ Անկախ այն բանից, որ Ի. Ստալինի ոճրագործութիւնները բացայայտուած էին, սակայն լենինստալինակականութիւնը շարունակուեց առանց որեւէ փոփոխութեան։ Գաղութատիրական Ռուսաստանը բոլոր հնարաւոր միջոցներով դիմակափոխուելով՝ հաւատարիմ մնաց ազգերը ձուլելու գլխաւոր նպատակին, նաեւ երկերեսանութեամբ ներշնչելով, թէ ազգերի մշակոյթները ծաղկում եւ բարգաւաճելու են ընդհանրապէս ամբողջ աշխարհում՝ համաշխարհային յեղափոխութեան յաղթանակի շնորհիւ։ Այսպէս. «Պրոլետարական դիկտատուրա հաստատելով՝ ազգային մշակոյթների (եւ լեզունէրի) բուռն ծաղկումը մէկ երկրի մէջ նպատակ ունի պայմաններ ստեղծել դրանք ոչնչացնելու եւ ձուլելու մէկ ընդհանուր սոցիալիստական մշակոյթի (եւ մէկ ընդհանուր լեզուի) մէջ՝ ամբողջ աշխարհում սոցիալիզմի յաղթանակի ընթացքին» (Ի. Ստալին, «Լենինզմի հարցերը», Ե. 1931)։ Հայկական նոր-գաղութային (1991 թ) «հանրապետութեան» Սահմանադրութեամբ Հայ ժողովուրդը դարձաւ Սովետական Հայաստանի ժառանգորդը։ Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովրդին հնարաւորութիւն ընձեռնուեց շարունակելու բոլոր այն արատներն ու անիրաւութիւնները, որպիսիք նրա մէջ իբրեւ հասարակական մտայնութիւն արմատացել էին անցեալ 70 տարիների ընթացքին։ Ժամանակին երեսպաշտօրէն քօղարկուող արատները վերջին երկու տասնամեակների ընթացքին դարձան բացայայտ կենցաղ։ Սովետական իրականութեան մէջ ձեւաւորուած սավոկները եւ արդէն նաեւ նրանց զաւակները ներկայացնում են ժամանակակից հայաստանեան իրականութեան իշխանութիւնները՝ նախագահին եւ նախարարներին, ազգային ժողովի պատգամաւորներին եւ մարզպաններին ու քաղապետերին։ Կոմունիստական կուսակցութեան եւ կոմունիստական երիտասարդութեան պաշտօնաները շարունակում են Homo sovieticusային բարքերը հայ հասարակութեան բոլոր ոլորտների մէջ։
Ուրեմն, այն հարցին, թէ «Որտեղի՞ց յայտնուեցին բոլոր ապիկարները, անօրէնները, խաբեբաները, ստահակները, կեղեքողները եւն» կայ մի յստակ եւ ստոյգ պատասխան. — Նրանք բոլորը ձեւաւորուել են մէր աչքի առաջ, գոյութիւն են ունեցել մէր միջավայրում եւ բացայայտուել են առաջին իսկ պատեհ առիթով եւ մեր թողտուուեամբ… Քանի որ ինքներս մեզ միշտ խաբել ենք, թէ մենք շատ ազնիւ, շատ տաղանդաւոր, խիստ բացառիկ ու անարատ ժողովուրդ ենք եւ մէր մէջ գողութիւնը, կաշառակերութիւնն ու պոռնկութիւնը իրենց բոլոր տարբերակներով բացառութիւններ են եւ դրանց մասին հրապարակելը աշխարհի առաջ հեղինակազրկում է հայ ժողովրդին … Բայց որեւէ բանից զրկուելու համար նախ պէտք է այն ունենալ։ Եւ ոչ թէ հալած իւղի տեղ ընդունել «Պրավդա» թերթի այն յայտնագործութիւնը, թէ սովետական ժողովուրդը հանդիսանում է մարդկութեան զարգացման նոր եւ բարձրագոյն աստիճան, որին դեռ չեն հասել աշխարհի միւս բոլոր ժողովուրդները։
«Պրավդա»ն այս դէպքում չի ստել։ Homo sovieticus-ի «նոր եւ բարձրագոյն աստիճանը» արդէն երկու տասնամեակ է, ինչ տեսնում ենք Հայաստանի քաղաքական կեանքի մէջ։ Մասնաւորապէս նկատի ունեմ 70 տարիների կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի դիմակափոխութիւնը սավոկային «նախագահ»ի։ Ազգային մեր ողբերգութիւնը նոյնպէս ապրեց իր կերպարանափոխութեան փուլը՝ հասնելով իր «նոր եւ բարձրագոյն աստիճանին»։ Եթէ ժամանակին Մոսկուան մեր Գաղութային Երկրորդ «հանրապետութեան» կուսակցապետին բացայայտօրէն նշանակում էր, ապա արդէն քսան տարի է որ «դեմոկրատիայի» պատրանքը արտաքին աշխարհի եւ հիմարացուած հայ ժողովրդի դիմաց պահպանելու նպատակով իր սատրապներին դարձեալ շարունակում է նշանակել, միսյն թէ անպայման ներքին զանգուածային խժդժութիւններ եւ սպանութիւններ հրահրելով։
Թէեւ 1988 Յուլիս 5-ի երեքշաբթի օրուայ Զուարթնոց օդակայանի ջարդը եւ Խաչիկ Զաքարեանի սպանութիւնը չդարձաւ ընդվզող զանգուածին սթափեցնող ողբերգութիւն, թէեւ շատերի համար այն մնաց իբրեւ դիպուած եւ ոչ թէ խորհրդաւոր սադրանք, բայց ինձ համար մի քանի հարցադրում (թէկուզ եւ առանց պատասխանի) նոյն այդ օրը բաւական էին, որպէսզի ոչ միայն իմ ցասումը արտայայտեմ հրապարակի խելագարուող բազմութեան նկատմամբ բոլորովին անտարբեր եւ ձեռքերը կրծքին հարթակի վրայ յետ ու առաջ ճեմող Լեւոնի նկատմամբ։
Հիմա էլ այդ մի քանի հարցերը չեն կորցրել իրենց հրատապութիւնը. Այսպէս. ո՞վ եւ ինչո՞ւ Լեւոնին լուր տուեց օդակայան վայրէջք կատարող спецназ – ի մասին, որ ռազմական գաղտնիք էր։ Ինչո՞ւ Լեւոնը կոչ արեց որ երիտասարդները գնան օդակայան. անշուշտ կարելի է թանձրամիտ լինել, բայց Լեւոնը այն աստիճան թանձրամիտ չէ որ երտասարդներին ուղարկէր спецназ – ի ռոբոտների վայրէջքը կանխելու։ Հարթակի վրայ կանգնած Լեւոնին ո՞վ լուր տուեց, որ Մաշտոց պողոտայի վրայ ավտոբուսներ են կանգնած մարդկանց օդակայան տեղափոխելու համար։ Եւ, վերջապէս. ո՞վ էր աւտոբուսները ապահովել առաջիկայ ջարդը կազմակերպելու համար ժողովրդի աչքից հեռու։
Յիրաւի. եթէ Մաքիավելին ոգեւորում էր բարոյալքուած կառավարողների գործողութիւնները, ովքեր պետական վիթխարի իշխանութիւնը իւրացնելու ճամբայի վրայ ոչ մի միջոցից չէին գարշում, իսկ Նիցշէն գովերգում էր «բարու եւ չարից այն կողմ գտնուող» գերմարդկային անասնականութիւնը, ապա Մարքսը հանդէս էր եկել որպէս մի նոր կրօնական ուսմունքի «գիտական» մունետիկ, ուսմունքի, որ հաւակնութիւն էր ունենալու քրիստոնէական Աւետարանը փոխարինել Չարիքի «աւետարանով»։«Սփիռքահայ» կոմունիստ առաջադիմական Յակոբ Տէր Պետրոսեանի Թելման եւ Կամո զաւակների հետ գաղափարի մարդ դարձած Լենդրօշը հէնց այդ Չարիքի «աւետարանի» նկատմամբ հաւատարմութեամբ էր, որ հազիւ մէկ տարի անց մարդկանց աչքից հեռու, իր եօթը բարոյալքուած կոմիտէականների հետ համագործակցութեան ուխտ կնքեց ԿԳԲ-ի եւ Կրեմլի հետ (տե՛ս Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ, «Lustratia», http://www.shirakcentre.org/index.php/hy/karenasimoneangrakanerkerhraparakaxosutyun/533-shirak-centre-ngo.html)։ 1991-ին շարունակելով սովետական ընտրական կեղծիքի աւանդութիւնը, Տէր Պետրոսեանը, բնական է, ԿԳԲի եւ Կրեմլի հովանաւորութեամբ նշանակուեց Գաղութային Երրորդ «հանրապետութեան» նախագահ, բայց սավոկային զանգուածը խանդավառութեամբ ողջունեց նրան, որ «յաջողել էր առանց էական խախտումների դեմոկրատական ընտրութինների» շնորհիւ յաղթել Պարոյր Հայրիկեանին։ (Ես եւ իմ ընտանիքի անդամները այդ «ընտրութեան»ը չենք մասնակցել, քանի որ մեզ յայտնի էր կոմիտէի 8 անդամների հաւաքագրուած լինելու փաստը Տէր Պետրոսեանի առաջնորդութեամբ)։
