Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, December 22, 2010

ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԻ ՔԻՉ ՀԱՆԳՍՏԱՆԱ

Ամերիկայի հայ համայնքն արշավ է սկսել հանրահայտ բասկետբոլիստ Քոբի Բրայանի դեմ, պահանջելով նրանից, որ դադարեցնի Turkish Airlines-ը գովազդելու պայմանագրից: Հասկանալի է, որ այդ պահանջը վերաբերում է ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը: Բայց այդօրինակ պահանջների պարագայում ամերիկահայ համայնքի դիրքորոշումն արդեն սկսում է դառնալ զավեշտալի: Ինչպես կարելի է այդ կարգի հարցը սպասարկել այդպիսի անհեթեթ պահանջներով: Ըստ երեւույթին, ամերիկահայ համայնքում արդեն նկատվում է ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդման գաղափարների պակաս, եւ մնացել են այդօրինակ պահանջներն ու Քիմ Քարդաշյանի նախաձեռնությունները սոցիալական ցանցերում, որտեղ նա պարբերաբար սկսել է հանդես գալ ցեղասպանությունը ճանաչելու, կամ այդ կապակցությամբ ամերիկյան կոնգրեսականներին նամակ գրելու կոչերով: Կրեատիվությունն իհարկե շատ լավ բան է, անհրաժեշտ բան է արագ փոփոխվող աշխարհում: Բայց երեւի թե կան սահմաններ, որոնք պետք է զանազանել, այլապես կրեատիվը կարող է վերածվել խելագարության: Եթե ամերիկահայ համայնքում կա ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդման գաղափարների պակաս, ապա գուցե ավելի լավ է դադար տալ, ընդամենը պահել դիրքերը եւ մտածել նոր, բայց ավելի լուրջ քայլերի մասին: Միեւնույն է, դադարի շնորհիվ հարցն անուշադրության չի մատնվի: Այդ հարցը բավական լուրջ հարց է ԱՄն արտաքին քաղաքականության համար, հատկապես Թուրքիայի հետ հարաբերության առումով, եւ անկախ հայկական լոբբիի ակտիվությունից, ԱՄՆ այդ հարցը դեռ երկար ժամանակ կպահի իր արտաքին քաղաքական գործիքակազմում: Ավելին, եթե հայկական համայնքը մի քիչ դադար տա, գուցե հարցում տեղաշարժերն ավելի արագ տեղի ունենան:

No comments:

Post a Comment