Ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել: Ադրբեջանական Trend գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության եւ ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնել է, որ Սարիբեկյանն ինքնասպան է եղել հոկտեմբերի 5-ին, գիշերվա ժամը 3-ին: Ըստ 1news.az-ի, Սարիբեկյանը կախվել է իր խցում, որպես պարան օգտագործելով վերնաշապիկն ու սավանը: Սարիբեկյանի վզին հայտնաբերվել է կախվածներին բնորոշ սպի:Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական կողմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպորտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն իրականացնելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում: Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկայացնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: Հայաստանի ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, որ այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ:
No comments:
Post a Comment