Յաջորդ խոշոր ընդհարումը, երբ ապագայ ազգային հերոսը անձամբ կրակեց ընտրութիւնների անթաքոյց զեղծարարութեան դէմ բողոքի ցոյցի ելած ժողովրդի դէմ, 1996-ին էր։ Կրեմլը որոշեց վերադասաւորել իր խամաճիկներին։ Ղարաբաղից Երեւան տեղափոխուեց Ռ. Քոչարեանը եւ նշանակուեց վարչապետ։ Սա այն պաշտօնն է, որ նախագահի հրաժարականի կամ մահուան դէպքում ժամանակաւորապէս, մինչեւ նոր ընտրութիւն, փոխարինում է նրան։ 1990 թուականին Վացլաւ Հաւելի հրաւէրով կազմակերպուած քննարկումներին մասնակցելու համար Պրահա էի մեկնել։ Առանց ղարաբաղեան կողմի ներկայացուցիչի քննարկումների ընթացքը շարունակել հրաժարուեցինք Պարոյր Հայրիկեանի պնդումով։ Եւ Պրահա ժամանեց ինձ անծանօթ եւ տարօրինակ մէկը, որին տեղաւորեցի հիւրանոցի իմ սենեակը եւ մօտ տասը օր փորձեցի հասկանալ, թէ կուսակցական մարզկոմի այդ աշխատակիցը ի՞նչ է իրենց ներկայացնում։ Նրա մտաւոր կարողութիւնները բաւականին համեստ էին եւ դա ես բացատրեցի հայերէնին չտիրապետելու, իսկ ռուսերէնի իմացութիւնը՝ գաղութային աղքատ մակարդարդակի պատճառով։ Մոսկուան նրան նախապատրաստել էր Գաղութային երրորդ «հանրապետութեան» նախագահի աթոռի համար։ Իսկ հաշուարկը ինձ համար շատ ծանօթ էր։ Շունը սատկացնողին քարշ տալու սկզբունքն էր այս։ 1956-ին Վրաստանի կուսակցապետ Մժեվանաձէի առաջարկով էր, որ Լենինի կողքից հանեցին Ստալինի դիակը եւ թաղեցին։ Ես ուզում եմ յիշեցնել որ ղարաբաղցի Քոչարեանի ձեռքով Ղարաբաղը վերադարձուելու էր Ադրբեջանին։ Հետեւաբար, բնական է որ Կրեմլի կարգադրութեամբ Տէր Պետրոսեանը հրաժարուելու եւ անցնելու էր ընդհատակ, իբրեւ ԿԳԲի резерв։ Եւ այդ ընդհատակում էլ մնաց մինչեւ հնչեցին տագնապի փողերը։
Քոչարեանին չյաջողուեց իր առաքելութիւնը կատարել։ Նոյնիսկ Անդրանիկ Մարգարեանի զուգընկերութեամբ։ Իսկ նախագահական ժամկէտի աւարտը մօտենում էր։ Մոսկուայի հերթական սատրապը ոչ թէ թէկուզեւ «դարձի եկած» Մարգարեանն էր՝ իր անցեալով, այլ Սերժ Սարգսեանը՝ իր թէ՛ անցեալով եւ թէ՛ ներկայով հաւատարիմ չեկիստը։ Յիրաւի, «նախկին չեկիստներ չեն լինում» (Վ. Պուտին)։ Բայց նախագահական աթոռի եւ նախկին չեկիստի միջեւ խոչընդոտը Մարգարեանն էր։ Եւ թէ իրեն ինչպէս կը պահէր փոխանցումի շրջանում՝ ոչ ոք չէր կարող երաշխաւոր լինել։ Բարեբախտաբար Մարգարեանը անսպասելի իր մահկանացուն կնքեց կիրակի օրով եւ ընտանեկան ջերմ շրջանակի մէջ։ Սերժ Սարգսեանի համար այդ մահով ճամբայ բացուեց նախ՝ դէպի վարչապետական աթոռ, եւ ապա իբրեւ նախագահ՝ Կրեմլի դրածոյ։ Բայց հասարակութեան մէջ արդէն բացայայտ խմորումներ էին սկսուել։ Նախագահի պաշտօնի թեկնածուները շատ էին։ Իսկ Կրեմլը չէր կարող յանդուրժել որեւէ պատահականութիւն … Տէր Պետրոսեանին կտրելով գիտական աշխատանքից՝ դուրս բերեցին ասպարէզ։ Յատկապէս երիտասարդութիւնը ոտքի ելաւ մարքսիստական Չարիքի «աւետարան»ի քարոզիչին զօրաւիգ լինելու նպատակով։ Եւ այդ ոտքի ելած երիտասարդութիւնը գլխաւորապէս Հայաստանի մէջ ռուսացած Հինգերորդ շարասիւնն էր։ Տէր Պետրոսեանի նախընտրական ծրագիրը միայն ու միայն «աւազակապետութիւնը» կործանելու, «աւազակապետերին» արմատախիլ անելու, գնդակահարելու, կախելու խոստումներ էին, որոնք լրագրողներով ու իրենց «մտաւորական» ներկայացնող, բայց բոլորովին կասկածելի մտաւոր կարողութեամբ անձանց եւ ամբոխին կարողացան հասցնել histera -ի (արգանդախտ-յուն.)։ Բեմագրութիւնը աւարտուելու էր ամբոխային աւերածութիւնների, հրկիզուող ինքնաշարժերի եւ անպայման մարդկային կեանքեր «մատաղ անելու» սադրանքով։ Այլապէս, մի՞թէ հնարաւոր էր «աշխարհին եւ սեփական ժողովրդին» հաւատացնել, թէ նոր նախագահը իշխանութեան է եկել «թէեւ ընդդիմութեան խուլիգանութեամբ ուղեկցուող, բայց արդար ընտրութիւններով, եւ ոչ թէ Կրեմլի հերթական խամաճիկն է եւ ԿԳԲի դրածոյ»։
Մարտի 1-ը իր ողբերգութեամբ Յուլիս 5-ի կրկնութիւնն է միեւնոյն բեմադրութեամբ եւ միեւնոյն բեմադիրով։ Այն տարբերութեամբ միայն, որ Յուլիս 5-ին Տէր Պետրոսեանը անվրդով ճեմում էր հարթակի վրայ այն դէպքում երբ Օպերայի շէնքի նախասրահի հատակին տնքում եւ ցաւից ու նուաստացումից բառաչում էին օդակայանից բերուած (իսկ ովքե՞ր էին եղել բերողները. մի՞թէ նոյն ավտոբուսները) կիսամերկ աղջիկներն ու երիտասարդ տղաները, իսկ Մարտ 1-ին Տէր Պետրոսեանը անվրդով քնած էր «երախտապարտ» ժողովրդի հարկերի հաշուին իր դղեակի ննջարանում։ Տէր Պետրոսեանի այս հերթական արկածախնդիր ծառայութեան շնորհիւ այսօր Հայաստանի մէջ պատերի ճեղքերից համարձակօրէն դուրս եկան Հինգերորդ շարասիւնի եւ համակիրների խաւարասէրները, ովքեր սավոկային նուիրուածութեամբ Հայաստանը ամայացնելու վաղեմի ծրագիրն են իրականացնում իրենց մարքսիստական կրօնով՝ Չարիքի «աւետարանով»։ Եւ սրանց հետ են ամէն տեսակի թերուս յեղափոխականներ, «հայրենատէրեր», կիսագրագէտ բանաստեղծներ ու «postmodern»-իստներ որոնք Homo sovieticusի իրենց ձեւախախտուած մտածողութեամբ «սովետառուսհայրենասիրութեամբ» նուիրուած են Հային իր արմատներից եւ հոգեւորիմացական արժէքներից իսպառ կտրելու օտարամուտ գործին։
Քոչարեանի եւ Տէր Պետրոսեանի կազմակերպած Մարտմէկեան Գիշերը եւ մայրաքաղաքի փողոցների վրա հեղուած արիւնը ապահովեց սովետական կատարեալ նոր մարդու նախագահական գահակալութիւնը։ Մոսկուան, վերջապէս ունեցաւ ոչ թէ սոսկ հաւաքագրած, ոչ թէ սոսկ մարզկոմի կուսաշխատող, այլ չեկիստ սատրապ Սերժ Սարգսեանին։ Եւ սավոկի բարոյալքուածութեան արատներով եւ չեկիստական Մոսկուայի առաւելագոյն վստահութիւնը վայելող Ս. Սարգսեանը ջանք չի խնայում վախճանին հասցնել բոլոր ծրագրերի իրականցումը, որ կիսատ թողեցին նախորդները, քանի որ Հայը դեռ յիշում էր, Հայը տեղեակ էր, Հայի մէջքը դեռ չէր ջարդուել վերջնականապէս։
Ս. Սարգսեանը բացայայտ պատերազմ յայտարարեց հայկական դպրոցի դէմ։ Այսօր նա տարբերւում է վախկոտ ՎազգԷն Սարգսեանից, որ դեռեւս 1999-ին ռուսական դպրոցներ բացելու վարչապետական ծածուկ հրաման տուեց եւ այդ հրամանին տեղեկանցանք ռուսական մամուլից միայն։ Ս. Սարգսեանը անցեալ աշնանը բացայայտ կարգադրութիւն արեց քարոզչական աշխատանք տանել՝ արագացնելու համար Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստան տեղահանելու ոճրագործ ծրագիրը յաղթական վախճանին հասցնելու գործը։ Նա ստեղծեց մի նախարարութիւն, որ ռուսական ու հայկական միացեալ գաղտնի ծառայութիւնների հետ միաժամանակ, սակայն բացայայտօրէն իրականացնի տարաշխարհի հայութեան հասարակական կազմակերպութիւնները ջլատելու եւ օտարերկրեայ հայազգի քաղաքացիներին հաւաքագրելու աշխատանքը։ Կրեմլին մինչեւ հիմա նեարդայնացնում է ազգային օրհներգի գոյութիւնը։ Ս. Սարգսեանը դարձեալ սկսել է հունցել սովետական երկրորդ Գաղութային հանրապետութեան ստալինեան հիմնը վերականգնելու նախորդ նախագահներին տրուած Կրեմլեան յանձնարարութիւնը։ Ս. Սարգսեանը պուտինեան ռուսաստանի «Наши» ֆաշական կազմակերպութեան օրինակով նախագահական հովանու տակ արդէն ստեղծել է իր ֆաշական կազմակերպութիւնը, որի անդամները Օրուելի Անասնատանը ծնուած եւ առաջնորդի ձեռքի տակ խստավարժեցուած շան լակոտների պէս, նախնիներ չունեցող եւ արմատազուրկ գամփռներ դարձած՝ վաղ թէ ուշ բզկտելու են դժգոհութեան ծպտուն իսկ հանողների կոկորդները։
Անցեալի ու ներկայ երեք դրածոյ նախագահները համերաշխօրէն աշխատում եւ նուիրուածութեամբ ու միասնական ջանքերով իրականացնում են այն բեմադրութիւնը, որ մշակել է չեկիստական Կրեմլը։

