Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, May 14, 2011

ՙԺամանակակից ջազում պրոֆեսիոնալներ են ...՚

Արմեն Մանուկյանը հանրապետությունում առավել հայտնի է լրագրողներիս, իսկ երաժշտասերներից` ջազի սիրահարների ու հետաքրքրվողների շրջանակում: Նա Միջազգային լրագրողների ասոցիացիայի անդամ է, ուստի` զրույցն սկսեցինք ջազի հետ ծանոթությունից ու քննարկեցինք ժամանակակից ջազում տեղի ունեցող զարգացումները:

 
- Առաջին անգամ ջազ լսել եմ 1968-69 թթ.-ին: Դպրոցական էի, ավագ եղբայրս բերեց մեծ ՙբաբինա՚-ի վրա ռադիոյից ձայնագրած երաժշտություն: Լավ հիշում եմ, ՙԲիթլզ՚-ի երգերն էին ու երկու սաքսաֆոնիստների մի ստեղծագործություն, որն այնքան խորհրդավոր ու աննկարագրելի էր, որ խիստ հետաքրքրություն առաջացրեց, թե ովքե±ր են երաժիշտները: Մինչև այժմ հիշում եմ դրա հնչյունները: Դրան հաջորդեցին Լուի Արմսթրոնգի, Էլլա Ֆիդջերալդի, Դյուկ Էլլինգտոնի և մյուսների ջազ երաժշտության հետ ծանոթությունս: Երբ մի անգամ պատահաբար մտա հանրախանութ, գնեցի փոքրիկ ձայնասկավառակ` խորհրդային ժամանակաշրջանի վինիլային, և անընդհատ լսում էի Լուի Արմսթրոնգի երաժշտությունը: Այդ ժամանակ ջազային սկավառակները շատ քիչ էին, բայց լավ փնտրողը գտնում էր, հետո` հայտնվեցին լեհական և չեխական ձայնագրությունները: Ես, կարծեմ, 10-րդ դասարանի աշակերտ էի, երբ արդեն ունեի շատ հետաքրքիր հավաքածու` դասական, ժամանակակից և Ավանգարդ ջազ երաժիշտների, Դյուկ Էլլինգտոնից մինչև Թոմաշ Ստանկոն: Ի սկզբանե նշեմ, որ երաժշտական կրթություն ունեմ, նվագում եմ և’ դաշնամուր, և’ կիթառ, բազում ինքնագործ խմբերում ՙԲիթլզ՚-ի երաժշտություն էինք նվագում, իսկ տանը ջազ էի լսում, ամեն ինչ կարդում ջազի մասին: Երբ հայտնվեցին CD սկավառակները, ես գնեցի Սոննի Ռոլլինսի և Սոննի Սթիթի համատեղ ձայնագրությունը` և լսելիս հայտնաբերեցի, որ դրանք այն երկու սաքսոֆոնահարներն են, ովքեր պատճառ դարձան ջազին սիրահարվելու հարցում: Իսկ ջազագիտությամբ` ջազի լեգենդների մասին սկսել եմ գրել 1989 թ.-ից, երբ առաջին նման թեմայով թերթը սկսեց լույս տեսնել մայրաքաղաքում` դա ՙԲրավո՚-ն էր, որին հաջորդեց աշխատանքս` ՙՌեսպուբլիկա Արմենիա՚, ՙԳոլոս Արմենիի՚ ռուսալեզու թերթերում, մինչև ՙJazz.ru՚ և ՙJazz.kvadrat՚ ռուսաստանյան և բելառուսական ամսագրերը, հետո` անդամակցեցի Միջազգային լրագրողների ասոցիացիային: Մոսկվայում ապրող` և’ դաշնակահար, և’ ստեղծագործող ընկերս` Արմեն Միրաբովն առաջարկեց ստեղծել ջազային կայք` www.armjazz.net, առաջին հերթին ռուսերեն լեզվով, որովհետև հայկական ջազի սիրահարները քիչ են, ինտերնետից մասսայաբար չեն օգտվում, իսկ գիտակից զանգվածը, որ սիրում է ջազ, կարդում է ռուսերեն կամ` կայքից կարդում են Ռուսաստանում ապրողները: Արդեն նամակներ եմ ստանում Վորոնեժից, Կրասնոդարից ու Մոսկվայից: Հայկական ջազով հետաքրքրվողները հայաստանյան ջազմենների ձայնագրություններն են խնդրում: Կայքը հաջողությամբ աշխատում է: Պարզվում է, աշխարհում հայ ջազմեններ շատ կան:

- Իսկ ջազային ոճերից և ուղղություններից որո±նք եք նախընտրում:

