Պարզվել է, որ դեկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում ավազակային հարձակումն ընդամենը կեղծ բեմադրություն է եղել, որի մտահղացման հեղինակը տանտիկինն է եղել՝ Տաթեւիկ Պողոսյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 20-ին, ժամը 23-ի սահմաններում երկու տղամարդ խաբեությամբ ներս են մտել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Բանավան 2-րդ շենքի 6-րդ բնակարան, եւ կատարել ավազակային հարձակում: Ըստ տուժողի, հանցագործները հափշտակել են 307 000 դրամ եւ 80 000 դրամ արժողության ոսկյա զարդեր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Պարզվում է, սակայն, որ իրականում ոչ մի ավազակային հարձակում էլ տեղի չի ունեցել, ինչպես այս մասին ոստիկանությանը հայտնել էր հիշյալ բնակարանի տանտիրուհի Տաթեւիկ Պողոսյանը: Նա նաեւ հայտել էր, թե ավազակային հարձակում կատարողները դանակով սպառնացել են իր անչափահաս երեխաներին: Դեպքի վայրում քննչական գործողություններ կատարելուց հետո ոստիկանները կնոջն ու նրա անչափահաս դստերը՝ Անահիտին տարել էին ոստիկանության քննչական բաժին: Այստեղ էլ պարզվել է իրականությունը:Հանցագործության բացահայտմանն օգնել է երեխան, ով քննիչի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է, որ «ոչ մի ձյաձյա էլ չի եկել մեր տուն»: Նույն օրը նախաքննությունը պարզել է, որ Տաթեւիկի ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ եւ ժամանակ առ ժամանակ ընտանիքին գումար է ուղարկում՝ սոցիալական կարիքները հոգալու համար: Դեկտեմբերի 21-ին ամուսինը վերադառնալու էր տուն, եւ բնական է, որ կնոջից հաշիվ էր պահանջելու ուղարկված գումարները ծախսելու վերաբերյալ: Բայց քանի որ կինն այդ գումարները ծախսած է եղել, ուստի ամուսնուն խոստովանել է, որ ստիպված է եղել նման պատմություն հորինել: Հնարավոր է, որ քննչական մարմինը մեղադրանք առաջադրի Տաթեւիկ Պողոսյանին՝ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով` սուտ մատնություն համար:
No comments:
Post a Comment