ՙՍարդարապատ՚ շարժման նախաձեռնող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի հետ զրուցում ենք հայ - ռուսական հարաբերությունների, ռուսական ռազմակայանի Հայաստանում ներկայության ժամանակաշրջանի` վերջերս կնքված պայմանագրով 49 տարով այն երկարաձգելու խնդիրների մասին:
- Պարոն Սէֆիլյան, ինչպիսի±ն է Ձեր վերաբերմունքը վերջերս կնքված պայմանագրին և ինչո±ւ 49 տարով:
- Բոլորս տեղյակ և գիտակցում ենք, որ մեր նման ժողովուրդներն ու երկրները, մանավանդ` աշխարհագրական թեժ տարածքում գտնվելով, անպայման է, որ ռազմաքաղաքական որևէ ուժի հետ համագործակցեն, դաշնակցեն: Այս իմաստով, ես կարծում եմ, որ 1995 թ.-ին կնքված հայ - ռուսական պայմանագիրը, որը վավերացվել է 1997 թ.-ին, հայ ժողովրդի համար ընկալելի էր: Սակայն այն հապճեպությունը, որ տեղի ունենում անշուշտ ռուսական կողմից` մտահոգիչ է: Կարծում եմ` դրա պատճառն այն է, որ նրանք չեն վստահում մեր երկրում գործող իշխանական ռեժիմի պարագլուխներին և դրա համար է, որ որդեգրում են կոնկրետ գործողությունների քաղաքականություն: ՀԱՊԿ-ի տնտեսական և այլ ոլորտներից բացի ռուսական կողմն ավելի երկարաժամկետ է ապահովում իր զինվորական ներկայությունը Հայաստանում: Ինչո±ւ է այսպիսի հապճեպություն դրսևորում, որովհետև հայկական կողմը ներկայացնող իշխանությունները հասարակությունից կտրված են, մի խնդիր, որ հայտնի է բոլորիս: Այս պայմաններում` ես առավելագույն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեզ դեռևս չի հաջողվել ազգային պետականություն ստեղծել: Ուրեմն` դրա բացակայության պայմաններում երբ այդպիսի նշանակության պայմանագիր են կնքում` օգուտը լինում է միակողմանի, այս դեպքում` միայն հօգուտ Ռուսաստանի:
- Ռուսաստանը մի կողմից ապահովում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում, մյուս կողմից` ՙC - 300՚ հակաօդային պաշտպանիչ համակարգերով է զինում Ադրբեջանին: Զինելով` մեկ այս, մեկ այն կողմին գերտերությունը չի փորձո±ւմ փոփոխական քաղաքականության արդյունքում լուծել տարածշրջանում իր խնդիրները, որի պայմաններում Հայաստանը զուտ գործիք է դառնում:
- Եթե իրականություն է տեղեկությունը, թե Ռուսաստանը ՙC - 300՚ հակաօդային հրթիռներ է վաճառում Ադրբեջանին, ապա դա համարժեք է գործընկերության դավաճանությանը: Այս պայմաններում կան նաև մարդիկ, ովքեր ասում են, թե Ռուսաստանը չվաճառեր, այլ երկրներ էին վաճառելու: Այդ դեպքում` մենք էլ կարող ենք չեչեն գրոհայիններին պայթուցիկներ ու նռնականետեր վաճառել ու ասել, թե ավելի լավ է ռազմավարական դաշնակից երկիր Հայաստանը դա անի, քան` մեկ այլ երկիր: Այնպես որ, դա անտրամաբանական կարծիք է և չի արդարացնում ռուսական կողմի արարքը: Եթե Ռուսաստանը չհասկանա, որ ինքն իրավունք չունի այդպիսի նշանակություն ունեցող թեկուզ պաշտպանողական զենք վաճառել ադրբեջանական կողմին, ապա ՙռազմավարական դաշնակից՚ բառակապակցությունը շատ անհեթեթ է հնչում և զավեշտալի:
- Այդ կարծիքի ընդդիմախոսները հիմա կառարկեն, թե վա~յ, եթե Ռուսաստանը մեր թեկուզ այսպիսի ռազմավարական դաշնակիցը չլինի, Հայաստանը կկործանվի, թուրքերը կմտնեն Երևան: Ձեր պատասխանն այդպիսիներին ...
