Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը եւս 3 տարի կպաշտոնավարի: Այսօր` հունվարի 23-ին կայացած ընտրություններում նա հաղթանակ է տարել անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանի նկատմամբ: Ինչպես Չարենցավանից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված մոտ 21 հազար ընտրողներից 9514-ը: Հակոբ Շահգալդյանը ստացել է 8340 քվե, մինչդեռ նրա մրցակիցը ստացել է 792 քվե: Անվավեր քվեաթերթիկների թիվը 270-ն է: Այժմ Չարենցավանում բավական հանդարտ իրավիճակ է, եւ որեւէ միջադեպ չի արձանագրվել: Նշենք, որ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին է, իսկ Նիկողոսյանը նախկինում եղել է ՀՅ Դաշնակցության անդամ, սակայն մի քանի տարի առաջ նրան հեռացրել են կուսակցությունից: Թեկնածու Մուշեղ Նիկողոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էր, թե քաղաքում վախի մթնոլորտ է տիրում, իսկ գործող քաղաքապետը ահաբեկում եւ վարչական լծակներ է օգտագործում, մինչդեռ հենց նրա վստահված անձինք տեղամասերում հերքել էին Նիկողոսյանին` նշելով, որ որեւէ խախտում կամ ճնշում չեն նկատել: Ի դեպ, ֆոտոլրագրողը Չարենցավանի եկեղեցու հարեւանությամբ, «Արամյանի օբյեկտում» նկատել էր ԱԺ պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի, Վարդան Այվազյանի եւ Ռոբերտ Թովմասյանի մեքենաները: Վերջիններս, ըստ չարենցավանցիների, եկել էին` աջակցելու Մուշեղ Նիկողոսյանին, եւ աշխատանքները կոորդինացնում էին վերոնշյալ ռեստորանից:
No comments:
Post a Comment