Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, June 27, 2011

Իմ քաղաքն իմ տունն է ...

Արարատ քաղաքում հուլիսի 3-ին կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Առաջադրվել և բավական բարդ ու սուր ընտրապայքարում են երկու թեկնածուներ` Արարատի նախկին և գործող քաղաքապետեր Հակոբ Թովմասյանն ու Աբրահամ Բաբայանը: Հակոբ Թովմասյանն այժմ ՙԱրարատ ԲԿՏ՚-ի տնօրենն է: Նրա հետ հանդիպեցինք գրասենյակում և զրուցեցինք ընտրությունների ընթացքի, խնդիրների մասին: Նրան ուղղեցինք նաև բակերում մեր զրույցների ժամանակ իրեն ուղղված հարցադրումները:

 
- Պարոն Թովմասյան, սկսվել է նախընտրական քարոզարշավը, ինչպե±ս է ընթանում այն:

- Ես հանդիպում եմ անհատ քաղաքացիների ու կոլեկտիվների հետ: Քարոզչությունը նորմալ է ընթանում: Միակ մտավախությունը, որ կա բոլոր ժամանակներում` ընտրակեղծիքներն են, այլ կերպ ասած` ընտրակաշառքը, որ թուլացնում է ոչ միայն համայնքը, պետությունն, այլև ընդհանրապես մարդու տեսակը: Ի վերջո, խնդիրն իմ քաղաքապետ լինել - չլինելը չէ: Պարզապես` նմանատիպ երևույթները պետք է արմատախիլ արվեն: Դա պիտի անենք բոլորս միասին, բնակիչը, ընտրողը, քաղաքացին, ավելի շատ` պետությունը: Այսպես շարունակելը հղի է ծանրացուցիչ հանգամանքներով: Այլապես` կարելի է ընտրվել քաղաքապետ, աշխատանք չանել, որովհետև ընտրակեղծիքներով ընտրությունից հետո կողմերից և ոչ մեկը մյուսի հանդեպ պարտավորություններ չունի: Այդպես կարելի է ընտրություններից մի քանի ժամ առաջ մի տեղ վրան ամրացնել, ընտրողների ցուցակը փակցնել, ըստ այդմ` գումար բաժանել և ընտրվել քաղաքապետ: Այսպես` ծրագրեր ներկայացնելը, մարդու հետ մարդավարի վարվելը կդառնա անիմաստ:

- Այդ դեպքում` այս պայմաններում, ինչո±ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը ...

- Ես չէի կարող տեսնել, թե ինչ է կատարվում իմ քաղաքում և ձեռքերս ծալած նստել, երբ աչքիս առաջ է ամեն ինչ: Վերջին հաշվով` պետք է լինի մեկն, ով կասի` բավակա’ն է, չի’ կարելի: Ես, որպես Արարատ քաղաքի բնակիչ, կտրականապես դեմ եմ գործող քաղաքապետին: Նախորդ ընտրություններում կարծես կարգախոս էլ ունեի` ընտրեք ում ուզում եք, ոչ իրեն և նշում էի, թե ինչեր կարող է անել: Ցավում եմ, բայց իմ կանխատեսումները 100 տոկոսով իրականացան: Միայն չէի կանխատեսել, որ կարող է վաճառել քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճը, դա էլ եղավ:

- Բայց, ներեցեք, գործող քաղաքապետն էլ Ձեզ է մեղադրում, որ այն տարիներին, երբ Դուք էիք քաղաքապետ, վաճառել կամ սեփականաշնորհել եք քաղաքի կենցաղի տունն ու հանրախանութը:

- Ես ի±նչ կարող եմ ասել մի մարդու, ով չգիտե, որ դրանք երբևէ համայնքային սեփականությունը չեն եղել: Ձեր նշած երկու օբյեկտներն էլ եղել են գերատեսչական նշանակությամբ տարածքներ և վաճառվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: Ավելին, երբ դրանք ներառվել են ՀՀ կառավարության ապապետականացման ցանկում, այդ տարիներին ես քաղաքապետ չեմ եղել: Հիմա էլ` նա հայտարարում է, թե ամեն ինչ անելու եմ, որ քաղաքից արտագաղթ չլինի: Միայն ասելով չէ: Եթե նա մտածում է արտագաղթը կանխելու մասին, ապա թող իր որդուն` ի դեպ, անմիջապես քաղաքապետ ընտրվելուց հետո, չհեռացներ հարազատ քաղաքից: Իսկ եթե կարիքը զգացվի` կարող եմ չակերտներ բացել, թե ի±նչ հիմունքներով է քաղաքապետի որդին ապրում Ֆրանսիայում: Եվ ընդհանրապես` բոլոր օբյեկտների կեղծիքով սեփականաշնորհման և դրանց փաստաթղթային ձևակերպումների մասին, ես դիմել եմ ՀՀ նախագահին, դատախազությանը: Գործն ընթացքի մեջ է, ես գնալու եմ մինչև վերջ, անգամ եթե հարկ լինի մինչև եվրոպական դատարան:

