ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, ՙԱվանտա՚ ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Գրիգորյանի հետ զրուցում ենք բժշկության այս ոլորտում տիրող իրավիճակի, խնդիրների և անելիքների մասին:
- Պարոն Գրիգորյան, ինչպիսի±ն է Հայաստանում, մասնավորապես` մայրաքաղաքում ստոմատոլոգիայի վիճակը:
- Վերջին տարիներին ստոմատոլոգիայի ոլորտում մեծ ու դրական տեղաշարժեր են տեղի ունեցել: Երկիր են մուտք գործել նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ, արմատավորվում են բուժման նոր մեթոդներ և սա արդեն առաջընթաց է: Բացվել և գործում են բարձր որակավորում ունեցող և ժամանակակից սարքավորումներով հագեցված կլինիկաներ: Միևնույն ժամանակ ունենք լուրջ և խորացող խնդիրներ` կապված մասնագետների անթույլատրելի մեծ քանակի, նրանց` հիմնականում Երևան քաղաքում կենտրոնացման և իրականացվող աշխատանքների ոչ միշտ բարձր որակի հետ: Այս և մի շարք այլ խնդիրներ պետք է լուծվեն:
- Իսկ մրցակցությունը ստոմատոլոգների և ստոմատոլոգիական կլինիկաների միջև որքանո±վ է քաղաքակիրթ:
- Ստոմատոլոգիական ասոցիացիաները, առաջադեմ ստոմատոլոգները պարբերաբար բարձրաձայնում են հարցեր մասնագետների անթույլատրելի մեծ քանակի մասին: Տարեկան հանրապետությունում ավարտում են բավականին շատ ստոմատոլոգ-շրջանավարտներ, որոնց կարիքն, իսկապես, մենք չունենք: Նրանք բնականաբար համալրում են մեր շարքերը և թվում է, թե պետք է լինի առողջ մրցակցություն, ինչից միայն կշահի այցելու-հիվանդը: Մինչդեռ` դա այնքան էլ այդպես չէ, որովհետև մրցակցությունը ծավալվում է հիմնականում գնային քաղաքականության շուրջ: Ստոմատոլոգիայում գներն անվերջ իջեցնել հնարավոր չէ: Դա կարելի է անել միայն անորակ նյութեր օգտագործելու կամ մեթոդիկան ճիշտ չկիրառելու դեպքում: Փաստորեն` դրանից հիվանդը չի շահի, այլ միայն սպասարկման որակը կընկնի: Եթե ստոմատոլոգիայի ոլորտում շարունակվի կադրերի աննպատակ ՙարտադրությունը՚, տարիներ հետո մենք իսկապես ավելի վատ հետևանքներ կունենանք:
- ՀՀ գլխավոր ստոմատոլոգն անհա±տ է, թե որոշակի համակարգ, ինստիտուտ:
- Ոչ, գլխավոր մասնագետն ավելի շատ նման է անգլիական թագուհու կարգավիճակին. անվանումը կա, բայց այն հասարակական պաշտոն է, ոչ պետական: Գլխավոր ստոմատալոգն, ինչպես նաև մյուս բուժոլորտների գլխավոր մասնագետները, չունի ամրագրված լծակներ և լիազորությունների կոնկրետ շրջանակ:
- Ստոմոտալոգիայի ոլորտում բազմանուն միություն-ասոցիացիաներ կան: Դրանք որքանո±վ են կարողանում համակարգել դաշտը:
- Այս ոլորտում ստեղծվել է մի իրավիճակ, որ կան 4-5 մասնագիտական միավորումներ: Ըստ էության, բոլորն էլ նույն խնդիրներն են բարձրացնում: Եթե ուսումնասիրենք դրանց կանոնադրությունները` կնկատենք, որ շատ դրական բաների մասին է գրված, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ ասոցիացիաները չեն կարողանում միասին աշխատել: Այստեղ ևս խնդիրներ ունենք: Համակարգված քաղաքականություն չի տարվում, չկա հզոր, մեկ միասնական ասոցիացիա, որը նեցուկ կլինի ՀՀ առողջապահության նախարարությանը` այս ոլորտի խնդիրներն առաջադրելու և լուծելու համար:
- Մենք հաճախ ենք լուսաբանում ստոմատոլոգիական մեծ ու փոքր կլինիկաների ու ասոցիացիաների գործունեությունը և, ըստ մեզ, նրանց միջև մրցակցությունը հիմնականում ձևավորվում է ատամների իմպլանտացիայի ձևերի և գների, մեթոդների շուրջ: Դրան զուգահեռ հիվանդանոցների դիմածնոտային բաժանմունքների ղեկավարներն են ռենտգեն սարքավորումներ ձեռք բերում, տարանուն կազմակերպություններ ստեղծում ու մասնակցում ոլորտի մրցակցությանը: Այսօր ի±նչ վիճակ է իմպլանտոլոգիայի ոլորտում, ի վերջո, ո±րն է ճիշտը, բա±ց վիրահատությունը, թե±` ճշգրիտ ու մեքենայացված տեղադրումը:
- Իմպլանտոլոգիան համարվում է ստոմատոլոգիայի նորագույն մեթոդներից մեկը և վերջին տարիներին լայն թափով մուտք է գործել նաև Հայաստան: Բնականաբար, մրցակցություն կա, կլինիկաներն ու մասնագետները հետևում են մեկը մյուսին, առաջարկում տարբեր համակարգեր և վարում են տարբեր գնային քաղաքականություն: Շատ երիտասարդներ, նորավարտ բժիշկներ` ցանկանալով զբաղվել ատամնային իմպլանտացիայով, ձեռք են բերում սարքավորում, բայց մոռանում են, որ ամեն ինչի հիմքում պետք է լինի գիտելիքը, ուսումնառությունը: Այստեղ, իսկապես, լուրջ խնդիրներ եմ տեսնում, քանի որ դրանից տուժում է հիվանդը: Պացիենտին տարբեր տեղերում կարող են առաջարկել ոչ շատ որակով իմպլանտներ և ոչ բարձր մակարդակով կարող են իրականացնել նմանատիպ բուժումը: Ես եղել եմ առաջիններից, ով 90-ականների կեսերից սկսել է զբաղվել ատամնային իմպլանտացիայի հիմնախնդիրներով և իմ գիտական աշխատանքն ամբողջությամբ նվիրված է այս ոլորտին: Անցած տարիների ընթացքում կուտակել ենք զգալի փորձ: Ես, օրինակ, վերապատրաստվել եմ` թե’ Միացյալ Նահանգներում, թե` Եվրոպայում, մասնակցել և մասնակցում եմ միջազգային գիտաժողովների: Անձամբ ճանաչում եմ մի քանի մասնագետների, ովքեր իսկապես վերապատրաստվել են արտերկրում, ստացել են բազային գիտելիքներ: Մինչդեռ` շատերն, ովքեր այսօր իմպլանտացիա են անում, չունեն` ո’չ որակավորում, ո’չ փորձ, ո’չ գիտելիք: Դա արդյունք է այն բանի, որ Հայաստանում դեռ չունենք իմպլանտացիայի հետբուհական մասնագիտացում, որտեղ կլինիկական օրդինատորը կարող է ստանալ ստոմատոլոգ-իմպլանտոլոգի որակավորում: Լավ չէ, որ որոշ կլինիկաների ղեկավարներ այս մեթոդը դիտարկում են միայն ֆինանսական հոսք ապահովելու տեսանկյունից: Այստեղ` լուրջ վտանգներ եմ տեսնում:
Ինչ վերաբերում է իմպլանտատների տեղադրման մեթոդներին, ապա կարող եմ ասել, որ տարբեր ձևեր կան և մասնագետն ինքը պիտի կարողանա ճի’շտ ախտորոշել, ճի’շտ պլանավորել, ճի’շտ ներկայացնել հիվանդին և կոնկրետ դեպքի համար ընտրել այն լավագույն մեթոդը, որը կապահովի առավելագույն դրական արդյունք: Իսկ տեղադրման ձևի հարցում. միանշանակ չի կարելի ասել` բաց վիրահատությո±ւնն է ճիշտը, թե` փակը: Դա կախված է կոնկրետ կլինիկական իրավիճակից:
