Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ցանկանում է Արևելքից Արևմուտք և հակառակ ուղղությամբ գնացող դրամական հոսքերի մի մասը պահել Հայաստանում։ Երեկ Զարգացման հայկական գործակալության կազմակերպած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» խորագրով համաժողովին նախարարն ասել է, թե Հայաստանը գտնվում է աշխարհամասերի միջև տեղի ունեցող կապիտալի հոսքերի կենտրոնում և պետք է օգտվի այդ հնարավորությունից: Ըստ նրա՝ մայրցամաքների միջև սկսվել է կապիտալի հոսք, և այսօր պարզ չէ, թե այդ տեղաշարժը կատարվում է Արևելքից Արևմո՞ւտք, թե՞ հակառակ ուղղությամբ: Երիցյանի կարծիքով` Հայաստանը գտնվում է դրանց կենտրոնում և ճկունություն դրսևորելու դեպքում կարող է այդ հոսքերի մի մասը երկրում պահել: Ըստ նրա` օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում Հայաստանը բազմապիսի հնարավորություններ ունի և այդ հարցում պետք չէ սահմանափակվել մեկ ոլորտով: Նախարարի կարծիքով` այն ոլորտներում, որտեղ ներգրավվել են օտարերկյա ուղղակի ներդրումներ, լուրջ հաջողություններ կան ինչպես աճի, այնպես էլ գիտելիքի և տեխնոլոգիաների վերափոխման, արդիականացման առումով…. Էկոնոմիկայի նախարարի լավատեսության հետ համաձայնելն այնքան էլ հեշտ չէ, եթե այն դիտարկենք Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակված թվերի ֆոնին։ Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 9.5%-ով ՝ կազմելով $472.2 մլն, իսկ ուղղակի ներդրումները կրճատվել են 9,3%-ով՝ կազմելով $348.7 մլն: Պետք է հաշվի առնել, որ այս կրճատումը տեղի է ունեցել ճգնաժամային 2009թ. համեմատ։ Անցած տարվա հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել էր 35.2%-ով` կազմելով $522 մլն, իսկ ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել էր 35,4 %-ով՝ կազմելով $384.3 մլն:
No comments:
Post a Comment