Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, June 3, 2011

Մենք` մեր երկրի իսկական տերերը

Տարիներ առաջ` ավելի ստույգ, անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ Հայաստանն, ընդամենը մի քանի տարի առաջ ապրած իր ոգեղենության մասին մոռացած, միակ ուժն ու եռանդը վատնում էր անձնական գրադարակների հատորները կամ ժամանակին զրկանքներով գնված դաշնամուրը վառելիք դարձնելով` ցրտահար չլինելու համար. երբ մեկ կիլոգրամ ոսպ ու մսի փոշի ստանալով հայ մարդը իրեն երջանիկ էր համարում, երբ արդեն նկարիչի հետ հրապարակման պատրաստ հարցազրույցը` նրա ահաբեկված թախանձանքով տպարան գնալու փոխարեն նետվում էր աղբաման, և պարզվում էր, որ արվեստագետին, Գլխավոր ոստիկանն անձամբ է սպառնացել հրդեհել արվեստանոցը, եթե նկարիչը համարձակվի որևէ բացասական կարծիք հայտնել իրականության մասին, երբ երկիրը միտումնավոր, ծրագրված ու հետևողականորեն խորասուզում էին խավարի, քաղցի ու համատարած սարսափի մեջ, երբ մութ ու ցուրտ գիշերներին իշխանության եկած լակոտն իր ՙգաղափարական՚ հակառակորդներին ահաբեկչության ենթարկելու նպատակով, կաշառված ու ծախված ոստիկան ու չեկիստ չինովնիկներին ուղարկում էր նրանց բնակարանների դռները կոտրելու, երբ օրը ցերեկով, իշխանության ՙհամն առած՚ ՙգեներալներն՚ արնակալած աչքերով իրենց հաշմված ու անկյալ ձեռնասուներին հրամայում էին ինքնաշարժերը կանգնեցնել և բոլոր հասուն տղամարդկանց ապօրինաբար և բռնությամբ ՙհայկական բանակ՚ քշել … 


Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ տղամարդկանցից և ինչու չէ, նաև կանանցից շատերը կամավոր զինվորագրված պաշտպանում էին Հայաստանի սահմանները, երբ անամոթաբար ստելով` հայտարարում էին, թե Հայաստանը շրջափակման մեջ է, իրականում` ընդամենը Լևոն - Վանո - Վազգենսարգսյանական հանցագործ ՙթայֆան՚, տիրանալով և ստեղծելով իր միահեծան իշխանությունը, մազութն ու նավթը խայտառակ գներով վաճառում էր, արդեն ամեն ինչ կորցրած և ձմեռային պահածոները փողոցային շուկաներում մի քանի կոպեկով ծախող ժողովրդին, երբ սեփական ժողովրդին ստրկացնող ու երկիրը հարստահարող նույն այս արկածախնդիր խմբակն իրականացնում էր նաև ժողովրդին հոգեբանորեն ու ֆիզիկապես կեղեքելու Կրեմլի հանձնարարությունը, երբ հայկական բանակում արդեն սպանում էին հայ զինվորներին ու լրատվությունից և նույնիսկ հեռախոսակապից զրկված հային դրացի չեկիստ ՙվեցնոցի՚ միջոցով համոզում, թե մեր թշնամին ոչ միայն մենք ենք, այսինքն` իշխանության գլուխ անցած սատրապն ու շնականներն, այլ ադրբեջանցին ու թուրքը, երբ մի քանի խանդավառ ՙհայրենասեր՚ 250 գրամ սառած ու ցամաք հացի օրապահիկը թևի տակ գոչում էր, թե գոնե ՙանկախացել ենք՚` մոռանալով, թե որևէ անկախ պետություն իր երկրում օտար` ռուսական բանակի ներկայությունը հանդուրժել չի կարող. ու երբ հիշեցնում էիր, ինքն իրեն հակասելով պնդում էր, թե բա ո±նց կլինի, որ ռուսը մեզ չպաշտպանի թուրքից …
Արդեն այդ ժամանակ հստակ էր, որ սրանք ռուսական զորքերին սիրով ու հավատարմորեն պետք է կերակրեն, որովհետև նրանք հային ոչ թե թուրքից ու ադրբեջանցուց են պաշտպանելու, այլ իրենք` Կրեմլի օգնությամբ իշխանությունը զավթած ապիկարներին` ռուսի թիկունքում, եթե հանկարծ խավարից, ցրտից ու քաղցից հոգնած հայը ըմբոստանա իրենց դեմ: Իսկ թուրքից և ադրբեջանցուց հայ մարդը միշտ ինքն է իրեն պաշտպանել: Ռուսական զորքերն էլ միշտ առնվազն երեք ժամով են ուշացել ...
Այսօր Հայաստանը դատարկված ու ամայացած է: Լրատվական համատարած բացակայության, չիմացության, տգիտության ու անկրթության մղձավանջային երկրում, ուր մի քանի սերունդ զրկվեց գոնե տարրական կրթություն ստանալու հնարավորությունից, ուր աղավաղվում է հայոց լեզուն, ոտնահարվում են մարդկային ու ազգային բոլոր արժեքները, ուր ապրելն էլ գնալով դառնում է անհնարին, ուր հայրենասիրությունն ու հայասիրությունը սկսում ու վերջանում է կամ իշխանություններին քծնելով ու նրանց արոտավայրերում արածելով, կամ էլ` արդեն մաշված և այս իրականության սկիզբը դրած նախահոր կուռքը պաշտելով, կարծես անհուն ջրհորից, ՙհայրենասիրական՚ վայնասուններ են լսվում բոլոր այն առիթներով, եթե որևէ մեկը փորձում է որևէ կերպ բացահայտել հայի գետնաքարշ ու ստորաքարշ գոյությունը, եթե որևէ մեկը հանդգնում է նախաձեռնել մի գործունեություն, որին մասնակցելով` հայը կարող է ոչ միայն ոտքի կանգնել ու արժանապատվորեն պահանջել իր մարդկային ու ազգային իրավունքները, այլ նաև թոթափել, բառիս բուն իմաստով ձերբազատվել ստրկությունից: Վայնասուն են բարձրացնում ...
Արդեն 20 տարի, հային պատերազմի և կամ պատերազմի սպառնալիքի մեջ պահելով, այսօր ստեղծվել է մի հասարակություն, որ մեր պայքարի ոգեղեն տարիներին բնավ չէինք էլ երևակայում: Դեռ որքա±ն ենք մոլորված մնալու, թե միայն մե’կ թշնամի ունենք, որ ադրբեջանցի - թուրքն է, և մե’կ բարեկամ, որ ռուսն է: Այսօրվա երկրի ազգայնական - հեղափոխական - իշխանամետական եռքի ժամանակ տակից դուրս պրծած այն խավը, որ վրդովված է ադրբեջանական շարժանկարների փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության առիթով, հեռավոր գաղափար անգամ չունի հենց հա’յ մշակույթի մասին: Մինչդեռ` արժանապատիվ ու խելացի որևէ ժողովուրդ, երբե’ք հույսը չի դրել երրորդ, օտար ուժի վրա: Որովհետև հայ - ադրբեջանական, կա’մ հայ - ռուսական, կա’մ հայ - վրացական հարաբերությունները միայն ու միայն հայի և ադրբեջանցու, հայի և թուրքի, հայի ու վրացու լուծելու հարցն է:
Առհասարակ, երբ որևէ երևույթի առիթով առաջարկում եմ հիշել մեր և’ հեռավոր, և’ մոտակա անցյալը, ցաք ու ցրիվ ձայներ են գալիս, թե այդ անցյալն այսօր հիշելու կարիք չկա, նաև` անընդհատ հիշեցնելու, քանի որ ասածս ՙանցած - գնացածի՚ հետ կապելն անիմաստ է: Քանի որ ՙայսօրվանները՚ կապ չունեն, և նույնիսկ ավելի սարսափելի են, քան` անցյալի մեր ՙգործիչներն՚ իրենց արարքներով: Բայց ես միևնույն է պետք է հիշեմ և հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր վստահ են, թե անցյալն ու ներկան իրար հետ առնչություն չունեցող և իրարից առանձին իրականություններ են: Խոսքս այն մասին չէ, թե եկեք եղածը մոռանանք ու սկսենք հիմա էլ թուրքին կամ ադրբեջանցուն ստրկանալ: Այն է, որ եթե մեր ազգային շահը գերադասում ենք ամեն տեսակի նախապաշարմունքից, ապա նախ չմոռանանք որ թշնամին միայն թուրքն ու ադրբեջանցին չէ, այլև այն կայսրությունը, որ մեզ գերավարում է ավելի քան երկու հարյուր տարի, և ապա, կարողանանք առանց նեղմտության պատրաստ լինել ամեն տեսակի բանակցության և ամեն մեկի հետ: Բայց արդյո±ք իմաստնություն ունենք փրկություն ու ելք որոնելու:
Եթե այսօր փրկության որևէ ելք կա, ապա դա անպայման, նախևառաջ ինքնաճանաչումն է: Մենք ինքներս մեզ ճանաչո±ւմ ենք, գիտե±նք, որ անկիրթ ենք և թերուս, ընդունո±ւմ ենք, որ այսօրվա հայաստանաբնակի երաժշտական ճաշակը չի աճել 60-ականներին Զեյնաբ Խանլառովային ունկնդրող տաքսու վարորդինից, հասկանո±ւմ ենք, որ հուզական բրազիլական կամ հայկական խուլիգանական հեռուստասերիալները հեռավոր առնչություն անգամ չունեն կինեմատոգրաֆի հետ` մշակույթի, արվեստի, հայեցիի հետ: Ես հասկանում եմ նաև, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններից նյութական միջոցներ փախցրած մտավոռականի նորօրյա տեսակին առանձնապես քիչ է հետաքրքրում մտավախությունս, թե հայ ժողովուրդը ինչպե±ս և ե±րբ է ինքն իրեն գտնելու, վերականգնելու, գոնե վերջին 20 տարվա այն ահռելի խոռոչը, որ իրեն բաժանում է աշխարհից: Որքան վա’տ, այնքան լա±վ:
Ա’յս է իրականությունը: Սակայն մեր փրկությունը մեր ձեռքին է: Մե’նք ենք վճռելու մեր ճակատագիրն ու անպայման ինքնե’րս ենք իրականացնելու մեր երբեմնի փայփայած ազատագրման ու անկախացման երազը: Եվ եթե այսօ’ր էլ մեր գոյության պայմանը թողնենք օտար տերությունների և մասնավորապես` ռուսական կայսրության կամքին, խուսափենք անմիջական հարևանների հետ մեր հաշիվները ինքներս պարզելու և բանակցելու որևէ հնարավոր տարբերակից, ապա դարձյալ մնալու ենք այն մղձավանջային իրականության մեջ, որտեղ հայտնվել ենք օտարի կամքով և ՙմերոնց՚ խանդավառ ու կեղծ ՙհայրենասիրությամբ՚: Եվ ռուսը կարող է իր տանն ամեն ինչ սրբապղծել, բայց մեր դռները նրա համար փակ պիտի լինեն ...
Մենք ենք մեր երկրի միակ ու իսկական տերերը:
Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ - Լե Կադրե; Փարիզ

No comments:

Post a Comment