Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, May 3, 2011

Մեր գրականության կայծակնահար կաղնին...

Այս տարի նա կդառնար 105 տարեկան: Ապրեց ընդամենը 69 տարի: Թվում էր` շառաչուն և հզոր կաղնի է` որոտընդո¯ստ, հախո¯ւռն, բարձրախո¯ս և ճշտախոս: Բայց փխրուն սիրտ ուներ` շուտ բռնկվող, շուտ վիրավորվող, վիճո°ղ և չզիջո°ղ: Կյանքի վերջին տարիներին չդիմացավ իր դեմ տարվող հիրավի թե հանիրավի հարձակումներին, ներքուստ տառապեց և... երկար չապրեց:

 
1968 թ. ամռանը ես ընտանիքով (կին, երեխաներ) մեկնեցի Գրողների Ծաղկաձորյան ստեղծագործական տուն: Այնտեղ էր նաև Նաիրի Զարյանը: Հին շենքում էինք (ուր հանգստացել էին Իսահակյանը, Չարենցը...): Այդ ժամանակ շատերն էին կիսաշշուկ խոսում, թե իբր Զարյանի ՙմատնագրով՚ են Չարենցին տարել: Չարենցը վտանգավոր մեծություն էր և, իհարկե, առանց մատնագրի էլ` հավանաբար վերացնելու էին: Բայց հարկավոր էր մեծի մեղքը գցել մեծի վրա, քավության նոխազ փնտրել (մանավանդ` Զարյանը գրական-գաղափարական սուր վեճեր է ունեցել Չարենցի հետ...): Այս ամենի մասին շատ է գրվել: Բայց ահա ծաղկաձորյան մի առավոտ Զարյանը հուզված և կարմրած մոտեցավ և ասաց.
- Կարդացի±ր ՙԳրական թերթի՚ հոդվածը...
- Ոչ,- ասացի,- դեռ չեմ կարդացել, ի±նչ հոդված է:
- Ա°ռ, կարդա,- բորբոքված ասաց նա,- Վազգեն Մնացականյանն օրը ցերեկով ինձ մեղադրում է Չարենցի սպանության մեջ...
Եվ, իրոք, քննադատը մի հսկա հոդված էր գրել հսկաների մասին և հսկա մեղք բարդել Զարյանի ուսին: Նա, իհարկե, սխալներ շատ ուներ:
- Պատասխա°ն պիտի գրեմ...,- կրկին որոտաց նա,- հերիք եղավ` ինձ քավության նոխազ դարձնեն... Այո, գրական պայքար է եղել, վրիպումներ են եղել, բայց գրողների համագումարում, ինքդ գիտես, Կենտկոմի քարտուղար Սուրեն Թովմասյանն ասաց, որ ես ոչ մի մատնագիր չեմ գրել Չարենցի դեմ...
Ամեն կերպ փորձեցի հանգստացնել անհանգիստ բանաստեղծին, թեև ինքս նույնպես անհանգիստ էի: Կարճ ասած` մեր ամառային հանգիստը փչացավ: Նա, այնուհանդերձ, պատասխանը գրեց, ձեռագիրը տվեց կարդալու, փորձեցի մեղմացնել մի քանի կոշտ արտահայտություններ, ի զարմանս ինձ` իսկույն համաձայնվեց:
Որդիս` Վահրամ Սահակյանը, փոքր էր` չորս տարեկան, հաճախ էր ուզում վաղ առավոտյան գալ նախաճաշի, իսկ երբ գալիս էր, Զարյանն ասում էր. ՙդե, եթե Վահրամը եկել է, ուրեմն` մեզ լավ են կերակրելու...՚: Այդպիսի մի նախաճաշից հետո լուսանկարեցի նրանց` Զարյանն է, մի գիտնական, որի անունը, ցավոք, այս պահին չեմ հիշում, թատերագետ Սերոբ Սարգսյանը, սեղանի վրա` Վահրամը, կողքին` Սերոբի թոռնիկը, ձախից` Աբիգ Ավագյանը: Քիչ հետո Զարյանին լուսանկարեցի մենակ և, ինչպես տեսնում եք, բավականին մտահոգ և մռայլ:
Իհարկե` Նաիրի Զարյանին վաղուց էի ծանոթ: 1958-ին, երբ ես ընդամենը 22 տարեկան էի, դեռևս ուսանող և մեկ գրքի հեղինակ (ՙԱստղիկներ՚), ինձ ընդունեցին Գրողների միության շարքերը: Նիստը նախագահում էին Նաիրի Զարյանը և Ստեփան Զորյանը: Ինչ-որ մի գրող (անունը չեմ հիշում, փորձեց ՙդժվար՚ հարցեր տալ, բայց Նաիրին նրա խոսքը կտրեց. ՙընդունե°լ՚, ասելով մի քանի ջերմ ու ոգևորիչ խոսքեր, որոնք, անշուշտ, պատեհ չեն այս պահին հիշելը:
Երկու տարի անց, երբ աշխատում էի ՙԱվանգարդ՚ երիտասարդական թերթի խմբագրությունում, որոշեցի մեր ստացած գրական գործերը (ոտանավորներ) հանձնել Զարյանին, որպեսզի նա թերթի միջոցով պատասխանի սկսնակ գրողներին: Նամակներն անձամբ տարա իրենց տուն և, ո¯վ զարմանք, բառացիորեն հաջորդ օրը... պատասխանը բերեց` մի հրաշալի հոդված, որն իսկույն տպագրեցինք: Հենց խմբագրությունում էլ Զարյանին, Ս. Մուրադյանին և ինձ լուսանկարեց թերթի լուսանկարիչ Վ. Սևոյանը:
Երբ լույս տեսավ Զարյանի ՙՊարոն Պետրոսը և իր նախարարները՚ վեպը, 1959 թվականին նրան հրավիրեցինք հայկական մանկավարժական ինստիտուտ` գրքի քննարկմանը: Շատերը խոսեցին, մեկ էլ Զարյանը դիմեց դահլիճին. ՙԱրամայիսն ո±ւր է, ասելիք չունի±...՚: Հուզվեցի, մոտեցա ամբիոնին և հանպատրաստից խոսեցի վեպի երգիծական կտորների մասին, մեծ ծիծաղ առաջացնելով դահլիճում: Բոլորից բարձր ծիծաղում էր Զարյանը, հետո ասաց. ՙԵս չգիտեի, որ երգիծական վեպ եմ գրել՚: Օրեր անց նա ինձ նվիրեց ՙԱրա Գեղեցիկ՚ դրամայի գեղեցիկ հրատարակված գրպանի գիրքը` մակագրելով կարճ` ՙԽանդավառ Արամայիսին, հեղինակից՚: Կարծում եմ` խանդավառը հենց ինքն էր` և ստեղծագործելիս, և` զրուցելիս, և° վիճելիս, և° սխալվելիս, և° տառապելիս: Պատահական չէր, որ իսկական անունը Հայաստան էր` Նաիրի: Խիղճ պետք է ունենալ` խոստովանելու, որ նա գրական մեծ արժեքներ է ստեղծել` ՙԱրա Գեղեցիկ՚, ՙՁայն հայրենական՚, ՙԵրկու հանճարեղ գլուխ՚, ՙՀացավան՚, ՙԱրտավազդ և Կլեոպատրա՚, նաև... ՙՍտալին՚ (որն ամենուր արտասանում էին, որովհետև... արվեստի գործ էր, նաև խոսք կար հայ ժողովրդի ճակատագրի մասին): Զարյանն ունի քնարական հիասքանչ բանաստեղծություններ, նաև... երգիծական պիեսներ (ՙԱղբյուրի մոտ՚, ՙՓորձադաշտ՚), որոնց հերոս Բալաբեկը դարձավ առօրյա անձ (մանավանդ` Թաթիկ Սարյանի անզուգական կատարմամբ):
Ինչո±ւ եմ այս բոլորն ասում: Ասում եմ, որ կարողանանք ճիշտ ասել: Կարողանանք տեսնել լույսն ու ստվերը, բայց միշտ հիշեք, որ պիտի գանք դեպի լույսը...

Արամայիս ՍԱՀԱԿՅԱՆ

No comments:

Post a Comment