Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 21, 2010

ՀԱՑԱԴՈՒԼ ... ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ


Գրող Վահրամ Թաթիկյանը, ով հացադուլ է անում Կոմիտասի անվան զբոսայգում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսել է իր մտահոգությունները և ներկայացրել հացադուլի պատճառներն ու նպատակները: Հիշեցնենք, որ այգում դելֆինարիա է կառուցվում: Վահրամ Թաթիկյանը նշել է, որ ըստ Թամանյանի նախագծի, քաղաքը ավարտվում էր հենց ներկայիս զբոսայգու տեղում, որտեղ ժամանակին քաղաքային գերեզմանատուն է եղել, ընդ որում` հայկական: 1968 թվականին ստեղծվել է զբոսայգին և պանթեոնը, իսկ հիմա էլ զբոսայգին են քանդում և զվարճավայր կառուցում: Ի դեպ, դելֆինարիայի շինարարության վայրում բազմաթիվ ոսկորներ ու գանգեր են բացվում: Թաթիկյանը պահանջում է զբոսայգին վերադարձնել մարդկանց և դեմ է պանթեոնն առանձնացնել զբոսայգուց: “Այգուց սկսած մինչև 3-րդ մաս ամբողջ շրջակայքը նախկին գործարանների քանդվող շենքերն են: Կարելի էր դելֆինարիան կառուցել հենց այդտեղ”, ասել է նա: Վահրամ Թաթիկյանի խոսքով, հստակ որոշված է, թե այս վայրում ինչ սրճարաններ, ռեստորաններ են կառուցվելու և մարդկանց խաբում են, թե իբր լավություն են անում:  “Եթե հարցը դիտարկենք սոցիալական և բարոյական կողմից, ապա ինչքանով է ճիշտ համատարած գործազրկության, աղքատության պայմաններում զվարճավայր կառուցել, որից չեն կարողանալու օգտվել ոչ ապահով խավերը”, ասում է գրողը: Թաթիկյանը նաև պարզել է, որ դելֆինները Հայաստանի կլիմայական պայմաններում չեն կարող ապրել, և նրանց սատկելուց հետո, այդ կառույցը զվարճանքի վայրի է վերածվելու: Նրա խոսքով, դելֆինարիան ընդամենը խայծ է: Նա ավելացրել է, որ բազմաթիվ բնակիչներ, ոստիկանության աշխատակիցներ իրենց աջակցությունն են հայտնել և հեռախոսահամարներ են թողել կարիքի դեպքում օգնության հասնելու համար:  Թաթիկյանն ասում է, որ չի դադարեցնելու հացադուլը մինչև կառուցվող շինությունը չապամոնտաժվի և այգին չվերադարձվի մարդկանց: “Ժամանակին ես հացադուլ արեցի քաղաքական բանտարկյալներ համար: Հիմա բնությունն է բանտարկված: Քանի իմ քաղաքը բանտարկված վիճակում է, ես քաղաքաբանտարկյալ եմ”, նշել է Վահրամ Թաթիկյանը:

No comments:

Post a Comment