Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չի հերքում, որ պետական համալսարանում կոռուպցիա կա, սակայն ընդգծում է, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի կոռուպցիան նվազագույնի հասցվի. «2010 թ. դեկտեմբերի սկզբին կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն ծրագրի դրույթները քննարկելով՝ դիտողություններ և առաջարկներ ենք արել և ուղարկել նախարարություն, որոնք հաշվին են առնվել և մտել նախարարության ծրագրի մեջ: ԵՊՀ-ում ստեղծվել է հակակոռուպցիոն մշտական գործող հանձնաժողով, որի անդամներ են ոչ միայն աշխատակիցներ, այլ նաև ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ես կարծում եմ, որ ԵՊՀ անցած տարվա ընթացքում, որոշակի աշխատանքներ այս ուղղությամբ արել է»: Արամ Սիմոնյանի կարծիքով, հակակոռուպցիոն գործունեությանը նպաստում է նաև ամեն տեսակի նորմատիվ ակտերի, կանոնակարգերի ընդունումը, որով ԵՊՀ զբաղվում է 5-6 տարի. «Ուզում եմ նշել, որ գնահատման համակարգը անհրաժեշտ քայլ էր, որը կոռուպցիոն ռիսկերը փոքրացնում է: Կրեդիտային հենքով ուսուցման ներդրումը բուհերում մեծապես նպաստում է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը, որովհետև ուսանողներից շատերն արդեն մինչև քննությունը իրենց գնահատականը ձեռք են բերում այն միավորների հիման վրա, որոնք հավաքում են կիսամյակի ընթացքում, ոչ թե սպասում, որ այդ միավորը ունենան քննության ժամանակ: Հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում մեր համալսարանում անցյալ տարի դասախոսների ազատման երկու դեպք է եղել։ Դասախոսներն ազատվել են իրենց դիմումի համաձայն, բայց չեմ կարող ասել, թե դա մասսայական բնույթ է կրում, և հետո, չի կարելի մեղադրել մարդուն՝ ելնելով զուտ խոսակցություններից: Մեր խնդիրը, այսպես ասած, պրոֆիլակտիկան է, մեր խնդիրը պայմաններ ստեղծելն է, որպեսզի կտրուկ նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, ինչով և զբաղված ենք։ Ես կարծում եմ, որ նաև իրազեկումը շատ մեծ նշանակություն ունի»: ԵՊՀ մեծ ուշադրություն է դարձնում հատկապես երիտասարդ դասախոսներին և շատ լրջորեն զբաղվում է աշխատակիցների վերապատրաստմամբ ու վերաորակավորմամբ. «ԵՊՀ-ն ունի մի քանի հիմնախնդիր, առաջինը երիտասարդ կադրերի համալրումն է, կրեդիտային համակարգի կատարելագործումը, ապա նաև գիտահետազոտական աշխատանքների կիրառման ոլորտի զարգացումը: Բոլոր բուհերը պետք է մենեջմենթի և մարքետինգի մասնագետներ ունենան»: Ըստ Արամ Սիմոնյանի՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 20 տարի անց ԵՊՀ կլինի հետազոտական համալսարան. «Մեր համալսարանը կարող է հետազոտական լուրջ համալսարան դառնալ, բայց դա 20 տարի հետո, իսկ այս տարի մենք ցանկություն ունենք ավագ դպրոց ունենալ, բայց դա կախված է ոչ թե մեզանից, այլ` նախարարությունից և կառավարությունից»:
No comments:
Post a Comment