Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, July 15, 2011

Խաչի մեջ նաեւ սրի գաղափարը կա

 Բյուզանդի քանդված տներից քիչ հեռու, օլիգարխների թաթիկներից մազապուրծ, սակայն քաղաքամայրի կենտրոնում անշուք ու կիսավեր, բոլոր հարևանների բակը մի ոտնուղի տանում է խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի տուն: Թերևս` երևանյան հին թաղերը սիրողները, եթե անցել են Արամի փողոցով, նկատած կլինեն կարմրատուֆ խաչքարերի փոքրիկ արտադրամասը, որտեղ գլուխը կախ իր պատվերներն է կատարում ու խաչանախշում վարպետ Վարազդատը: Հարևանությամբ էլ ապրում է` կիսավեր, վառված ու խունացած փայտաշեն տնակներով բակը նեղլիկ շարունակվում էր մինչև կավարտվեր վարպետի առաջին հայացքից կանաչ օազիս հիշեցնող տան սահմաններում, իսկ բակ - նախասրահում միակ ժպտերեսիկը, թերևս, պատին երբևէ նկարված, թե պաստառապատված արևածաղիկներն էին: Դե, խաչքարագործի հետ ինչի±ց պիտի սկսենք զրույցը, եթե ոչ քարերի լեզվից ու պատվերների հանդեպ վերաբերմունք - դրսևորումներից:


