Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 25, 2010

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) որոշել է կրկին պատգամավոր դառնալ

ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) որոշել է կրկին պատգամավոր դառնալ ու առաջադրվել Արմավիրի ընտրատարածքում, որտեղ, թերթին հասած տեղեկություններով, առաջադրվելու են նաեւ գեներալ Մանվելը, նրա քաղաքապետ տղան, գեներալի կինը՝ Նազիկը, ՀՀԿ-ականներ Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը եւ այլն։ Օրաթերթը հիշեցնում է, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն իր պաշտպանության տակ չառավ Հակոբյանին, եւ տարածքում հաղթեց Սեյրան Սարոյանը։ Ավելի վաղ՝ 2006-ին, Հակոբ Հակոբյանի դեմ քրգործ հարուցվեց, երբ ծեծկռտուք տեղի ունեցավ նրա ու Ռ. Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի միջեւ, եւ իշխանությունը հանկարծ պարզեց, որ իր քաղաքական հենարան համարվող Հակոբ Հակոբյանը թաքցրել է հսկայածավալ հարկեր։


Պարոն Հակոբյան, փաստորեն Ձեր թեկնածությունը դնելու եք մի ընտրատարածքում, որտեղ լինելու են գեներալ Մանվելը, նրա որդին, նրա կինը, Հրանտ Գրիգորյանը եւ այլն։ Ինչպե՞ս եք պատկերացնում հաղթանակը նման մրցակցության պարագայում։

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով կլինի իմ հակառակորդը քաղաքական, բայց ես ողջունում եմ, որ լինեն այնքան շատ, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրել նրանց միջից ում կցանկանա։ Անձերի հետ կապված տարբերություն չկա, թե ում հետ ես գնում, ովքեր կլինեն։ Իմ կարծիքով՝ դա ժողովուրդն ա որոշելու։

Իսկ ինչո՞ւ եք ուզում նորից պատգամավոր դառնալ։ Օրենսդիր աշխատանքին կարոտե՞լ եք։

Ես ակտիվ քաղաքական գործիչ եմ, դեռ 95-ից եղել եմ քաղաքականության մեջ եւ 8 տարի էլ աշխատել եմ որպես ԱԺ պատգամավոր, ինձ շատ հոգեհարազատ է այդ աշխատանքը եւ ցանկանում եմ աշխատել, որովհետեւ ես հրապարակային գործիչ եմ։ Հիմա էլ ես աշխատում եմ ժողովրդի հետ եւ էդ աշխատանքն իմ դուրը գալիս է։

Դուք ասացիք, որ դեռ իշխանության կողմից համաձայնություն չկա Ձեր առաջադրման հետ կապված, հնարավո՞ր է այս անգամ եւս ՀՀԿ-ն այլ թեկնածու ունենա, եւ հիշեն հայտնի քրեական գործը Ձեր դեմ։

Այո, քրգործը հարուցել են իմ դեմ, ես ասել եմ, որ այո, ես կատարել եմ արարք, ես մարդուն հարվածել եմ, իմ ձեռնարկությունները եղել են այնպիսին, որոնք հարկեր չէին վճարել այն ժամանակ, եւ ամբողջությամբ, տույժ-տուգանքով մենք վճարել ենք։ Էնպես որ, ես համարվում եմ ՀՀ իշխանությունների կողմից խստորեն ստուգված մարդկանցից մեկը։

Ճի՞շտ է, որ Դուք 1,5 մլն դոլար վճարել եք, որ այդ գործը փակվի։

Ես, որպես Հակոբյան Հակոբ, ոչինչ չեմ վճարել։ Վճարումները կատարել են այն ձեռնարկությունները, որոնք թաքցրել են պետության հարկերը, եւ ՀՀ օրենքն էլ նախատեսում է տույժ-տուգանքով գանձումներ, եւ գանձել են։

Ձեր դեմ հարուցված քրգործից հետո Դուք Ձեր ունեցվածքի մի մասը կորցրիք, հնարավո՞ր է պատգամավորական մանդատը Ձեզ պետք է, որ «տանիք» լինի, եւ Դուք վերականգնեք Ձեր հարստությունը։

Ես բավական հարուստ եմ, եւ իմ տարիքն էլ արդեն էն տարիքն ա, որ ես այսօր մտածում եմ ոչ թե հարստության մասին, այլ մտածում եմ առաջին հերթին իմ անունի մասին։ Ինձ ի՞նչ տվեց մանդատը, երբ իմ նկատմամբ սկսեցին գործունեությունները։ Ես սովորական քաղաքացու նման ստուգվեցի, ավելի խիստ, քան թե կստուգվի որեւիցե մեկը։

No comments:

Post a Comment