Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, September 24, 2010

Ռուսաստանն այսօր ձգտում է նախկին կայսրության կամ գերտերության վերականգնմանը

«Ռուսական քաղաքականությունը ներկայում տարածաշրջանում զբաղված է ամերիկյան քաղաքականության բացակայությամբ»,– այսօր Կովկասի ինստիտուտում հրավիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Փորձագետը պարզաբանեց, որ այսօր Ռուսաստանը տարածաշրջանում ակտիվ է, ինչի պատճառը նաև հին մրցակիցների նահանջն է տարածաշրջանից: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, այսօր ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում այլ գերակայություններ ունի: ՌԱՀՀԿ ղեկավարի զեկույցը «Ռուսաստանի քաղաքականության նոր միտումները Կովկասում. սպառնալիքներն ու հնարավորությունները տարածաշրջանի համար» թեմայով էր, որին մասնակցում էին մի շարք օտարերկրյա կազմակերպություններից հյուրեր, պաշտոնյաներ, այդ թվում նաև՝ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ռուսական քաղաքականությունը, Կիրակոսյանի դիտարկմամբ, այսօր ավելի շրջահայաց և իրատեսական է, ինչի լավագույն օրինակը Ղրղըզստանի դեպքերն են, որոնց ընթացքում, Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, Ռուսաստանը նախընտրեց ռիսկի չդիմել և չմիջամտել: Հարմարավետության ձգտող ռուսական այսօրվա քաղաքականությունը տարածաշրջանում, փորձագետի խոսքով, հիմնված է Արևմուտքի հետ համագործակցության վրա, ինչի վառ ապացույցը Իրանին սպառազինություններ չվաճառելու նրա վերջին որոշումն էր: Կիրակոսյանը նկատեց, թե այսօր Ռուսաստանն այլևս նախկին անկանխատեսելի գործընկերը չէ, այն այսօր ավելի կանխատեսելի է և իր նպաստն է բերում տարածաշրջանի անվտանգությանը՝ ԼՂ խնդրի կարգավորման Մինսկի խմբում առավել ակտիվ դիրք գրավելով: «Ռուսաստանն այսօր շահում է ստատուս քվոյից՝ միաժամանակ փորձելով ավելի ակտիվ լինել Մինսկի խմբում»,– ասաց նա: «Ռուսաստանն այսօր ձգտում է նախկին կայսրության կամ գերտերության վերականգնմանը»,– ասաց փորձագետը: ՌԱՀՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրի կնքմանը՝ նկատելով, թե այն ՀՀ կառավարության սխալի հետևանք էր: «Ես դրական եմ վերաբերվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությանը, որովհետև Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որը բխում է իր շահերից: Ես Հայաստանի տեսակետից եմ քննադատաբար վերաբերվում, որովհետև ռուսական ռազմաբազաների մասին այդ պայմանագիրը ՀՀ կառավարության սխալի, ռազմավարական տեսլականի բացակայության հետևանք էր»,– հայտարարեց Կիրակոսյանը: Շարունակելով Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների թեման՝ Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, թե նախկինում Ռուսաստանը հայամետ էր, իսկ հիմա նա «լավ դիրքավորվել է» տարածաշրջանում, իր շահերն ունի Ադրբեջանում, ինչի համար էլ ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները այդ երկրի հետ։ Միաժամանակ, Կիրակոսյանի դիտարկմամբ, Ադրբեջանի շփումը Ռուսաստանի հետ «ազնիվ չէ», հետևանք է Թուրքիայի «դավաճանության, և շուտով նա կրկին կվերադառնա Թուրքիայի «գիրկը»:

No comments:

Post a Comment