Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 29, 2011

Անհատ քաղաքացիներն ակտիվանում են

Տեղի ունեցավ ,,Անհատ քաղաքացիների միության,, ԱՔՄ անդրանիկ հավաքը, որի պատճառը Հայաստանում տիրող իրավիճակն է, գործելաոճով միմյանցից չտարբերվող իշխանությունները: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ըստ միության աշխատանքները համակարգող սոցիալիստ Իշխան Թովմասյանի, անհատ քաղաքացիներին անհրաժեշտ է միավորվել, համախմբվել: Դիմադիր և ընդդիմադիր ուժերից իրենք տարբերվելու են բարձրացված հարցերով և մարտավարությամբ: 




Նրա կարծիքով, կոսմետիկ փոփոխությամբ Ընտրական օրենսգիրքը չի կարող երաշխավորել ազատ և արդար ընտրություններ: Պահանջել են, պահանջում են և պահանջելու են, որ խորհրդարանական ընտրություններում չլինի մեծամասնական ընտրակարգը: Հանրապետության իշխանությունների վերին էշելոններում տեղի ունեցող վերջին ՙկադրային մայմունությունները՚ ժողովրդին ոչինչ չեն տա. ՙԹող իմանան. կադրային կոսմետիկ փոփոխությունները չեն փրկելու ոչ մեկին՚: Պետք է վերանայվի ընտրագրավը, որովհետև դրա հետևանքներից է ընտրակաշառքը, որ արտահայտվում է հենց մեծամասնական ընտրակարգով օլիգարխիկների մասնակցությամբ: Արդյունքում` ԱՔՄ-ը, համաձայն կանոնակարգի` հետևողական է լինելու այս հարցերում ու նաև բարձրաձայնելու է լեռնահանքահումքային ոլորտում թալանը կանխելու խնդիրը: Սոցիալիստական համակարգի կողմնակից ու համախոհ առավելագույնը 9 անդամներ կգլխավորեն Անհատ քաղաքացիների միությունը: Համագործակցելու են ՀԿԿ-ի և ՙՀայ ազգային փրկության՚ կոմիտեի հետ:
ԱՔՄ քարտուղար Ժաննա Իսրայելյանի կարծիքով, իրենց գաղափարական հիմքը սոցիալիստական գաղափարախոսությունն է և սոցիալիստական համակարգի հաստատումը: Եկել է ելքի ժամանակը, ուստի` ակտիվ քարոզչություն են ծավալելու յուրաքանչյուր անհատի միավորման համար:
Հավաքին մասնակցում էին նաև անհատներ տարբեր քաղաքական ուժերից և պարզապես քաղաքագետներ: Նրանցից իրավաբան - փորձագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով էլ` իշխանությունները կարծում են, որ 1 մլն-ից ավելի մարդ ակտիվ չեն, որովհետև զբաղված են ակտիվ տնտեսվարությամբ, և դրանից է հետևում, որ գործազրկության ցուցանիշը պաշտոնական վիճակագրությամբ կազմում է ընդամենը 6 տոկոս, մինչդեռ` Հայաստանում իրենց աշխատանքով ապրող մարդիկ ստեղծում են ներքին արտադրանքի ծավալի միայն 30 տոկոսը: Իսկ օլիգարխներն անցած 18 տարիների ընթացքում ստացել են շուրջ 80 մլրդ դրամի շահույթ և այս ֆոնին պատահական չէ Ռոբերտ Քոչարյանի 4 մլրդ սեփականության առկայությունն` ըստ մամուլի: Ըստ նրա, Սամվել Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող ՙԱլեքս Գրիգ՚ ՍՊԸ-ն խոշոր հարկային վճարող է, ոչ թե ամենամեծ հարկատուն: Ստվերի դեմ պայքարը պետք է տարվի ընդամենը յուրաքանչյուր ապրանքի գնի վրա ավելացված 20 տոկոս ԱԱՀ-ի գումարը պատշաճ փոխանցելու միջոցով: Մինչդեռ` Հայաստանի քաղաքացին չունի որևէ լծակ պետական կառավարման համակարգը վերահսկելու համար: Անհրաժեշտ է, որ աշխատանքով ապահովված լինի բնակչության մեծամասնությունը, ինչն ամրագրված չէ երկրի գլխավոր օրենքով` ՀՀ Սահմանադրությամբ:
Վերջում` ցավո’ք, Իշխան Թովմասյանը նույնականացրեց սոցիալիստական գաղափարախոսությունն ու` ըստ նրա, դրա ՙսեփականատեր՚ Կոմունիստական կուսակցությունն` ի դեմս Ռուբեն Թովմասյանի:
ԱՔՄ-ի անդրանիկ հավաքին մասնակցում էր նաև ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն, ում համոզմամբ, կապիտալիզմը Հայաստանում չի կարող լուծել տարրական սոցիալական խնդիրը, կապիտալիզմը չունի ապագա և ճգնաժամային իրավիճակում է. ՙՄիևնույն ժամանակ սա պետականության ճգնաժամ է, երբ քաղաքացիները պետությանը չեն վստահում: Յուրաքանչյուր ընտանիք իր վրա զգում է կապիտալիզմի փտած համակարգի վտանգները՚: Համաձայնե’ք, բառերն ու բառակապակցությունները նույն են, ինչպես խորհրդային լճացման տարիներին:
Ռուբեն Թովմասյանը խնդրում և ընկերոջ պես խորհուրդ է տալիս չմոռանալ հայ - ռուսական բարեկամությունը. ՙԵթե Գյումրիից իջեցվի Ռուսաստանի դրոշը, դա կլինի Հայաստանի վերջը՚: Մինչդեռ` Հայաստանին տեր զգացող քաղաքացիներիս կարծիքով, եթե մի դրոշից է կախված մեր երկրի լինել - չլինելը, թերևս` ավելի լավ կլինի իջեցվի այն:

No comments:

Post a Comment