Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 25, 2010

«Հայկական մաֆիա». այլատյացությո՞ւն, թե՞ քաղաքականություն

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի մի քանի թերթերի փոխանցմամբ` հոկտեմբերի 21-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի շուրջ 160 աշխատակիցներ շուրջկալ են իրականացրել American Therapeutic Corporation-ի երկու կլինիկաներում (հոգեբուժական հիվանդանոցների խոշորագույն ցանց ԱՄՆ-ում): Հիվանդանոցի սեփականատերերին ու թոփ-մենեջերներին շուրջ 200 մլն դոլարի մեքենայությունների կատարելուն առնչություն ունենալու մեղադրանք է առաջադրվել: Արդարադատության գլխավոր դատախազի օգնական Լենի Բրեյերը հայտարարել է, որ որոշ հիվանդներ նույնիսկ չեն իմացել, թե որտեղ են իրենք գտնվում եւ ինչ է կատարվում իրենց շուրջը: Հիվանդներն ունակ չեն եղել ինքնուրույն սնվել եւ կառավարել իրենց ֆիզիոլոգիական պահանջմունքները: Ենթադրվող մեքենայության մասշտաբները` 200 մլն դոլար, ակամա հիշեցրել է դրանից շուրջ 10 օր առաջ բացահայտված այսպես կոչված, «հայկական մաֆիայի» հետ կապված գործը, որտեղ մեքենայություններից ստացված գումարը հասնում էր 163 մլն դոլարի: Ամերիկյան իշխանությունները 163 մլն դոլարի հափշտակությունների գործը համարել էին ամենամեծ խմբակային մեքենայությունը Medicare-ի ոլորտում: ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի լրատվամիջոցները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել այդ դեպքի հետ կապված՝ իրենց նյութերին ճչացող վերնագրեր դնելով: Բայց հիմա պարզվում է, որ American Therapeutic-ը ոչ միայն Medicare-ի ամենամեծ բաժին ունեցողն է հոգեբուժության ասպարեզում, այլեւ հայտնի է Վաշինգթոնում իր ակտիվ լոբբինգ գործունեությամբ եւ իր կապերով կոնգրեսականների եւ այլ քաղաքական գործիչների հետ: Չնայած որ Ֆլորիդայում բացահայտված մեքենայությունն իր ծավալներով զգալիորեն գերազանցում է «հայկական մաֆիայի» գործունեությանը եւ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել հիվանդների նկատմամբ, սակայն լրատվամիջոցներում դրա մասին տեղեկություններն ավելի քիչ էմոցիոնալ էին, քան «հայկականի» պարագայում: Գրեթե ոչ մի առաջատար թերթ չի անդրադարձել American Therapeutic-ի գործին: Medicare եւ Medicaid Services ասոցիացիաների մեքենայությունների դեմ պայքարի առողջապահության ազգային բյուրոյի գործադիր տնօրենի խոսքով, համակարգում հանցագործների գործողություններից ամենամյա կորուստները կազմում են 65 մլրդ դոլար: Այդ ֆոնի վրա «հայկական մաֆիայի բժշկական մեքենայությունները» ընդամենը կաթիլ են ծովում: Այդ դեպքում, ինչո՞ւ է տեղի ունենում այս անհիմն շոուն ԱՄՆ-ի ամենափոքր էթնիկ խմբերից մեկի շուրջ եւ մամուլում օգտագործվում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «հայկական մաֆիա», «հայ հանցագործներ», «հայկական մեքենայություն», «հայ քրեական հեղինակություն»: Ամերիկյան առողջապահական համակարգում վաղուց բույն դրած խնդրի պատասխանատվությունը էթնիկ փոքրամասնության վրա գցելու փորձից կա՜մ այլատյացության հոտ է գալիս, կա՜մ այլ քաղաքական նպատակներ է հետապնդում:

No comments:

Post a Comment