Երգչուհի Սյուզան Մարգարյանն «աբսուրդ» է համարում ՀՀ կառավարության այն որոշումը, համաձայն որի երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին։
-Միանշանակ դե՛մ եմ։ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը շատ երկար տարիներ այնքա՜ն սերունդներ է կրթել։ Եթե նայեք շատ երգիչ-երգչուհիների կենսագրականները, անպայման Ակսել Բակունց անվանը պետք է հանդիպեք, որովհետև ահռելի գործ է արել այդ մարդը, մարդ, ով գրեթե բոլորիս ճակատագրում դեր է ունեցել։ Եթե այդ մարդը, ով համեստ է և այդ ամենը դրոշակի պես չի բարձրացնում, փոխանակ դա գնահատեն, հիմա, փաստորեն, չեն կարողանում ճիշտ տալ գնահատականը և տարիներ շարունակ քոլեջի ունեցած ձեռքբերումների մասին չեն խոսում,-«7օր»-ին ասել է երգչուհին։ Նա Ակսել Բակունցին իր առաջին ուսուցիչն է համարում։ Երգարվեստում իր առաջին քայլերը Սյուզան Մարգարյանն սկսել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլից, որի ղեկավարն էր հենց Ակսել Բակունցը։ Ինչպես նաև, Ս. Մարգարյանը Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի առաջին շրջանավարտներից է։ -Շատ մարդիկ քոլեջին և հատկապես Ակսել Բակունցին երախտապարտ են, որ այսօր իրենք կայացել են և կան, ու դա ոչ ոք չպետք է մոռանա։ Ես ավելի շուտ կսպասեի, որ քոլեջի պայմանները բարելավվեին, առանձին շենք հատկացնեին։ Բայց որ այս ամենի փոխարեն ուզում են քոլեջը փակել, դա ինձ համար աբսուրդ է,-ավելացրել է Ս. Մարգարյանը։
No comments:
Post a Comment