Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, May 14, 2011

Վերադարձ դեպի ... Արարատ

Ինչու± են մարդիկ լեռներ բարձրանում: Դժվար է ասել: Երևի թե այդ հարցի ամենալավ պատասխանը տվել է հանրահայտ լեռնագնաց, ավստրիացի Ռայնխոլդ Մեսսները. ՙԵթե աշխարհի վրա գոյություն ունեն լեռներ, ապա պետք է լինեն նրանց վրա բարձրանալ կարողացող մարդիկ՚:


Մարդն իր ամբողջ պատմության ընթացքում ցանկացել է բարձունք նվաճել, կատարելագործել իր հմտությունները: Բայց բառացիորեն գագաթը նվաճում են միայն լեռնագնացները, կամ` ալպինիստները: Ավաղ, ի տարբերություն մյուս մարզաձևերի, գագաթների վրա չկան երկրպագուներ և լրագրողներ, հաղթանակի բերկրանքը լեռնագնացը վայելում է միայն իր ընկերների հետ ոչ պաշտոնական արարողությամբ: Հաճախ ժամանակ չկա նույնիսկ միմյանց ձեռք սեղմելու` անրաժեշտ է արագ սկսել վայրէջքը, քանի որ գագաթը միայն ճանապարհի կեսն է: ՙ...՚:



Արարատ

Բնական է, որ հայ լեռնագնացները հատկապես երազում են Արարատ բարձրանալ: Երբ գրեթե ամեն օր տեսնում ես այնպիսի գեղեցիկ լեռ, ինչպիսին Մասիսն է, դժվար է անտարբեր մնալ: Արարատ բարձրանալու ցանկություն ունի երևի թե ամեն մի հայ, իսկ հայ ալպինիստն` առավել ևս: Սկսած 1985 թ. հայազգի ավելի քան 50 ալպինիստներ տարբեր երկրներից, այդ թվում և Հայաստանից, բազմիցս բարձրացել են Արարատի գագաթը:
Առաջին անգամ ինձ բախտ վիճակվեց կանգնել Մասիսի լանջին 2000 թ. օգոստոսին: Միջազգային արշավախմբի կազմում 25 լեռնագնացներ էինք, 6 երկրներից. ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և Հայաստանից: Մենք ունեինք անհրաժեշտ թույլտվությունը` Արարատ բարձրանալու համար, սակայն այդ փաստը չխանգարեց Թուրքիայի իշխանություններին առանց պատճառների մասին բացատրելու արգելել մեզ:
Ինը տարի ես տարբեր փորձեր էի ձեռնարկում ևս մեկ անգամ պաշտոնական թույլտվություն ստանալ Արարատը ՙնվաճելու՚ համար: Վերջապես` այս տարվա մայիսին պատասխան ստացվեց Դողուբայազետում գտնվող մի տուրիստական գործակալությունից` այդպիսի թույլտվություն ստանալու մասին: Երաշխավորվում էր, որ հայկական արշավախմբի բոլոր մասնակիցներըս հավաստագիր կստանանք Մասիսի գագաթը բարձրանալու համար:

Դեպի լյառն Արարատ

Երևանից մեկնեցինք վաղ առավոտյան` երկար ճանապարհ էր. Ախալքալակով և Ախալցխայով դեպի վրաց-թուրքական սահմանն, այնուհետև` Կարսով Իգդիր, որտեղից Արարատի վրայի լեռնանցքով` Դողուբայազետ: Միայն երեկոյան ժամը 10-ին ընթրիքի նստեցինք մեր քուրդ գործընկերների հյուրանոցում: Ութս էինք` բացի ինձանից ոչ ոք լեռնագնաց չէր, չնայած ունեին Արագածը ՙնվաճելու՚ փորձ:
Առավոտյան մեզ միացավ քուրդ ուղեկցորդը, 35-ամյա Ջուման: Ֆիզիկապես նա բավական լավ պատրաստված էր, քանի որ տարին մոտ երեսուն անգամ Արարատ է բարձրանում: Ամբողջ վերելքի ընթացքում Ջուման քրդական երգեր էր երգում: Երբ հարցրեցինք, թե ինչի± մասին են երգերը, պատասխանեց. ՙՄեր Արարատի...՚:

Առաջին ճամբար

Իրերն արագ բարձեցինք միկրոավտոբուսի մեջ և ճանապարհ ընկանք դեպի Բիբլիական լեռը: Ես դժվարությամբ էի հավատում իրականությանը, որովհետև շատ երկար տարիներ, ամբողջ իմ գիտակից կյանքը, երազել եմ Արարատ բարձրանալ:
Մեքենան մեզ բարձրացրեց մինչև 2200 մետրը, այնտեղ մեր իրերը բարձեցին ձիերի վրա, իսկ մենք ոտքով հինգ ժամ քայլեցինք դեպի առաջին ճամբար, որը գտնվում էր 3200 մետրի վրա: Չնայած ճանապարհը բարդ չէր, բայց հաճախ էինք դադար անում, իսկ մեկ անգամ քրդական հոբաներից մեկում նույնիսկ թեյ խմեցինք: Ջուման ասաց, որ դա իր քույրերից մեկի հոբան է: Իսկ ընդհանուր առմամբ Ջուման ուներ ինը քույր և ինը եղբայր: Մինչ մենք վրաններն էինք ամրացնում, Ջումայի ավագ եղբայրը շատ համեղ ճաշ պատրաստեց մեզ համար:
Առաջին ճամբարը իրենից ներկայացնում էր բավական մեծ խոտածածկ տարածք, շրջափակված հրաբխային հսկայական բազալտե բեկորներով: Մեր կողքին գտնվում էին իրանցի լեռնագնացների վրանները: Հարևանները չափազանց աղմկոտ էին, ամբողջ գիշեր երգում-պարում էին, խանգարում մեր քունը: Երևի շատ էին ուրախանում այն փաստից, որ բարձրանում են Բիբլիականը:

Երկրորդ ճամբար

Առավոտյան վրանները հավաքելուց և թեյ խմելուց հետո շարունակեցինք վերելքը դեպի երկրորդ ճամբար` 4200 մետրի վրա: Այս անգամ ուղղահայաց մեկ կիլոմետր բարձրությունը հաղթահարեցինք 3,5 ժամում, քանի որ արահետն ավելի թեք էր: Այստեղ արդեն ոչ մի խոտ չկար, միայն քարեր, ձյունով ծածկված ահռելի վիհի եզրին:
Մինչ այդ եղանակից դժգոհելու առիթ չունեինք, միայն մի թեթև ամպամած էր: Հետզհետե բացվում էր Արարատի գագաթը և այդ պահերին հայացքս չէի կարողանում կտրել նրանից: Առհասարակ ցանկացած վերելքի ժամանակ լեռնագնացները երկար զրուցում են գագաթի հետ, թույլտվություն խնդրում նրանից իր վրա բարձրանալու համար: Բայց այս անգամ այդ յուրահատուկ աղոթքին միանում էին նաև սուրբ Մասիսին ուղղված խոսքերը: Եվ բնական, նյարդային լարվածությունը բազմապատկվում էր` չէ± որ հասարակ սար չէինք բարձրանում, այլ ԱՐԱՐԱՏ…

Անհանգիստ գիշեր

Ջուման ասաց, որ բուն վերելքը սկսելու ենք գիշերվա ժամը 2-ին, որպեսզի հասցնենք նույն օրը իջնենք մինչև Դողուբայազետ: Այդ պատճառով արդեն երեկոյան 19-ին պառկեցինք քնելու: Ինչպես միշտ գագաթի ՙգրոհից՚ առաջ անհանգիստ էի` երբեք չգիտես, ինչպես կդասավորվեն հանգամանքները: Հատկապես մտահոգիչ է եղանակը, որը նույնիսկ շատ ավելի ցածր լեռան վրա հաշված րոպեներում կարող է վատ անակնկալ մատուցել:
Ժամը 10-ին այդ անհանգստությունը սկսեց իրականանալ. սև ամպերը պատեցին երկինքը, կայծակն ու ամպրոպը հետզհետե լուսավորում էին վրանները, իսկ սաստիկ քամին, կարծես, ուզում էր մեզ ձորը նետել: Կարճատև կարկուտը հեռացրեց ձյունի ամպերը: Քնի մասին մոռացել էինք, միայն կարողանում էինք միառժամանակ ննջել:
Վերջապես ժամացույցը ցույց տվեց մեկն անց կես և ես դուրս եկա վրանից: Ձյունը ավարտվել էր, բայց սև ամպերը շարունակում էին ծանրանալ լեռան վրա: Վերադառնալով վրան ասացի Պավելին. ՙԵրևի ստիպված կլինենք հետաձգել վերելքը՚: Դա շատ անցանկալի էր: Ջումայի բարձր ձայնը սթափեցրեց մեզ, նա կոչ արեց վեր կենալ և պատրաստվել վերելքի: Գիշերվա ժամը 4-ն էր: Վրանից դուրս գալով ապշեցինք` պարզ աստղազարթ երկինք էր, կարծես, ամպրոմպն ու կայծակը զուտ երազ էին: Արագ թեյեցինք և 4-ն անց 23 րոպեին սկսեցինք վերելքը:

