Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, July 9, 2011

ՙԵթե ինքնասիրություն, ազգային արժանապատվություն ունենք ...՚

 Facebook սոցիալական ցանցն այսօր դարձել է հասարակական - քաղաքական դիրքորոշումների արտահայտման, կարծիքների փոխանակման ու հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալու առաջնային հարթակներից մեկը: Եվ ահա, նրա էջերում Գևորգ Տեր-Վարդանյանը մեզ առաջարկեց հայության ազգանունների փոփոխության հարց առաջադրել: Առավել մանրամասն` ինչի± մասին է խոսքը, ինչո±ւ հատկապես հիմա, և իրավական ի±նչ խնդիրներ կարող է առաջացնել այն: Ահա այս հարցերի շուրջ զրուցելու համար հանդիպեցինք Մատենադարանի ձեռագրագիտության բաժնի վարիչ և գլխավոր ավանդապահ /ձեռագրատան պատասխանատու/ Գևորգ Տեր-Վարդանյանի հետ և հարցերն ուղղեցինք նրան:



- Պարոն Տեր-Վարդանյան, Դուք առաջարկում եք թուրքական և ոչ միայն ... անվանումով և ՙյան՚ վերջավորությամբ ազգանունների փոփոխություն, ի±նչ ի նկատի ունեք. ինչպե±ս և որքանո±վ է նպատակահարմար:

- Ընդհանրապես` նկատի ունեմ օտարալեզու արմատ ունեցող հայկական ազգանունների սրբագրման խնդիրը, որը շատ կարևոր եմ համարում: Ի վերջո, մարդու անուն - ազգանունն իր դիմագիծն է: Մենք ունենք Թոփալյան ազգանուն, որը մարմնական արատ է նշանակում, կամ` արհեստ նշանակող ինչ որ բան, ասենք` Գույումջյան, թուրքերեն գույում` արծաթ, ջի` գործի վարպետ - մասնագետ և ՙյան՚ վերջավորություն` վիրավորական չէ±: Ալթըփարմագյան` թարգմանաբար նշանակում է վեց մատ ունեցող: Բնության մեջ նման դեպքեր լինում են, ոչ սովորական հատկանիշ է, բայց դա կպցնել վեց մատով ծնված մարդու հետագա բոլոր սերունդների ճակատին` պատշաճ ու գեղեցիկ չէ:
Եթե մենք պետականություն ունենք և նրա ամբողջությունն էլ ինքնասիրությունն ունի, կուզեք մի քիչ թանձր` ազգային արժանապատվություն ունի, ապա պարտավոր ենք սրբագրել ընդհանրապես մեր ազգանունները և հայերենացնել դրանք: Գուցե թե միայն ԱԺ-ի կողմից ընդունվելիք օրենքով արժի դա անել, որովհետև, եթե մարդկանց կամքին թողնվի, ապա կարող է պարզվել, որ Արման անունը մաքուր հայկական է և վաղը, մյուս օրն էլ` Արմանյան ազգանուն կունենանք: Ինչո±ւ, որովհետև Արմենին շատ է նման:
Ազգանունը թարգմանելով կամ նմանը գտնելով կլինի, թե` ինչպես, պետք է դա անել և հիմա ճիշտ ժամանակն է: Անհրաժեշտ է հայերեն ազգանունների ցանկ պատրաստել և մարդկանց նախապատրաստել փոփոխությանը: Օրինակ, ես կարծում եմ, որ հայը Փափազյան ազգանուն չպետք է ունենա ... Այդ ազգանունն ընդամենը հունարեն Պապաս` քահանա բառի թուրքերեն աղավաղված հնչումն է, որի հայերեն տարբերակները մենք ունենք` Երիցյան, Տերտերյան: Ալթունյան` ոսկին է, թուրքերենով` Ալթինը: Մխիթարյան միաբաններից մեկը թարգմանել և սստացել է շատ գեղեցիկ Ոսկյան ազգանունը:

- Կարծում եք, որ առավել ևս թուրքական անունով կազմված ազգանուն ունեցողին այսօր հետաքրքրո±ւմ է դա և դրականորեն կարձագանքի± Ձեր նախաձեռնությանը` մեր օրերում, երբ բոլորը կարծես մրցավազքի մեջ են:

- Շատերն ուղղակի չգիտեն, թե ի±նչ կնշանակի իրենց ազգանունը: Արևելյան Հայաստանը, երբ Ռուսաստանի կազմի մեջ ներառվեց կամ` նվաճվեց, հայերեն ազգանուններ հնարվեցին և սովորաբար մարդուն տրվեց իր պապի անունից արտածված ազգանուն: Եթե պապի անունը Հովհաննես էր, ուրեմն` ազգանունը եղավ Հովհաննիսյան:
Արևմտյան Հայաստանում իրավիճակն այլ էր, այնտեղ հայերը հիմնականում արհեստի և արվեստի տերեր էին և դրանից էին բխում ազգանունները` շատ հաճախ ներառելով նաև մարմնական թերությունները: Դրա համար արևմտահայերի ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը պիտի աշխատի, Հայաստանում` պետական պաշտոնյաները: Երևի թե ՙԱրի տուն՚-ի կողքին կարելի է սա էլ ասել: Ի վերջո, մարդը պետք է ունենա այնպիսի ազգանուն, որից միայն լավ կզգա: Չեմ կարծում, թե բոլորը սա կողջունեն, բայց եթե արժանապատվություն ունեցող երկիր ու ժողովուրդ ենք, ապա արժի, որ այս քայլին գնանք:

- Ձեր նախաձեռնությունն, իհարկե, լավն է, հայրենասիրական, բայց չմոռանանք, որ ազգանունները նաև իրավական հենք ունեն և շատ հաճախ ժառանգության խնդիրներ կարող են առաջանալ, մանավանդ` այսօրվա մարդկային փոխհարաբերությունների պայմաններում:

- Դրա համար ձևը պետք է մշակել և ... ընդամենը: Ամեն մի փոփոխություն պիտի փաստաթղթերով արձանագրվի, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ապացուցել, թե իր ազգանունը նախկինում ի±նչ է եղել: Մենք բնակավայրերից շատերի անվանումներն ենք փոխել` քաղաքների, փողոցների և բավական եռանդով: Մեր պատմության ոսկեդարը քաղաքի փողոցների վրա վերարտադրեցինք` լավ կամ վատ, և կարծես վատ չենք զգում: Ազգանունների փոփոխությունն էլ դրա շարունակությունն է և անհրաժեշտություն ...

No comments:

Post a Comment