Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, September 14, 2010

Հույժ գաղտնի համաժողով

Դիլիջանում տեղի է ունեցել «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով քննարկում-համաժողով։ Թե ինչ մարտահրավերների ու հնարավորությունների մասին է խոսքը, հանրությունից գաղտնի է պահվում. լրագրողներին թույլ չի տրվել ներկա լինել բուն քննարկումներին, նրանք մասնակցել են միայն բացմանը և կառավարության միկրոավտոբուսներով անմիջապես վերադարձել մայրաքաղաք: Մինչդեռ Համաշխարհային բանկի օժանդակությամբ կազմակերպված այս միջոցառմանը մասնակցել են Չիլիի նախկին նախագահ Ռիկարդո Լագոսը, Լեհաստանի նախկին փոխվարչապետ և Ազգային բանկի նախագահ Լեշեկ Բալցերովիչը, Վենեսուելայի պլանավորման նախկին նախարար և Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի տնտեսական զարգացման պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը, նույն դպրոցի քաղաքատնտեսության պրոֆեսոր Դանի Ռոդրիկը։ Քննարկման գաղտնիությունը տարօրինակ է նախ այն առումով, որ դժվար է հիշել մեկ այլ միջոցառում, երբ այսքան շատ հեղինակավոր տնտեսագետներ միանգամից հավաքված լինեին Հայաստանում, և երկրորդ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ քանիցս հայտարարել է հրապարակային աշխատելու անհրաժեշտության մասին։
Համաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը խոստովանել է, որ վերոնշյալ մարդիկ անձնավորություններ են, որոնք կոնկրետ և մեծ հաջողությամբ բարեփոխումներ են իրականացրել իրենց երկրներում: «Դրա արդյունքում այդ երկրները, հաղթահարելով անցումային շրջանի դժվարությունները, այսօր զարգացած տնտեսություններ ունեցող պետություններ են: Մեզ համար կարևոր են իրենց դիրքորոշումները, փորձը, գնահատականները և խորհուրդները, որպեսզի մենք էլ շարունակենք այն ճանապարհը, որով անցել են այդ երկրները»,- ասել է նախարարը` հույս հայտնելով, որ հանդիպումը օգտակար կլինի բոլորի համար և նոր լիցք կհաղորդի Հայաստանին` դեպի բարեփոխումներ տանող ճանապարհը հաջողությամբ շարունակելու համար: Եթե Չիլիի կամ Լեհաստանի դեպքում կարելի է ենթադրություններ անել բարեփոխումների կամ զարգացած տնտեսությունների մասին, ապա անհասկանալի է, թե, օրինակ, սոցիալիստական Վենեսուելայի ո՞ր հաջողությունը նկատի ունի նախարարը:



No comments:

Post a Comment