- Դուք նշում եք թե «Հետմահու հրատարակված Համբարձում Գալստյանի «Հոդվածներ. Հուշագրություններ. Հարցազրույցներ» ծավալուն հատորի մեջ նա ընդհանրապես շարունակ շրջանցում է Ձեր մասին որեւէ հիշատակություն, երբ խոսքը նույնիսկ վերաբերում է հատկապես Ձեր հասարակական որոշակի, բացահայտ ու հանրահայտ գործունեությանը: Ինչի՞ և հատկապես ո՞ր շրջանի մասին է խոսքը, ո՞ր հիշատակության:

- Շատ հեռուները չեմ գնայ… Յիշեցնեմ 1980-1992 թուականների շրջանը։ 1980 թուականի Մայիս 28-ին հեռարձակուեց «Գրական Կամուրջներ» հեռատեսլային ամենամսեայ շարքի առաջին հաղորդումը եւ դադարեց 1988 թուականի Փետրուարին։ Հաղորդաշարը մտայղանալով՝ իմ նպատակն էր սթափեցնել յատկապէս մտաւորականութեանը, որ հաշտուել էր հոգեւոր-մշակութային մեր արժէքների հետեւողական բռնադատումի հետ։ Ներկայացնելով համաշխարհային զարգացումները հաճախ հէնց իրենց՝ օտարերկրեայ գրականութեան ու արուեստի գործիչների ելոյթներով, եւ սովետական հանրապետութիւնների մէջ տեղի ունեցող ազգային ինքնագիտակցութեան խմորումները՝ հինգ տարի անց արդէն համապատասխան հող էր նախապատրաստուած «Գոյապահպանութիւն» հզօր շարժումը կազմակերպելու համար։ Այդ շարժումը ընդգրկում էր երեք հիմնական խնդիր, որոնք յաջողութեամբ բացայայտուեցին «гласность»ի եւ «перестройка»ի ընձեռած հնարաւորութիւնները առաւելագոյնս օգտագործելու շնորհիւ։ Շարժումը ընդգրկեց ամբողջ Հայաստանը՝ Ալավերդու պղնձահանքերից մինչեւ Զանգեզուրի մոլիբդենի հանքերը, մայրաքաղաքի հոգեւոր-նիւթական արժէքները պահպանելուց մինչեւ բնապահպանութեան խնդիրները, հայոց լեզուի պաշտպանութիւնից մինեւ նախադեկրետային ուղղագրութիւնը վերականգնելը … Եւ 1988-ի Փետրուարեան այն օրը, երբ հրաւիրել էինք «Գոյապահպանութիւն» շարժումի հանրահաւաքը եւ խօսելու էինք ազգային աղէտը կանխելու միջոցների մասին, հարթակը գրաւեցին բոլորովին անծանօթ մարդիկ եւ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանի նախագահութեամբ ստեղծեցին չեկիստական մի կոմիտէ, որից ինքը՝ ակադեմիկոսը անտեղեակ էր։ Բոլորիս ծանօթ «Ղարաբաղ կոմիտէն» իր եօթը հոգիանոց գոյութիւնը յայտարարեց Մայիսին, երբ Կրեմլի ռազմական ուժի ներկայութեան պայմաններում ոտքով ճամբայ էին ելել դէպի Սարդարապատ։ Մի քանի տարի անց պրն. Լ. Տէր Պետրոսեանը «Գոյապահպանութիւն» շարժումը յիշելու էր մի առիթով միայն՝ բացատրելու համար, թէ ինքն ու իր վարչախումբը իշխանութեան է եկել այդ շարժումի ալիքի վրայ։ Այդ յայտարարութեան նպատակը իր վարչախմբակի համար ամուր գետին եւ արմատներ գտնելու համար էր։ Թէեւ ոչ նա եւ ոչ էլ նրա վարչախմբակից որեւէ ոք շարժմանը մասնակցութիւն չի ունեցել։ Ինչ վերաբերում է Համբարձում Գալստեանի յիշատակութեան, ապա նրա յուշագրութիւնների առաջին եւ երկրորդ հրատարակութիւնների մէջ խօսքը այն մասին է, որ բանտախցիկի դռնանցքից մօրուքաւորի տեսնելով, իբր չեր ճանաչել, թէ ով է նա։ Թէեւ նրա խուճապը հանգստացնում էի հայերէնով եւ մի քանի անգամ ինձ դիմեց «Կարէն ջան»ով։ Իմ անուան ու գոյութեան շուրջ դատարկութիւն ստեղծելու պատճառները շատ են։ Բայց հիմնականները, վստահ եմ, ՀՀՇ առաջին համագումարին այդ կազմակերպութեան վարչութեան մէջ ընտրուելուց եւ այդ կազմակերպութեանը հարելուց իմ հրաժարուելն էր… Այնուհետեւ, կոմիտէի ձերբակալութեան վեց ամիսներին պարետային ժամի պայմաններում, շարժումը անձամբ եւ իմ համախոհների բազկակցութեամբ լարուած պահելը։ Եւ, ի հարկէ, ժողովրդական երեք պատգամաւորների հետ բանտ կատարած իմ այցելութիւնն ու բանտապետից ստացած տեղեկութիւնը տասնմէկ ձերբակալուածներից ութ հոգու «հայրենասիրական» պահուածքի մասին։ Ինձ եւ իմ երեք բարեկամներին բանտապետից յայտնի դարձաւ, նրանք, այդ ութ հոգու հետ, վեց ամիսների ընթացքին ԿԳԲն կարողացել է ընդհանուր լեզու գտնել եւ նախապատրաստել Հայաստանի գաղութային երրորդ վերանուաճումը։

- 1993 թ. ինչպե՞ս դարձաք վտարանդի և, եթե չեմ սխալվում այդ տարիներին ղեկավարում էիք Սփյուռքի կոմիտեն, որը կարծեմ ձեզանից հետո չշարունակեց գործնեությունը:

