Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, September 15, 2011

Երկիրը երկիր չի, մարզը մարզ չի, մարզկենտրոնը` քաղաք

Արմավիրում, ինչպես հանրապետության մյուս մարզկենտրոններում կամ քաղաքներում չինովնիկների հետ հարցազրույցի մեկնելիս, գնում ենք երկու - երեք լրագրողներով: Գլխավոր խմբագիրն` առաջին ծանոթության դեպքում, ինքն է զրուցում քաղաքապետի կամ մարզպետի հետ, մյուսներս զրուցում ենք շարքային քաղաքացիների հետ, հյուրընկալվում մեր ակտիվ ու մշտական ընթերցողներին` փորձում հասկանալ տվյալ քաղաքի կոլորիտային առանձնահատկությունն ու խնդիրները, քաղաքական անցուդարձն ու կուսակցությունների ազդեցության ոլորտները, եթե իհարկե, այդպիսիք կան: Արմավիրի մարզի Արմավիր մարզկենտրոն ենք գնացել անցած շաբաթ` հինգշաբթի: Մենք տեսանք արևելյան մի քաղաք, որ բացօդյա շուկայի է նման ...


Այստեղ կենտրոնական պողոտան դեռևս Լենինի են կոչում, թեև` վերանվանված է Հանրապետության: Երկրի պետականության պես այն որևէ կերպ չի ամրացել արմավիրցիների հոգում ու սրտում, էության մեջ: Դա են վկայում նաև թաղամասերի անունները` ՙԲաշնյա՚, ՙՉերեմուշկա՚, զբոսայգին` ՙՍադ՚ կամ` պարզապես ռուսերենն այստեղ շա~տ են սիրում: Բակերում նստած տղամարդիկ քիչ կային, շատ շրջեցինք, անցորդ աղջիկներն ու կանայք թերթի անունը լսելիս շփոթվում ու խույս էին տալիս: Ծանոթ չէին, պարզապես տպավորություն էր, թե խուսափում են իրենց մտքերի հրապարակայնությունից: Ի վերջո, խրուշչովկաներից մեկի բակում միջին տարիքի երկու տղամարդկանց հանդիպեցինք, որ շոգին նարդի էին խաղում ու հետաքրքիր զրույցի բռնվեցինք: Հրաչն ու Տիգրանը` ազգանունները վախեցան ասել, այդ մասին փոքր - ինչ ավելի ուշ: Ու բացվեց Արմավիրի խնդիրների կծիկը:
Հրաչն էր առավել մանրամասն ու օրինակներով խոսում, ով փաստեց, որ Արմավիրում էլ` ՙարտագաղթն ահավոր վիճակի ա հասել՚: Սակայն ամենակարևորն առանձնացրեց կարկտահարությունից տուժածությունը: Մի պահ անհասկանալի էր, թե քաղաքաբնակնե±րն էլ սեփականաշնորհված հողատարծքներ ունեն, որ կարկտահարությունից տուժել են: Հրաչի կինը հարևան Արմավիր գյուղից է, որտեղ հող ունեն, ցանել են ու տուժել. ՙժամանակին կարկուտի ամպերի դեմ թնդանոթների կայան կար, ամպերը ցրում էին, մի բան լինում էր, էսօր էդ ֆինտուֆլուշկեքը` մանր - մունր բաներ են դրել, ոչ մի օգուտ չի տալիս: Աներձագներիս խաղողի այգիներն էլ լրիվ կտրվել են: Վարկեր էին իբր տալու, բայց էդ էլ սուտ դուրս եկավ: Գյուղացին էսօր վարկերի տակ ճռռում ա՚: Տիգրանը միջամտեց, թե ինչի± մենակ գյուղացին. ՙքաղաքացիներս