Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, November 28, 2011

ՙԺողովրդավարական ուղի՚ կուսակցության դրոշը Բիբլիական լեռան գագաթին

ՙԺողովրդավարական ուղի՚ կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է ընդունել այն մասին, որ ՙՀայաստանի ալպինիզմի և ժայռամագլցման հանրապետական ֆեդերացիայի խումբը` նախագահ Գրիգոր Ազիզբեկյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, կազմակերպել էր վերելք հայերի սրբության սրբոց Բիբլիական Արարատ լեռան գագաթ: Արշավախմբի ոչ ստվար կազմում է եղել նաև ՙԺողովրդավարական ուղի՚ կուսակցության անդամ, ազնվագույն հայրենասեր Վաչե Ազատյանը` մեր Ալիկը: Անտեսելով եղանակային վատ պայմանները խումբը Արաչատի գագաթ է հասել հենց սեպտեմբերի 21-ին, որտեղ էլ մեծագույն հպարտությամբ մեր սիրելի Ալիկը պարզել է կուսակցության դրոշը` դրոշ, որ կուսակցության անդամ յուրաքանչյուր հայորդու համար այդօրվանից համարվում է սրբագործված ու նվիրական մասունք: Շնորհակալություն քե’զ, սիրելի եղբայր: Հերոսական արարքի նման քո քայլը հարստացրեց մեր կուսակցության պատմության էջերը՚:


