Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում այսօր՝ հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ երկու եւ ավելի անձանց նկատմամբ)։ Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 15-ին արձանագրված միջադեպի փաստով։ Ըստ այդմ, հունվարի 15-ին ժամը 23։ 00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում Վանաձորի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ սուր ծակող-կտրող գործիքով պատճառված վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երեք երիտասարդներ։ Հիվանդանոց է մեկնել օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի, Վանաձորի ոստիկանապետ Սամվել Ավետիսյանի, Լոռու մարզային քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորները Երեւանի բնակիչներ են։ Նրանք են՝Վերին Չարբախի 3-րդ փողոցի 43 տան բնակիչ 24-ամյա Տիգրան Սարգիսի Եղիազարյանը (նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի եւ որովայնի խոռոչի կտրած-ծակած վերքով), Շիրակի 17 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ 23-ամյա Արթուր Արմենի Բաղդասարյանը։ Վերջինս վնասվածքներ է ստացել լյարդի, եւ աջ ոտքի ստորին մասում՝ կտրած-ծակած վերքով։ Երրորդ երիտասարդը Շիրակի 37 տան բնակիչ 24-ամյա Արամ Սամսոնի Ավագյանն է։ Նա վնասվածքներ է ստացել ձախ ոտքի ազդրի վերին հատվածում։ Երիտասարդներից երկուսը՝ Տիգրանն ու Արթուրը այս պահին Վանաձորի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են։ Երեքն էլ գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ։ Դեպք տեղի է ունեցել Լոռվա խճուղի 1Ա հասցեում գործող «Նավ» ռեստորանում։ Ռեստորանի հարեւանությամբ ապրող վանաձորցիները պատմել են, թե վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ։ Երեւանցի երիտասարդները եկել են ռեստորան եւ հաց ուտելու ընթացքում սկսել են հայհոյանքներով խոսել։ Նրանց զգուշացրել են՝ հայհոյանքներ չտալ, քանի որ ռեստորանում կանայք կան, սակայն երիտասարդները եղել են գինովցած եւ շարունակել են հայհոյանքներ տալ, ինչից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է երեւանցի երիտասարդների դանակահարությամբ։ Ոստիկանությանն արդեն հայտնի է երիտասարդներին վնասվածք պատճառած անձանց ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով նրանց անունները չենք հրապարակում։ Ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական օպերատիվ աշխատանքներ՝ հայտնաբերելու նշված անձանց։ Ի դեպ, երիտասարդների հարազատները բողոքել են, թե ինչու է ոստիկանությունը թույլ տալիս, որպեսզի ընդդիմադիր մամուլը լուսաբանի տեղի ունեցածը։ Հարազատներից մեկն էլ հայտնել է, թե նախկինում աշխատել է արդարադատության նախարարության դատական դեպարտամենտում որպես դատական կարգադրիչ:
No comments:
Post a Comment