- Դժբախտաբար, ես հնարաւորութիւն չունեցայ ղեկավարելու Սփիւռքի կոմիտէն։ Իմ նախորդը, որ շուրջ երկու տարի ղեկավարում էր այդ հասարակական կազմակերպութիւնը, միաժամանակ աշխատում էր Գիտութիւնների ակադեմիայում։ Պրն. Լ. Տէր Պետրոսեանի կառավարութիւնը նրանից ազատուելու համար կազմակերպեց ներքին խռովութիւն։ Կոմիտէի նախագահութեան անդամների գերակշռող մեծամասնութեան համոզմամբ հասարակական այդ կազմակերպութիւնը, որ տարիներ շարունակ ծառայել էր Կրեմլին՝ լինելով միութենական «Ռոդինա» կոմիտէի մասնաճիւղը, անպայման պէտք է շարունակէր իր գործունէութիւնը եւ առանց Մոսկուայի եւ տեղական իշխանութեան թելադրանքի։ Տեղի ունեցաւ նախագահի ընտրութիւն, որին յաջորդեց կոմիտէի հաշուապահութեան հրդեհը։ Կառավարութիւնը ոչ միայն խանգարեց քրէական գործ հարուցելուն, այլեւ շարունակեց իր սադրանքները։ Հայաստանը իր վերաբերմունքը «սփիւռքի» նկատմամբ, որ, կրկնեմ՝ ինչ որ երկիր չէ, հրապարակեց իր երկու պաշտօնեաների յայտարարութիւններով։ Նախ Հր. Մաթեւոսեանը. «Սփիւռքը պէտք է ենթարկուի մեզ»։ Եւ ապա արտգործնախարարը հեռատեսլային ելոյթի ընթացքին, որտեղ նա հրապարակեց հանրապետութեան նախագահի մօտեցումը «նարինջ ուտողների» նկատմամբ, ասելով որ տարաշխարհի հայութիւնը պէտք է ենթարկուի Հայաստանի վարչախմբակին։ Ես առիթ ունեցայ իմ տարակուսանքը յայտնել այդ տարօրինակ յայտարարութիւնների նկատմամբ, փորձելով բացայայտել ռուսհայկական դարաւոր «բարեկամութեան» բուն պատճառը, որ դեռեւս 19-րդ դարում արձանագրել էր ճանապարհորդ Մորից Վագները. «Ռուսիայի բուն նպատակն էր էջմիածինը գրաւել, որպէսզի, ինչպէս տեղի տարածքին է մարմնաւորապէս տիրում, նոյնպէս եւ կաթողիկոսի հոգեւոր ուժի վրայ էլ վարպետութեամբ իր ուզած կարգադրութիւնները անելով, ամենուրէք գտնուող հայ համայնքների վրայ եւս աստիճանաբար իր ազդեցութիւնը հաստատէ եւ բարոյապէս տիրէ»։ Մ. Վագները իրաւացի էր։ Եւ արդէն մեր աչքի առաջ Կրեմլը ինչպէս օգտագործել, այսօր էլ օգտագործում է թէ՛ կաթողիկոսին եւ թէ՛ հայկական սփիւռքը՝ ռուսական համաշխարհային գերտէրութիւն դառնալու նպատակով։ Այս հակիրճ տեղեկութիւններից յետոյ արդէն դժուար չէ հասկանալ, թէ ինչու ինձ վիճակուեց քաղաքականհասարակական գործիչի վտարանդիութիւնը։ Իսկ թէ ինչպէ՞ս տեղի ունեցաւ այդ գործողութիւնը, ապա պատասխանը շատ յստակ է. տեղի ունեցաւ սովետական կայսրութեան ԿԳԲի՝ դեռեւս 60-ականներից մշակուած բազմաթիւ ծրագրերից մէկով։ 1993 թուականին, անակնկալ այցելեց նախագահի օգնականը։ Երկարատեւ հարցուփորձից յետոյ համոզուելով, որ ձեռնասուն կամ ծաղրածու չեմ դառնալու, հեռացաւ։ Նրա այցելութեանը հետեւեցին քննիչ Ասատրեանի գլխավորութեամբ կէսգիշերային գրոհները, որից խուսափելու միակ միջոցը պարզապես դուռը չբացելն էր։ Զգուշացրեցին, որ այդ պարագային աւելի լաւ կը լինի ընդհանրապէս դուրս չգալ տնից։ Դրան համընկավ անկողնային հիվանդութիւնս եւ փաստօրեն ոչ պաշտօնական տնային կալանքս անցկացրեցի «արժանապատուօրեն»։ Բայց իրավապապահ մարմիններն այդքանով էլ չգոհացան եւ գիշեր-ցերեկ թմբկահարում էին բնակարանիս դուռն ու պահանջում, որ եթէ առողջական վիճակից ելնելով չեմ կարող ներկայանալ, ապա գոնէ կինս ներկայանայ վկայություն տալու, չնայած չէին բացատրում, թէ ինչ գործով եմ հրաւիրւում «վկայելու» եւ իմ փոխարէն ինչպէ՞ս է կինս վկայութիւն տալու։ Հասկանալի էր, որ չեն հաւատում, թէ գամուած եմ անկողնուն եւ ինձ բերման ենթարկելու իրենց ծրագիրը մտածել էին կնոջս հրաւիրելով եւ նրան իբրեւ պատանդ պահելով, որից հետո բնականաբար ինքս ստիպուած մի կերպ կը գնայի կնոջս նրանց ձեռքից ազատելու համար։ Ինձ համար գաղտնիք չէր սովետական այն մեթոդը, երբ իբրեւ օրինաչափութիւն՝ իրավապահպան մարմինները բոլոր միջոցները օգտագործում են վկայի կարգավիճակից յանցապարտ դարձնելու համար։ Ընտանիքի «բարեկամներից» մէկը, որի ինչ լինելը մեզ համար բացայայտուած էր, բայց որին գիտակցօրեն թոյլ էինք տալիս «բարեկամութիւն» անել մեզ հետ, յուշեց որ միակ ելքը երկրից դուրս գալն է։ Եւ ակտիւօրէն «գործի անցաւ»։ Ինքն էր վազում դեսպանատուն, ինքն էր պատւիրում օդանաւի տոմսերը, ինքն էլ իր «թիկնազօրով» յայտնուեց ինձ ճանապարհելու եւ ամէն բան արեց, որպեսզի յետեւիցս եկած «կալաշնիկներով» ոստիկանները ինձ «չնկատեն»։ Հասկանալի էր նաեւ, որ ինձնով երկու հիմնարկութիւններն էլ զբաղւում են, բայց ոստիկանութիւնը տեղեակ չէր ԿԳԲ-ի ծրագրից եւ փաստօրեն «նակլադկա» էր եղել։ Հասկացել էին, որ ավելի լաւ կը լինի ծածկադմբոցով ու «բարեկամաբար» դուրս դնեն երկրից։ Նախագահի թիկնապահների պէտը իմ զաւակից անձամբ տեղեկացաւ ու համոզուեց որ իսկապէս մեկնում եմ։ Բարեյաջող հասանք Փարիզ։ Այնուհետեւ ինձ լուր հասաւ որ վերադառնալու դէպքում հէնց օդակայանից ձեռնաշղթայով են տանելու որեւէ մի նկուղ։ Երկու ամիս յետոյ կինս վերադարձաւ եւ ես համոզուած էի, թէ նա ինչ որ բան կը կարողանայ պարզել։ Այնուհետեւ «Առաւօտ» լրագիրը տեղեկութիւն հրապարակեց, որ իմ դէմ հարուցուած է քրէական գործ, բայց ժամանակաւոր կասեցուած է անյայտ հասցէով բացակայելուս պատճառով («Առաւօտ» թիւ 25, 1994)։ Երեք տարի յետոյ միայն ֆրանսական կառավարական մարմինների օգնութեամբ կարողացայ ընտանիքիս միանալ։ Եւ մի նոր տեղեկութիւն ստացայ, որ՝ գտնւում եմ հետախուզման մէջ ամբողջ նախկին ԽՍՀՄ տարածքի վրայ։ Փառք Աստծոյ, որ հիմա հնարաւորութիւն ունեմ գոնէ այդ նախկին տարածքից պոկուած չորս երկրներ այցելելու։ Այս պատմութիւնը դեռեւս ունի քօղարկուած մի քանի դրուագներ, որոնք բացայայտելու ժամանակը պայմանաւորուած է մի քանի հանգամանքով։ Ճիշտ այնպէս, ինչպէս «Ղարաբաղ կոմիտէի» 8 անդամների եւ ԿԳԲի հետ նրանց համագործակցութեան փաստը պէտք է բացայայտէի, երբ Հայաստանի թմբիրի մէջ ընկած հասարակութիւնը տեղեկացաւ կոմիտէի քրէական գործի հատորները տարիներ շարունակ պրն Լ. Տէր Պետրոսեանի տանը լինելու մասին։ Թէեւ որեւէ եզրակացութիւն որեւէ մէկի կողմից այնպէս էլ չկատարուեց։ Իրենք իրենցի՞ց վախեցան… Լրագրողների ու լրագրերի խմբագիրների մասին է խօսքը։ Բայց եթէ միայն ես կամ ինձ նման մի տասը հոգի այս կամ այն կերպ վտարուէին Հայաստանից… Նախագահական տիրակալութեան սկզբից եւ եթ Հայաստանից ստիպեցին արտագաղթել զանգուածներով։ Հայաստանը հայաթափելու ծրագիրը ջանասիրաբար իրագործում էին թէ՛ նախագահը եւ թէ ուժային երկու նախարարները կազմակերպուած մարդորսներով եւ ազատամարտիկներին թիկունքից զարնելով։ Իսկ «սփիւռքի» սովետահայրենասէրները բարբաջում եւ մինչեւ հիմա էլ ոռնում են «հայրենիք դաւաճանողների», «հայրենիք լքողների» վրայ։ Այս վայրահաչողները շատ են նաեւ Հայաստանի մէջ։ Սկզբնական շրջանին ինձ թւում էր, թէ վերջինները կամենում են իշխանութիւնների առաջ ապացուցել իրենց «գժական» հայրենասիրութիւնը, բայց առ ժամանակ անց հասկանալի դարձաւ, որ նրանք իրենց այդ աղմուկաղաղակով զօրավիգ են դառնում նախագահների եւ նրանց վարչախմբակների գործողութիւններին, որոնք նպաստում են Հայաստանը հայաթափելուն։ Անցեալ աշնան Հայաստան կատարած հրահանգչական այցելութեան ժամանակ Մեդվեդեւը ոչ միայն ամրապնդեց ռուսական ռազմակայանը, որ ոչ մի անելիք չունի Գիւմրիում, բացի Հայաստանը իր գաղութային դրութեան մէջ պահելուց, այլեւ հրահանգեց իր հերթական դրածոյին՝ բացայայտ քարոզչութիւն կազմակերպել հայերի տեղահանութիւնը արագացնելու համար։ Եւ Սերժ Սարգսեանը արագացրեց։ Երեւանի մէջ ստեղծուած է «Представительство федеральной миграционной службы в республике Армении» — այսինքն՝ «Տեղահանութեան դաշնակցային ծառայութեան ներկայացուցչութիւն Հայաստանի հանրապետութեան մէջ»։ Եթէ Հայը մի քիչ ուշադիր լինէր ու մի քիչ էլ հայերէն գիտենար, ապա այս ցուցանակը անպայման պէտք է հանել տար հէնց նոյն օրը եւ սերժական տիրակալներից պահանջեր դուրս քշել երկրից այդ ծառայութիւնը։ Քանի որ «միգրացիա» նշանակում է ազգաբնակչութեան տեղաշարժտեղահանութիւնը նոյն երկրի ներսը։ Իսկ երբ խօսքը վերաբերում է օտար մի երկրի, ապա այդ երեւոյթը նոյնքան օտարամուտ եզրաբառով կոչւում է «էմիգրացիա եւ իմիգրացիա»։ Այս հանգամանքը, որ ռուսական ծառայութիւնը կոչւում է «միգրացիայի ծառայութիւն», ամէնից առաջ նշանակում է, որ Ռուսաստանը պաշտօնապէս իր գաղութն է համարում Հայաստանը։ 1828-ից ի վեր Հայաստանը Ռուսաստանի կողմից մէկ ընդ միշտ նուաճուած երկիր է մնում։ Եւ հայերը դեռեւս շարունակում են հպարտանալ իրենց «դարաւոր եւ հաւատարիմ բարեկամութեամբ»։ Եւ լռութիւն է տիրում Հայաստան աշխարով մէկ… Լռում է Տէր-Պետրոսեանը իր «ազգային կոնգրեսով» հանդերձ, լռում են երկու սարգսեանները իրենց ստեղծած ու իրենց պատկանող «հայրենատէրերով», «հայրենասէրներով», «նժդեհական 135»-ով հանդերձ, լռում է «առիւծասիրտ» Քոչարեանը, լռում են «Հայաստանի Հանրապետութիւն», «Ազգ», «Երկիր» «Մասիս», «Նոր Օր», «Նոր Յառաջ» եւ սրանց նման «հայրենասիրութեամբ» տապակուող գրեթէ մնացեալ պարբերականները Հայաստանի եւ Տարաշխարհի մէջ, լռում են «սփիւռքի բոլշեւիկեան կադրեր» յարութ-տէր-դավւթեանները, փիլիկեանները, ստեփան պողոսեանները, պապուխեանները, ռամկավարական ու հնչակեան ջոջերը, ովքեր անպայման ակնկալում են հայազերծուած Հայաստանի ծերակոյտի անդամ նշանակուել… Այսօր, այս պահին այդ ո՞ր «հայրենասէրն» է համարձակուելու ժխտել, թէ Մոսկովեան բանտի մէջ հաւագրուած Տէր Պետրոսեանը, Ղարաբաղի կոմկուսի մարզկոմից ելած Քոչարեանը. ԿԳԲի դարբնոցի մէջ սովետական չեկիստի երդում տուած Սերժ Սարգսեանը իրենց բոլոր վարչապետների հետ չեն իրականացրել առաջնային պարտաւորութիւնը՝ առանց Հայի Հայաստանը Ռուսաստանին մատուցելու համար։ Եւ դեռ ի՞նչ է անհրաժեշտ, որ ըմբռնենք, թէ 1915-ի թուրքահայաստանի մէջ տեղի ունեցած ողբերգութիւնը կրկնւում է ռուսահայաստանի մէջ։ Յիրաւի, իրականութիւն է դառնում իմ հէքիաթը երկու շների մասին։ Շներից մէկի տէրը շատ դաժան էր եւ պոչը կտրեց մէկ հարուածով։ Միւս շան տէրը բարի էր ու սիրառատ եւ իր շան պոչը կտրում էր ամէն օր փոքրփոքր հատածներով… Եւ ամէն անգամ մի նոր հատած կտրելուց պահանջում էր, որ շունը երախտագիտօրէն լիզի տիրոջ ձեռքը։ Նա՝ այդ շունը, փառք կը տար նաեւ իր աստծուն, եթէ վաղուց հրաժարուած չլինէր եւ բարի տիրոջ պատճառած տառապանքներից ազատուելու համար յոյսը դրած չլինէր անասնական հեթանոսութեան աստուածների վրայ… Ես ներկայացրեցի Լ. Տէր ՊետրոսեանՌ.ՔոչարեանՍ.Սարգսեան երրորդութեան ոճրագործութեան յանցակազմը երբեւէ, բայց մօտիկ ապագային, նրանց նկատմամբ հայրենիքի դաւաճանութեան մեղադրանով քրէական գործ յարուցելու եւ դատապարտելու համար։