Վարպետ Վարազդատն, իհարկե, զրույցը փորձեց նախաձեռնել սբ. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրած խաչքարերի մասին պատմելով, բայց հեշտությամբ էլ տեղի տվեց լրագրողական հարցուփորձերին` խաչը` սուր, համայնքի համար, թե` ՙպուզատիի՚ գերեզմանի, հասարակության արժեհամակարգի անկման դրսևորումների մասին: Տեղ - տեղ, իհարկե, նա տարվում էր քրիստոնեական Հայաստանի ու խաչի նշանակության, խաչքարազարդերի խորհուրդխորին պատմություններով:
Տիկինը ջուր ու սուրճ բերեց, գործընկերուհիս` Անի Կոստանդյանը հրաժարվեց երկուսից էլ, Վարազդատը ծխախոտ վառեց, որդին աղմուկով տնից դուրս եկավ, հայրը հասցրեց հրապարակավ կշտամբել. ՙՉոբան ա մեծանում տղես՚, որ բնորոշ է, թերևս, այսօրվա վաղ վայ երիտասարդությանը ... Մինչև` հասանք մեր հետաքրքրության սահմանին: Ի±նչ տարբերություն, խաչքարը պատրաստվում է գերեզմանի±, թե` համայնքային զբոսայգում տեղադրվելու համար: Վարպետ Վարազդատի ձեռքի տակով անցած կարմրատաշ քարից ծնված խաչերի մի մասը նվիրված են զոհված ազատամարտիկներին, նաև` համայնքային պատվերներ են, Սփյուռքից` Եղեռնի հուշարձանների համար, և, իհարկե, գերեզմանաքարեր: Վարպետը հասցրել է ապրել Միացյալ Նահանգներում, Մայամիի հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրել. ՙԱյնտեղ չկարողացա ապրել: Ես պիտի անեմ էն, ինչը որ ես եմ ուզում: Կարծես խեղդվում էի օտարության մեջ, մի տեսակ ամոթի վիճակ էր պատել ինձ: Չկարողացա` վերադարձա՚: Շատ խաչքարերի լուսանկարներն ունի միայն, որոնք արձանագրված ակնթարթում նկարագրում են, թե ո~ւր է հասել իր երեկվա ձեռքի աշխատանքն ու մտքի ծնունդը:
Պարզվում է` հայ ժողովրդին, ըստ խաչքարագործի, երբեք չի հուզել` խաչքարը կլինի զբոսայգում, գերեզմանոցում, թե` իր այգում կամ ճանապարհի եզրին: Թե որքան կարելի է հասարակացնել ու ճամփեզրի ժեռ կատարին հավասարեցնել մարդու մտքի ու բազկի համատեղ աշխատանքի համաձուլվածքը, դա խնդրի այլ կողմն է, սակայն այս մասին մանրամասներից չհիասթափվելու համար Վարազդատ Համբարձումյանին հարցրեցինք, թե` այնուամենայնիվ, Ներսես Աշտարակեցու ճշմարտությամբ. ՙԽաչի մեջ սուր՚ տեսնո±ւմ է, թե հավատքն իրենն արել ու համահավասարեցրել է ամեն ինչ: Ժամանակին թագավորները խաչքար են տեղադրել սահմանի վրա, և այսօրվա բառապաշարով` պաշտոնական այցելուներին դիմավորել դրա մոտ, նախապաշարմունք, նախապաշտամունք ստեղծել: Խաչքարն աղոթք է առ Աստված, իսկ աղոթքը նաև մարդու անկեղծ վիճակն է: Մտքերը վարպետ Վարազդատինն են, որ գալիս են դեպի անկեղծություն. ՙՈչ միայն սուր տեսնում եմ, այլև կա և մեր կյանքի մի մասն է դա: Դրանում այնքան կյանք կա, որ այլ կերպ չեմ էլ պատկերացնում: Այդ գաղափարը, հոգևոր միտքը, եթե որևէ մեկը չի կարող ընկալել, ապա համեմատելի է աղանդավորի հետ: Հնարավոր չէ, որ հավատքը պաշտպանության կարիք չունենա: Դավանափոխող թշնամիներից պարտավոր ես պաշտպանվել նաև խաչը սուր դարձնելով՚:
Խաչքարագործն, իհարկե, հիշեց նաև հիսուսյան երկիմաստ ճշմարտությունները, բայց մեր հայացքն ավելի շատ թափառում էր բակ - նախասրահում ու փորձում սոցիալականացնել զրույցն ու բարձրաբերձ մտքերից վերադառնալ դժգույն իրականություն: Տան տիկինն ու դուստրը ներսուդուրս էին անում, զբաղված էին գարնանային գոլին բնորոշ զբաղմունքներով: Գարնան զարթոնքի հետ գուցե հասարակության միտքն էլ հաղթահարի արժանապատվության մերօրյա ոտնահարվող քայլերթերն ու վերադառնա խաչ` ի բարձրյալն Աստված, թե± խաչ` ի պաշտպանություն զորաց: Վարպետի հաղթամարմին, բայց կատուների հետ մեծանալու արդյունքում խելոք շունը գարնան արևից գլուխ բարձրացրած կանաչի բույրն էր հոտոտում օդում ու գլխիկոր հետևում եկող - գնացողին, մեր հերթով զրույցին: Բակում բավական զով էր, իսկ խոսակցությունը շուլալվում էր` ներառելով թեմաներ բազում ...
