Ի վերջո, Թունիսի ժողովրդի բողոքի մեկամսյա ցուցերը արդյունքի հասան. երկրի բռնապետ Զեյն Ալ Աբեդին Բեն Ալին փախուստի դիմեց՝ ապաստան գտնելով Սաուդական Արաբիայում:Նախ հարկ է նշել, որ Թունիսում կատարված իրադարձությունները աննախադեպ էին արաբական աշխարհում, և հակառակ մինչ այժմ եղած դեպքերի, Բեն Ալին գահընկեց արվեց ո՛չ հեղաշրջումով և ո՛չ էլ ներքին քաղաքական առևտրով. այս անգամ արաբական երկրում փոփոխությունն իրականացավ ժողովրդի ընդվզումով՝ հեղափոխության միջոցով: Թունիսը 1956-ին անկախացավ Ֆրանսիայից, և չնայած համակարգը հանրապետություն անվանվեց, բայց երկրի առաջին նախագահ Հաբիբ Բուրղիբեն բանակի օգնությամբ 31 տարի Թունիսը ղեկավարեց որպես բռնակալ: 1987-ին Բեն Ալիին հաջողվեց ժողովրդական կարճաժամկետ բողոքների արդյունքում երկրի ղեկավարությունը խլել Բուրղիբեից: Բայց Բեն Ալին, ինչպես և Բուրղիբեն, երկիրը 23 տարվա ընթացքում ղեկավարեց բանակի, ոստիկանության ու անվտանգության ուժերի խիստ ճնշան օգնությամբ: Մի խոսքով, Թունիսը իր անկախության 54 տարիների ընթացքում ունեցել է միայն երկու նախագահ, և, բացի 1987-ի բողոքի կարճաժամկետ ցույցերից, երկրում առհասարակ բողոքի ոչ մի ակցիա տեղի չէր ունեցել: Թունիսում, հակառակ Եգիպտոսի կամ Հորդանանի, գոյություն չունեն քաղաքական կուսակցություններ, որոնք մեծ ընդունելություն ունենան ժողովրդի կողմից: Ուրեմն հարց է առաջանում թե նմանօրինակ երկրում ինչպե՞ս է, որ ժողովրդական ընդվզումներ են տեղի ունենում, և դրանց արդյունքում նախագահի՝ փախուստի դիմելով փլուզվում է նրա կառուցած, 23-ամյա ավտորիտար համակարգը: Վերոհիշյալ հարցի պատասխանը կարելի է գտնել Թունիսի ներքին քաղաքական իրավիճակի ու տնտեսական անհամահունչ զարգացման մեջ: Նախ անդրադառնանք ներքին քաղաքական իրավիճակին: Ճիշտ է, որ Բեն Ալին երկիրը ղեկավարեց 23 տարով, բայց իրականում Թունիսի ներքաղաքական իրավիճակը չափազանց փխրուն և անկայուն էր դարձել հենց նախագահի արարքների հետևանքով: Այդ իրավիճակում համակարգն այլևս գոյատևելու հնարավորություն չուներ: Բեն Ալին իր պաշտոնավարության տարիներին հասարակության համար փակել էր արտահայտման բոլոր միջոցները, ժողովուրդը զրկվել էր հասարակական ու քաղաքացիական ոլորտում ներկայություն ունենալու և համագործակցելու իրավունքից: Հասարակական ընդվզումը սկսվեց Մուհամադ Բուազիզիի ինքնահրկիզումից, երբ նա պատվաբեր աշխատանք չունենալու պատճառով դիմեց ինքնահրկիզմանը: Բուազիզիի ինքնահրկիզումից առաջացած ժողովրդական ընդվզումը շատ արագ տնտեսական ոլորտից փոխադրվեց քաղաքական ոլորտ, և բանակն ու ոստիկանությունն էլ չկարողացան պատնեշել ժողովրդի ընդվզումը: Սակայն պետք է ասել, որ Թունիսը տնտեսական ոլորտում բավականին հաջող է հանդես եկել: Թունիսի տնտեսությունը, անկախ նավթային գումարներից, զարգացավ ազատ շուկայի կայացման միջոցով: Բայց, ինչպես բնորոշ է ավտորիտար երկրներում ազատ շուկայական մոդելներին, Թունիսի հասարակության մեջ առաջացան լուրջ դասակարգային ճեղքեր: Թունիսի տնտեսության անհամահունչ զարգացման հետևանքով երկրում առաջ եկավ համատարած գործազրկություն, և ժողովրդի մեծամասնությունը զրկվեց երկրի տնտեսական ոլորտում առաջացած զարգացումների արդյունքներից: Տնտեսական անհամահունչ զարգացումն ու քաղաքական փակ համակարգը Թունիսի ժողովրդի ընդվզման բնական պատճառներն են. ժողովրդի տնտեսական ընդվզումը, վերածվելով քաղաքականի, գահընկեց արեց Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիին: Ի վերջո, նման իրավիճակը միայն Թունիսի մենաշնորհը չէ։ Այսօր արաբական այլ երկրներ ևս, ինչպիսիք են Եգիպտոսը, Ալժիրը, Քուվեյթը, Հորդանանը և անգամ Սաուդյան Արաբիան, նման իրավիճակներում են հայտնվել: Այս պահին Թունիսի նման իրավիճակ է Ալժիրում, Հորդանանում և Եգիպտոսում, և շատ հավանական է, որ Թունիսի ժողովրդի հաջողությունից հետո այդ երկրներում ավելի թեժանան ժողովրդական շարժումներն ու ակցիաները: Թունիսի «Հացի հեղափոխության» առաջացման մեխանիկան նման է մինչ այժմ կատարված հեղափոխություններին: Բայց կա նաև մի ակնառու տարբերություն. «Հացի հեղափոխությունը» զուրկ էր գլխավոր ղեկավարությունից և գաղափարական թեքումներից: Մի խոսքով, ժողովրդի ընդվզումը, հարցականի տակ դրեց Թունիսում գոյություն ունեցող ընդդիմադիր «Դեմոկրատական առաջատարներ» կուսակցության ու մի շարք հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը:
No comments:
Post a Comment