Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքում փոփոխություններ են լինելու: Այսօր՝ հունվարի 17-ին քաղաքապետարանում խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, թե փոփոխությունների նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Երեւանի ավագանու քննարկմանը: Մեր տեղեկություններով, քաղաքապետը ներկայացրել է մի քանի թեկնածություններ, որոնք առաջիկայում առանցքային պաշտոններ են զբաղեցնելու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում: Քաղաքապետարանի գործելաոճում գերակա է դառնալու թարմ, պրոֆեսիոնալ կադրերի նշանակումը՝ բարձրացնելու քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը: Մասնավորապես, բացի գործող երեք փոխքաղաքապետերից՝ Տարոն Մարգարյանից, Կամո Արեյանից, Վանո Վարդանյանից, եւս մեկ փոխքաղաքապետ կլինի, ով համակարգելու է ֆինանսական խնդիրները: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար շրջանառվում է Վահե Ստեփանյանի անունը: Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու Միքայել Հասրաթյանը: Քաղաքապետը մտադիր է նոր պաշտոն ստեղծել՝ Երեւանի գլխավոր դիզայներ:
No comments:
Post a Comment