Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, December 24, 2010

Սամվել Ալեքսանյանը թիկնապահներ չունի, իսկ Նոր տարին նշելու է Հայաստանում, «ընտանիքի շրջանում»

Որոշ տեղեկություններով՝ վերջին երկու օրերին Երեւանում ավտոտեսուչները կանգնեցնում են թիկնապահական շքախմբերով անցնող ավտոմեքենաները եւ խուզարկում դրանք, նույնիսկ եթե դրանք ուղեկցում են պաշտոնատար անձանց։ Ենթադրվում է, որ այս ամենը կապ ունի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի հետ, որում նա նշել էր, թե իր համար անհասկանալի են թիկնապահների շքահանդեսները եւ որ թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում: Հայտնի է, որ թիկնապահական շքախմբով շրջելու սովորություն ունեն ԱԺ պատգամավորներից շատերը, ովքեր անգամ սրճարան են այցելում 8-10 հոգուց բաղկացած թիկնապահական «մինի ջոկատով»: Այդ պատգամավորներից մեկն էլ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, ով ժամանակ առ ժամանակ այցելում է «Առագաստ» սրճարան եւ նրա անվտանգությունը պոտենցիալ եւ ենթադրյալ ահաբեկիչներից պահպանում են ահազդու, լեղաճաք անող արտաքինով, «բոյեւիկ» կինոնկարների հերոսներին հիշեցնող երիտասարդներ: NEWS.am-ը փորձել է պարոն Ալեքսանյանից ճշտել՝ իրեն ուղեկցող թիկնապահական ջոկատներ տեղափոխող մեքենաները վերջին օրերին նույնպես խուզարկո՞ւմ են: Պարոն Ալեքսանյանը սկզբում չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, բայց հետո պատասխանեց եւ...ինչպես միշտ, ուշագրավ զրույց ստացվեց նրա հետ:

Ես թիկնապահ չունեմ, ցավդ տանեմ, որ ստուգեն:

Բայց մի քանի անգամ անձամբ տեսել ենք ձեզ ուղեկցող թիկնապահների մեքենաները:

Դրանք իմ օֆիսի աշխատողներն են եղել, մաշնի մեջ են եղել:

Մի խոսքով, Ձեզ ուղեկցող մեքենաները չեն ստուգվում, քանի որ Դուք թիկնապահներ չունեք:

Չէ, չունեմ, ես թիկնապահներ չունեմ:

Իսկ ինչ է պատճառը, որ չունեք:

(Ալարկոտ ձայնով-խմբ.) Դե չունեմ, էլի...

Լավ, պարոն Ալեքսանյան, ուզում էինք ճշտել, Ամանորը որտե՞ղ եք նշելու:

Քունս տանում ա, քնած եմ, թող քնեմ, էլի...

Եւ այնուամենայնիվ, Նոր տարին Հայաստանո՞ւմ եք նշելու:

Բա որտե՞ղ նշեմ, ցավդ տանեմ, իհարկե Հայաստանում եմ նշելու:

Արտասահման չե՞ք մեկնելու:

Չէ...չէ:

Իսկ Ձեր ընտանիքի անդամները նույնպես Ամանորի տոները Հայաստանո՞ւմ են նշելու:  

100 տոկոսով որոշված ա՝ Հայաստանում ենք նշելու:

Արդեն որոշե՞լ եք, թե որտեղ եք նշելու, ինչ պայմաններում: Դուք սովորություն ունեք առանձնահատուկ ձեւով նշել տոները:

Մեր տանն եք նշելու, ընտանիքի շրջանում:

Իսկ Ամանորի գնումներն արդեն կատարե՞լ եք: 

Ես գնումներով չեմ զբաղվում:

Ուրիշնե՞ր են զբաղվում...

Ուրիշները չեն զբաղվում, տնեցիք են զբաղվում:

Իսկ տոնածառ արդեն դրե՞լ եք:

Հա, ազիզ ջան, տոնածառը դրել ենք, հիմա էլ էրեխեքը ուրախ-զվարթ պարում են տոնածառի կողքը: Ուզում եք՝ արեք նկարեք:

Եթե հնարավորություն տաք այցելել Ձեզ, Ձեր բնակարան, սիրով:

Արեք նկարեք, ինչ ա եղել, երբ ուզում եք, եկեք, էրեխեքի հետ նկարվեք: Բայց լավ բան ես գրելո՞ւ, թե՞ վատ բան:

Իհարկե լավ բան, ինչպես կարելի է Նոր տարվա շեմին վատ բան գրել որեւէ մեկի մասին:

Դե երբ ուզում եք, զանգեք եկեք, էրեխեքը ուրախ կլնեն, որ նկարեք իրանց:

Լավ, այցելելուց առաջ անպայման կկապվենք Ձեզ հետ:

Հ.Գ. Սա առաջին դեպքն էր, երբ պարոն Ալեքսանյանը հեռախոսին պատասխանելով, ասաց, որ ինքն է: Նա սովորություն ունի իրեն դնել իր վարորդի տեղը եւ ասել. «Ալեքսանյանը չի, վարորդն ա, ով ա՞, ի՞նչ փոխանցեմ, մի քանի օրից զանգեք»: Հավանաբար այս անգամ պատճառն այն էր, որ հայտնի օլիգարխը քնաթաթախ էր եւ չհասցրեց դերի մեջ մտնել:Զրույցը՝ Հ. Մանուկյանի

No comments:

Post a Comment