Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, January 18, 2011

Փուչիկապետության կազմատրաքումը

Իր պաշտոնավարման դեռ 100 օրը չլրացած` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին, ասել է, թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա, Հայաստանի քաղաքական հայացքների համար դատապարտված մարդ չկա: Երևի թե իշխանությունն ինքն էլ չէր սպասում, որ բարեփոխիչ կադրային փոփոխությունների տեսքով հասարակությանը ներկայացրած փուչիկը այդքան արագ կարող է պայթել: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանը մինչև նախարար դառնալն ուներ բավական լավ, պարկեշտ, օբյեկտիվ փորձագետի համբավ: Բայց պարզվում է, որ բավական է նստել որևէ իշխանական աթոռի, և օբյեկտիվությունը և բարի համբավը հօդս են ցնդում, ու մարդը կարող է հայտարարել, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալ չկա, որ քաղաքական հայացքների համար դատապարտված մարդ չկա: Երբ այդ մասին հայտարարում է, օրինակ, Գալուստ Սահակյանը, կամ երբ այդ մասին հայտարարում են Արթուր Բիշարյանը կամ Հեղինե Բաղդասարյանը, կամ էլ հակառակը, կամ երբ այդ մասին հայտարարում է օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ապա դա միանգամայն նորմալ է. ի վերջո նրանցից որևէ մեկը հանրային շրջանակներում չուներ ազնիվ ու անկաշառ, անաչառ փորձագետի համբավ: Բայց երբ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը մերժում է նոր նախարար նշանակված Հրայր Թովմասյանը, ապա դա իրապես ի ցույց է դնում իշխանության հայտարարած վերափոխումների իրական արժեքը: Դրանց արժեքը թերևս կայանում է նրանում, որ ինչքան հնարավոր է, արագորեն ծուղակը գցվեն հանրության մեջ դեռևս հեղինակություն վայելող մի քանի անհատներն էլ, որպեսզի Հայաստանում ընդհանրապես չվարկեբակված արժեք չմնա: Ընդհանրապես, հատկանշականն այն է, որ իշխանության այդ վերափոխումներ կամ բարեփոխումներ ասվածը նույնիսկ 100 օր էլ չեն «ձգում» և փուչիկի նման պայթում են: Զորօրինակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն իբր քաղաքակիրթ մենեջերի, գիտնական-տնտեսագետի ժամանակակից կերպար է Չոռնի Գագոյի կրիմինալ կենսագրության ֆոնին, բայց որի կադրային քաղաքականությունը առ այսօր իր կրիմինալ ծագումնաբանությամբ գրեթե ոչնչով չի զիջում Չոռնի Գագոյի քաղաքականությանը, եթե չասենք, որ գերազանցում է դրան, և քաղաքապետարանի տարբեր պաշտոններում շարունակում են թաղային և քրեական հեղինակությունների նշանակումները: Նման դեպքերի համար ժողովուրդը մի շատ լավ խոսք ունի, թե ում ժամանակն է 40 օր: Փաստորեն իշխանության բարեփոխումների ժամանակը ոչ միայն 100, նույնիսկ 40 օր էլ չի տևում և փուչիկները պայթում են շատ ավելի շուտ և սպասվածից էլ ուժգին` հիշեցնելով մեկ այլ ժողովրդական խոսք, այս անգամ կարմիր կովի մասին:

No comments:

Post a Comment