/Սկիզբը` նախորդում/
Մյուս կողմից` Զարյանի բռնկուն բնավորությունը նրա համար բազմաթիվ հակառակորդներ էր ստեղծել, որոնք առիթի էին սպասում հարվածելու համար: Իսկ ավելի հարմար առիթ լինել չէր կարող այն տարիներին, երբ ամբողջ ժողովուրդը ցնցված էր բացվող չարագործությունների պատկերից: Եվ վերջապես, մանավանդ վերջին տարիներին, Զարյանին քննադատելը որոշ մարդկանց համար էժան դափնիներ վաստակելու, անարդարության դեմ մարտնչող մարդու համբավ վաստակելու լավ միջոց էր. Զարյանը չկար պատասխանելու համար, իսկ հողը նախապատրաստված էր...
Կրկնեմ մի անգամ ևս` Զարյանի կենսագրության մռայլ կետերը մաքրելու ամեն մի փորձ մերժելի է (այդ կետերի մասին այնքան է խոսվել, որ ներկա հոդվածում կարիք չեղավ դրանք մանրամասն ներկայացնելու): Բայց այդ բոլորը պետք է քննել ժամանակի իրական ֆոնի վրա: Եվ փորձել տեսնել Զարյանի կերպարի իրական հակասությունները, չներկելով այն համատարած սև գույնով:
Մարդկային հիշողությունը երբեմն դժբախտաբար շատ ընտրողաբար է գործում: Եվ այսօր Զարյանի կենսագրության շատ փաստեր մնում են մոռացված հին թղթերում ու հուշերում: 1938 թ. գրողների միության ժողովներից մեկում հարձակումներ են գործում Ավետիք Իսահակյանի դեմ, նրանցից պահանջում դառնալ ՙիսկական խորհրդային գրող՚: Իսահակյանին պաշտպանելու փորձ որևէ մեկը չի անում, բացի Զարյանից: Զարյանը հանդես է գալիս կրքոտ խոսքով, ներկաներին բացատրելով, որ մեծ բանաստեղծի հետ այդ լեզվով խոսել չի կարելի: Եվ դա` կուսհանձնաժողովի հայտնի որոշումից մի քանի ամիս հետո, երբ քիչ էր մնացել նրա գործերը հանձնեին ՆԳԺԿ...
70-ական թթ. ՙԽորհրդային գրականություն՚ (այժմ ՙՆորք՚) ամսագիրը տպագրեց Ռուբեն Զարյանի հուշերը Նաիրի Զարյանի մասին: Հայտնի է, որ երկու Զարյանների հարաբերությունները անամպ չեն եղել: Ռուբեն Զարյանը հիշում է, մի քանի դեպք, երբ Նաիրի Զարյանը տուրք է տվել քսան-երեսնական թթ. խմբակային կրքերին, և ինքը` Ռ. Զարյանը, դրանից տուժել է: Մի խոսքով, փոխադարձ մեղադրանքներ, վեճեր: Բայց լինում է այնպես, որ 1938-ին Ռ. Զարյանը ՙՎերք Հայաստանի՚ համար գրված առաջաբանի պատճառով ընկնում է դարձյալ ծանրագույն քաղաքական մեղադրանքների հարվածի տակ: Նրան իր պաշտպանության տակ է առնում ոչ այլ ոք, քան Նաիրի Զարյանը` արդեն համբավավոր և հարգված գրող: Լսենք Ռ. Զարյանին. ՙԵվ գնալիս, լավ հիշում եմ, Նաիրին, այո, Նաիրին այո և ոչ թե մի ուրիշը, ասաց, թե նեղ պահին միշտ կարող եմ ապավինել իրեն: Եվ գնաց: Նա ձեռք մեկնեց ինձ այն պահին, երբ նրա մի հարվածը կարող էր կործանարար լինել՚...