- Դուք ՙԱրարատ ԲԿՏ՚ տնօրենն եք: Քաղաքացիները դժգոհում են, թե ժամանակի կենցաղսպասարկման համար վարձավճարները հիմա դատական հայցով եք պահանջում, ճի±շտ է արդյոք:

- Նախ` ես ցավում եմ, որ հարազատ քաղաքի բնակչության հետ ստիպված եղա խոսել դատարանում, խնդրի լուծումն ակնկալել դատարանից: Պարզապես` այս ընկերության բաժնետերերը, որոնց հետ ես որևէ կապ չունեմ, որոշեցին նախ դիմել գործող քաղաքապետին, որպեսզի նա ընդունի պարտքերը ինչպես որ նախկինում 26.05.98 թ.-ի Արարատի ավագանու թիվ 5 որոշմամբ քաղաքապետ Գագիկ Գասպարյանը հանձնել էր ընկերությանը պարտքերը: Այսօրվա գործողն էլ` նախ բնակիչներին ասել էր, թե մի վճարեք պարտքերը, ես կմարեմ, ապա` հրաժարվեց դա անել: Վերջում հայցելով բնակիչների ներողամտությունը, նշեմ, որ մենք ոչ իրավաչափ գործողություններ չենք իրականացրել: 

- Լավ, ընտրապայքարում ի±նչ եք խոստանում արարատցիներին ...

- Առաջինը. խոստանում եմ, որ Արարատը կլինի մրցունակ համայնք, կունենանք մրցունակ կադրեր: Սոցիալական լարվածությունն այս քաղաքում անհամեմատ կնվազի: Դա քաղաքային իշխանությունների մեղքը չէ, սա արդյունաբերական բնակավայր է, ի տարբերություն մյուս քաղաքների, այստեղ գյուղատնտեսական հողեր չկան: Իսկ արդյունաբերականն` ամենաարագ զարգացող և միևնույն ժամանակ` ամենաարագ ետընթաց ապրող բնակավայրերից է: Այսօր քաղաքի ամբողջ արդյունաբերությունում աշխատում է ընդամենը 2 հազար քաղաքացի: Այս պայմաններում միջազգային դոնոր կազմակերպություններին չներգրավելը, պարզապես` աբսուրդ է:
Ժամանակին մենք բոլոր արարատցիներին ոռոգման ջուրը տալիս էինք բացառապես անվճար` 1994 - 2007 թթ., որովհետև գործ ունեինք սոցիալական խավի հետ: Բացի այդ` Արարատում լուրջ բնապահպանական հիմնախնդիր կա, իսկ ոռոգման ջրով ապահովվածության պայմաններում մարդիկ ծառեր էին տնկում, բուսականություն աճեցնում: Ոռոգման ջուրը նաև զբաղվածության խնդիր է լուծում, մարդը բանջարեղեն է աճեցնում, վաճառում և ընտանիքի նվազագույն խնդիրները հոգում: Եվ մյուսը` հանրակացարանային տնտեսություններում առավել քան սոցիալական անապահով վիճակ է, այս ընթացքում` ոչ մի ներդրում չի արվել: Մինչդեռ` մենք նրանցից ոչ մի դրամ կենցաղային վարձ չէինք գանձում: Այսօր բոլորին համահավասար հարկում են:
Հիմա խոսում են, թե իբր, ժամանակին մանկապարտեզ եմ սեփականաշնորհել: Այդպիսի բան չկա և չի կարող լինել: Այն մանկապարտեզը, որի մասին խոսում են, եղել է Արարատի ցեմենտի գործարանի ենթակայությամբ և մինչև 2002 թ. աշխատողները վերջնահաշվարկ են ստացել գործարանից: Ավելին` ժամանակին բարեգործական ճաշարան էր գործում ծերերի համար, որ իրականացվում էր ՙԱռաքելություն Հայաստան՚ ՀԿ-ի հետ համատեղ, հիմա` փակվել է:
Իմ քաղաքապետ եղած տարիներին, նաև իմ թիմի աշխատանքի արդյունքում բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ծրագրեր էին իրականացնում Արարատում: Անցած տարիներին` գործող քաղաքապետի օրոք, ամբողջովին շեղվել են նորմալ այդ ուղուց: Ավելին` ոչ մի ֆինանսական դոնոր կազմակերպություն ներգրավված չէ քաղաքային իշխանությունների կառավարման գործընթացներում: Նրանք և’ փորձ ունեն, և’ ուսուցանում էին, և’ ինչու չէ, նաև ֆինանսական ներդրումներ էին կատարում, որի կարիքը հանրապետության բոլոր քաղաքները, առավել ևս` իմ քաղաքը շատ ունի: Բոլոր ծրագրերը դուրս են մնացել: Ես հիմա էլ աշխատում եմ միջազգային ծրագրերով և չընտրվելու դեպքում ոչինչ չեմ կորցնի:
Գործող քաղաքապետը հրապարակավ քննադատում է անգամ ինձնից առաջվա քաղաքապետ Գագիկ Գասպարյանին, որի կառավարման օրոք` նա ՀՀՇ-ի թևի տակ էր գործում: Փոխարենը` ես գնահատում եմ պարոն Գագիկ Գասպարյանի աշխատանքը, ով կառավարել է անհամեմատ ծանր ժամանակահատվածում, երբ պատերազմ էր, հանապազօրյա հացի խնդիր կար և նա իր բուն պարտականությունները թողած` զբաղվում էր նմանատիպ հարցերի կարագվորմամբ` ի բարօրություն արարատցիների: Նախորդներին չգնահատելը սովորական երևույթ է դարձել գործող քաղաքապետի համար, մինչդեռ` այդպես չի կարելի: Այնժամ` ես կոմունալ ծառայության տնօրենն էի և Արարատ քաղաքը կանաչապատման ու սանիտարական մաքրության արդյունքներով` հանրապետությունում առաջին մրցանակն է ստացել:
Այժմ էլ, աղբահանությունը քաղաքում իրականացվում է 120 դրամով, երբ ես քաղաքապետ էի, 80 դրամ էր: Առաջարկել եմ բազմիցս, որ բաց ու թափանցիկ մրցույթ հայտարարեն, մենք կրկին պատրաստ ենք 80 դրամով իրականացնել այդ ծառայությունը` չեն անում: 