Մենք հանդիպեցինք Վաչե Ազատյան` Ալիկի հետ ու նա պատմեց, որ մասնակիցները 21-ն են եղել` ոչ միայն հայեր, այլև ռուսներ, շվեդ և ուղեկցողը` քուրդ Բուրանը: Սուրբ լեռը բարձրանալն իհարկե ՙխաղ ու պար՚ չէ, Ալիկի բնորոշմամբ, վերջին մետրերին շատերն էին սայթաքում, ուժասպառ ընկնում, բայց գագաթի ձգողական ուժն այնքան ազդու էր, որ կարծես ձգում էր դեպի իրեն և ուժ տալիս այնտեղ հասնելու համար: Բոլորն են հոգնել, սակայն ամեն ինչն սկզբից ...
Նախ` միկրոավտոբուսներով հասել են մինչև 2200 մ բարձրությունը: Այդքանն է հաղթահարելի ավտոմեքենաով, որտեղ հանդերձները փոխել, իրերը բեռնել են ձիերին և սկսել վերելքը: ՙՄինչև 3400 մետրն առանձնապես դժվար չի՚,- պատմում է Ալիկը,- ՙչտեսնված լավ եղանակ էր, արև: Վրանային ճամբար ստեղծեցինք, քեֆ - ուրախություն կազմակերպեցինք, քանի որ խմբում տարբեր ներուժի մարդիկ կային, ամբողջ վերելքի ընթացքում երկու տեղ ճամբարում գիշերեցինք: Քրդերին երգացրեցինք ...՚:
3400 մ-ից սկսվում է համեմատաբար դժվար վերելքի հատվածը` ժայռերի միջով, տրորած ոտնուղով, մինչև` 4100 մետրը, որտեղ եղանակն արդեն ցուրտ է. ՙԿարկուտ ու ձյուն եկավ, գիշերվա կեսին արթնացանք և շարունակեցինք հաղթահարել մնացածը: Շատ էինք ուզում, որ ձյուն գար, որպեսզի հավերժական ձյան, սառույցի հատվածում առանց ՙկոշկաների՚ կարողանայինք բարձրանալ: Լուսարձակները ճակատներիս, ձյան ու բուքի պայմաններում, երբ արահետն էլ չէր երևում` քուրդ Բուրանի ուղեկցությամբ, շարունակեցինք: Ըստ էության, ճանապարհը կորցնելու վտանգ էլ չկա՚:
4100 մ-ից մինչև Արարատի գագաթ` 6,165 մետրը 6 ժամում են հասնում: Բուն սառցադաշտում` հավերժական ձյան վրա արդեն լույսը բացվում է, սուրբ լեռն է ուժ տալիս:
Արդեն գագաթում շատերն են արտասվում, նաև Ալիկը: Երազանքի իրականացման գագաթնակետին բոլորն են հագուրդ տալիս զգացմունքներին. ՙԱրևը գագաթն ի վեր բարձրանում էր, վերջին 20 - 30 մետրն արդեն վազում էինք: Միտքը, որ երազանքդ կատարվում է, լրացուցիչ ուժ ու եռանդ է տալիս: Բոլորն այնժամ ուրախանում էին, կոնյակները հանել ցնծում էին, և այդ պահին էր, որ պարզեցի ՙԺողովրդավարական ուղի՚` մեր կուսակցության դրոշն ու բոլորը միահամուռ ծափահարեցին, իսկ երբ իմացան, որ սա երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի ստեղծած կուսակցության դրոշն է, ոգևորվածությունն ու ծափահարություններն ավելի բուռն դարձան: Շատերը լուսանկարվեցին մեր կուսակցության դրոշի ներքո: Հետո` իհարկե, եռագույն մեծ դրոշը պարզեցինք, որի վրա նշված էր ՙՀայաստանի Հանրապետության 20՚ գրությունը: Դա հենց սեպտեմբերի 21-ին էր` Անկախության օրը: Ռուս ընկերն էլ փորձեց Ռուսաստանի դրոշը պարզել` քամին թույլ չտվեց: Համախմբված ու հավատով առլեցուն ՙՀայր մերն՚ արտասանեցինք, պարեցինք, ուրախացանք ...՚:
Արարատ լեռը, պարզվում է, տարբեր շերտեր ունի: Միջնամասում ամպի թանձր շերտն է, վերևում` պարզ - պարզ: Արարատի գագաթից տեսանելի են Սիսի նույնքան գեղեցիկ, երկու փոքրիկ գագաթները: Արարատի գագաթից պարզ երևում են երկու Հայաստաններն էլ: Չտեսնված է: Ամպն իր գոտին է կապում սարի լանջին ու կարծես գոտեպնդում նաև նրա բարձունքն ի վեր հաղթահարողներին:
ԺՈւԿ փոխնախագահ Վարդան Գրիգորյանի բնորոշմամբ, ով ներկա էր մեր զրույցին. ՙՄեր Ալիկը Հայաստանի բոլոր լեռնագագաթները բարձրացել է և կարծես հոգու պարտք էր, որ պիտի անպայման Բիբիլականն էլ բարձրանա: Եվ նույնքան նվիրական երազանք ունի հաջորդը Սիսը բարձրանալ: Այդուհետ լիաթոք կասի, որ եղել է Արարատի երկու գագաթներին՚: Ալիկը նաև ԺՈՒԿ-ի հիմնադիր անդամներից է և պատահական չէ, որ նախաձեռնության նախապատրաստական փուլում առաջարկել է մեծ դրոշ տրամադրել սուրբ լեռան գագաթին ծածանելու համար: Ի դեպ, պարզվում է, նաև վտանգավոր էր կուսակցության դրոշը սահմանն անցկացնելն ու ամբողջ ճանապարհին թեկուզ կրծքին փաթաթած տեղափոխելը: Բացի լուսանկարում պատկերված կուսակցության մեծ դրոշից, Արարատի գագաթ է հասցվել և այնտեղ հավերժական քամիներին ու ձյուներին ի պահ տրվել նաև ԺՈւԿ-ի փոքրիկ դրոշը: ՙՇատ շնորհակալ ենք ու երախտապարտ մեր Ալիկին այդ աննախադեպ ակցիան իրականացնելու համար: Հինգ հազարամյա պատմության մեջ մենք կարող ենք հպարտորեն փաստել, որ կուսակցական առաջին դրոշը եղել է ԺՈւԿ-ինը, որ ծածանվել է Բիբլիական սուրբ լեռան գագաթին՚,- եզրակացրեց Վարդան Գրիգորյանը: ՙՄենք Անկախության օրը մենակ չթողեցինք հարազատ Արարատին, որի գեղեցիկ ու գագաթի հղի կնոջ տեսքը հրապուրիչ է բոլոր կողմերից: Իմ երազանքը կատարվեց, ուրախ եմ, ավելի բարիացել եմ, ավելի եմ սիրում մեր ժողովրդին, ավելի հանդուրժողական եմ դարձել: Երևի ավելի եմ մոտեցել Աստծուն` դրանի±ց է՚,- վերջում եզրակացրեց նաև Ալիկ` Վաչե Ազատյանը:

No comments:

Post a Comment