Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, July 15, 2011

Նվազ զամբյուղով, առողջ ապրելակե±րպ

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներին մասնակցում էր Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը. ՙՀաճախ է խոսվում առողջ ապրելակերպի մասին, և որքան շատ է այն գովազդվում, այնքան ակնառու է դառնում իրականությունից կտրված լինելու ջրբաժանը: Անկախ հասարակարգից, իշխանությունների ապրելակերպից, օլիգարխների քանակից, շոուների բազմազանությունից, թիկնապահների տեսքից և ընդդիմության վարժանքներից, հասարակության գերակշռող մասի առողջական վիճակը հեռու է շարային պիտանելիության համար, բժշկի դեղատոմսերը և խորհուրդներն անիրագործելի են շարքային մահկանացուների համար, սոցիալական նպաստների արժեզրկված օգնությունը անբավարար է նվազ զամբյուղի պարունակության համար՚:  


Այս ամենի մասին խոսվում է ոչ միայն ընտանիքներում, կոլեկտիվներում, փողոցներում և մշակույթի օջախներում, այլև ԱԺ-ի նիստերում և ՀՀ կառավարության նախագծերի տողատակերում: Աղքատության հաղթահարման ռազամավարության ծրագիրը դրա վառ վկայությունն է, իսկ վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում աղքատության շեմը 32 - 35 տոկոսի վրա է, եթե խնդիրն ավելի ռեալ դիտարկենք` ավելի բարձր թիվ կարձանագրվի: Ի դեպ, վերջին տարիներին ՙԿենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի նախագծում ներկայացվող հաճախակի փոփոխությունների և լրացումների դրույթներն առայժմ անօգտակար են ամենօրյա կյանքի նվազագույնը բավարարելու համար: Եվ ահա առօրյա դժվարություններից խուսանավելու նպատակով կազմվում են երկարաժամկետ, հավակնոտ ծրագրեր մանկության և մայրության, թշվառության հաղթահարման, գերության և ծերության, երիտասարդության և մտավորականության պահպանման, սահմանամերձ շրջանների և Հյուսիսային պողոտայի բնակեցման բազմաբնույթ ծրագրերի համար: Ինչ խոսք, որ դրանց մի մասը կիրագործվի հատկապես մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի անմարդաբնակ տարածքը արտոնություններով տրամադրելու պարագայում:
Նախորդ շաբաթ հերթական անգամ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել ՙԿենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Որոշ հարցերի քննարկումը 60 օրով հետաձգվեց: Իսկ Արծվիկ Մինասյանի և այլ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված հարցը տեղափոխվեց մեծ օրակարգ: Սակայն հարցը միայն մեծ օրակարգ տեղափոխելը չէ, այլ այն, որ Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի կազմը և կառուցվածքը ճշգրտված չէ մինչև օրս, մինչև օրս ամբողջությամբ մշակված չէ մարդու առողջության պահպանման, միջազգային չափանիշների և չափորոշիչների հայկական կամ հայաստանյան նվազագույն զամբյուղի պարունակությունը առողջապահության տեսակետից: Հայաստանը եվրոպական ընտանիքին անդամագրվում է` սնուցման ոչ լիարժեք չափաբաժնով, շուրջ 2400 կկալ մեկ մարդու համար, որը հաշվարկված է զարգացող երկրների համար, ասենք` Սոմալիի, իսկ զարգացած երկրների համար կկալ-ի ցուցանիշը 3400-ն է: Բացի այդ` զամբյուղի պարունակությունը խղճուկ է` շուրջ 25 - 30 տեսականի, ապրանքատեսակ` հիմնականում հացահատիկային լայն տեսականի:
Պատահական չէ, որ մարդու կենսագոյության նվազ ապահովման մասին հարցը չի քննարկվում ԱԺ Մայրության, առողջապահության և առողջության պահպանման հանձնաժողովում, քանզի բժշկական եզրակությունը կարող էր լինել շատ անսպասելի` ՙՄի±թե այս զամբյուղով կարելի է ապրել՚ կամ, ասենք, ՙՍա ապրող մարդու զամբյուղ չէ՚: Ինչևէ ... ՙԱռողջ ապրելակերպ՚-ը կարելի է ժամանակավորապես գովազդի ստենդից հանել և բավարարվել ֆիզիկական գոյության հիմնահարցերով: Սա առավել գործնական է և օգտակար կլինի ազգաբնակչության համար` մինչև որ հասնենք զարգացած երկրների կենսաապահովման մակարդակներին` 3400 կկալ մեկ մարդու համար: Ինչևէ, օրակարգի հարցերը քննարկվեցին այնպես, ինչպես կցանկանար ՀՀ կառավարությունը:
Այնուհետև հայտարարվեց փակ նիստ անցկացնելու մասին` առանց հրավիրվածներիս, իսկ համացանցից տեղեկացանք, որ նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները դռնփակ նիստում հանդիպել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ափփիին և ՀԲ հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին: Քննարկվել են հանրապետությունում մեկնարկած կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը և քաղծառայողների աշխատավարձերին առնչվող հարցեր: Այս երկուսի մեջ, ես մի ընդհանուր կապ եմ տեսնում: Փոխանակվել են տեսակետներ և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը` համաձայնելով հնչած տեսակետների հետ, նշել է, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների և քաղծառայողների աշխատավարձերի առնչությամբ ՀԲ-ը նախատեսում է իրականացնել առաքելություններ: Պարոն Ժան Միշել Ափփիին նշել է, որ այլ հարցերի համատեքստում ՀՀ կառավարության հետ քննարկվել են աշխատավարձերի հարցերը՚: Հարց է. եթե ուզում են քաղծառայողների աշխատավարձերը վերանայել, ապա դա ինչո±ւ են կապում կենսաթոշակային բարեփոխումների հետ: Ուրեմն, այդ շաղկապումը ենթադրում է քաղծառայողների աշխատավարձերը կենսաթոշակային բարեփոխումների անվան տակ բարձրացնելու մասին, ինչը` շատ վատ է, իսկ կենսաթոշակառուների խնդիրները շարունակում են մնալ անորոշ ու մշուշոտ ...
Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
Բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

No comments:

Post a Comment