- Այնուամենայնիվ, Արարատի քաղաքապետի ընտրություներում կանխատեսվում են բախումներ, խնդիրներ ընտրությունների օրը: Այդպիսի նախադրյալներ կա±ն:

- Իմ կողմնակիցներից այդպիսի բան չի կարելի սպասել: Մերոնք իրենց շատ կոռեկտ են պահում, հակադիր խոսակցություններին վերաբերվում ենք հումորով: Այդպես եմ խնդրել անել բոլոր թիմակիցներիս: Ընտրապայքարում մեր մի աչքը կույր, մի ականջը խուլ պետք է լինի: Ոչինչ, մենք այս քաղաքում ենք ապրում և ամեն ինչն ընտրություններով չի պայմանավորված: Եթե թեկնածուն իր ուժերի վրա վստահ է, եթե հավատում է, որ բնակիչն իրեն արդար ճանապարհով կընտրի, թող իրեն թույլ չտա փող բաժանել:

- Արարատում կա± քաղաքական կյանք և ո±ր կուսակցություններն են պաշտպանում Ձեր թեկնածությունը:

- Բոլոր քաղաքներում էլ կա քաղաքական կյանք, կան քաղաքական ուժեր: Իսկ քաղաքապետի ընտրությունը քաղաքական չէ, սա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է և որևէ թեկնածուի խորհուրդ չէի տա, որ հույսը դնի քաղաքական որևէ ուժի վրա: Ես անկուսակցական եմ և դա ինձ համար խնդիր չէ: Իմ հույսը ժողովուրդն է, ընտրողը, քաղաքացին: Ես հանդիպում եմ, խոսում եմ, բացատրում, խնդրում, կընտրեն` շնորհակալ կլինեմ:

- Քաղաքացին ինչո±ւ պետք է ընտրի Ձեզ, ինչո±վ առաջնորդվի:

- Որովհետև` նա տեսել է, թե ինչպիսի քաղաքապետ եմ եղել, նա գիտի, որ եղել եմ հասանելի, գիտի, որ հնարավորինս ծրագրվածն արել եմ, գիտի, որ հրաշալի ծրագրեր էին իրականացվում քաղաքում, գիտի, որ ամեն ինչ լավ է լինելու: Քաղաքացին շատ - շատ բաներից քաջատեղյակ է:

- Ունե±ք կարգախոս, որով առաջնորդվում եք ...

- Այո’, ինչպես նախկինում. ՙԻմ քաղաքն իմ տունն է՚ և ՙՄիասին շարունակենք սկսած գործը՚: Այս կարգախոսների տակ եմ առաջին անգամ ընտրվել, երկրորդ անգամ` վերընտրվել և այսօր էլ շարունակում եմ ...

- Եվ վերջում. Ձեր կոչն ընտրողներին:

- Իմ ընտրողներին կցանկանայի համբերություն, զգոնություն և, որ քվեարկեն խղճի մտոք: Ինչ էլ խոստանան, ինչ էլ` լինի, մարդը երբ մտնում է ընտրատեղամաս, թող ընտրություն կատարի միայն խղճի մտոք:

No comments:

Post a Comment