Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, May 3, 2011

ՙՆրան պետք է ներել...՚

- Նաիրի Զարյանն, ըստ իս, իր ժամանակը ճշգրտորեն շահարկող, միջակ ընդունակությունների տեր, շրջահայաց և նպատակադրված, նպատակասլաց անձնավորություն էր: Նա կարող էր տարբեր ձևով արձագանքել այն երևույթներին, որոնք տեղի էին ունենում, ընդհուպ դրա մեջ խառնելով մի քիչ ազգային շահի, նունկորֆորմիզմի էլեմենտներ: Այսինքն նացիոլիստական համակարգը նվազագույն ձևով ազգին օգուտ տալու տրամադրություններ ուներ: Դրանք կարելի է համարել որպես գովազդ իր համար, որպես մնացորդն այն բանի, ինչը Չարենցն անում էր լիակատար, եթե ոչ, ապա` մեկ-հինգերորդով:


Նաիրի Զարյանն ինքը կերտեց իր ճակատագիրը: Դա անգլերեն տերմինով ասած ՙՍեֆտմիտլեն՚ էր, այսինքն ինքն իրեն ստեղծող մարդ էր: Նա հակառակորդներ ուներ, այն տարիներին չէր ընդգրկվել Մոսկվա մեկնող պատգամավորության մեջ, բայց ինքնուրույն, կամավոր գնաց: Նա պարզապես ուզում էր լինել: Նրա մոտ լինելիության, ինքնության գերարժեքությունը շատ մեծ էր: Չի կարելի, որ անձն այդքան ինքն իրեն գերարժեքավորի: Մեծություններ ու ճակատագրեր շատ կան: Դու պիտի անես քոնը: Եթե դերձակ ես, կոշկակարություն մի արա: Իսկ նա ուզում էր կոշկակարություն անել: Նրան կարելի էր փրկել միայն վաղաժամ ՙսպանելով՚, բայց, այդ առումով նրա բախտը չբերեց: Այդ դեպքում նա կպատկաներ ընտրյալ նահատակների թվին:
Ամենակարևորն այն է, որ նա շատ ճիշտ կարողացավ խաղարկել և շահարկել ժամանակի թույլ կողմերը` դեմագոգիան, պոռոտախոսությունը, քծնելիությունը և այլն: Մեղադրելը կամ` արդարացնելը չէ խնդիրը: Հարցն այն է, որ ինքն ընտրեց վատ մարդ լինելու ճակատագիրը: Այն տրվում է մարդուն, բայց մարդն ինքը կարող է տարբեր ուղղություներ տալ ճակատագրին, ըստ իր ունեցած նոր տեղեկություների, սկզբունքների և այլն: Միայն այստեղ կարելի է ասել, որ որպես գրական դեմք նա շատ միջակ, ավելին` միջակությունից ցածր է: Դա մի մեծ թերություն չէ, որովհետև այն շատ-շատերի հատկանիշն է: Մարդիկ, ովքեր այսօր փառաբանվում են, բայց ոչ ավելին են, կամ` ոչ պակաս, քան նույն այդ միջակությունը: Այսօր նրա սխալները չկրկնելու համար հարկավոր է կանխել, շեղել, վերանայել այն ընթացքը, որ տեղի է ունենում և, ըստ Լևոն Ներսիսյանի, շատ փայլուն ձևով ասված է: Նա 60-ական թվականներին ասել է մի բան, որն ինձ վրա մեծ տպավորություն է թողել: Ասում էր. ՙտեղի է ունենում մտավորականության քաղքենիացում՚: Նույնիսկ հետմահու Սևակին քաղքենիացնում են, Չարենցին դարձնում են մոդա, խաղարկում են, նրանց վրա փող են աշխատում: Դրանում առանձնահատուկ ոչինչ չկա, մոտավորապես այնպես, երբ մի տեղ Հիսուս խաչվում է, իսկ մեկ այլ տեղ այս կամ այն հոգևոր այրերը նրա խաչելության վրա փող են աշխատում, ուտում-խմում` քեֆ են անում:
Այստեղ ամենակարևորը, որով կարելի է Նաիրի Զարյանին բնորոշել, դա այն է, որ նրան պետք է ներել, ինչպես ներում են ուրիշներին, ինչպես մի հարյուր տարի հետո մեզանից շատ-շատերին պիտի ներեն: Նաիրի Զարյանի հիշատակը փրկելը միտք չունի: Սերունդներն ունեն իրենց ճաշակը: Այն ժամանակ, երբ նա չի ունենա ոչ մի ազգակից, ժառանգ, պաշտպանող, նրան կգնահատեն այնպիսին, ինչպիսին նա կա` ինքնարժեքով: Նա հավասար է զրոյի, մինչդեռ դրա փոխարեն օգտվել է ամբողջականությունը վայելելու առավելությունից:
