Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 14, 2010

Իշխանությունները մտադիր են Արարատի մարզում կտրուկ թուլացնել, եթե ոչ` գրեթե չեզոքացնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը

«Գազի Հովոն» շուտով վերադառնալու է. տեւական ժամանակ է, ինչ այս խոսակցությունն է շրջում Արարատի մարզում: «Գազի Հովոն», նույն ինքը «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանն է, ով, ըստ իրազեկ աղբյուրների, շուտով նշանակվելու է Արարատի մարզպետ` իշխանության բարձրագույն ղեկավարության որոշմամբ: Հովհաննես Ղազարյանը, ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանի անդամների հետ մոտ մեկուկես տարի առաջ ունեցած աղմկահարույց կոնֆլիկտից հետո նախ հեռացավ զբաղեցրած պաշտնից, ապա նաեւ լքեց Հայաստանը:  Հովհաննես Ղազարյանն, ըստ ճշտվող տեղեկությունների, ներկայումս Ուկրաինայում է եւ մոտ ժամանակներս վերադառնալու է Հայաստան: Մեր տեղեկություններով` «Գազի Հովոյին» կրկին ասպարեզ բերելով` իշխանությունները մտադիր են Արարատի մարզում կտրուկ թուլացնել, եթե ոչ` գրեթե չեզոքացնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը, առանց որի գիտության, ինչպես հայտնի է, մարզում ոչ մի շարժ չի կատարվում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս քայլով իշխանությունները փորձում են հասկացնել Հովիկ Աբրահամյանին, որ առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ դրության տերը մարզում ինքը չի լինելու, այլ նրա գերդաստանի երդվյալ թշնամին: Հենց նա էլ առաջիկա ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում նշանակվելով Արարատի մարզպետ`պետք է վերահսկողություն իրականացնի Աբրահամյան ընտանիքի մարզային գործունեության նկատմամբ եւ այդ մասին իրազեկի իշխանություններին, անհրաժեշտ պահին էլ ջրի երես հանի ԱԺ նախագահի նախկինում արած զեղծարարությունները` դրանից բխող հետեւանքներով: Հովհաննես Ղազարյանն, ինչպես հայտնի է, Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ բարեկամական կապեր ունի, ում լիակատար աջակցությամբ էլ Ղազարյանը պետք է ստանձնի մարզպետի պաշտոնը: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ զինված բախում էր տեղի ունեցել Հովհաննես Ղազարյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբոր որդիների միջեւ: Այս սկանդալային պատմությունից հետո Հովհաննես Ղազարյանը, ով Հովիկ Աբրահամյանի երբեմնի մերձավորն էր, տեւական ժամանակ հետախուզման մեջ է:

No comments:

Post a Comment