էլ` նույն վիճակում ենք, էլի: Մի երկու կոպեկ փող ենք վերցնում, որ գործի մեջ դնենք: Սուտ բաներ են էդ գյուղատնտեսական վարկերը, իբր 10 տոկոս մուծելու դեպքում 4 տոկոս էլ պետությունն էր սուբսիդավորելու: Որ բանկ գնացի` հրաժարվեցին: Մի տեղ աշխատողն ասում ա` ուզում ես ինձ գործից հանե±ն, մի տեղ ասում են` դեռ թղթերը չեն եկել, չգիտենք ինչ ճանապարհով պիտի տանք: Պատճառներ են բռնում, մահանա՚: ՙԳյուղնախարարը, որ գյուղերով ֆռում էր, մեջն ի±նչ, մասնագետը պիտի գնա գյուղեր, որ գործից հասկանա: Նախարարություններում շատ մասնագետներ շատ հեռու են իրենց վստահված ոլորտից: Նախարարն ի±նչ ա հասկանում գյուղից կամ` մասնագիտությամբ բժիշկը` Կրթության նախարարությունից: Դրանից էլ` երկիրն ավերվում ա՚,- իշխանությունների իր իսկ խոսքերով անառողջ մթնոլորտը կարճ նկարագրել շարունակեց Հրաչը:
Կինը եկավ, բանալիները վերցրեց, որ տուն բարձրանա, ինչը մեր զրույցի մի նոր թեմայի առիթ դարձավ. ՙՀոկտեմբերյանում խմելու ջուր չունենք, առնովի ա: Ծնվել ենք, էս պուլպուլակը ջուր էղել ա /հարևանությամբ ցայտաղբյուրն է ցույց տալիս Հրաչը - Ժ. Մ./, հիմա` չկա: 5 լիտր ջրին 50 դրամ ենք տալիս - առնում: Ամբողջ Հոկտեմբերյանը տենց ա: Ամբողջ օրը ջուր ունենք, աման - բան լվանում են, լողանում ենք, բայց խմելու ենթակա չի, շան հոտ ա գալիս: Էդ մասին շատ ձենձնեցին, բայց ո±վ ա տերը: Նախկինում Ապարանի ջուր էինք ստանում: Կտրեցին տրուբեքը` ստեղից մինչև Աշտարակ ինչքան կլինի, մեջ - մեջ արեցին, ջուրն էլ` թեքեցին Երևանի կողմը: Կարծես իրենք էին էդ տրուբեքը բերել: Անձամբ մեր հարևանն ա կամանդիրովկա գնացել, բերել` է~, կոմունիստների ժամանակ Վանիկ Նիկիտիչ կար` ինքը: Դրանք ծախեցին, կերան: Այստեղ էլ մարդ չկա, էլի, հոկտեմբերյանցիք երրորդ, չորրորդ սորտի մարդ են ...՚: Չեն բողոքո±ւմ, պահանջում` հարցրեցինք. ՙՈ±վ ա տերը, էդքան որ բողոքեցին` ի±նչ էղավ: Ջուրը տանում են անալիզի, թե` լավն ա: Մենք լցնում ենք վաննեն, տակը հող, ավազ, ժանգ, ինչ ասես կա՚,- պատասխանատվությունն ուրիշների վրա գցեց Հրաչն ու հիշեց վերջերս պատահած դեպքը. ՙԿնոջս մի բարեկամուհու հետ տարա Երևան, Մարգարյան հիվանդանոց: Մոտները ինչ - որ բան էին գտել, ասին` Հոկտեմբերյանից ով գալիս ա, էդ կանացի հիվանդությունն ունի ու կապեցին ջրի հետ: Ասում են` ուրիշ տեղերից ըտենց բան չկա: Երևի լողանալու էլ ենթակա չի: Պետությանը տեր չկա, ինչ ուզենան կգրեն լաբորատորիայում: Էդ էլ մեր լաբորատորիան ա: Հըլը, մի վախտ արգելեցին, չէին ուզում ցիստեռները գան ստեղ, ջուր ծախեն: Ո±նց թե, մեր չինովնիկներից մի քանիսը ցեխեր են դրել, չէ±, բանկեքով` 5 լիտրը 450 դրամ են փակում, պիտի ծախեն, չէ±, իրանց ձեռ չի տալիս որ մենք 50 դրամով ենք առնում: Ալան - թալան ա էս երկրում, չգիտե±ք ...՚:
