Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 11, 2010

ԱՐԻ ԲԱՆԱԿ, ՀՈԳՅԱԿՍ

Հայաստանում քննարկվում է Արի բանակ ծրագրի իրագործման հնարավորությունը: Մի քանի օր առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել էր 50 սփյուռքահայ երիտասարդի, ովքեր մասնակցել էին Սփյուռքի նախարարության Արի տուն ծրագրին: Հանդիպմանը Հրանուշ Հակոբյանը առաջարկել է մյուս տարվա ամռանը իրականացնել Արի բանակ ծրագիր: Նախատեսվում է, որ սփյուռքահայ երիտասարդները երկշաբաթյա ծառայություն կանցնեն Հայաստանի զորամասերից մեկում: Նման ծառայություն կարող են անցնել ինչպես պատանիներ, այնպես էլ աղջիկներ: Նախարարությունից տեղեկացրել են, այս գաղափարն առանձնապես ոգեշնչել է Ֆրանսիայի ու Ռուսաստանի երիտասարդներին: Հայաստանի կառավարությունը շարունակում է հռչակել համահայկական ծրագրեր, եւ չսպասելով մեկի արդյունքին, ձեռնամուխ է լինում մյուսին: Ահա արդեն մի քանի ամիս չեն կարողանում համահայկական բանկի կառավարիչ նշանակել, Արի տուն ծրագիրը հիմնականում տուրիստական է, թեեւ կոչված էր տուն վերադարձնել արտագաղթածներին: Իսկ Հայկական աշխարհ տեղեկատվական նախագիծը Շանթի եթերում վերածվել է ձանձրալի դատարկաբանության տեխնիկապես անորակ հեռուստակամուրջներով: Ինչ է ընկած այս գաղափարախոսության հիմքում: Արդյոք Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի զարգացմանը: Հայաստանում պայմաններ ստեղծե՞լը, որ հեռացածները վերադառնան: Թե՞ Հայաստանից արտագաղթի ուժգնացումը` Սփյուռքն ուժեղացնելու համար: Իսկ գուցե Հայաստանի օգնությո՞ւնը` սփյուռքում հայապահպանության համար: Այնպիսի զգացողություն է, որ նախագծի հեղինակները հռչակում են մի նպատակ, սակայն աշխատում այլի վրա: Համենայն դեպս, Հայաստանում սփյուռքից ժամանողների համար տուրիզմի, բիզնեսի, ներդրումների, քաղաքացիություն ստանալու համար պայմաններ չեն ստեղծվում: Հակառակը, շատերը, ովքեր կցանկանային ապրել հայրենիքում ու Արեւմուտքից եկել են Հայաստան, նաեւ շատերը, որ ծնվել են Հայաստանում, ստիպված են հեռանալ, շվարած անհասկանալի օրենքներից: Հիմա էլ սփյուռքահայ երիտասարդներին ուզում են բերել հայկական բանակ: Ինչի՞ հետ են բախվելու նրանք այդ բանակում: Ի՞նչ օրենքներով են նրանք ծառայելու` սովետական բանակի՞, թե ազգային զինուժի “կանոնադրությամբ”: Ի՞նչ կարիք կա նման նախագծերով վարկաբեկել Հայկական աշխարհը, որը կարող էր հաջողություն ունենալ, եթե դառնար ժամանակակից մեծ աշխարհի մի մասը, եւ ոչ թե կենտրոնանար նեղ-ազգային խնդիրների վրա:
 ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:

Post a Comment