Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 20, 2010

Կառավարության կողմից հատկացված հողատարածքների մի մասն է կազմում Արտավազ գյուղական համայնքի արոտավայրերի եւ վարելահողերի մի հատվածը

ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը, ով Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի եղբայրն է, արձագանքել է NEWS.am-ի «Արա Աբրահամյանը կապ չունի գյուղացիներից հողեր խլելու հետ, դա անում է նրա եղբայրը» լուրին: Այդ կապակցությամբ ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը մեզ հայտնեց հետեւյալը. «Ցավոք, որոշ անբարեխիղճ լրատվամիջոցների տարածած «տեղեկությունների» արդյունքում թյուր տպավորություն է ստեղծվում լուրի կապակցությամբ: Իրականությունը հետեւալն է: Իմ գործընկեր օտարերկրյա ներդրողը Հայաստանում սկսել է մեծածավալ ներդրումներ կատարել, այդ թվում հանքային ջրերի գործարան կառուցել` արտադրանքը արտահանելու նպատակով («զվարճանքի քաղաքը» ոմանց հիվանդ երեւակայության արդյունքն է): Կառավարության կողմից հատկացված հողատարածքների մի մասն է կազմում Արտավազ գյուղական համայնքի արոտավայրերի եւ վարելահողերի մի հատվածը, որը սեփականաշնորհված է գյուղացիներին: Կառավարությունն այն ճանաչել է գերակա հանրային շահ եւ սեփականատերերի հետ աշխատանքներ են ընթանում փոխհատուցման հարցերը օրենքով սահմանված կարգով լուծելու համար: Արտավազ համայնքի համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանը այսօր տեղեկացրեց, որ 136-ից 95 հողակտորների սեփականատերերի համաձայնությունը արդեն կա եւ կնքվում են փոխհատուցման պայմանագրեր օրենքով սահմանված ժամկետում, իսկ 22 հողակտորների սեփականատերերը համայնքից բացակայում են եւ մեծամասնության գտնվելու վայրն ընդհանրապես հայտնի չէ: Կարծում եմ ակնհայտ է, որ ո՜չ եղբայրս, ո՜չ էլ ես, որեւէ առնչություն չունենք Արտավազ համայնքի գյուղացիների հետ, առավել եւս` նրանցից «հողեր խլելու»: Վերջին հաշվով կառուցվելիք գործարանում աշխատելու են նույն Արտավազ համայնքի գյուղացիները, ովքեր կառավարությունից մշտապես պահանջում են աշխատատեղեր ստեղծել»: Հիշեցնենք, որ NEWS.am-ի թղթակիցը զրուցել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, որ հայտնել էր, որ ինքը Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի տարածքում գյուղացիներից հողեր խլելու հետ կապ չունի, դա իր եղբայրն է անում` Գագիկ Աբրահամյանը: «Ինձ հայտնի է, որ իմ եղբայրը ցանկանում է այնտեղ գործարան կառուցել, բայց խնդիրներն ինձ հասկանալի չեն: Եթե կան ինչ-ինչ խնդիրներ, մենք բոլորս պետք է սովորենք դրանք իրավական հարթության վրա լուծել»,- նշել էր Արա Աբրահամյանը:

No comments:

Post a Comment