- Սփյուռքի մեջ ապրելով զգո±ւմ եք ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության կարևորությունը, թեկուզ` այսպես կոչված ՙԱրի տուն՚ և տարաբնույթ նախաձեռնություններն ի±նչ արձագանք են գտնում Սփյուռքում:


- Այս նախարարութեան ՙգործունէութիւնը՚ որքան տարօրինակ է, նոյնքան կասկածելի: Եւ ապա` նախարարութիւնները գործունէութիւն են ծաւալում այն երկրի մէջ, որտեղ հաստատուած են: Նոյնիսկ Արտաքին գործերի նախարարութիւնը օտար երկրների մէջ գործունէութիւն ծաւալելու իրաւունքը կարծեմ չունի: Հակառակ դէպքում` բացայայտւում են հետախուզական ու լրտեսական գործիչներ: Ինձ այնպէս է թւում, որ այդ նախարարութեան հիմնական զբաղմունքը օտար երկրների քաղաքացիներին հաւաքագրելն է:
Սփիւռք կոչուողը աշխարհագրական երեւոյթ չէ … Սահմաններ չունի … Տէրութիւն չէ… Երբ Հայաստանի կոմսոմոլի երբեմնի երիտասարդ առաջնորդը այսօր, արդէն հասուն տարիքում դարձել է թոռներին խաղից կտրող եւ տուն կանչող: Ո±ւմ նկատի ունի … Եւ ի±նչ նկատի ունի ՙտուն՚ ասելով: Եթէ այդ ՙտուն՚-ը Հայաստան երկիրն է, ես կարո±ղ եմ գնալ իմ Տուն: Ինձ համար անհասկանալի է, թէ ի±նչ է նշանակում. ՙԱրի տուն՚: Ո±ւմ է հասցէագրուած այդ յորդորը: Տիկին նախարարի նախաձեռնութիւններն, իսկապէս, ինձ տեղափոխում են անցեալի մէջ եւ ես յիշում եմ, օրինակ, կոմսոմոլի ՙՈւսանողական գարուն՚ երգի ու պարի խանդավառ փառատօնը, որ տեղի էր ունենում ամէն տարի Ապրիլ ամսի վերջին տասնօրեակին:
Կրեմլի թելադրանքով Տարաշխարհի հայութիւնը պէտք է իր դեպուտատները ունենայ Ազգային ժողովի երկրորդ մի պալատի մէջ: Ազգային ժողովը համալրուելու է ճիշտ այն սկզբունքով, որին մինչեւ հիմա դեռեւս 1936 թուականից ծանօթ ենք: Հայաստանի օրինազանց իշխանութիւնները պարզապէս նշանակելու են Տարաշխարհի ջոջերին, ռուս սովետական հայրենասիրութեամբ տոգորուած ՙհեղինակութիւններին՚ եւ անշուշտ, նոր սերնդի ՙմտաւորականներից՚ ոմանց, ովքեր իրար հետ մրցակցութեան մէջ մտած, իրենց հաւատարմութիւնն ու սէրն են հաւաստում օրինազանց ու անիրաւ իշխանութիւնների նկատմամբ Երեւանեան, Ծաղկաձորեան, Ստեփանակերտեան մէզ յայտնի համաժողովներին: Արդէն սկսուել է մրցավազքը … Եւ կասկած չկայ, որ այդ դեպուտատ պատգամաւոր ­երեսփոխան ներկայաց Տարաշխարհի որեւէ հայի չէն ներկայացնելու, քանի որ նրանց նշանակելու է Երեւանը` յատուկ սպասարկութիւնների երաշխաւորութեամբ:

