Սոցիալ դեմոկրա Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) պերկուպերկյանական թեւը որոշել է նոր կուսակցություն գրանցել, քանի որ չեն կարող հանդես գալ ՍԴՀԿ անվանումվ: Բանն այն է, որ ՍԴՀԿ-ն Հայաստանում ղեկավարում է Լյուդմիլա Սարգսյանը եւ դա հաստատվել է դատարանի որոշմամբ: Այս կապակցությամբ, պերկուպերկյանական թեւը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են  կուսակցությանը գնալ հետեւյալ լուծման: Հնչակյան կուսակցությունը, ժողովներ անցկացնելով իր մասնաճյուղերում, լսելով շարքային անդամների տեսակետները, եկել է հավաքական որոշման` այն է գնալ իրավաբանական նոր գրանցման եւ դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երեւան քաղաքում հրավիրել  համագումար: Կուսակցությունը, հասկանալով իրավաբանական առանձնահատկությունները, պատրաստվում է նոր գրանցումը ձեւակերպել իբրեւ Հնչակյան Սոցիալ Դեմոկրատ Կուսակցություն: Միեւնույն ժամանակ,  կուսակցությունը շարունակում է մնալ համասփյուռ Հնչակյան ընտանիքի լիիրավ անդամ եւ ունի Հայաստանի ներկայացուցիչը Կեդրոնական Վարչությունում`  ի դեմս ընկեր Վահան Շիրխանյանի: Կուսակցությունը նաեւ վստահ է, որ ՀԱԿ-ի հովանավորյալ,աշխարհասփյուռ  եւ Հայաստանի հնչակյանության կողմից մերժված Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձն ապօրինաբար  եւ անարժանաբար է կրում  հնչակյան անվանումը եւ վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը` կրելով դավաճանի պիտակ: Կուսակցությունն իր քաղաքական գործունեությունը շարունակելու է` հանուն ազգային եւ ընկերային գաղափարների իրականացման»: Հիշեցնենք, որ այսօր ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, իր նիստում որոշում է կայացվել կուսակցությունից հեռացնել Վահան Շիրխանյանին, Գեւորգ Պերկուպերկյանին,  Նարեկ Գալստյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արսեն Կուպելյանին` «կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու եւ իրականացնելու համար»:

No comments:
Post a Comment