- Ես կողմնակից եմ, որ մեր երկիրը պետք է համագործակցի ռազմավարական իմաստով հզոր գերտերության հետ: Այս պայմաններում, այդպիսի կարծիք չպետք է ձևավորվի, թե հայերը, Հայաստանը չունի այլընտրանք, բացի Ռուսաստանից: Այդպիսի դաշնակից կարող է լինել Չինաստանը, Իրանը: Այնպես չէ, որ մենք հարկադրված ենք միայն ու միայն Ռուսաստանի հետ դաշնակցելու: Պետք է փոխել այդպիսի կարծրատիպը, որ ձևավորվել է մեզանում:
- Ռուսաստանը Հայաստանում բացի ռազմական ներկայությունից` սկզբում ՙԳույք` պարտքի դիմաց՚, հիմա` նոր ատոմակայան, հայ - իրանական երկաթգիծ կառուցելուն աջակցելով, ռազմավարական նշանակության ոլորտներն իր կոնցեսիոն կառավարման տակ առնելով կամ սեփականաշնորհելով առավել հզոր` տնտեսական լուրջ հենարաններ է ստեղծում Հայաստանում: Դա առավել մտահոգիչ չէ±, քան 49 տարով ռազմական ներկայությունը, որը, թերևս, կարելի է նաև ավարտել ցանկացած պատեհ պահի:
- Այստեղ իբրև մեղավոր պետք չէ փնտրել այս կամ այն երկրին, տվյալ դեպքում` Ռուսաստանին: ՙԳույք` պարտքի դիմաց՚-ը բոլորս հիշում ենք, թե ինչ պայմաններում տեղի ունեցավ: Դա հայկական կողմի առաջարկն էր: Այսինքն, քանի որ մեր մոտ նախագահները չեն ընտրվում, այլ` իրենք իրենց նշանակում են, դեմ են գնում ժողովրդի կամքին, այդպիսի մարդիկ միշտ էլ իրենց աթոռը պահպանելու խնդիր ունեն ու թերևս միայն դրա համար էլ պարտավորված են այսպես տրվել այս կամ այն ուժին: Այնպես որ, այս ամբողջ ապազգային արտաքին քաղաքականությունը, որ տեղի է ունենում, մեղքը մեր մեջ է: Մենք այսպիսին ենք, ուրեմն` ցանկացած հզոր երկիր պիտի փորձի իրավիճակից օգտվել և իր ներկայությունն ուժեղացնել մեր հայրենիքում: Այստեղ` ես խնդիր չունեմ ոչ Ռուսաստանի, ոչ էլ` այլ երկրների հետ: Խնդիրը մեր մեջ է:
Տնտեսական լծակներից էլ, այո, վտանգն առկա է: Այն օրը, երբ մեզ հաջողվի պետականություն հաստատել մեր հայրենիքում` կվերանայենք բոլոր տեսակի երկկողմ պայմանագրերը: Ես կողմ եմ այն կարծիքին, որ ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր օբյեկտները պետք է պետականացվեն:
- Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ի±նչ եք կարծում, որևէ դրական նախադրյալ կամ հետևանք ունի± կամ կունենա± մեր երկրի համար:
- Աշխարհում գոյություն ունի երկու ռազմաքաղաքական միավորում` ՆԱՏՕ և ՀԱՊԿ: Դրան այլընտրանք է Չինաստանը, ինչու չէ` նաև Իրանը: Հիմա եթե մեր ռազմավարական գործընկերը, որը նաև ՀԱՊԿ-ում գլխավոր դերակատարում ունեցողն է, զինի մեր հակառակորդին, որը ՀԱՊԿ անդամ չէ, ապա իրոք զավեշտալի է մեր այնտեղ լինելու հանգամանքը: Ուրեմն` պետք է առողջ հայկական կողմը` ամենևին էլ իշխանությունների մասին չէ խոսքը, և Ռուսաստանում գտնվող առողջ ուժերը համագործակցաբար կանխեն այսպիսի սխալ ընթացքը: Այլապես` հայ ժողովուրդն ինչ որ ժամանակ հետո պիտի ստիպված լինի հենվել այլընտրանքների վրա: Չինաստանի և Իրանի հետ սերտ հարաբերությունների խորացումը, կարծում եմ, ի օգուտ մեզ կլինի:
- Ինչպե±ս եք վերաբերվում այն կարծիքին, թե այսպես աստիճանաբար Անդրկովկասը կհայտնվի Ռուսաստանի ազդեցության գոտում` այն պայմաններում, եթե Վրաստանը դեմքով շրջվել է դեպի Արևմուտք, իսկ Ադրբեջանում դրսևորումները երկընտրանքային են:
- Եթե ռուսական քաղաքականությունն այսպես շարունակվի, ապա հավանականությունը մեծ է, որ Ռուսաստանը պարտադրված կլինի ընդհանրապես դուրս գալ այս տարածաշրջանից: Միացյալ Նահանգները տարածաշրջանում ավելի դանդաղ ու զգույշ են խաղում, սակայն առավել արդյունավետ:
- Այդ դեպքում` Հայաստանի համար չի կրկնվի± առաջին աշխարհամարտի դառը` միայնակ դիմակայելու ճակատագիրը ...
- Այդպիսի վտանգ, այո, առկա է: Դրա դեմն առնելու միակ նախապայմանը հնարավորինս շուտ ազգային պետականության հաստատումն է Հայաստանում, երբ քաղաքական ղեկավարությունն այլևս կվարի Հայաստանակենտրոն արտաքին և ներքին քաղաքականություն: Այս իմաստով տարածաշրջանում սրված վիճակից չպետք է վախենալ: Ընդհակառակը` այստեղ գերտերությունների շահերը որքան շատ խաչաձևվեն ու բախվեն, այնքան շատ մեր գործոնի առկայությունը կավելանա: Սակայն դրա համար էլ` պետք է գործիք լինելուց վերածվել գործոնի և դրանից հետո վարել ինքնուրույն, Հայաստանակենտրոն քաղաքականություն:
Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ
No comments:
Post a Comment