Ն. Զարյանի ազգային թեմայով գործերը հիմնականում ունեն մարդկանց ազգային զգացումի շահարկման հանգամանք: Երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, որպեսզի փոքր ժողովուրդները ՙջիգյարով՚ մասնակցեին ՍՍՀՄ-ը պաշտպանելուն, փոքր ազգերին հնարավորություն տրվեց վերհիշել, վերարծարծել, վերաանդրադառնալ ազգային ակունքներին և դրանք կապել երկրորդ աշխարհամարտի հանգամանքի հետ: Այդ առումով երկրորդ համաշխարհային պատերազմը տվեց այն արդյունքը, որ փոքր հանրապետություններում ազգային էլեմենտը բարգավաճեց` հանուն ժամանակի շահի: Ստեղծվեց ՙՍասունցի Դավիթ՚ անվամբ տանկային դիվիզիա: Նաիրի Զարյանը գրեց ՙԱրա Գեղեցիկ՚-ը: Սա էլ Ստալինի ճշգրիտ խաղն էր, բայց վերջին հաշվով մնացորդ տվեց, այսինքն պատերազմի ավարտից հետո այդ ազգային սերմերը շարունակվեցին ծլարձակել: Արդեն հնարավոր չէր ասել երեկ պետք էր ազգային լինել, հիմա` դրա անհրաժեշտությունը չկա: Չնայած այդ ուղղությամբ փորձեր կատարվեցին: Այնպես որ Ն. Զարյանի ՙԱրա Գեղեցիկը՚ և այլք պարզապես կոմունիստական կուսակցության պետական պատվերն էին, որպեսզի հայերը լավ պատերազմեն և պաշտպանեն ՍՍՀՄ-ը: Այդ գործերի հմայքն այն ժամանակ այն էր, որ դրա կարոտը կար, դրա ներքին պահանջը կար: Երկար տարիներ ճնշված ազգային զգացումի բավարման պահանջը կար, քաղց կար: Դրա համար այդ գործը լավ ընթացք ստացավ: Այդ տեսակետից նա երկկողմանի օգտվեց` և պետական պատվեր կատարեց, և շահեց ժողովրդի ազգային պահանջի հոգևոր կերտվածքը:
Ես ՙՊետհրատում՚ սրբագրիչ էի, երբ ՙԱրա Գեղեցիկ և Շամիրամ՚ գործն էր վերահրատարակվում: Այնտեղ բաներ կային, որոնք բացարձակապես անհարիր էին: Նա գրել էր. ՙոչինչ՚` ռուսերեն. ՙվպփպչՏ՚-ն, որը ինքը թույլ էր տվել նաև նախկին հրատարակության մեջ: Ես իրեն ասացի, թե չի կարելի և ՙոչինչի՚ փոխարեն առաջարկեցի ՙհոգ չէ՚ տարբերակը: Այդ օրվանից նա դադարեց ինձ բարևել: Ուրիշ դիտողություններ էլ ունեի, որոնք չարեցի, որովհետև կհալածեր: Այսինքն, Նաիրի Զարյանն այն մարդն էր, ով օգտվելով վնաս էր հասցնում նրան, ով իրեն օգուտ էր տալիս: ՙԱրա Գեղեցիկ՚-ում ևս երկու-երեք դավաճանության մասին արտահայտություններ կաին, որոնք հակաէսթետիկական են: Իհարկե այդ գործը բեմադրվեց, որի հաջողությունը բեմադրող-ռեժիսորի շնորհքն էր: Մատնությունն ու փոխադարձ հուդայականությունը հասցրեց հասարակության համահուդայականացման, որի պայմաններում, եթե գրողը մի քիչ հիմար, մի քիչ վերերկրային չլինի, միտք չունի, որ նա ստեղծագործի: Արվեստը զոհաբերություն է սիրում: Դոն Քիշոտն իրեն զոհաբերում է, դրա համար ինքն արվեստ է: Համլետը` նմանապես: Այստեղ խնդիրն այն է, որ Նաիրի Զարյանը զուրկ էր ազնվականությունից: Պարտադիր չէ, որ մարդն ազնվական ծնվի, բայց որ մարդն ինքն իրեն պետք է ազնվականացնի, մաքրի, դա կաևոր է: Բոլորս էլ կենցաղի մեջ խրված ենք, բայց ամաչում ենք մեր կենցաղային նկրտումներից, ամաչում ենք, որ մենք այս ենք, մինչդեռ ուրիշ բան պիտի լինեինք: Ես ամաչում եմ, որ Չիլոյանը մահացել է, իսկ ես ողջ եմ: Իսկ նա թքած ուներ ամեն ինչի վրա: Բարոյական արժեքը տարբեր է, սա է խնդիրը: Ամեն մեկը մտածում է, որ վատը, որ պատահեց ուրիշին, իրեն չի պատահի ու ձգտում է ինչ-ինչ անկարևոր բաների:
Նաիրի Զարյանը վատ մարդ էր, նա այն մարդը չէր, որ շնորհակալ էր մի փոքրիկ բանի համար: Փոխարենը նա այն մարդն էր, որ ինչքան էլ դու իրեն լավ վերաբերվես, ինքը քեզ հետ վատ է վերաբերվելու:

Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

No comments:

Post a Comment