- Ծանո±թ եք Հայաստանում տիրող քաղաքական ու հասարակական – սոցիալ տնտեսական իրավիճակին, ինչպիսի±ն են բնորոշումները հեռվից, գուցե` ավելի սառը հայացքով ու ռեալ բնորոշումներով:


- Ես միշտ սառը հայեացքով եմ դիտում եւ գնահատում հայաստանեան իրականութիւնը: Հեռուից տեսանելի է 17 կամ 18-րդ դարերի գաղութային մի երկիր, որտեղ իսկական տէրը օտարն է` իր ռազմական հզօրութեամբ: Բայց այդ օտարը ձեռքի մտրակը կոշիկներին շրխկացնելով չի շրջում: Ուստի բնիկները համոզուած են, թէ նա իրենց պաշտպանն է ու միակ բարեկամը: Պատկերացնո±ւմ էք այնպիսի մի իրադրութիւն, երբ տանտէրը իր կնոջ ու աղջիկների պաշտպանութիւնն ու հովանաւորութիւնը յանձնի որեւէ օտար տղամարդու … Իրական բնորոշումն այն է, որ Հայաստանի մէջ շարունակում են տիրութիւն անել Homo sovieticusները եւ Հայաստանը շարունակում է իր անհեռանկար գոյութիւնը իբրեւ Սովետական կայսրութեան գաւառներից մէկը: Միայն մէկ տարբերութեամբ: Հայաստանն առանց Հայի ունենալու Կրեմլեան ծրագիրը իրականացնում են քնքշօրէն, բարեկամական սեղմ գրկի մէջ, ականջի տակ մեղրածոր ձայնով հէքիաթներ պատմելով` լուսաւոր ապագայի ու եդեմական այգու մասին: Չնայած գրեթէ մէկ միլիոն զոհերի, որ Հայաստանը տուեց ռուսական յեղափոխութեան բագինի վրայ 70 տարիների ընթացքին, այնուհանդերձ յիշողութեան մէջ մնացին հեքիաթները … Իսկ թուրքահայաստանի ողբերգութիւնը ծնեց հայերի` աշխարհով մէկ սփռուելու վիճակը եւ Կրեմլի քարոզչութեան շնորհիւ ոչ ոք այսօր հարց չի տալիս, իսկ գրեթէ երկու միլիոն հայերը ինչո±ւ են յայտնուել Ռուսաստանում … Եւ արդեօ±ք տիկին նախարարը նրանց էլ տուն կանչո±ւմ է … Եւ ինչո±ւ ՙանկախ՚ Հայաստանի քաջարի նախագահը բոլոր հնարաւորութիւնները ստեղծում է, որպէսզի շաբաթական մօտ 400 – 500 հայ ռուսական դեսպանութեան հովանաւորութեամբ հեռանայ իր տուն ու տեղից: Եւ ինչո±ւ Ռուսաստան մեկնողները չեն մտնում ՙհայրենիք դաւաճանողներին՚ կամ` ՙհայրենիք լքողներին՚ դարձի բերելու ջանքեր կատարող ՙհայրենասէրների՚ եւ կոմերիտական նախարարի գոնէ հետաքրքրութեան շրջանակի մէջ: Հէնց այս օրերին ՙՌեգնում՚ լրատուական գործակալութիւնը հրապարակեց Հայաստանը հայաթափելու ընթացքի մասին մի տեղեկութիւն, որ խորագրուած է` ՙՌուսական պետական ծրագրով Հայաստանից ՌԴ տեղափոխուող քաղաքացիների թիւը աճում է՚:
Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական վիճակը դանդաղ անէանալն է, եթէ … Եթէ միայն շարունակենք ընդարմացած այս դրութիւնը, շարունակենք համակերպուել մեր այս թշուառութեանն ու հաւատանք, թէ մարդու կեանքի մէջ առաջնայինը մի կտօր հացն է, որ սակայն երբէք չի մարսուելու, քանի դեռ հոգու սովի մէջ ենք …

- Ընդհանրապես` Սփյուռքում հայաստանյան այսօրվա ու երեկվա հայի համար դժվար չէ± ինքնադրասևորվելը, և արդեն 17 տարի ապրելով Սփյուռքում, ի±նչ եք կարծում` որքա±ն են Ձեր պես մտածողները:

- Սփիւռքը որքան էլ մեծատառով գրենք` աշխարհագրութիւն չէ: Արեւմուտքի երկրների մէջ հաստատուած երբեմնի հայաստանցիները, ստանալով քաղաքացիութեան իրաւունք, ոչնչով չեն տարբերւում միւսներից … Նրանց իրաւունքը պաշտպանում է տուեալ երկիրը, եւ հայաստանցիներն են իրենց պարտականութիւններն են կատարում ամենայն օրինաւորութեամբ: Առաջին շրջանում Արեւմուտքի ՙտարօրինակութիւնները՚ նրանց շփոթեցնում են: Բայց երեք – հինգ տարի անց իւրացնում են լեզուն, դասընթացներ են անցնում, մասնագիտութիան են տիրապետում, ապրում եւ աշխատում են իրենց ընդունակութիւնների սահմանների մէջ: Իմ եւ հայաստանցիների մտածողութեան մէջ միակ տարբերութիւնը երեւի այն է, որ նրանք Հայաստան այցելելիս կամ իրար հետ հաղորդակցուելիս անպայման յիշեցնում են, թէ երբեւէ վերադառնալու են … Իրենք իրեց երիտասարդութեանը կամ մանկութեան կարօտը, իրենց ծնուած տան կարօտը շփոթում են ՙհայրենիքի՚ կարօտի հետ եւ հաճախ դառնում են lobby Մոսկուայի եւ Երեւանի համար: Ինչ վերաբերում է Եղեռնից մազապուրծների սերունդներին, ապա նրանց կուշտուկուռ ներկայացուցիչները, ՙհայրենիքի՚ նկատմամբ զգացումները ապրում են իբրեւ յետճաշեայ քաղցրաւենիք: Նրանց համար վաղուց որեւէ նշանակութիւն չունի, որ թուրքահայաստանը նոյնպէս հայրերի երկիր էր: Եւ դարձաւ Հայաստան առանց հայի: Նրանք մեր հայրերի երկրի այդ վիթխարի տարածքի հողերը, իրենց հարիւրաւոր միլիոններով թուրքահայաստանի տարածքները վերանուաճելու փոխարէն գերադասում են ռուսահայաստանը ՙսիրել՚, ռուսահայաստանի մէջ լուալ ՙսեւ փողերը՚` այդ լուացարարութեան դիմաց ռուսահայաստանի սատրապներից շքանշաններ ստանալ: Նրանք աւելի շուտ պատրաստ են խանգարելու, քան օգնելու օտարութեան մէջ յայտնուած հայաստանցուն: Նրանք հայաստանցուն բարոյապէս հալածում են նոյնքան, որքան հայաստանեան հայրենակիցները: Ընդհանրապէս, ամէն տեսակի դատողութիւններն ու իմաստակութիւնները ՙՀայրենիք Սփիւռք եղբայրական հարաբերութիւնների՚ մասին` ինքնախաբէութիւն է: Երկուստէք գոյութիւն ունի ատելութեան հասնող վերաբերմունք, եւ այդ վերաբերմունքը քողարկւում է կոմսոմոլի խանդավառութեամբ եւ սավոկին բնորոշ փուչ կարգախոսներով: Այս խնդրում նոյնչափ հմուտ են ՙսփիւռքահայ՚ սովետասէրները:

- Ձեզ Հայաստանում հիշում են, որպես թերևս միակ ֆանտաստ և դետեկտիվ գրողի, ստեղծագործական ուղին շարունակո±ւմ եք և ինչպես: Ծանո±թ եք Հայաստանում լույս տեսնող գրականությանը և որքանո±վ:

- Հայաստանում յիշուելու նկատմամբ իմ անտարբերութիւնը կատարեալ է: Ես աւելի հեռուն տեսնելու հնարաւորութիւն ունեմ եւ գիտեմ, որ մի քանի տասնամեակ անց մոռացութիւնը պէտք է իր գիրկն առնի այսօրուայ հարիւրաւոր գրողների եւ արուեստագէտների … Երկու պատճառով` նախ, որ այդ հարիւրաւորները բաւականին հեռու են գեղեցիկ արուեստներից: Յետոյ` նոյնիսկ տաղանդաւոր մարդիկ ծառայելով իշխանութիւններին` դառնում են ծաղրածուներ: Եւ ապա` արժէ± արդեօք ստեղծագործել ոչ թէ իրականութեան ողբերգութեան դէմ ընդվզելու անձնական համոզումների, այլ ոմանց յիշողութիւնների համար: Ի հարկէ` չարժէ … Մենք կանանց սիրում ենք ոչ թէ ուրիշների յիշողութիւնների, այլ մէր զգացումները արտայայտելու համար …
Ինչ վերաբերում է իմ ստեղծագործական կեանքին … Վտարանդիութեան տասնեօթ տարիների ընթացքին հրատարակուել են Հայաստանում արգելուած ՙԱզատութեան Ասպետն ու Նահատակը՚ վէպը, որ դեռեւս 1984 թուականին լոյս էր տեսել ռուսերէն թարգմանութեամբ ՙԱկանաւոր մարդկանց կեանքը՚ մատենաշարով: Լոյս են տեսել արդէն այստեղ հեղինակած վէպերն ու վիպակները, ՙՎարք Աբովեան Խաչատուրի՚ վարքագրութիւնը: ՙVIVOS VOCO! Մենք պէտք է սովորենք հայերէ’ն մտածել՚ եւ ՙՄենք` անհայրենիք ու դատապարտուած՚ խոհագրութիւնների ժողովածուները: ՙՄեր իսկական դասը մայրամուտից յետոյ՚ պատմուածքների ժողովածուն: ՙԿրեմլի յոյժ գաղտնի փաստաթղթերից մի քանիսը՚ վավերական նիւթերի հիման վրայ հարապարակախօսութիւնը: Ինձ համար առանձնակի հաճոյք է թատրոնի հետ համագործակցելը: Երբ վերջնականապէս սթափուեցի օտարութեան մէջ ինձ պարուրած ընդարմացումից, որին շատ օգնեց ՙԿաթողիկէ եկեղեցու քրիստոնէականը՚ թարգմանելը, հեղինակեցի ՙԵրշալայիմ …՚, ՙPeccatum Originale կամ` Կաւ եւ Կեանք՚ (արժանացել է Ճերեճեան մրցանակի եւ լոյս է տեսել Բէյրութ), ՙՄոբիուսի Ժապաւէնը՚ թատերախաղերը, որոնք բեմադրել է Մեծ Բուլվարների Նորդ­Ուեսթ թատրոնում Լիլիթ Լե Կադրը: Շուտով կ’աւարտուեն ՙԵրկաթէ Ցախաւել՚ թատերախաղը բեմադրելու աշխատանքները: Այս վերջինը գրել եմ ֆրանսացի դերասան Բերնար Լեֆեբրի խնդրանքով եւ իր համար: Մեծ դժուարութեամբ ինձ ողջ եւ առողջ գտաւ լիտուանական հրատարակչութիւնը, որի հարցումին Երեւանից պատասխանել էին, թէ այդպիսի գրող գոյութիւն չունի, իսկ յաջորդ անգամ յայտարարել էին, թէ այդ գրողը մեռել է: Վերջապէս ինձ գտաւ թարգմանիչ Ռ. Եանաուսկայտեն եւ 2006-ին Վիլնիւսում հրատարակուեց իմ վէպերից մէկը: Փարիզեան հրատարակչութիւնը ինձ գտաւ համացանցի օգնութեամբ: Պատրիս Լաժուան հրատարակելու էր պատրաստել սովետական ֆանտաստ գրողների անթոլոգիան եւ իմ գործերից մէկն էր ընտրել: Խնդրում էր իմ թոյլտուութիւնը: Ես առաջարկեցի վերջերս գրած իմ մի գործը: Հակառակ անթոլոգիայի մէջ մէկական ստեղծագործութիւն ներկայացնելու սկզբունքին, Պ. Լաժուան որոշեց իմ երկրորդ վիպակը եւս հրատարակել: Բայց զգուշացրեց, թէ շատ հնարաւոր է, որ քննադատութիւնը փշերով ընդունի: Բանն այն է, որ իմ վերջին շրջանի գործերի մէջ բոլորովին անհետացել է ֆանտաստիկայի եւ ռեալիզմի միջեւ եղած սահմանագիծը: Փաստօրէն ստեղծուել է մի նոր տեսակ, որ դեռ անուն չունի … Իմ երկու գործերն էլ թարգմանեց արձակագիր Վահագն Թերզեանը: Ընդ որում իմ թարգմանիչի ՙԵղեսպակի զգայախաբութեամբ բախտագուշակները՚ վէպից մի խոշոր դրուագ Լիլիթ Կ. Սիմոնեանի թարգմանութեամբ հրատարակեց ՙԻնքնագիր՚-ը: Ես անպայման հետեւում եմ Հայաստանում ստեղծուող գրականութեանը: Ոչ միայն իմ վաղեմի երիտասարդ բարեկամների, ովքեր հիմա արդէն իրենք են աւագ գրողներ, այլ շատ աւելի երիտասարդների հեղինակած գործերին: Տաղանդաւոր գրողներ ունենք … Քերթողական արուեստի մէջ արժէքաւոր երեւոյթներ են Սարգիս Միքայէլեանը, Վիոլետ Գրիգորեանը: Վիպագրութեան մէջ անվերապահ արժէքներ են ստեղծել Լուսինէ Վայաչեանը, Գագիկ Կիլիկեանը … Ես շատերի գործերին եմ ծանօթ, բայց ցաւում եմ, որ այդ ՙշատերը՚ զբաղուած են ընդօրինակելով, հայոց լեզուն աղաւաղելով, քանի որ կարծում են, թէ իմ յիշատակած գրողների յաջողութիւնը արտաքին ձեւի մէջ է: Նրանք թիւրիմացութեան մէջ են: Բոլոր ժամանակներին էլ եղել են յաջողակներին ու տաղանդաւորներին նմանակողները: Բայց այս տեսակը իր գոյութեամբ աւելի է նպաստում տաղանդաւոր մարդկանց ստեղծագործական որոնումներին, քանի որ ճշմարիտ գրողը տեսնում է, թէ ինչպէս պէտք չէ գրել եւ ինչից պէտք է խուսափել …

- 1995 թ.-ին ՀԳՄ նախագահությունը Ձեզ միաձայն հեռացրել է պետական այդ կազմակերպությունից: Ժամանակի վրեժխնդրությա±ն, թե գրողական շրջանակի խնդիրներով էր այն պայմանավորված:

- Ոչ վրեժխնդրութեամբ եւ ոչ էլ ՙշրջանակի խնդիրներով՚: Ես արդէն ասացի, որ Հայաստանի մէջ ՙБалом Правят՚ սավոկները: Նախագահը արդէն հասկանալի պատճառներով որոշում է ինձնից ազատուել, նախարարը կազմակերպում է այդ գործը սավոկային բեմագրութեամբ, մամուլը նոյն սովետական խմբագրի աչալրջութեամբ հրապարակում է իմ դէմ թխուած քրէական գործի մասին տեղեկութիւն եւ իբրեւ այդ ծառայութեան վարձատրութիւն` խմբագրի պաշտօնից նրան տեղափոխում են Դիլիջանի միլպետի եկամտաբեր պաշտօնին, իսկ գրողների միութեան ոտքից գլուխ որակեալ Homo sovieticus նախագահը ինձ հեռացնում է պետական այդ հիմնարկից (որի համար դժգոհութիւն չունեմ), իսկ նախագահութեան բարոյական կուրութեամբ ու խլութեամբ տառապող անդամները, ովքեր հանրապետութեան նախագահից իմ նկատմամբ կատարուած բռնաճնշումի համար պատասխան պահանջելու փոխարէն, միաձայն քուէարկում են` հաւանութիւն տալով Homo sovieticusի առաջարկութեանը: Եւ այս բոլորը կատարւում է իրար յաջորդող փուլերով` 1993 – 95 թուականներին:

- ՙՎանյաօղլու պաշպան Կարեն Ա. Սիմոնյան՚ բնորոշումը կա համացանցում, կմեկնաբանեի±ք` ինչի± մասին է խոսքը:

