Բացօթյա առեւտուրը արգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը ժամանակավրեպ է եւ կարող է հանգեցնել գործազրկության աճին ու աղքատության խորացմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 24-ին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ որքան էլ դա օրենքի պահանջ է, սակայն այն չի կարող արդարացված լինել, քանի որ քաղաքպետարանը նախ պետք է հոգար, որպեսզի քաղաքացիներն ունենային առեւտրի կազմակերպման այլընտրանքային հնարավորություն։ «Այդ քայլին պետք է նախորդեր աշխատատեղերի ստեղծման կամ համարժեք աշխատանքով ապահովելու կամ առնվազն եկամուտով փոխհատուցելու մեխանիզմը, եւ նոր միայն իրականացվեր այդ քաղաքականությունը»,-հայտարարեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը չունի կոնցեպցիա սուպերմարկետների, տոնավաճառների, առեւտրային կետերի վերաբերյալ, եւ դրանք գործում են «տարերայնորեն եւ անբռնազբոսիկ ձեւով առաջ են գնում»։ «Ինչո՞ւ պետք է այսօր 15 առեւտրային փոքր օբյեկտներ փակվեն, ինչ է թե քիչ հեռվում մի սուպերմարկետ է տեղադրվելու։ Մենք դրանով ինչի՞ ենք դիմում, ինչ ապագա ենք ունենալու։ Ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում եւ հետեւանքը լինելու է այն, որ հետագայում վնասներ է պատճառվելու Երեւանի զարգացմանը»,- ասաց Մինասյանը:Ասուլիսին ներկա մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցութան անդամ Վարդան Բոստանջյանը չհամաձայնեց Արծվիկ Մինասյանի հետ։ «Այսինքն, ուզում եք ասել, որ պետությունը պետք է հանդուրժի, որ ով ասես ամեն մի անկյունում կանաչի վաճառի՞։ Ես չեմ ուզում, որ հայ ժողովուրդս մնա ստրկամիտ, խեղճ ու կրակ, մի մեշոկի շրջանակներում կանաչի ծախողի հոգեբանությամբ»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ ցանկանում է պրոգրես տեսնել առեւտրի կազմակերպման ոլորտում։ Նրա խոսքով՝ պետությունն ունի լծակներ՝ փողոցային առեւտուր իրականացնողների համար առեւտրի կազմակերպման համար արժանավայել պայմաններ ստեղծելու համար։ Սակայն նա չպատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետարանը մինչ փողոցային առեւտուրը արգելելը չի ստեղծել իր նշած արժանավայել պայմանները:
No comments:
Post a Comment