Ռուբեն Զարյանի հուշերից հառնում է իսկապես ասպետական մի կերպար: Առհասարակ բոլոր նրանց, ում հետաքրքրում է Նաիրի Զարյանն իբրև մարդ, խորհուրդ եմ տալիս կարդալ Ռուբեն Զարյանի հուշերը (ՙՍովետական գրականություն՚, 1975):
Հեշտ է մարդկանց սատանա կամ հրեշտակ ներկայացնել: Շատ ավելի դժվար է տեսնել իսկական մարդուն, նրա իրական դեմքը...
Բայց, ի վերջո, այսօր մեզ հետաքրքրող գլխավոր հարցը պետք է լինի այն, թե Զարյանը ինչ տեղ գրավեց հայ գրականության մեջ: Մենք այսօր հարգանքով ենք հիշում մեր գրականության թեկուզ մեկ լավ բանաստեղծություն տված հեղինակին: Իսկ Զարյանի տվածը շա¯տ ավելին է, քան մեկ բանաստեղծությունը:
Զարյանը սկսում էր իբրև քնարերգու: 18-19 թթ. նրա գրած բանաստեղծություններում որոշակիորեն զգացվում է քնարական բանաստեղծի տաղանդը: Իզուր չէ իր ինքնակենսագրական եռագրության մեջ Մահարին անխառն հիացմունքով հիշում Զարյանի պատանեկան բանաստեղծությունը` ՙԳուցե նստած պատշգամբում...՚: Բայց Զարյանի քնարերգության մեջ հենց սկզբից ուժեղ էր նաև քաղաքացիականությունը: Գնդապետ Մազմանյանի հիշատակին նվիրված բանաստեղծությունը դրա վկայությունն է: Ազգային և հասարակական կյանքի իրադարձությունները ուժեղ արձագանք էին գտնում Զարյանի հոգում: Եվ այդ մի քիչ ձգձգված բանաստեղծության բազմաթիվ տողերում չի կարելի չտեսնել հետագա տարիների քաղաքացիական բանաստեղծությունների սաղմերը:
Բայց ինչ էլ լիներ Զարյանը, նա մնում էր խորապես ազգային բանաստեղծ` հենց սկզբից, հենց անձնասպան գնդապետին նվիրված բանաստեղծությունից: Եվ այդ օրինաչափությունը չխախտվեց նույնիսկ 20-ական թթ., երբ թվում է, ազգային ամեն ինչ պետք է անհնարին լիներ... Այո, կրքոտ կերպով պայքարելով ՙպրոլետարական գրականության՚ հաղթանակի համար, Զարյանը հայ բանաստեղծ էր մնում: Ահա մի օրինակ 20-ական թթ. նրա ստեղծագործություններից` ՙԴավիթը էս օրերի՚: Պրոլետարիատի ուժը ցույց տալու համար Զարյանը նրան համեմատում է Սասունցի Դավթի հետ, իսկ իմպերիալիզմը`
Մսրա Մելիքի հետ`
...Մի ոտը Ալազյազին,
մյուսն էլ ծանր դրեց
ծեր գլխին ծեր Մասիսի,
հայացքով լուրթ ու հրկեզ
ցած նայեց, ցած,
կռացած,
ցիրուցան հայոց երկրին:
Արագած, Մասիս, Դավիթ-այս բոլորը լոկ խոսքեր չեն, այլ էություն , որը իրեն պետք է զգացնել տար բոլոր պայմաններում: Եվ ընթերցողը չի կարող ուշադրություն չդարձնել ՙցիրուցան հայոց երկրի՚ հիշատակությանը: 20-րդ դարի փորձություններով անցած հայ մարդու հայացքն է այսպես անսպասելի երևում, թեև, իհարկե, բանաստեղծությունը նվիրված է հեղափոխական պրոլետարիատին...