Շա±տ են արտագնա աշխատանքի մեկնողները, ընդհանրապես դռները փակող հեռացողները` հարցրեցինք. ՙՇատ - շատ: Էս շենքում 5 մուտք կա, 48 բնակարան, երևի սուտ չասեմ, մոտ 30 տոկոս տղամարդիկ խոպան են գնացել, կան որ ընտանիքով են գնացել, տները վարձով են տվել՚,- առաջինը նկարագրեց Հրաչը: Հետաքրքրվեցինք նաև, թե Ռուսաստանի ՙՀայրենակիցներ՚ ծրագրով էլ հեռացողներ կա±ն: ՙՄեր շենքից չէ, բայց Հոկտեմբերյանից շատերն են գնացել, ես չգիտեմ ...՚,- եղավ փաստարկված պատասխանը: ՙԱմենակարևորը` գործարանները չեն աշխատում: Կանսերվի գործարանում ժամանակին` սեզոնին 25 հազար աշխատող կար, ուսանողներ էին գալիս, լավ աշխատում էր: Վերցրեցին, նվիրեցին ինչ որ մեկին, չնչին կոպեկներով առավ, քանդեց: Հիմա ինքն էլ չկա, մահացել ա Ղադիլյանը: Ասածս էն ա, որ պիտի ընենց մարդու տային, որ գործից հասկանար: Նույն ձևով Ռելեի գործարանը, Մեխգործը զոռով յոլա ա գնում: Մենակ կոնյակինն ա աշխատում, բարձր աշխատավարձ են տալիս, բայց քիչ աշխատողներ ունի՚,- բավական մանրամասնեց քչախոս Տիգրանը:
Մի խնդիր էլ. ՙՄանկավարժները դառել են առևտրական: Առաջ դրանց չարչի կամ սպեկուլյանտ էին ասում, իմ կենսաբանության դասատուն հիմա շուկայում առևտուր ա անում: Չի կարելի, մարդն ուղեղ ունի, մասնագիտություն ունի, բայց շուկայում ա, չի կարում ընտանիք պահի, ստիպված ա: Չարչիություն են անում, սրան - նրան խաբում են յոլա են գնում: Կոշիկը փոքր ա, ասում են զոռով մտցրու, ոտովդ ա: Սառոչկեն լեն ա, շպիլկեքը հետևը խփում` ասում ա, հագի, տոչնի վրովդ ա: Չի կարելի: Սաղին չարչի դարձրեցին: Թող աշխատատեղ բացեն, մարդիկ աշխատեն` հա’մ ժողովուրդը լավ կապրի, հա’մ իրանք իրանց լավ կզգան: Չեն ուզում, պիտի ինչքան կարան ստորացնեն, որ ընտրությունների վախտ մի քանի կոպեկով ձեներն առնեն: Բա որ մի քիչ ապահովված ըլնեն` շատ կուզեն, չէ±: Իրենք էլ 10 - 15 ախրանա հետևներից քցում, ման են գալի: Քաղաքակիրթ երկրներում ախրանա չունեն, որովհետև վախ չունեն, մեկին չեն խաբել, մեկին չեն թալանել: Ումի±ց են վախենում, թող մարդկանց չնեղեն` չվախենան: Էսի պետություն չի, ես էդքան բան գիտեմ` թյուրիմացություն ա՚,- սեփական երկրի մասին ասում են ու միմյանց փոխլրացնում Հրաչն ու Տիգրանը:
Լա’վ, վերջն ի±նչ ա լինելու` հարցնում ենք. ՙԼավ բան չի սպասվում: Իշխանափոխություն որ լինի, մի բան կփոխվի` չգիտեմ՚,- իր քաղաքական հայացքներն է սկսում շարադրել Հրաչը: Արմավիրում քաղաքական կյանք կա±` հարցրեցինք. ՙԿա, բայց թաքնված: Հենց մեկն էրևում ա, բարեկամը գործի ա, իրա կամ ախպոր էրեխեն բանակում ա, նեղում են, աշխատանքից հանում են. վախեցնում են, սպառնում: Շատ ակտիվիստներ տականց են գործում, ոնց որ սովետի օրոք՚,- էլի իրար փոխանցելով կարծես զրույցն ավարտին հասցրեցին Տիգրանն ու Հրաչը:
Նրանց հրաժեշտ տվեցինք, թերթի օրինակներից նվիրեցինք ու շրջեցինք ոչ փոքր այս քաղաքում: Շուկա կոչվածը մայթեզրի նստածներն են, բուն տարածքը զբաղեցրել են Հրաչի ասած չարչի տոնավաճառականները՚: Առանձնապես հետաքրքիր բան չգտնելով քայլերս ուղղեցինք դեպի քաղաքային մեծ զբոսայգի: Այնտեղ այս անիմաստ ու գեղագիտորեն անհաս, Արարատից այն կողմ քրիստոնեական աշխարհ, այս կողմ կարծես արծվաբույն հայրենիք տեսնող խաչքարը նկատեցինք, մի քիչ զով վայր` հանգստանալու, խմբագրին սպասելու համար:
Հ.Գ. 1. Արմավիրցիներն իրենց քաղաքին միևնույն է Հոկտեմբերյան են ասում: Սա նկատելի է հենց Երևանից: Մարզ մեկնող երթուղայինների վրա էլ գրված է. ՙԵրևան - Հոկտեմբերյան՚: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրեցինք, թե հոգեբանական խնդի±ր կա, որ Հոկտեմբերյանն այդպես էլ չի դառնում Արմավիր, թե ինչպես քաղաքացիների հետ մեր զրույցներում նկատեցինք, մարզկենտրոնի բնակիչները չեն ուզում նույնանալ քաղաքի հարևանությամբ Արմավիր գյուղի բնակիչների հետ, որը նրանց հավաստմամբ ի բնե է: Պարոն Ղահրամանյանը խնդիրը նույնականացրեց նաև Էջմիածին - Վաղարշապատի հետ:
Հ.Գ. 2. Ինչ վերաբերում է Արմավիր քաղաքում խմելու ջրի աղտոտվածության և խնդիրների հետ, մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ համաձայնեց, բայց` մասամբ: Նա հավատում է սանէպիդկայանի ստուգումներին և դրանց արդյունքներին: Ավելին` նա համոզված է, որ չնայած ջրի չորությանն ու կոշտությանն` այն անվտանգ է: Ասել է, թե հերքո±ւմ է հանրապետության գլխավոր մանկաբարձ - գինեկոլոգների եզրակացությունները: ՙԻհարկե` սկզբում քաղաքը ջուր չի ունեցել, հետո` բերվել է Արագածի ջուրը: Հիմա, երբ արտեզյան հորերի ջուրն է, մարդիկ չեն հարմարվում: Աղերի քանակը ջրի մեջ բարձր է: Այդ մասին մտահոգությունն ու բողոքները շատ շատ են: Բայց այսօր մեր պետությունն այն պետությունը չէ, որ ֆիլտրեր դնի ...՚:
Հ.Գ. 3. Ինչպես երկուստեք փաստվում է` երկիրը երկիր չի, մարզը մարզ, մարզկենտրոնը` քաղաք: Հայրենի երկիրն ու քաղաքը ո’չ քաղաքացիներինն է, ո’չ չինովնիկներինը: Ո±ւմ հայրենիքն ու պետությունն է Հայաստանը ...

No comments:

Post a Comment