Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, December 24, 2010

Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշչյան» դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպած հավաք-քննարկում նվիրված ջավախքաբնակ հայտնի ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը մատնանշելով Ջավախքում Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայ քաղաքականությունը, կարծիք հայտնեց, որ Ջավախքին և Հայաստանի Հանրապետությանը նետված է լրջագույն մարտահրավեր: Մոտ ապագայում Ջավախքը կամ  կարժանանա Նախիջևանի ճակատագրին, կամ կազատագրվի, ինչպես Արցախը: Ընտրությունը կատարելու է համայն հայությունը և ոչ թե մի խումբ հայախոսներ, որոնք ծառայում են Վրաստանի իշխանություններին:
«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը ներկայացրեց Վահագն Չախալյանի ձերբակալության և դատավարության հետ կապված փաստերը:
Մանրամասնելով, նա նշեց, որ Վահագն Չախալյանի ձերբակալությունը,  «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության անդամների, մասնավորապես Գուրգեն Շիրինյանի նկատմամբ հետապնդումներն ու ձերբակալության փորձերը նախորդեցին վրաց-օսական պատերազմին: Խնդիրը պարզ էր. պատերազմից առաջ  Վրաստանի իշխանությունների համար անցանկալի բոլոր տարրերը պետք է մեկուսացվեին: Բոլոր այդ կամայականությունները ուղղված էին առաջին հերթին ջավախաբնակ հայության իրավունքների պաշտպանությունը իրականացնող անձանց, մասնավորապես «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության անդամների նկատմամբ: Վրաստանի օկուպացիոն ռեժիմի գործողությունների հետևանքով Վահագն Չախալյանը ձերբակալվեց և դատապարտվեց հանիրավի տաս տարվա ազատազրկման, իսկ Գուրգեն Շիրինյանը ստիպված դիմեց փախուստի:
Հայության համար    Ջավախքի նշանակության մասին մտքեր հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Յենիգոմշյանը, մասնավորապես նշելով, որ Ջավախքը պատմականորեն և աշխարհագրորեն Հայկական Բարձրավանդանի մի մասն է կազմել, որտեղ հայերը կազմել են բնակչության գերակշիռ մասը: Ջավախքը Հայաստանի ազգային անվտանգության համար ունի անգնահատելի նշանակություն, հանդիսանալով Հայաստանի հյուսիսային դրապասը, որը թուրքերի կողմից շրջափակված չէ և արտաքին աշխարհ և դեպի ծով միակ հուսալի ճանապարհն է: Ցավոք, այսօր Ջավախքը հայկական գերիշխանության ներքո չի գտնվում: Ուստի այսօր խնդիրը կայանում է նրանում, որ Ջավախքում պետք է պահպանվի հայկականությունը, ապահովելով գործընթացների շարունակականություն և զարգացում: Սակայն իրականությունն այն է, որ Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով գործնականում փորձում են հայաթափել Ջավախքը, վրացացնելով Ջավախքը և այդտեղից դուրս մղել հայկական տարրը: Այդ ամենը ուղեկցվում է Հայաստանի իշխանությունների հաճախ անտարբեր, երբեմն էլ հանցագործ կեցվածքով: Այս ամենի հետևանքով Ջավախքը կլինի ոչ թե վրացական, այլ թուրքական, քանզի բոլոր գործընթացները տարածաշրջանում իրականացվում են այդ սցենարով:
«Հայաստանի Հանրապետության զարգացման համար Ջավախքի դերը անհնար է գերագնահատել»: Այսպես որակեց հավաքին հրավիրված, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, մատնանշելով, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Ջավախքի հիմնախնդիրների լուծմանը և ջավախահայության իրավունքների պաշտպանությանը, ուստի թիվ մեկ խնդիրը ջավախահայության հայապահպանման ապահովումն է: Համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվեն Ջավախքը հայաթափելու կեղտոտ քաղաքականությունից: Վրաստանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը դրսևորվում է բացառապես բոլոր ոլորտներում: Վրաստանի իշխող ռեժիմը այդ քայլերը իրականացնում է, ոտնահարելով ՄԱԿ-ում ընդունված և բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների կոնվենցիաների դրույթները: Եվ այս ամենը կյանքում գործադրում է իբր ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող և մարդու իրավունքների պաշտպան հռչակած Վրաստանի իշխող վարչախումբը: Մեջբերելով «WikiLeaks»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարի հնչեցրած մտքերը Վրաստանի կողմից Ջավախքում իրականացվող քաղաքականության առթիվ, Շիրակ Թորոսյանը նշեց, որ այսուհետ պետք է կոշտացվի այդ դիրքորոշումը, բարձրաձայնելով ջավախահայության իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներըը, որոնք պետք է բարձրաձայնվեն միջազգային պատկան ատյաններում:
            Վահագն Չախալյանի մորեղբայր, Մանվել Սմբատյանը իրազեկեց, որ նոյեմբերի 29-ին ստացել է տեսակցության թույլտվություն և բանտում տեսել է Վահագն Չախալյանին: Վահագնը շատ ամուր է, գոտեպնդում էր մեզ, և ջերմ բարևներ փոխանցում:
Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը ներկայացնում է Վահագն Չախալյանի շահերը եվրադատարանում, փաստեց Չախալյանի նկատմամբ իրականացրած այն ապօրինությունները, և դրանց իրավական գնահատականը, որոնք ներկայացված են միջազգային դատարան, ինչպես նաև տրվեց անհրաժեշտ այն  հիմնավորումները, որով Վահագն Չախալյանը կճանաչվի որպես քաղաքական բանտարկյալ:
«Վահագն Չախալյանի նկատմամբ Վրաստանի իշխանությունների բռնությունները հաջորդեցին այն դեպքերին, երբ Վահագնի նկատմամբ, իհարկե ոչ պատահական, բռնություն կիրառվեց Հայաստանում և արդյունքում Վահագնին դատեցին և արտաքսեցին Հայաստանից, դրանով իսկ Վրաստանի իշխանություններին հանիրավի իրավունք վերապահվեց բռնություններ կիրառել և Չախալյանի և իր համախոհ ընկերների նկատմամբ»,- այսպես գնահատեց Վահագն Չախալյանի նկատմամբ իրականացրած բռնությունները և ձերբակալությունը ջավախաբնակ մտավորական, բանաստեղծ, հրապարակախոս, արձակագիր Հակոբ Ավետիսյանը: Ջավախաբնակ հայը միշտ ամուր է և կլինի: Ջավախքը ավելի շուտ կարող էր ազատագրվել, սակայն մենք լավ էինք գիտակցում, որ Ջավախքը Հայասատանի հյուսիսային դարպասն է և սպասում ենք այն ազդակին, որից հետո, անհրաժեշտ պահին Ջավախքը կմիանա Մայր հայրենիքին:
«Այսօր այս ամբիոնից մի քանի անգամ հնչեց այն միտքը, որ մեր Ջավախքը դատապարտված է ունենալ երկու ճակատագիր՝ կամ Նախիջևանի, կամ Արցախի ճակատագիրը։ Մենք համոզված ենք, որ եթե վրացական իշխանությունները շարունակեն Ջավախքի հայաթափման այս ծրագիրը, նրանք կունենան ազատագրված Արցախի տարբերակը հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ Ջավախքում տարեցտարի ավելի է վատթարանում իրավիճակը։ «Այսօր այդ նույն հայաթափման քաղաքականությունը, որը կիրառվում է Թիֆլիսի իշխանությունների կողմից, դժբախտաբար, իրականցնում են այնտեղ բնակվող հայերը։ Այն հայերը, որոնք այսօր գործակցում են Թիֆլիսի իշխանությունների հետ, ենթարկվում են թիֆլիսյան հակահայկական բոլոր հրահանգներին, ես նրանց ուզում եմ հիշեցնել, որ եթե նրանք կարծում են, որ անպատիժ են մնալու, ապա չարաչար սխալվել են»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը, շեշտելով, որ Ջավախքում տիրող այսօրվա մթնոլորտը նույնությամբ առկա էր 1988թ. շարժման նախօրեին Արցախում, երբ այնտեղի չինովնիկները նույնպես կարծում էին, որ շարունակելով կատարել Բաքվի հրամանները, չեն պատժվելու։ Մինչդեռ, Սեֆիլյանի խոսքով, չնայած նման մտածող չինովնիկների մի մասը փախավ, իսկ մյուս մասն էլ առ այսօր չի ստացել իր արժանի պատիժը, այնուամենայնիվ վերոհիշյալ չինովնիկների մի մասը պատժվեց։ «Այն հայ անհատներին, որոնք այսօր գործակցում են, ենթարկվում են Թիֆլիսի իշխանություններին, հորդորում եմ, որ հետ կանգնեն իրենց դավաճանական ընթացքից այն իմաստով, որ այսօր մեր սերունդը մի ամբողջ շարժման փորձ ունի, և եթե 88թ. շարժումից հետո որոշ չինովնիկներ կարողացան խուսափել հայկական արդար դատից, ապա դուք չեք ազատվելու»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։ Նա ասաց, որ Արցախյան ազատամարտը հաջողություն ունեցավ այն պատճառով, որ առկա էր Հայաստանի աջակցությունը։ Սակայն այսօր, Սեֆիլյանի դիտարկմամբ, իրավիճակն այլ է։ «Այսօր Վահագն Չախալյանի ընկեր Գուրգեն Շիրինյանը գտնվում է փախուստի մեջ ոչ միայն վրացական, այլև մեր իշխանություններից։ Այսօր մեր երիտասարդներին պատսպարվելու տեղ չի մնացել, և մեր օրակարգը մեկն է՝ ՀՀ–ում իրականացնել համակարգային փոփոխություններ և միայն դրանից հետո է հնարավոր լրջորեն զբաղվել Ջավախքով»,– ասաց նա։
Հավաքի ավարտին ստեղծվեց մտավորականներից կազմված Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության հանձնախումբ, որը մոտ ապագայում հանրությանը կներկայացնի հստակ գործողությունների ծրագիր:

No comments:

Post a Comment