1922 թ. լույս տեսավ ՀՊԳԱ ՙՄուրճ՚ ամսագրի առաջին համարը, որտեղ տպագրված էին ասոցիացիայի անդամների բանաստեղծությունները: Դրան հոդվածով արձագանքեց Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհի նախագահ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանը` Ալ. Մարտունին, ինչպես նա ստորագրում էր իր գրականագիտական հոդվածները: Այս հոդվածում է տրված Չարենցի ստեղծագործական ամենախորաթափանց գնահատականներից մեկը: Բայց ՙՄուրճի՚ բանաստեղծների գործերին նա ընդհանուր առմամբ խիստ բացասական գնահատական է տալիս: Ամենամեծ թերություններից մեկը համարում է ազգային մթնոլորտի պակասը: Մարտունին առանձնացնում է Նաիրի Զարյանին, նրա ՙՇիրակի դաշտերում՚ պոեմը համարում ՙպարբերականի ամենահաջողված գործը՚: Եվ ո±րն է Զարյանի պոեմի գլխավոր առանձնահատկությունը, ՙՆաիրի Զարյանը... երգում է, հայավարի երգում ու (հայ աշխատավորի նման) մտածում է Շիրակի դաշտերի մասին՚ (ՙԽորհրդային Հայաստան՚, 1922, N 267):
Զարյանի այս առանձնահատկությունը երբեք չի կարելի թերագնահատել: Նա կարո°ղ էր ներբող գրել Ստալինին. այն ժամանակ շատերն էին, անկեղծորեն, թե ստիպված, Ստալինին բանաստեղծություններ նվիրում, բայց այդ բանաստեղծությունների մեջ անպայման խոսվելու էր հայ ժողովրդի ճակատագրի մասին, և երախտագիտությունը որևէ պոետական գործչի հանդեպ, թող որ այդ գործիչը լիներ Ստալինը (այս դեպքում էական չէ, թե այն ժամանակներում ինչպես էին հասկանում Ստալինի դերը. մեզ համար կարևորը ելակետն է), պայմանավորված էր իր ժողովրդի ճակատագրում տվյալ գործչի խաղացած դերով: Զարյանը կարող էր գրել, ինչպես ժամանակի ոգին էր պահանջում, ՙԱնդրանիկ փաշի արյունոտ սրտի՚ մասին (կոմերիտմության կողմից կաուչուկի գործարանի շեֆությունը վերցնելուն նվիրված բանաստեղծության մեջ): Բայց նա դարձյալ մտածում էր հայ մարդու ազգային հպարտության մասին (և նաև չմոռանանք, որ ընդամենը մի քանի տարի հետո նա առաջարկելու էր ֆիլմ նկարահանել Անդրանիկի մասին, ինչպես այդ հաստատում են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում նաև կուսհանձնաժողովի որոշումը նրան կուսակցությունից հեռացնելու մասին):
20-ական թթ. սկզբներին Զարյանը գրում է հայրենի գյուղին նվիրված մի բանաստեղծություն, որը յուրատեսակ հրաժարումն էր իր անցյալից, իր պատանեկությունից` հանուն նոր աշխարհի.
Է°յ, դու հնացել ես,
Հիմա դու անցել ես,
Գնացել ես արդեն,
Գյուղ իմ հին հայրենի,
Խառակոնի°ս:
Ով է հիշում հիմա,
Ես հազիվ եմ հիշում,-
Տնակներդ նեղ, ցած,
Որ քովքովի նստած պառավների նման
Զրուցում են մուժում-
Հնի¯ց, հնի¯ց, հնի¯ց...
Բայց բանաստեղծությունն ինքն արդեն վկայությունն էր այն բանի, որ հիշում են, որ բանաստեղծը չի մոռանում հայրենի գյուղը, ինչքան էլ այն ՙանցել, հնացել է՚: 20-ական թթ. մթնոլորտը այսպիսի ՙհրաժարիմք՚ներ թելադրում էր, բայց նույնիսկ այդ մթնոլորտը չէր կարող ստիպել մոռանալ հայրենի գյուղը, իսկ 1946-ին հասունացած Զարյանը մի խորապես զգացված բանաստեղծություն է նվիրում հայրենի գյուղին ՙԽառակոնիս՚ վերնագրով`
Իմ հեռավո¯ր Խառակոնիս,
Իմ գյո¯ւղ, իմ ծո¯ւխ, իմ անմե¯ռ...