- Ձեր ղեկավարած ՙԱվանտա՚ ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնում իմպլանտացիան ի±նչ հիմքերի վրա է դրված:
- ՙԱվանտա՚ ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնը հիմնադրվել է 2003 թ.-ին: Մեր հիմնական նպատակը եղել է արդիական տեխնոլոգիաների ներմուծումն ու կիրառումը Հայաստանում: Մեր կլինիկայում այցելուին կարող ենք տրամադրել ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժում` այսօրվա ամենաբարձր մակարդակով: Թող անհամեստ չհնչի, բայց ժամանակին իսկապես մեծ դեր ենք կատարել. բարձր նշաձողեր սահմանելով` խթանել ենք ժամանակի պահանջներին համապատասխանող մասնավոր սեկտորի զարգացմանը: Մեզ մոտ ուսանելու և վերապատրաստման եկող ուսանող-ստոմատոլոգները տեսել են արևմտյան մակարդակի ստոմատոլոգիական կլինիկայի գործունեություն:
- Ի±նչ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով:
- Կենտրոնն ամբողջությամբ հագեցված է գերմանական ՙՍիմենս՚ ընկերության սարքավորումներով` ատամնաբուժական համասարքեր, թվային ռենտգեն ախտորոշման սարքեր, որոնց թվում նաև թվային օրթոպանտոմոգրաֆ, որոնք հնարավորություն են տալիս նվազագույն ճառագայթման պայմաններում ստանալ ախտորոշային բարձր որակի պատկեր: Թվային ռենտգենի առավելություններից մեկն էլ այն է, որ համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել ճիշտ հաշվարկներ, չափումներ, ինչը շատ կարևոր է, մասնավորապես` ատամնային իմպլանտացիայի դեպքում և բարձրացնում է մեր բուժման արդյունավետությունն ու որակը: Օգտագործում ենք ամենահայտնի ընկերությունների նյութերն ու իմպլանտատների, թերևս, ամենալայն տեսականին Հայաստանում: Յուրաքանչյուր դեպք պլանավորվում է` նախքան բուժումն սկսելը, այցելուին լիովին ներկայացվում է այն պատկերը, որը նա կունենա բուժումից հետո և միայն նրա համաձայնությունը ստանալուց հետո սկսում ենք բուն գործունեությունը: Իրականացված յուրաքանչյուր դեպքի համար տրվում են իրական երաշխիքներ:
- Որքանով նկատեցի, Դուք ոչ միայն տնօրեն եք, այլև` անձամբ մասնակցո±ւմ եք բուժական պրոցեսին:
- Ես կլինիցիստ եմ և չեմ ուզում դառնալ նստակյաց տնօրեն: Սիրում եմ իմ մասնագիտությունը: Ճիշտ է, աստիճանաբար ավելի քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել թերապևտիկ և օրթոպեդիկ բուժմանը, ավելի շատ զբաղվում եմ ատամնային իմպլանտացիայով, բայց հուսով եմ, որ դեռ շատ երկար տարիներ կաշխատեմ որպես բժիշկ, քանի որ տեսնում եմ աշխատանքիս արդյունքը և կարծում եմ` դա գոհացնում է իմ այցելուներին: Դա էլ ինձ աշխատելու ուժ է տալիս:
- ՙԱվանատա՚-ում ունե±ք կարգախոս, որով առաջնորդվում եք:
- Դրանցից մեկը. ՙԱյցելեք մեզ և մենք անպայման կբարեկամանանք՚:
- Պետական տեղամասային պոլիկլինիկաներում, ճիշտ է, ստոմատոլոգիական բուժումը վճարովի է, բայց առաջնային ամբուլատոր բուժսպասարկումն անվճար դառնալուց հետո քաղաքացիների առողջական վիճակը բարելավվե±լ է:
