Նախորդ համարից շարունակում ենք զրույցը բժշկական գիտությունների թեկնածու, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր, Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցի հետ` այս անգամ ՀՀ առողջապահության նախարարության ԱԱԻ-ի Տեղեկատվական, վերլուծական հանրապետական կենտրոնի մասին, որի տնօրենն է նա:
Այն ստեղծվել է 1996 թ.-ին` ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ: Եղել է առաջինը` նախկին խորհրդային հանրապետությունների թվում: Նպատակն է` ստանալ բոլոր տեսակի, անկախ սեփականության ու իրավակազմակերպական ձևից, բժշկական կազմակերպությունների բժշկական վիճակագրական տվյալները, որոնք վերլուծում են, հրապարակում առանձին գրքով ու ՙՀանրային առողջության ամսական զեկույց՚ ուղեցույցի տեսքով, տեղադրում հատուկ խտասկավառակի վրա և www.health.info.am կայքում: Կենտրոնը 2005 թ.-ից անդամակցում է Առողջապահության ազգային ինստիտուտին` ԱԱԻ, և ազատվել է տնտեսական խնդիրները հոգալու խնդրից: Միևնույն ժամանակ այն ուղիղ հաղորդակցվում է բոլոր տեսակի բժշկական կազմակերպությունների հետ, անգամ` մասնավոր ստոմատոլոգների: Մշակել են հատուկ հաշվապահական ձևեր` յուրաքանչյուր բուժտեսակի մասին առանձին: Ամփոփում են տվյալները, թե որ հիվանդությունից ինչպիսի±ն են արդյունքները, որքա±ն հիվանդներ են ընդունել և ինչպե±ս բուժսպասարկել: Անխտիր բոլորը ներկայացնում են հաշվետվություն, որովհետև այս կենտրոնը միևնույն ժամանակ հանդիսանում է Ազգային վիճակագրական պետական ծառայության գերատեսչական կառույց: Ամփոփ թվերը ներկայացնում են ԱՎԾ-ին, ըստ տարիքային խմբերի, սեռերի ու սոցիալական խմբերի, տարածքային պատկանելության և 10 կամ 100 հազար բնակչի կտրվածքով. ՙԵս գտնում եմ, որ բժշկության ոլորտի ամբողջ տեղեկատվությունը պետք է լինի բաց և թափանցիկ՚:
- Հավաքված տեղեկատվության հավաստիությունը որքա±ն եք գնահատում:
- Շատ բարձր, բայց չէի ասի, թե 100 տոկոս: Մենք ստուգելու համակարգչային մեխանիզմ ունենք, որը հնարավորություն է տալիս խաչաձև համադրման արդյունքում հնարավորինս խուսափել անճշտություններից: Բացի այդ` մեր մասնագետները գնում և հաճախ տեղում են ստուգում տրված ինֆորմացիայի հավաստիությունն ու կազմման ձևերը: Ամեն ինչը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
Արդեն ձևավորել են մարզային կենտրոններ` Շիրակում, Լոռիում և Տավուշում, որտեղ հավաքվում են տարածքային տվյալներն ու փաթեթով ուղարկվում հանրապետական այս կենտրոն: Կբացվեն նաև մյուս մարզերում, առաջիկայում` Կոտայքում և Արարատում:
ՙՈւնենք նաև թմրամոլության մոնիտորինգի բաժին, անդամակցում ենք միջազգային ծրագրերին, ազգային զեկույցներ ենք տպագրում, ամփոփում ենք բժշկության այդ ոլորտի տվյալները, որ մինչ այդ անում էր ոստիկանությունը: Ամբողջը կենտրոնացվել է մեկ տեղում և դա լավ է՚,- հավելեց ՏՎԿ տնօրենը:
- Այս ամենն ազգային անվտանգության տեսակետից որքանո±վ է նպատակահարմար` բնակչության առողջական վիճակը բաց հրապարակել:
- Միևնույն է այդ տվյալները տրամադրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և հրապարակվում իրենց կայքում, անգամ համեմատվում այլ երկրների հետ: Այնպես որ այստեղ խնդիր չեմ տեսնում:
No comments:
Post a Comment