Վերելք

Բավական ցուրտ էր, ստիպված էինք հագնել ունեցած բոլոր տաք շորերը: Քայլում էինք լապտերներով, բայց կես ժամից հետո սկսեց լուսանալ և արահետն արդեն երևում էր առանց լրացուցիչ լուսավորության: Վերելքը կտրուկ էր, գումարվում էր նաև նախորդ երկու օրերի հոգնածությունը, ինչի հետևանքով չափից ավելի հաճախ էինք կանգնում: Բայց ֆիզիկապես ծանր աշխատանքն ուներ իր դրական կողմը` հոգեբանական գործոնը ետ էր մղվել երկրորդ պլան. փիլիսոփայելու ո’չ ուժ կար, ո’չ էլ` ժամանակ: Ջուման շտապեցնում էր` ասելով, որ չենք հասցնի լույսով իջնել Դողուբայազետ:
4900 մետր բարձրության վրա, երբ արդեն սառցադաշտի վրա էինք, պարզ դարձավ, որ մեզանից հինգն էլ ի վիճակի չեն բարձրանալ: Մաղթելով նրանց հաջող վայրէջք, մենք շարունակեցինք վերելքը: Բայց ընդամենը 100 մետրից հետո ես էլ ուժասպառ եղա:
Պավելն, ում ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից, փորձում էր ինձ համոզել. ՙՏես, բան չի մնացել, գնանք՚: Ես լուռ գլուխս թափ տվեցի. ՙՉէ, չեմ կարող…՚:

Գագաթ


Նրանք` Պավելը, Կարենը և Ջուման, շարունակեցին, իսկ ես դանդաղ հանեցի ահավոր ծանրացած ուսապարկս, մի կում ջուր խմեցի, անհավես ծիրանի չիր ծամեցի և հայացք գցեցի այդքան մոտ արևի տակ շողացող Արարատի գագաթին: Ոչ մի ապրումներ, ափսոսանք և խղճի խայթ չկար: Այդպես անցավ մի քանի րոպե կամ` հավերժություն: Գիտակցությունս աստիճանաբար վերադառնում էր, կամաց-կամաց վերականգնվեցին նաև սպառված ուժերս և ես մեխանիկորեն շարունակեցի վերելքը: Մոտ 30 մետրից տեսա տղաներին, ովքեր հանգստանում էին: Իմ ՙհերոսությունը՚ շատ անտարբեր ընդունեցին. ՙՈւսապարկդ թող այստեղ, թեթև կգնանք՚: Արդեն բավականին շոգ էր, տաք բաճկոնիս փոխարեն հագա բարակը և վերջին 150 մետրը քթիս տակ ինչ-որ մի երգ փնթփնթալով հասա գագաթ: Ժամը 9 անց 20 րոպե էր: Այնտեղ աղմկոտ իրանցիներն արդեն տոնում էին իրենց հաջող վերելքը: Բայց մենք խոսելու բան չունեինք, ավելի ճիշտ` այնքան ասելու բան կար... Ամեն մեկս իր մտքում բան ուներ ասելու, բայց ավելի լավ է` լուռ մնայինք: Ուղղակի գրկախառնվեցինք և լուսանկարվեցինք:
Երկար 33 տարիներ, ինչ զբաղվում եմ լեռնագնացությամբ, երբ բջջային հեռախոսների մասին ոչ մի գաղափար էլ չունեի, մի նպատակ էի փայփայում. Արարատի գագաթից զանգահարել զավակիս: Այդ պատճառով առաջին հերթին դա արեցի և հուզմունքից դողացող ձայնով ասեցի դստերս` Լիանայիս. ՙԲալես, Արարատի գագաթից եմ զանգ տալիս՚: Բոլոր հայ հայրերին ցանկանում եմ ճաշակել այդ պահի բերկրանքը:
Պավելի հետ լուռ նայեցինք իրար. երկուսս էլ այդ երեք օրերի ընթացքում հիշում էինք մեր բոլոր ընկերներին, որոնք մեզ նման շատ կցանկանային այդ պահին լինել Մասիսի սառցե կատարին: Ավաղ, նրանց մի մասը այսօր մեզ հետ չեն` վրացի Գիյան և ռուս Յուրին զոհվեցին լեռներում, Արմենը, Դավիթը և Սլավիկը չվերադարձան Արցախի մարտադաշտերից: Մնացած տղաները ցրվել են ամբողջ աշխարհով մեկ, բայց նրանց ուշքն ու միտքը հիմա հաստատ գիտեինք` այստեղ էր և մենք նայում էինք Արարատի գագաթից` նրանց բոլորի աչքերով:

Վերջաբան
Միայն մի քանի օր հետո, տանը հարմարավետ բազմոցի վրա նստած, սկսում ես գիտակցել կատարվածը. ՙԵս Արարատ եմ բարձրացել՚: Լեռնագնացի համար 5165 մ հաղթահարելը առանձնապես մի սխրանք չէ, բայց 50 տարեկանում ոչ բոլորն են կարող դա անել: Եվ, ի վերջո, դա զուտ մի լեռնագագաթ չէ, այլ Մասիսը` ամենագեղեցիկը լեռներից:
Աշոտ ԼԵՎՈՆՅԱՆ

No comments:

Post a Comment