Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, May 27, 2011

Հայաստանի քաղաքականությանը Էֆթանազիան էլ չի փրկի

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ժողովրդական ուժերի համաժողովն էր, որ հրավիրել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Նախորդ օրը զնման մարքսիստ Դավիթ Հակոբյանը հայտարարել էր Ազգային ճակատ նոր ալյանսի ստեղծման մասին, որը ևս փորձելու է լինել նախընտրական դաշինք: Դոդի` Գագիկ Ծառուկյանն էլ հանդիպել էր ինտելեկտուալների հետ և առաջարկել` մշակել տարբեր ոլորտներում գործողությունների ծրագրեր և դրանցով գնալ խորհրդարանական ընտրության: ՀԱԿ-ի մեջ չմտնող ընդդիմադիրները` ՙԺառանգության՚ գլխավորությամբ խորհրդակցություններ են անցկացնում ընդդիմադիր ճակատի ձևավորման համար: ՀԱԿ-ը պատրաստվում է մայիսերեսունմեկյան հանրահավաքին ու ավազակապետ իշխանությունների հետ ջերմ երկխոսությանը: Բոլորը փորձում են առաջիկա ընտրություններից առաջ մոբիլիզացնել ուժերը: 

 
Ակնհայտ է, որ Ժողովրդական ու Ազգային ճակատներն ի զորու չեն եղանակ փոխել, որովհետև այդ ե±րբ է եղել, որ գյուղացիական հեղափոխությունները հաջողություն ունենան: Անհրաժեշտ են ավելի կոնկրետ ծրագրեր և հարցադրումներ: Նույնիսկ ազգային հարցն արդեն միավորման ու ժողովրդի լիակատար հավանականությանն արժանանալուն անընդունակ է: Հայաստանում ոչ ոք Եվրոպային կամ Միացյալ Նահանգներին թշնամի, իսկ Ռուսաստանին անվերապահ բարեկամ չի համարում: Ավելին` կոտրվել է նույնիսկ հավերժ թշնամու` Թուրքիայի միֆը:
Իսկ ռուսամետ Աշոտ Մանուչարյանը շարունակում է քաղքենի Վերգոների ու Հռիփսիկների պատմությունը պատմել, ովքեր ձգտում են լինել Լֆիկի ՙՓարվանա՚-ում ու ... դրանով ուզում է, որ արժեքային համակարգ փոխվի: Բոլորն ակնկալում են իրենց շարքերում տեսնել չբարոյալքված, արդար մարդկանց` Տիգրան Կարապետյանի, Վարդան Խաչատրյանի, Իշխան Թովմասյանի նման: Նրանց շարքերի երիտասարդ քաղաքագետն, ով Մանկավարժական բուհի դասախոս է, բայց անհոդաբաշխ նախադասություններ է շարադրում, դեռ փառք է տալիս քոչարյանական ժամանակներին, թերևս` վա~յ նրա դասախոսությունը լսած ուսանողին, ով վաղը պիտի սպանվի ՙձկան խանութի՚ մոտ ...
Ու ոչ մի լուրջ քննադատական խոսք սերժական սերժանտների մասին, իշխանական բաշիբոզուկների մասին ու նրանց, ովքեր ձեռքերն են տաքացնում կրակի վրա: Հավաքը համակարգող խորհուրդ է ընտրում: Ամբողջ դահլիճում ձեռքերը վեր պարզելով քվեարկում են ժողովրդավարության մասին գաղափար չունենալով: Դրան իբր ձգտողները 9 անունից բաղկացած ցուցակ են քվեարկում` առանց դեմ ու ձեռնպահի, ինչպես հին ու բարի ժամանակներում: ՀԱԿ-ն էլ Մատենադարանի մոտ նման քվեարկություն անցկացրեց, ՙազատագրեց՚ Ազատության հրապարակն ու ... որտե±ղ է հիմա` երկխոսում է ավազակապետերի հետ: Տիգրան Կարապետյանն ասում է, բազմակարծիք միավորմանը դժվար կհամոզեն Բաղրամյան 26-ում: Դե, երևի մի քիչ ՙպոչ կխաղացնեն՚` մի զրո ավելացնելու համար: ՙԱյսօր մենք պաշտոնական խիստ ձևով ասում ենք, որ մենք երրորդ ուժ ենք՚,- ասում է Տիգրան Կարապետյանը: Իսկ համաժողովի մասնակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարում, թե ՙայսօրվա դաշինքները, որ ստեղծվում են իշխանության և ընդդիմության մասնակցությամբ, արդեն կանխավ որոշում են ընտրության արդյունքները՚: Նա հընթացս նաև մանկավարժի դեր է ստանձնում ու իրենց ելույթներին անհաղորդ, ծխելը գերադասող, գուցե` զոռով հավաքի բերված երիտասարդները դահլիճում ներսուդուրս էին անում, ինչն ակնհայտ նյարդայնացնում էր Տիգրան Կարապետիչին. ՙՄի րոպե, բավական չի±, չեք կարո±ղ համբերել, մի ժամ էլ մի ծխեք, էլի: Կամ` եթե հետաքրքիր չի, դուրս եկեք ու ներս մի եկեք՚:
ՙԴռները բաց են, և այս վիճակից դուրս գալու ելքը բոլոր հայրենակցական ուժերի միավորումն է: Մեզ աթոռ, սեղան պետք չի, մենք ցանկանում ենք, որ ժողովուրդը լավ ապրի: Չնայած շատ լրատվամիջոցներ ասում են, որ մեզ միայն տատիկ - պապիկներն են աջակցում, բայց ա’յ, տեսեք, այնտեղ նստած երիտասարդներին, նրանք են մեզ առաջնորդելու՚,- վերջում հավելում է Տիգրան Կարապետյանը` նկատի ունենալով ՙմի ժամ առանց ծխել չդիմացող՚ երիտասարդների±ն:
Աշոտ Մանուչարյանը երանի է տալիս 90-ականների սկզբին մարդկանց միմյանց նվիրվածությանը, որի տեսագրությունները Տիգրան Կարապետիչի նախագահական քարոզարշավի գլխավոր բաղադրիչն էին: Այսօր բոլորն ազնիվ, միևնույն բարիկադի վրա են կանգնած ...
Մինչև ե±րբ պիտի քաղաքականությունը պոռնկություն դարձնելուն մասնակցություն ունեցածները բարոյախրատական դասեր տան, մինչև ե±րբ պիտի օլիգարխ - քրեականների արարքները համարվեն պատահմամբ կատարված քայլ ու այդպես փորձեն համոզել, հերթական անգամ խաբել խեղճ գյուղացիներին ու պահը համարեն սարդարապատյան: Նրանց հայացքները շարունակում են ուղղված մնալ դեպի հյուսիս` Ռուսաստան: Բավ չէ±, մե’ղք է այս ժողովուրդը:
Ո±րն է ելքը, հարցնում են բոլոր ելույթ ունեցողներն ու յուրովի պատասխաններ շռայլում: Մեր կարծիքով, Հայաստանի քաղաքականությանը Էֆթանազիան էլ չի փրկի: Ձևավորված համակարգի փլուզումը մոտենում է, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ լուրջ վիրաբուժական միջամտությունը չի երաշխավորելու, որ ՙհիվանդը՚ կարող է ապրել:

No comments:

Post a Comment