Մեկ շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, ասաց, որ իր համար անընդունելի է թիկնապահների շքերթը։ Սովորաբար՝ մեծաքանակ թիկնապահներ ունեն օլիգարխները, սակայն պետական պաշտոնյաներից ոմանք եւս շրջում են թիկնապահներով։
ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողները հետեւել են, թե անվտանգության ի?նչ միջոցառումներ են իրականացնում նիստին ժամանող նախարարները։ Ի զարմանս մեզ՝ անվտանգության ամենախստացված ռեժիմն ունի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Նա կառավարություն ժամանեց 4 թիկնապահներով շրջափակված։ Նրա թիկնապահները շատ լարված էին ու թեեւ Գ. Խաչատրյանի ավտոմեքենայից մինչեւ կառավարության շենքի մուտքը ընդամենը 20 քայլ է, շրջապատում էլ 2 դյուժինից ավելի հերթապահող ոստիկաններ կան, նրանք անընդհատ շուրջն էին նայում, կարծես ինչ որ անվերահսկելի տարածքում լինեն։ Պարզ զգացվում էր, որ ՊԵԿ նախագահի նկատմամբ գործում է անվտանգության ուժեղացված ռեժիմ։ Համեմատության համար նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարություն ժամանեց 2 թիկնապահների ուղեկցությամբ։ Ընդ որում՝ պաշտպանության նախարարին շատ հանգիստ կարելի էր մոտենալ եւ ինչ-որ հարցեր տալ, ինչից նիստից հետո օգտվեցին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող կանացից երկուսը։ Նշենք նաեւ, որ պաշտպանության նախարարն առաջինը ժամանեց նիստին, իսկ նրա ծառայողական «Լեքսուսը» ճշտորեն պահպանում էր երթեւեկության բոլոր կանոնները՝ խցանված փողոցում համբերատար կանգ առնելով կարմիր լույսի ներքո։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը եւս 2 թիկնապահի ուղեկցությամբ է տեղաշարժվում։ Անվտանգության 1 աշխատակից է ուղեկցում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Տնտեսական բլոկի նախարարներից ոչ մեկը, բացի ՊԵԿ ղեկավարից, թիկնապահի ծառայությունից չի օգտվում։ Կառավարության նիստին նրանք ժամանում են կամ միայնակ, կամ լավագույն դեպքում՝ որեւէ օգնականի կամ տեղակալի հետ:
No comments:
Post a Comment