- Հիմնականում սիրում եմ դասական ջազ: Be-Bop կարող եմ լսել մեկ-մեկ, իսկ Ավանգարդ ջազ, ընդհանրապես չեմ սիրում, նաև` Electro jazz և այլն: Լսում եմ կամ ամենահին, կամ` ամենանոր ջազ: Առավել շատ սիրում եմ Etno jazz: Դա Ջո Զավինուլն է, Էլ Դի Մեոլան, հայկականներից ՙTime Report՚-ը կամ Արտո Թունչբոյաջյանի` Ավանգարդ ֆոլկը: Լսում եմ եզակի գործեր. օրինակ Չիկագոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի` դիրիժոր Դանիել Բարենբոյմ, որ նվագում է Դյուկ Էլլինգտոնի գրեթե բոլոր գործերը` ՙCaravan՚-ը և այլն: Կամ ՙTurtle Island String Quartet՚ լարային կվարտետին, որ նվագում է ջազային ստանդարտներ: Իսկ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի 12 թավջութակահարների նվագած ջազը լսելիս` ուղղակի հիացմունք ես ապրում: Այսպիսի եզակի ստեղծագործություններ եմ սիրում` ոչ սովորական և առանձնահատուկ:

- Իսկ հանրահռչակ ջազ փառատոնի մասնակցե±լ եք, ինչպիսին է օրինակ. Մոնրեալինը, Մոնտրյոյինը, Բելգրադինը:

- Ոչ, այդքան մեծ բախտ չի վիճակվել, սակայն հայաստանյան 3 մեծ ջազ փառատոնների, ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ջազային համերգների կազմակերպման գործում եղել եմ կազմկոմիտեի անդամ, հիմնականում` Լևոն Մալխասյանի հետ: Երբ Չիկ Կորեան եկավ Հայաստան, ստանձնել էի նրա անձնական թարգմանչի դերը: Վրաստանի և Ռուսաստանի բազմաթիվ ջազ փառատոնների եմ մասնակցել, այդ թվում` Հայաստանից ՙԿատուներ՚-ին և ՙTime Report՚-ին եմ տարել դրանց մասնակցելու: Մոսկվայում ՙԲոհեմա Ջազ՚ փառատոնին եմ մասնակցել, որտեղ շատ հեղինակավոր ջազմեններ էին մասնակցում: Մեկ ամիս առաջ, երբ Միացյալ Նահանգներում էի, ներկա էի Չիկագոյի ջազ փառատոնին: Հայտնի ջազ քննադատների հետ հանդիպեցի, քննարկեցինք ժամանակակից ջազի խնդիրները:

- Ինչպիսի± տպավորություն ունեք, այսօրվա ջազը շա±տ է շեղվել իր հունից:

- Ի դեպ, նախկին Խորհրդային հանրապետություններում ընդամենը 14 ջազագետներ ենք, որ Միջազգային ասոցիացիայի անդամ ենք: Այս հարցը բազմիցս ենք քննարկել և հանգել այն համոզման, որ իհարկե, պոպսան ճնշում է` ի դեպ, ամենուր: Անգամ Միացյալ Նահանգներում ռադիոյով արդեն ավելի շատ հնչում է պոպ երաժշտություն կամ` ջազի հետ միախառնուք: Ջազային սկավառակներն սկսել են դժվարությամբ վաճառվել, հիմնականում Smooth jazz-ն է, ամենուր` վերելակներում, սրահներում, միջանցքներում: Որակյալ ջազ, իհարկե, հնչում է, բայց ջազ ակումբներում: Թեև` դրանք էլ, հիմնականում համերգի բնույթի են: Ժամանակակից հեղինակավոր ջազմենները, կարող եմ ասել, առանց բացառության բոլորը երաժշտության բարձրագույն կրթություն ունեն, իրենց գործի պրոֆեսիոնալներ են, անհատականություններ: Այլևս կարծես Օսկար Փիթերսոնի սահուն-շարժը չկա, կամ` շատ քիչ է: Ժամանակակից ջազի աստղերը մտածում են նորովի և առանձնահատուկ: Նրանց համար ջազն այլևս ժամանցային երաժշտություն չէ: Համերգներից առաջ մի քանի անգամ փորձարկված, մշակված երաժշտություն է:

- Ձեր որդին` Արտյոմ Մանուկյանն էլ ջազմեն է` թավջութակահար և կիթառահար: Ձեզ մոտ ՙՀայրեր և որդիներ՚-ի խնդիր չկա± նախասիրությունների, ինչ երաժշտություն լսելու հարցում:

- Բացի մեզանից, երաժիշտ է նաև կինս: Մեր տանը հնչում է կա’մ ջազ, կա’մ դասական երաժշտություն: Ուզենք-չուզենք, որդիս էլ նախընտրեց ջազը: Վերջերս` Ջոն Բաբայանի միջնորդությամբ, ուսանեց Բերկլիի հեղինակավոր ջազ համալսարանում, հիմա արդեն վերջացրել է և նվագում է Վահագն Հայրապետյանի ՙԿատուներ՚-ում, ՙArmenian Navy Band՚-ում: Նա էլ երբեք չի լսի Գլեն Միլլեր կամ Քաունթ Բեյսի և զարմանում է, որ ես դեռ սիրում ու լսում եմ: Նա` կլսի Բոբ Բերգ, Ջեյմս Քարթեր և ավելի շատ բարդ բաներ, Ավանգարդ ջազ, որն ինձ համար ծանր է:
Ես շատ խելացի ջազ չեմ կարող լսել, ջազը պիտի մատչելի լինի ունկնդրի համար: Երաժշտությունից չի կարելի մաթեմատիկա սարքել:

No comments:

Post a Comment