Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, May 27, 2011

Այստեղ քաղաքական շահերը չեն կարող բախվել ...

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հետ զրուցում ենք ձևավորվող Համահայկական առևտրային ցանցի, ծրագրերի, խնդիրների ու անելիքների մասին:


 
- Պարոն Սարգսյան, ցանց ստեղծելու մասին մտահղացումն ո±ւմն է, ի±նչ է դա և ո±ր փուլում է գործընթացը:

- Նախաձեռնությունը ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ - կանադական առևտրաարդյունաբերական պալատի և մեր` Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատինն է: Խորհրդաժողով անցկացրեցինք, շուրջ 11 երկրների ՀԿ-ների ներկայացուցիչներ էին ժամանել Հայաստան: Քննարկումների ժամանակ ԱԱ պալատն առաջարկեց, որ ինչպես Լոռու մարզում, որտեղ բիզնեսի քարտեզագրում է կատարվել, քարտեզագրվի ամբողջ հանրապետության բիզնեսը: Միտքն այն է, որ ստեղծվի գործարարների ընդհանուր դաշտ, որտեղ ներգրավված կլինեն նաև հյուրանոցներն և զբոսաշրջությունը: Եղել են դեպքեր, երբ խնդիրներ ենք ունեցել անգամ մարզային ցուցահանդեսների ժամանակ. նույն մարզում ապրող գործարարը չգիտի, որ ի’ր հարևանությամբ, ի’ր ուզած ապրանքը կա, իսկ ինքը նույնը ներկրում է արտերկրից: Այնպես որ, քարտեզագրումն իրազեկության լուրջ խնդիր է լուծում: Դրանից էլ բխեց Համահայկական առևտրային ցանց ստեղծելու գաղափարը: Օրինակ. հրեաներն ունեն նման ցանց և բիզնեսոլորտում իրենց գումարները կարողանում են պտտեցնել միմյանց միջև և մի քանի անգամ, իսկ Սփյուռքում հայերը հայերի հետ չեն աշխատում: Դրա պատճառներից մեկը նաև իրազեկության պակասն է: Արդեն 11 պետություններում սկսել ենք գործընթացը: Համաժողովից հետո մասնակիցներիցս ամեն մեկն իր պարտավորությունները պիտի կատարի և սկսենք քարտեզագրումը:

- Բայց այսօրվա գլոբալիզացվող աշխարհում որքանո±վ նպատակահարմար է նման ցանցի ստեղծումը:

- Կարծում եմ` գործընթացը սկզբում է բարդություններ առաջացնելու, երբ ցանցը ստեղծվի, անգամ գլոբալիզացիայի պայմաններում, խնդիրներ չեն առաջանա: Մենք պետք է այս ամենի մասին լոբբինգ անենք և դիմենք հայ գործարարներին, որ իրար հետ փորձեն աշխատել: Դա և’ իրենց օգուտ կլինի, և’ ընդհանուր բիզնեսին` գումարն էլ հայության միջև կշրջանառվի: Ընթացքում` Հայաստանում ներդրումային ծրագրեր կլինեն, նաև` դրանց կմասնակցեն: Որքան մեր սփյուռքահայ գործարարները հաջողակ լինեն, այնքան` Հայաստանում ներդրումները կավելանան: Թյուր կարծիք կա, ցավոք, սփյուռքահայերը մտածում են, թե Հայաստանում բիզնես դնել կամ գումար աշխատել հնարավոր չէ: Սակայն Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենց ներդրումներով սփյուռքահայ գործարարները մեծ գործ արած կլինեն Հայաստանի տնտեսության համար: Նա էլ` մեր հետ հանդիպման ժամանակ, կոչ արեց. գալ, ներդնել և գումար վաստակել: Փառք Աստծո, անցել են ժամանակները, երբ Հայաստանը Սփյուռքի համար ընկալվում էր որպես զուտ բարեգործության օրրան, կենտրոն, միջոց ...

- Գուցե Մոսկվայի մեր հայ ընթերցողներին կհետաքրքրի, թե իրենք որքանո±վ և ինչպե±ս կարող են ներգրավվել այդ աշխատանքներում և իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ:

- Անպայման, իհարկե: Մոտ ժամանակներս կհանդիպենք նաև ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Իհարկե, այնտեղ կազմակերպչական պատրաստի կառույցներ շատ կան, նաև` համայնքների ղեկավարների տեսքով, ովքեր շատ լավ կարող են մասնակցություն ունենալ աշխատանքների ակունքներում: Ռուսաստանում էլ պիտի նման ցանց ստեղծվի: Հիմնական ցանցը ստեղծելուց հետո, համոզված եմ, շատերն ինքնակամ ցանկություն կհայտնեն միանալ դրան:

- Պարոն Սարգսյան, սակայն նաև հայ գործարարների առանցքային խնդիրներից է միմյանց միջև փոխվստահության պակասը, ինչու չէ նաև` Սփյուռքում քաղաքական դիրքորոշումներն ու բիզնես անհամերաշխ մթնոլորտը: Այս պայմաններում ի±նչ ճակատագիր կունենա նախաձեռնությունը:

- Սա քաղաքական կառույց չէ, այլ` ընդհանուր բիզնես շահերի և հետաքրքրությունների դաշտ: Այստեղ քաղաքական շահերը չեն կարող բախվել: Յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումն ունի Հայաստանի տնտեսության զարգացման հարցում, սակայն բիզնես ոլորտում քաղաքական շահերը չեն հակադրվելու և այն բաց է լինելու բոլոր քաղաքական կառույցներում ընդգրկված գործարարների համար: Պիտի նաև այդ փոխվստահության վատ մթնոլորտը կոտրենք, դա էլ է շատ կարևոր: Իհարկե, մենք էլ գիտենք, որ հայը հայի հետ առևտրային հարաբերություններում խնդիրներ ունեցել է, բայց դա չպետք է ընդհանրացնել: Դրա կողքին օրինակներ կան, որ հայերն իրար հետ շատ լավ աշխատում են, համատեղ ձեռնարկություններ են ստեղծել: Լավն ավելի շատ է, վատի օրինակները բոլոր ազգերի մոտ էլ կան: Հրեաների մոտ էլ հաստատ նման դեպքեր կլինեն: Շառլատաններ ամեն տեղ էլ լինում են, դրանցից չես խուսափի ...

- Առևտրաարդյունաբերական պալատին անդամակցող բոլոր գործարարներն իրենց համաձայնությունը տվե±լ են` միանալու այս նախաձեռնությանը:

- Ով ուզենա` պարտադիրի խնդիր չկա: Նաև` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն է պատրաստակամություն հայտնել մասնակցել գործընթացին: Միանշանակ ողջունում են, որովհետև սա նաև իրենց է օգուտ` ցանցին մաս կազմելով` Սփյուռքում էլ իրենց բիզնեսի մասին կտեղեկանան և կարող են նոր կապեր հաստատել:

- Ցանցը համակարգվելու է միանգամից երեք կառույցներիդ կողմի±ց:

- Ո’չ, առաջիկա երկու տարում աշխատանքները կհամակարգի Հայ - կանադական առևտրաարդյունաբերական պալատը: Այստեղ անձերի խնդիր չէ, այլ` զուտ կառույցներն են մասնակցում: Մյուսներս` տեղակալներն ենք: Համակարգել ենք, թե ով որ ուղղությամբ պիտի աշխատի: Մեկ տարի հետո նորից կհավաքվենք և կքննարկենք արդյունքները, խնդիրներն ու անելիքները: Մեծ համաժողովները կկայանան երկու տարին մեկ անգամ:

- Իսկ Առևտրաարդյունաբերական պալատի աշխարհագրությունն ընդլայնվե±լ է, ինչպիսի±ն են արդյունքները:

- Այո’, 2010 թ. բավական լավ աշխատեցինք: Շուտով նաև համագումարն է լինելու: Մարզային պալատների համագումարներն արդեն եղել են, պատվիրակներ են ընտրվել: Գրքույկի ձևով կներկայացնենք կատարված բոլոր աշխատանքները, որոնք բազմաթիվ և բազմազան են` թե’ ցուցահանդեսների, թե’ համաժողովների կազմակերպում, թե’ օրենսդրական հարցերի հետ կապված հարցուպատասխաններ: Ինչ խոսք, այս ամենը նպաստում է գործարարներին, որպեսզի կարողանան նոր գործընկերներ, շուկաներ գտնել` իրենց արտադրանքը վաճառելու համար: Բացի այդ, օրենսդրական նախաձեռնություններում են մասնակցություն ունենում: Ծաղկաձորում սեմինարներ ենք անցկացրել Հարկային և Մաքսային կոմիտեների հետ համատեղ, որտեղ տարբեր օրենքների հետ կապված պարզաբանումներ են տրվել, որպեսզի բոլոր խնդիրներում իրազեկված լինեն: Այս ամենի արդյունքում պալատի անդամ գործարարը կարողանում է իր ձայնը հասցնել պատկան ատյաններին:

- Եվ վերջում, Ձեր կոչը Մոսկվայում ապրող հայ գործարարներին:

- Շուտով կայցելենք Ռուսաստան և հանդիպումներում ավելի հանգամանալից ու մանրամասն կներկայացնենք ծրագիրը: Կցանկանայինք, որ իրենք էլ մասնակցեին դրան: Առաջին անգամ Համահայկական առևտրային ցանց ենք ստեղծում, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր բիզնեսով երևալ, առաջարկություններ անել, ակնկալիքներ ունենալ ու խորհրդատվություն ստանալ:

No comments:

Post a Comment