Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 30, 2011

Անտեսված խնդիր, որ անհապաղ լուծում է պահանջում ...

Դավիթ Սահակյանի բազմազավակ ընտանիքը` նա երկու զույգ որդիներ ունի` Արծրուն, Սահակ, Նորիկ ու Սարգիս, ապրում է Հայաստանի հյուսիսային մարզկենտրոն Իջևան քաղաքում: Չորս տղաներ, հայոց բանակի ապագա զինվորներ, սահմանամերձ գոտի, բազմազավակ ընտանիք, սակայն սեփական անշարժ գույք չունեն: Որպես երիտասարդ ընտանիք դիմել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` ,,Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին,, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող ծրագրին շահառու դառնալու համար, սակայն, պարզվում է, ամուսինների տարիքային հանրագումարը պետք է չանցնի 60-ի սահմանը: Այդ մասին կա ՀՀ կառավարության որոշում:
Դավիթ Սահակյան և Նաիրա Բաղդասարյան ամուսինների տարիքային հանրագումարը 63 է: Պարզվում է, չափորոշիչների մեջ չի մտնում նաև Դավիթի տարիքը` նա 36 տարեկան է, մինչդեռ ամուսնու տարիքը չպետք է գերազանցի 35-ը: ՙՓաստորեն` այդ ծրագրից իմ բազմանդամ ընտանիքը չի կարող օգտվել: Մինչդեռ` հիփոթեքային 7 - 8 տոկոս վարկը նորմալ չափաբաժին է մեզ համար: Ի վերջո, իմ տղաները պետք է հայրենի եզերքում, հայրենիքում ապրեն և ոչ թե Ռուսաստանի տունդրաներն ու տայգաները զարգացնեն` ՙՀայրենակիցներ՚ ծրագրով՚,- մասնավորում է Դավիթ Սահակյանը: Նա դիմել է վարչության պետ Արմեն Պապյանին, սակայն ՙսայլը տեղից չի շարժվել՚: ՙԾննդավայրս Դիտավան գյուղն է, ուստի` դիմել եմ նաև հաշվառման վայրիս համայնքապետին ու ավագանուն, որպեսզի քվեարկեն ու գոնե 1000 քառ. մետր տնամերձ հողամաս հատկացնեն իմ չորս որդիների համար հնարավորության սահմաններում տուն կառուցելու համար, սակայն այդտեղ էլ մերժեցին` պատճառաբանելով, թե ՀՀ կառավարության որոշում կա, ըստ որի` պետք է աճուրդային եղանակով մասնակցել ... Մինչդեռ` ՀՀ կառավարությունից համայնքապետարանը լրավճար է ստանում, նաև` մեր 12 անձինց բաղկացած ընտանիքի հաշվին` բացի իմ 6-անձյա ընտանիքից, նաև եղբորս ընտանիքն ու մայրիկս: Իսկ ժամանակին գյուղի բոլոր երիտասարդներն անվճար տնամերձ հողամասեր են ստացել՚:
Դիտավան գյուղը ներառված է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում և բավական լուրջ ծրագրեր են իրականացվում համայնքում, եթե չեմ սխալվում մոտ 585 մլն դրամի շրջանակներում: Գյուղապետարանի շենքն են հիմնադրել, դպրոցի նոր շենք է կառուցվում: Այդ իսկ պատճառով և շրջանակներում` հաշվի առնելով նաև, որ գյուղի ժողովրդագրական պատկերը բացասական կորագծով է, այսինքն` այս տարի դպրոց է հաճախել ընդամենը երկու երեխա, ընդ որում` ներգրավելով նաև հարակից համայնքները: Ստացվում է, որ իմ չորս տղաները կարող են երկու դասարան կազմել: Այդ առումով` ես նաև դպրոցի տնօրենի ուշադրությունն եմ հրավիրում, թեկուզ ինձ համար աշխատատեղ ստեղծելու պայմանով` օժանդակեն մեր երիտասարդ ու բազմանդամ ընտանիքին: Մայրս երկու անգամ գրավոր դիմել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի տնօրինությանն, ի դեպ, հիմնադրամի Տավուշի մարզի գրասենյակը գտնվում է հենց Դիտավանի նորոգված գյուղապետարանի շենքում: Իրենք տեղեկացված են մեր խնդրի մասին, սակայն որևէ արձագանք, պատասխան չկա: Առաջիկայում` նոր մարաթոն կլինի, նոր գումարներ կհավաքվեն, սակայն մեր բազմազավակ ընտանիքի խնդիրը համարելով անհատական չեն ուզում լուծել՚:
Սահակյանները գրավոր դիմել են նաև ՙՎիվա Սելլ՚ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին. ՙնամակը երեխայիս ձեռքով է փոխանցվել նրան` Իջևանում այցելության ժամանակ, սակայն մեկ ամիս հետո ներողամտությամբ պատասխանել են, թե չեն կարող օգտակար լինել: Մայրս երկու անգամ գրավոր դիմել է նաև ընտրատարածքից գործարար պատգամավոր Միքայել Վարդանյանին, սակայն նա, որ բազում ու բավական լուրջ ծրագրեր է իրականացնում, հիմնականում` համայնքապետերի միջոցով, չի պատասխանել այդ նամակներին՚: Դիմել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նմանատիպ բազում նամակներ են հասցեագրվել, սակայն որևէ պատասխան չկա: Արդյունքում` Դավիթ Սահակյանի չորս անչափահաս որդիների անշարժ գույք ունենալու խնդրի լուծումն անորոշ վիճակում է: ՙԵս պատրաստվում եմ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Տավուշի մարզկենտրոն այցելած յուրաքանչյուր կուսակցության առաջնորդի ու նախարարի, պատգամավորության թեկնածուներին` բոլորին դիմել այս հարցով: Իմ օրինակով, ես խիստ կարևորում եմ սահմանամերձ տարածքներն ամուր պահելու խնդիրը՚,- եզրակացրեց Դավիթ Սահակյանը:
Մնում է, որ հայրենի կառավարությունը կամ համապատասխան գործունյա ու կարող մարդիկ համապատասխան քայլ անեն այս ընտանիքը հայրենի եզերքում ամրապնդելու համար:

No comments:

Post a Comment