Քեզ է տենչում ծարավ հոգիս,
Շե±ն ես արդյոք, թե± ավեր:
Իհարկե, 20-30-ական թթ. Զարյանը իր ակտիվ, հախուռն բնավորությամբ ծավալվող իրադարձությունների կենտրոնում էր, և իմաստ չունի մոռանալ, որ նա ոչ միայն բանաստեղծություն, այլև մի ամբողջ չափածո գիրք է գրել Ստալինին նվիրված, հատուկ գնացել է Դոմբաս` մետալուրգներին նվիրված իր գիրքը գրելու համար, Հայաստանում ակտիվորեն մասնակցել է գյուղատնտեսության կոլեկտիվացման շարժմանը իբրև կուսակցության ներկայացուցիչ և թերթում հանդես է եկել կրքոտ հոդվածներով ի պաշտպանություն կոլեկտիվացման, ակտիվ գործչի իր դիրքերից հանդիմանել Եղիշե Չարենցին, որ նա չի գնում գործարաններն ու կոլտնտեսությունները և չի գրում սոցիալիստական շինարարության մասին (ՙԲաց նամակ Եղեշե Չարենցին՚): Այսինքն, 30-ական թթ. նա դեռ մնում էր ուղղափառի դիրքերում (որից Չարենցը հրաժարվել էր շատ վաղուց), և դա սահմանափակում էր նրա գրական հնարավորությունները: Քաղաքացիականությունը այս տարիներին շատ հաճախ վերածվում է ներբողականության: Բայց չպետք է ուրանալ նաև, որ այն տարիներին հայ գյուղին նվիրված նրա գործերը, հատկապես ՙՀացավան՚ վեպը և ՙՌուշանի քարափը՚ պոեմը լավագույններն էին իրենց տեսակի մեջ` հետաքրքրական կերպարներով, հայ գյուղացու հոգեբանության լավ իմացությամբ...
Եվ նա չմոռանանք, որ բռնության դեմ ուղղված, արվեստի մարդու բարձր արժանապատվության զգացողությամբ համակված ՙԵրկու հանճարեղ գլուխ՚ բանաստեղծությունը ևս գրել է 30-ական թթ.: Զարյանը ըմբոստ այն տարիներին այսպես էր իրեն զգացնել տալիս...
30-ական թթ. վերջերին և 40-ականների սկզբներին Զարյանն արդեն զգալիորեն փոխվել էր: Խաղաղվել էր, իմաստնացել: Ազգային խնդիրները ավելի ու ավելի մեծ տեղ են գրավում նրա ստեղծագործության մեջ: 1940-ին է գրել իր լավագույն բանաստեղծություններից մեկը` ՙՀայերնի տունը՚.
Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում:
Այս բանաստեղծությունն էլ յուրատեսակ պատասխանն էր հայրենի գյուղին նվիրված այն վաղ բանաստեղծությանը, որի մեջ նա Խառակոնիսը համարում էր ՙհնացած և անցած՚: Ոչինչ չէր անցել և ոչինչ չէր հնացել այն ամենից, ինչ կազմում է մարդու էությունը: Եկել էր ժամանակը, և այդ ամենը պետք է երևան գար...
Հենց այս ժամանակներում է նորից մաքուր ձայնով հնչում նրա քնարերգությունը: Պայքարի աղմուկն իսկապես տեղը զիջում է մարդկային ապրումներին, ինքնազննմանը, որն ամեն տեսակ քնարերգության հիմքերից մեկն է: Սևանին նվիրված իր բազմաթիվ բանաստեղծություններից մեկում (1940) գրում է.
Այս անսահման ջրերի պես
Հիմա հանդարտ է իմ հոգին:
Պատշգամբում նստած եմ ես
Եվ լուռ նայում եմ երկնքին:
Բնության պատկերից ավելի սա սեփական հոգու նկարն է, նախերգը քնարերգության այն որակի, որն սկսվում էր և իր արմատներով հասնում մինչև 18-19 թթ. գրած բանաստեղծությունները:
(Շարունակելի)
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
No comments:
Post a Comment