Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 24, 2011

Ամեն ինչը գլխիվայր է ...

 ՀՀ կառավարության շենքի մոտ, բանակում զոհված զինծառայողների ծնողների և ,,Բանակն իրականում,, նախաձեռնության ակցիայի ժամանակ ոստիկաններն ու ակտիվիստները բախվել են: Ցուցարարները խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների նկարներով իրենց բողոքն էին հայտնում` նշելով, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում միջադեպերի հանգամանքները պարզելու ուղղությամբ, երբ նրանց է մոտեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու հրել նրանցից մեկին:
Ակցիայի մասնակիցներին էր միացել նաև ԱԺ-ում ,,Ժառանգություն,, խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ակցիան խաղաղ էր, մինչ այն պահը, երբ ՀՀ կառավարության շենքից սկսեցին դուրս գալ գործադիր իշխանության անդամները: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ուղեկիցների հետ որոշեց անցնել հենց ցուցարարների միջով, իսկ նրա թիկնապահներն ու ոստիկանները, ակտիվիստների փոխանցմամբ, հրեցին նախաձեռնության ակտիվիստներին: Ի պատասխան բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել ՙԱմոթ՚, իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին սկսեց վանկարկել ՙՏակա’նք, մի հրիր՚: Ալիկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել զոհվածների ծնողների և լրագրողների հարցերին և հեռացավ: Քիչ ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները որոշեցին երթ անել դեպի ՀՀ նախագահական նստավայր և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀ կառավարության շենքի ժամացույցի մոտ ևս մեկ միջադեպ եղավ: Իրավապահները փորձեցին ձերբակալել Վարդգես Գասպարիին, ով պառկեց գետնին: Միջադեպի ընթացքում ոստիկանները հրեցին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և ակցիայի մի քանի այլ մասնակիցների, իսկ Գասպարիին ուժով նստեցրին մեքենա և տարան ոստիկանություն: Այդուհետ` նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել` իշխանության ներկայացուցչի հանդեպ ուժ կիրառելու համար իշխանություններին հարմար հայտնի հոդվածով: Մինչդեռ` իրականում Վարդգես Գասպարին երկու ձեռքերը միացրել էր իրար և ինքն էր բարձրաձայն ասում, թե ձեռքերիս ձեռնաշղթա հագցրեք և տարեք ուր ուզում եք:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել բանակում տիրող վիճակի դեմ հանդես եկողներին և անգամ սպառնացել, թե այլ միջոցների կդիմի: Սա թերևս նրա ցուցումներով ու ոստիկանության միջոցով կազմակերպված ակցիա էր, սակայն այն դժվար թե թուլացնի առկա լարվածությունը:
Հայաստանի իշխանություններն ու ՊՆ ղեկավարությունը` ոստիկանության հետ, եթե ուզում են ինչ որ կերպ մեղմել լարված վիճակն ու խնդիրն առավել քան չհանգուցել, ապա դրա համար թերևս նպաստավոր կլինի բանակում կատարված սպանությունների շուտափույթ բացահայտումը, մեղավորների հրապարակային պատժումն ու անցանկալի, ողբերգական նոր դեպքերի ամեն գնով կանխումը: Այլապես` Վարդգես Գասպարիի հանդեպ քրեկան գործ հարուցելով` բանակում խաղաղ պայմաններում զոհվածների պաշտպանների թիվը չի նվազի, ոչ էլ` պայքարի ուժգնությունը կթուլանա: Այլապես` ստացվում է այնպես, որ Վարդգես Գասպարին ձերբակալվում է, իսկ մարդասպանները շարունակում են ծառայել բանակում: Հետաքրքիր իրավիճակ է, այնպես չէ?: Մարտի 1-ին ՙՉերյոմուխա՚-ով սպանություն կատարած 4 ոստիկաններն էլ են քաղաքում կարգ ու կանոն հաստատում, բանակում զինվոր սպանած սպաներն ու զինվորներն էլ: Փաստորեն` մարդասպան է պետք լինե?լ նորմալ կենսագործունեությունն ապահոված շարունակելու համար ...

No comments:

Post a Comment