Վարպետ Վարազդատը երկու միանման խաչքարեր չունի, ամեն անգամ նորովի է մտածում ու խաչքար ձևում: Ինչո±ւ ձևում, որովհետև, ինչպես զրույցի ժամանակ պարզվեց, նա մասնագիտությամբ հագուստի մոդելյոր է, սկսել է կտոր ձևելուց` ապա 1980-ականներից ձեռք մեկնել քարին, սակայն վերաբերմունքն իր գործի հանդեպ գրեթե նույնն է մնացել: Նրա ստեղծած նախշերը, նման են տառերին կամ նոտաներին. ՙԱյսօր ոչ մեկն էլ` ո’չ նոր տառ, ո’չ նոր նոտա է հորինում, սակայն շարունակ ստեղծագործություններ են ծնվում: Թվում է, թե էլ ի±նչ նոր խոսք կամ հնչյուն, մեղեդի կարող է ծնվել աշխարհում, կարծես ամեն ինչ վաղուց ի վեր ասված է, սակայն ծնվում են ամեն օր, ամեն ժամ՚: Նույն կերպ նախշերն ամեն անգամ նոր ձև, նոր տեսք են ստանում վարպետ Վարազդատի բազկի ուժով ու դառնում խաչքարի մի մասնիկ, բոլորը միասին` մի ամբողջություն, որ յուրաքանչյուրի աչքում մի նախշ է պատկերանում:
Թերևս` ցավ է, որ հայերիս մոտ գերեզմաններն էլ վերածվել են մրցակցության: Վարպետ Վարազդատի կարծիքով էլ` նույնիսկ գլուխգործոցներ կան, սակայն նա չի մեղադրում ՙայդպիսի մտքի թռիչքի տեր մարդկանց՚. ՙԵթե մարդն արվեստագետ չէ, միևնույն է, հոգևոր աշխարհում հավասարություն է: Մարդն, ասենք` ճակատագրի բերումով չի եղել արվեստագետ, դա դեռ չի նշանակում, որ իր շիրիմի վրա չպիտի արվեստի գործ ունենա՚: Այսպես` արվեստի նշաձողն օր-օրի իջեցնում ու հավասարեցնում ենք ՙախպերության՚ կանոններին ...
Ի վերջո, կտրուկ որոշեցինք սոցիալականացնել զրույցը, հետաքրքրվել, թե` խաչքարագործությունը ՙտուն պահո±ւմ է՚, քանի երեխա ունի վարպետը, հանապազօրյա հացի խնդիրը լուծո±ւմ է: Վարազդատ Համբարձումյանը պատմեց, որ հինգ երեխա ունի, ցանկացել է յոթն ունենալ, սակայն կյանքի դժվարություններն իրենն արել են, մանրամասնեց դստեր ու փեսայի ով լինելն` արվեստի ուղին ընտրելը, հուշեց հարցնել թե զավակները եթե ճշգրիտ գիտություններն ընտրեն ու մասնագիտանան, խաչի հավատքով ապրող վարպետը կընդդիմանա±: ՙԽաչքարագործությունը տուն պահում է, ոչի’նչ: Պատվերներ լինում են: Պատրաստ խաչքարերից մեկը ՙԱրաբո՚ ջոկատի զոհված տղաներին է նվիրված: Ի±նչ էլ մտածենք խաչի շուրջն ենք մտածում, տուն պահելն էլ` հարաբերական հասկացողություն է: Քչից չկշտացողը` շատից էլ չի կշտանա: Մեկի համար հանապազօրյա հացը կղզի ունենալն է, մյուսի համար` քաղցը հագեցնելը: Նորմալ է, չեմ դժգոհում: Իսկ երեխաներս` բոլորն էլ մշակութային ուղղություններով են մասնագիտանում, նման խնդիրներ չունենք՚,- անկեղծացավ վարպետ Վարազդատը:
Այնուամենայնիվ, մեր հիմնական հարցապնդման պատասխանը չէինք ստացել, ու որոշեցինք հարցը կտրուկ ձևակերպել, գուցե` վարպետին հասցնենք կատարյալ անկեղծության: Ստացվեց` ... մասամբ. ՙԱրժեքներ կան, որոնք, իհարկե, չեն վաճառվում: Դրա տերն Աստված է, ես ինչի± էդ բեռը վերցնեմ իմ վրա. Պատվիրատուն օլիգա±րխ է, թե` ինչ: Լինում են դեպքեր, երբ փորձում են ճաշակ թելադրել, խորհուրդ եմ տալիս` իրենց հարմար խաչքարագործ գտնեն: Դա ուրիշ խնդիր է: Եղել է, որ հիմարություն են ուզել` խաչի կենտրոնում հոր նկարը լինի, էն էլ` կերամիկայից, ասել եմ` էդտեղ Հիսուսի տեղն ա, հորդ տեղը չի ... Հորդ տեղը ներքևում ա: Նման բաների չեմ համաձայնվում, ուզում են միլիոն տան` չե’մ համաձայնվի՚: Մեր հարցապնդումն էլ հենց դրան էր վերաբերում, թե խաչքարի հանդեպ քրեաօլիգարխի ու մտավորական մահկանացուի վերաբերմունքի տարբերություններն ի±նչ դրսևորումներ են ունենում Վարազդատ Համբարձումյանին հանդիպելիս:
Խաչքարագործի մուրճի ձայն - համանվագը չլսեցինք: Պատրաստի խաչքարերը տեսանք ճամփեզրի փոքրիկ արհեստանոցում: Վարպետ Վարազդատը մեզ մինչև այդտեղ էլ ուղեկցեց, մեր զրույցներում դիվանագիտություն էլ նկատեց ու փիլիսոփայելուց էլ զերծ չմնաց: Դե, խաչքարագործ է, սովորական մահկանացուներիցս ավելի շատ է հաղորդակցվում հոգևոր հայրերի հետ ու բառուբանն էլ մի քիչ նույնական է դարձել: Հաջորդ անգամ Արամի փողոցով անցնելիս էլի մուրճի ձայն չլսեցինք, երևի աշխատանքները դեռ չի ավարտել եկեղեցու բակում:
Երևանյան այս նեղլիկ փողոցը հարուստ է նաև հայոց ինքնության ու հոգևոր հավատալիքներից խաչքարի նորօրյա վարպետի մեծ աշխարհի փոքրիկ անկյան հետ հաղորդակցությամբ:

No comments:

Post a Comment