- Խօսքը հասարակական գործիչ Գէորգի Վանեանի ջանքերի մասին է … Նա հանձն է առել Վրաստանի ու Ադրբեջանի մտաւորականութեան հանդիպումներ կազմակերպելով, կամուրջներ ստեղծել երեք ժողովուրդների միջեւ: Դա երկար ու ձիգ տարիների աշխատանք է, քանի որ Կրեմլը ՙժողովուրդների բարեկամութիւն՚ գոչելով` միաժամանակ ամէն բան անում է նրանց իրար դէմ լարելու համար: Կրեմլը մինչեւ այսօր Արցախը իր ձեռքին է պահում իբրեւ զսպաշապիկ թէ’ Հայաստանի եւ թէ’ Ադրբեջանի համար: Եւ ստեղծուած կացութիւնը Հայաստանի սատրապներին ու նրանց շրջապատին ազատել է ժողովրդի առաջ պատասխանտու լինելուց, քանի որ խնդիրը թողել է ինչ որ օտար միջնորդների, որոնց մէջ Մոսկուան ամէնից շահագրգռուած կողմն է: Հայաստանը եւ Արցախը դարձեալ խաղաթուղթ են դարձել Մոսկուայի ձեռքին: Ովքեր վայրահաջում են Գէորգի Վանեանի եւ նրա համախոհների հասցէին` անկասկած ջուր են լցնում Մոսկուայի ջրաղացին: Եւ հաւանական է, նոյնիսկ չգիտակցելով, ծառայում են չեկիստական կայսրութեան: Նրանք չեն գիտակցում նաեւ որ այս օրուանով չի վերջանում պատմութեան ընթացքը … Նրանք չեն մտածում այն սերունդների մասին, ովքեր գալու են քսան, քառասուն, յիսուն տարի յետոյ … Նրանք ապրելու են Վրաստանի եւ Ադրբեջանի հարեւանութեամբ: Այդ երկու երկրներից մէկը արդէն հաստատել է դէպի ապագայ ընթացքը: Միւսը նոյնպէս կը հաստատի: Իսկ Հայաստանի տարածքը թուրք ռուսական համաձայնութեամբ անհրաժէշտ է առանց Հայի: Թուրքիան իր պարտականութիւնը կատարեց: Ռուս բանաստեղծ Սերգէյ Գորոդեցկին, որ Առաջին աշխարհամարտին իբրեւ զինուարական թղթակից ռուսական բանակի հետ հասել էր մինչեւ Վան, լսելով նահանջի հրամանը, արձանագրել է, թէ իրականացւում էր ՙՀայաստան` առանց Հայի՚ ռուսական ծրագիրը: Գէորգի Վանեանի գործունէութեան արդիւնքը հեռաւոր ապագայի մէջ է: Բայց սերժսարգսեանական եւ նրա վարչախմբակի ծնած ՙհայրենասէրերը՚, ՙհայրենատէրերը՚, զօրավարի անունն ու գործը շահատակող եւ վարկաբեկող ՙնժդեհականները՚ իրար են խառնուել: Եւ գիտէ±ք, թէ ինչու … Չէ± որ հարաւկովկասեան երեք ժողովուրդը համախմբելու գաղափարը վտանգաւոր է Կրեմլի հայատեաց քաղաքականութեան համար: Նախագահական այդ նորածին կազմակերպութիւնների շարքայինները այնպէս են ոգեւորուած իրենց ղեկավարների յայտարարութիւններով, որ մտքի ծայրով չեն անցկացնում, թէ իրականի մէջ ծառայում են ոչ թէ Հայաստանին, այլ ռուսական գաղութային քաղաքականութեանը: Գէորգի Վանեանի գործունէութրւնը յստակ է ու հասկանալի: Հայաստանի ու Արցախի հարցը պէտք է լուծի Հայը, ժողովրդի կողմից ընտրուած Հայաստանի նախագահը: Առանց որեւէ երրորդ կողմի միջամտութեան: Հիմա պատկերացրէք, թէ ինչպիսի± հետեւանքներ կարող է ունենալ նման մի գաղափարի ընկալումը ժողովրդի կողմից: Կընշանակի, որ պահանջում ենք դեմոկրատիա, որի թարգմանութիւնը ոչ թէ ՙժողովրդավարութիւնն՚ է. այլ ժողովրդական իշխանութիւնը, որպիսին գոյութիւն չունի Հայաստանում: Մոսկուան եւ նրան հլու ­հնազանդ Երեւանը ամէն կերպ ձգտում են մեկուսանալ ժամանակակից իրականութիւնից եւ սէր են խոստովանում միայն իրար նկատմամբ: Աւելի ճիշտ` սէրը խոստովանում է Երեւանը, իսկ Մոսկուան իբրեւ այդ սիրոյ պատասխան` ռազմակայաններ է տեղաւորում Հայաստանի մէջ: Հայաստանցիներին թմրեցրել են, թէ այդ ռազմակայանը թշնամու հարձակումից իրենց պաշտպանելու համար է … Բայց մեր օրերի ռազմաշունչ եւ իր համար ոխերիմ ու նենգ թշնամիներ յօրինող միակ երկիրը Ռուսաստանն է: Եւ որեւէ ռազմական բախման պարագային, ինչը շատ հնարաւոր է արեւելեան երկրների մէջ տեղի ունեցող իրադարձութիւնների հետեւանքով, հայը ոտքի տակ կը գնայ, եւ վերջապէս, Հայաստանը բոլորովին կը մնայ առանց Հայի: Այսպիսով Մոսկուան նոյնպէս կատարած կը լինի Հայկական Լեռնաշխարհը իսպառ մաքրելու ծրագիրը: 1958 թուականին ես եղել եմ այն զորամասի մէջ, որ սպասում էր հրամանի` սահմանն անցնելու եւ Սադամ Հուսեինին օգնութեան հասնելու համար: Ես նաեւ տեսել եմ գեոֆիզիկական զէնքի` Դեկտեմբեր 7-ի հետեւանքները: Ցաւալի է, որ Արեւմուտքի քաղաքակրթութեան արժէքները դեռեւս փարսախներով է հեռու գաղութարար եւ ճորտատիրական Ռուսաստանից, հետեւաբար` քաղաքական մեր իրականութիւնից:

- Ինչի± մասին կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

- Ես ուզում եմ պատասխանել այն հարցին, թէ արդեօք հայրենասե±ր են Արեւմուտքի քաղաքակրութեամբ ՙտառապեալ՚ ժողովուրդները: Կա±յ արդեօք տարբերութիւն նրանց հայրենասիրութեան եւ ռուսական կամ հայկական հայրենասիրութիւնների միջեւ: Արեւմուտքի քաղաքակրթութիւնը թոյլ չի տալիս պարծենալ որեւէ երեւոյթով, ինչը պէտք է բնական լինի հասարակութեան անդամների համար: Արեւմուտքը երբէք չի մտահոգւում, օրինակ, իր ՙմշակոյթը արտահանելու՚ խնդրով, քանի որ այդ մշակոյթը իրենն է, իր ժողովրդին կրթելու աւանդական եւ շարունակ հարստացող միջոց: Արեւմուտքը պենիցիլինը յայտնագործելուց յետոյ` այն չի դարձնում պարծենալու կամ մեծամտութեան նիւթ, քանի որ գիտութեան առաջադիմութիւնը մարդկութեան համար է եւ ոչ թէ պարապ տեղը աղմուկ աղաղակ բարձրացնելու, թէ անբուժելի հիւանդութեան ապաքինելու միակ միջոցը մեր ձեռքին է եւ հաշուի առէք մեզ … Արեւմուտքի քաղաքացին երբէք չի խօսում իր հայրենիքի ու նրա նկատմամբ սիրոյ մասին, քանի որ այդ հայրենիքը իրենն է, իր սեփականը, իր էութիւնը, իսկ այդպիսի արժէքներով պարծենալը առնուազն անկրթութիւն է: Առաւել եւս չէք լսի հայրենիքը սիրելու կամ ՙդաւաճանելու՚, ՙլքելու՚ մասին, քանի որ եթէ զէնքը ձեռքիդ ու արիւնով ես հաստատել քո իրաւունքը հայրերիդ երկրի նկատմամբ, ապա ծիծաղելի ես դառնում, երբ այդքանից յետոյ ընդհանրապէս փորձում ես քննարկել այդ խնդիրը: Ուրիշ հարց, եթէ մի օտար տէրութիւն եկել ու գրաւել է հայրերիդ երկիրը ու ստորացնելով ծնկի է բերել քեզ, պարտադրելով իր լեզուն, իր մտածողութիւնը, իր մշակոյթը, ապա այդ պարտադրանքների տակ կքած, կեանքդ ապահովագրելու համար. շարունակ խոստովանում ես քո սիրոյ մասին մի բանի նկատմամբ, ինչը քոնը չէ …
Հայրերի երկիրը իբրեւ սեփականութիւն ունենալը կեղծիք է, ուղեղներ լուանալու համար մտածուած աճպարարութիւն, քանի որ Հայրենիքը ոչ թէ մարդուն հալածելու, այլ մարդու համար հալածանքից պաշտպանուելու միակ միջոցն է …
Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