Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, July 23, 2011

ՙՌաբիսը ծայրեծայր նստած է ...՚

 Հայաստանի վաստակավոր նկարիչ, Գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անատոլի Գրիգորյանը դարձավ 70 տարեկան: Նրա հետ հանդիպեցինք արվեստանոցում` շնորհավորեցինք ու զրուցեցինք ոչ միայն գեղանկարչությունից:



- Հարգելի Գրիգորյան, նախ` ՙԺամանակի ՄԻՏՔ՚ անկախ շաբաթաթերթի խմբագրակազմի անունից շնորհավորում ենք Ձեր 70-ամյա հոբելյանը ... Երբ հետադարձ հայացք եք ձգում անցյալին` ինչպիսի±ն է այն, ի±նչ հասցրեցիք անել, ի±նչ մնաց:
 
- Շնորհակալություն: Կյանքն այնքան կարճ է, որ ամեն ինչ չես էլ կարող հասցնել: Զբաղված լինելով հանդերձ` ուզում ես անել, մեծ պատվերներ կատարել, բայց դա էլ հնարավոր չի, որովհետև նյութական ծախսերն ու ներսիդ ասելիքը հակասում են իրար: Դրա համար փոքր կտավներ եմ անում և մտածում` ժողովրդին մի արժեք թողնելու մասին, որ հիշեն: Հպարտանալը թողնե~նք, որովհետև հիմա արժեքները լրիվ փոխվել են, չեն էլ իմանում, թե ինչ են ուզում: Մարդիկ եկան իշխանության, ովքեր չհասկացան, որ մշակույթին ու կրթությանը չի կարելի ձեռք տալ: Դրանք այն ոլորտներն են, որ Հայաստանն առանց պետականություն ունենալու պահպանել է: Իսկ այսօր ... Մեծ գործ ստեղծելու համար նաև կենցաղային խնդիրներդ պիտի լուծված լինի, որ հանգիստ աշխատես: Հոգիդ հանգիստ չէ, որ ազատ ստեղծագործես:

- Այնուամենայնիվ անցած 70 տարում կա± որևէ բան, որ գուցե այնպես չէիք անի, ինչպես եղել է:

- Չէ, ես ճիշտ ճանապարհ եմ անցել, որովհետև իմ ուսուցիչները մանկուց միշտ ճիշտ են ուղղորդել ինձ: Երբ մանուկ հասակից ես ներծծվում արվեստի մեջ, արդեն չես կարող այլ բաներին ուշադրություն դարձնել: Իմ վաղամեռիկ ուսուցիչները բացի նկարչությունից նաև սեր էին տալիս` հանդեպ մշակույթը: Նրանք միայն արվեստին նվիրված մարդիկ էին, այնքան էին նվիրվել արվեստին, որ անգամ ընտանիք չէին կազմել: 

- Դուք հետք եք թողել հայտնի Տրետյակովյան, Արևելքի արվեստի, Երևանի ազգային ու Ժամանակակից արվեստների թանգարաններում և այլուր, բազում` անգամ անհատական ցուցահանդեսներ եք ունեցել` ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Ցուցադրման առումով ինքնաբա±վ եք: Մի առիթով էլ` կարծես ասել եք, թե նկարչի համար չցուցադրվելը հավասարազոր է մահվան:

- Նկարիչը միայն իր համար չի կարող աշխատել: Ցուցադրություններն են, որ բերում են տարակարծության և ինքնաբավության: Ես մի քիչ արագ եմ աշխատում ու արդյունավետ: Վերջին շրջանում բավական զբաղված եմ հասարակական աշխատանքով, դասավանդմամբ, ինչը շատ ժամանակ է խլում:

- Դուք ղեկավարում եք ԵրՊԳԱ Գեղանկարչության ամբիոնը, հաղորդակցվում նոր սերնդի հետ: Արժանի հետևորդներ կա±ն ...

- Իհարկե` կան: Մեր ազգը, Հայաստան աշխարհը կարծես արվեստի դրախտն է: Թեև` մեզանում ծայրահեղություններն էլ շատ են, բայց շնորհալիները շատ են, ինչը զարգացնել է պետք: Արվեստն ինքնակայացման շատ ժամանակ է պահանջում, ինչից մեր երիտասարդությունը մի քիչ շուտ է հիասթափվում: Դրանից էլ` այսօրվա արտագաղթի ծավալներն են: Եթե հնարավորություն լինի` շատերը չեն գնա: Գյումրիի մեր մասնաճյուղում վերջերս հրաշալի երիտասարդների հանդիպեցի: Ժամանակին նկարիչներից շատերը տղաներն էին, հիմա` աղջիկ շնորհալիներն են շատ և շնորհալի:

- Ամեն դեպքում` շատ է խոսվում հատկապես երիտասարդների մոտ արժեքային համակարգի կորստի ու խնդիրների մասին: Ինչպիսի±ն են Ձեր շփման արդյունքները:

- Ուսանողությունը, կարելի է ասել, երեք խմբի է բաժանվում. Նրանք, ովքեր բուհում սովորում են բանակից ազատվելու, ովքեր սովորում են զուտ ծնողների հորդորով և անպայման բարձրագույն կրթություն ստանալու համար և, ովքեր սիրով են գալիս և ուզում են իսկապես արվեստագետ դառնալ: Պարզապես` ռաբիսը ծայրեծայր նստած է այսօրվա երիտասարդության հոգում: Երկրի ղեկավարությունը հովանավորում է դրանց, էլ ի±նչ է հարկավոր բազմանալու համար: Երգացնում են, տաշի - տուշի պարում են, կոչումներ են տալիս, մինչդեռ` խորհրդային տարիներին ոչ մի նման կերպար չէր հովանավորվում, տեղ չուներ արվեստում: Անգամ ոչ մի պատահական դուդուկահար: Միշտ լավից լավին էին ընտրում: Իսկ հիմա` անեկդոտ պատմողը կարող է ժողովրդական դերասան լինել, մեկի զավակի հարսանիքի թամադան` արվեստի վաստակավոր գործիչ: Զայրանում ենք, բայց ի±նչ կարող ենք անել: Առաջ կարող էինք, հիմա` չէ: Պետք է օրենքը գործի և` բոլորի համար հավասարապես: Այդ դեպքում` մի բան կփոխվի: 

- Անդրադառնաք զուտ Ձեր գեղանկարչությանը: Որքան նկատեցի ծաղրածուների շարք եք նկարել` ո±ւմ կամ ինչի±, մերօրյա ի±նչ հոռի երևույթների վրա են ծիծաղում նրանք:

- Երբեմն ինքս իմ վրա էլ եմ ծիծաղում: Իսկ ծաղրածուների հավերժական թեման սիրում եմ` իրենց գեղեցկությամբ, անմիջականությամբ, ազատությամբ, արվեստի հետ կապված լինելու համար և այլն: Յուրաքանչյուր նկարին սկզբում վախով եմ մոտենում, թե` կստացվի±, իսկ նկարչության մեջ ավարտուն գործ չկա: Ես այդպես եմ աշխատում, երբեմն կարող եմ անդրադառնալ ավարտված նկարներին: Դրանք` տեսնում եք, չեմ կախում պատերին, անընդհատ անդրադառնում եմ:

- Գնորդներ ունե±ք, վաճառո±ւմ եք նկարները ...

- Վաճառում եմ, բայց շատ քիչ: Առաջ շատ էին գնորդները: Հիմա` կոլեկցիոներներն էլ ուրիշ են: Իսկ հայկական մենթալիտետով երբ ՙբազար՚ են անում` վիրավորական է: Ես Մոսկվայում քանիցս ցուցահանդեսներ եմ ունեցել, ռուս արվեստասերները մերոնց պես ՙբազար՚ չեն անում:

- Վերադառնանք Ձեր հոբելյանին: Որևէ կերպ անդրադարձ կա±, ակնկալո±ւմ եք պետական մոտեցում, միջոցառումներ ...

- Ո’չ էլ ուզում եմ, ո’չ էլ` իրենք անում են: Եթե անեին` ձայնը դուրս կգար, էլի ...

- Ծննդյան օրն ովքե±ր են լինելու Ձեր հյուրերն արվեստի աշխարհից, գործընկերներից: /Մենք զրուցում էինք վարպետի ծննդյան նախորդ օրը - Ժ.Մ./:

- Ոչ մեկը, անգամ հարազատ - բարեկամներով էլ չենք հավաքվելու: Ես ծնունդ անել չեմ սիրում: Ոչ մեկին ո’չ ասել եմ, ո’չ հրավիրել, ով գիտի` զանգ է տալիս: Եթե անգամ Մշակույթի նախարարությունն առաջարկի ինչ որ բան անել, ինչ որ կերպ անդրադառնալ, հավատացե’ք, կհրաժարվեմ, ինձ պետք չի, չեմ ուզում ...

- Մի քիչ Ձեր անձնականի մասին կպատմե±ք` հայր եք, պապիկ ...

- Այո’, և’ հայր եմ, և’ պապիկ, երկու դուստր, երկու դստրիկ թոռներ ունեմ:

Հ.Գ. Հետո` էլի խառնիխուռն բաներից խոսեցինք համեստորեն հոբելյանը դիմավորող նկարիչի հետ: Հասարակության անտարբերությունից, խնդիրներից, անորոշությունից: Անատոլի Գրիգորյանն իր գործունեության մասին պատմող ու գեղանկարներով հարուստ ալբոմը նվիրեց ու ... բարեկամաբար հրաժեշտ տվեցինք:

No comments:

Post a Comment