Այն, որ ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելություն իրականացվում է միայն ԼՂ հարակից տարածքներում, փաստացի նշանակում է, որ հայկական դիվանագիտությունը արդյունավետ չի բարձրացրել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների խնդիրը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ դա համարելով հայկական կողմի բացթողումը։ Նշենք, որ ԼՂ հարակից տարածքներում ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելությունը մեկնարկել է այսօր և կիրականացվի մինչև հոկտեմբերի 14-ը։ «Միջազգային հանրության, միջնորդների մոտ կա ընդհանուր մի տեսակետ. օկուպացված տարածքներ կան միայն մեր կողմում։ Եվ քանի որ մտածում են, որ միայն մեր կողմում կան, բնականաբար, դաշտային առաքելություն պետք է իրականացվի այստեղ։ Ես կարծում եմ, որ սա հայկական դիվանագիտության մեծ բացթողումն է։ Արդյունքում միակողմանի դաշտային առաքելություն է իրականացվում մեր տարածքներում»,- նշեց քաղաքագետը։ Բոզոյանի խոսքով՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը կրկին դիվանագիտական հաղթանակ է տարել։ Թեև սա առարկայական վնաս չի տա Հայաստանին, սակայն, ըստ քաղաքագետի, փաստում է այն մասին, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին օկուպանտ չի համարում։ «Սա իմիջի տեսակետից բավականին վնասակար է»,- նշեց Բոզոյանը։ Նա բացասաբար չի վերաբերվում դաշտային առաքելություն իրականացնելուն՝ նշելով, որ պատերազմի չեզոքացմանն ուղղված ցանկացած քայլ ողջունելի է։ «Բայց ես կարծում եմ, որ նման քայլերը պետք է երկկողմանի լինեն։ Քանի որ դա չկա, նշանակում է դիվանագիտական այս ճակատում փոքրիկ պարտություն ենք կրել»,- ընդգծեց բանախոսը։
No comments:
Post a Comment