- Որոշ չափով, երևի` այո’, բայց դա շատ հեռու է այն ցուցանիշներից, որ ցանկալի է տեսնել: Նախ` պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժման համար հատկացվող գումարները, հատկապես` ստոմատոլոգիայի համար, հեռու են բավարար և բարձր մակարդակի բուժում իրականացնելու համար: Այդ հարցը տարբեր քննարկումների ժամանակ բարձրաձայնել եմ: Հնարավոր չէ այդ գներով լիարժեք բուժել ատամը` օգտագործելով որակյալ նյութեր: Հասկանալի է, դա բխում է երկրի հնարավորություններից: Խնդիրներից մեկն էլ մարդկանց մտածելակերպն է: Հիմնականում քաղաքացիները դիմում են մեզ միայն այն ժամանակ, երբ ՙդանակը ոսկորին է հասել՚, ընթացիկ խնամք, պրոֆիլակտիկ այցեր գրեթե չեն լինում: Այդ իսկ պատճառով առողջապահական համակարգի կազմակերպիչները, պրակտիկ ստոմատոլոգները բավականին մեծ աշխատանք ունեն տանելու բնակչության մոտ սեփական ստոմատոլոգիական առողջության նկատմամբ համապատասխան վերաբերմունքը զարգացնելու ուղղությամբ: Նման մտածելակերպի արմատավորման դեպքում հաստատ կունենանք իրավիճակի բարելավում:
- Գուցե’ օրենսդիր, գուցե’ գործադիր մարմինների կողմից ինչպիսի± միջամտութուն է անհրաժեշտ ստոմատոլոգիայի ոլորտի խնդիրները լուծելու, ինքնագործունեությունը կանխելու համար:
- Հիմնական շեշտը պետք է դրվի շրջանավարտների լիմիտավորման վրա: Պետությունը պետք է սահմանի, թե յուրաքանչյուր ուստարում քանի± ստոմատոլոգներ պիտի ավարտեն պետական և ոչ պետական բուհերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ստոմատոլոգների մեծ մասը կենտրոնացած է Երևանում, մինչդեռ` որոշ շրջաններում և գյուղերում ստոմատոլոգներ չկան: Ստոմատոլոգներին լիմիտավորելու, մասնագետներին ու կլինիկաներին պարբերաբար լիցենզավորելու դեպքում` ոլորտը կհամակարգվի: Ստոմատոլոգը պետք է ժամանակ առ ժամանակ վերահաստատի իր գիտելիքների մակարդակը: Երևի թե ճիշտ կլիներ ստոմատոլոգիական կենտրոններին շնորհել աստղային կամ կարգավիճակային ինչ-որ չափանիշներ, որպեսզի քաղաքացին կլինիկայի արտաքին տվյալներից կարողանար կողմնորոշվել և հասկանալ, թե ինչ տեսակի ստոմատոլոգիական բուժում այդտեղից կարող է ակնկալել: Այսօր քիչ չեն այն կլինիկաները և անհատ բժիշկներն, ովքեր չունենալով համապատասխան մասնագիտացում և պետական լիցենզիա, իրականացնում են գործունեություն:
- Ինչի± մասին կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:
- Վերջին մեկ-երկու տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունում ավելացել է հետաքրքրությունը ստոմատոլոգիայի ոլորտի և խնդիրների հանդեպ և արդեն ունենք գործնական քայլեր, որոնք ուղղված են ոլորտը կանոնակարգելուն, ավելի քաղաքակիրթ շրջանակներում գործելուն: Օրինակ. բոլորովին վերջերս Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են համընդհանուր ստոմատոլոգիական բժշկական քարտերի ձևերը` հիվանդներին կլինիկաներում հաշվառելու, մատենավարելու և բուժում իրականացնելու համար: Կարծում եմ` այս և նմանատիպ այլ քայլերով հնարավոր կլինի ոլորտը դարձնել քաղաքակիրթ և ժամանակակից:
No comments:
Post a Comment