Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, September 26, 2011

Այս տարին բավական նպաստավոր է մեզ համար:

Հանրապետության Արարատի մարզպետ, ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար Էդիկ Բարսեղյանի հետ զրուցում ենք մարզի խնդիրների, գյուղատնտեսության վիճակի, ծրագրերի, ներդրումային ոլորտների ու քաղաքական անցուդարձի մասին:



- Պարոն Բարսեղյան, ինչպե±ս է ապրում Արարատի մարզը, բնակչությունը: ՀՀ կառավարության դոտացիաները որքանո±վ ժամանակին են տեղ հասնում և Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները որքանո±վ են կատարվել այս մարզում:

- ՀՀ կառավարության դոտացիները ժամանակին տրամադրվում են մարզի համայնքներին, որոնք էլ գումարներն օգտագործում են նախատեսված բյուջեին համահունչ: Դրանք նաև քաղաքապետարանների ու գյուղապետարանների աշխատակազմերի, մանկապարտեզների, մշակույթի տների ու սպորտդահլիճների պահպանման ծախսերի համար են: Համայնքապետարանների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում է օգնություն: Ամեն ինչը կատարվում է մարզպետարանի հսկողության տակ: Տարեսկզբին յուրաքանչյուրն իր բյուջեին համահունչ էլ իրականացնում է պետական ծախսերը: Ընթացքում իհարկե` այլ կամ հրատապ լուծման խնդիրներ են առաջանում և ավագանու նոր նիստով նախատեսվածներից գումարներ են տեղափոխվում այլ ոլորտներ` որոշակի հրատապ խնդիրների լուծման համար: Այնպես որ` 2010 թ.-ին Արարատի մարզում ամբողջովին գերակատարել ենք սեփական եկամուտների հավաքագրումը, իսկ այս տարվա 6 ամիսների տվյալներով` ավելի է կատարվել. նախորդ տարվա համեմատությամբ: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների գերակշիռ մասը կատարվել է, մնացած աշխատանքներն իրականացվում են և կավարտվեն մինչև 2013 թվականը ...

- Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ՀՀ կառավարության կողմից հանրապետության մարզերին 10 մլրդ դրամ է հատկացվել հրատապ հիմնախնդիրների լուծման համար: Դրանից որքա±ն է հատկացվել Արարատի մարզին և ո±ր ոլորտներում են խնդիրներ լուծվել ...

- ՀՀ կառավարության կողմից Արարատի մարզին հատկացվել է 1 մլրդ 305 մլն դրամի շրջանակներում գումար, որը հիմնականում հատկացվել է դպրոցաշինությանն ու քաղաքներում բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը: Հատկացված յուրաքանչյուր դրամը ծախսվում է նպատակային, աշխատանքներն ընթացքի մեջ են:

- Պարոն Բարսեղյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կարծես ուշադրությունը գյուղատնտեսության հանդեպ գործնականում ի±նչ է արձանագրել Արարատ գյուղատնտեսական մարզում:

- Մարզում հացահատիկի սերմաթարմացման նպատակով Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ 2011 թ.-ին ՀՀ կառավարության կողմից գյուղացիական տնտեսություններին է տրվել գարնանացան գարու 66 տոննա էլիտար և 10 տոննա առաջին վերարատադրության սերմացու: Նոր Կյանք, Նորամարգ և Փոքր Վեդի համայնքներում ստեղծվել են հացահատիկ սերմարտադրող տնտեսություններ, ինչպես նաև` սորտափորձարկման նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 9,825 կգ եգիպտացորենի սերմացու:
Այս տարի մեծապես օգնել ենք գյուղացիությանն` իրենց գյուղատնտեսական աշխատանքները թեթևացնելու համար: Մասնավորապես. ծիրանի բերքն ամբողջությամբ իրացվել է` մի մասը արտահանման, մյուս մասը` գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկությունների միջոցով: Անգամ պահանջարկ կար, սակայն` գիտե’ք, ծիրանի բերքն այս տարի այնքան էլ շատ չէր: Աննախադեպ է, որ գյուղացիությունը բերքը հանձնելիս վճարվել է տեղում, առանց ուշացումների: Մթերումների հարցում իհարկե առաջատարը ՙԱրտֆուդ՚ ընկերությունն է: Հուսով ենք, որ դեղձի և խաղողի հախուռն բերքահավաքի ժամանակ ևս վերամշակող ձեռնարկություններն ու արտահանողները կաշխատեն այնպես, որ գյուղացիները գոհ կմնան և բերքի ոչ մի հատիկ գետնին չի մնա:
Արտահանվում է, այո’, հիմնականում ՙՍպայկա՚ ընկերության միջոցով ու աջակցությամբ` ինչպես Վրաստան, այնպես էլ` Ռուսաստան ու այլ երկրներ: Շնորհակալ եմ այդ ընկերությանը, որի կազմակերպվածության շնորհիվ` ծիրանի բերքը հիմնականում իրենք են արտահանել: Սպասվում է 20 հազար տոննա դեղձ, որի մի մասը ևս կարտահանվի, որից հետո էլ` ակնկալվում է 94 հազար և ավելի տոննա խաղող, որի մթերումը կիրականացվի մարզի տարածքում գործող տասնյակից ավելի վերամշակող ձեռնարկություններում, իսկ սեղանի տեսականին նույնպես կարտահանվի: Մարզում ունենք նաև սառնարանային տնտեսություններ, որոնք կարող են պահպանել մինչև 20 հազար տոննա բերք և ձմռանը` նախատոնական օրերին, արտահանել շուկա:
Այս տարին բավական նպաստավոր է մեզ համար: Կարողացանք մարզում տեղակայված հակակարկտային կայանների միջոցով այնպես անել, որ չկարկտահարվեն, բնական աղետի չենթարկվեն հարթավայրերը, որտեղ հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ ու մրգեր են: Անցած տարի մթերվել է 92,5 հազար տոննա խաղող, գյուղացիները գումարներն ստացել են և այդպիսով` թեթևացվել է նրանց հոգսերը: Բավական հաջողություններ կան: Այս տեմպերով որ շարունակենք, կարելի կլինի ասել, որ գյուղացիական կոլեկտիվների և անհատ հողամշակների հոգսերը կթեթևանան:

- Պարոն Բարսեղյան, Արարատի մարզպետ նշանակվելուց հետո` լրագրողների հետ առաջին ճեպազրույցում, խոստացել եք. ՙ... ոռոգման համակարգերի կայուն կազմակերպում, գյուղմթերքների իրացման պատշաճ իրականացնում, ՏԻՄ-եր - մարզպետարան շատ ջերմ հարաբերություններ, մարզում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծում՚: Որքանո±վ են իրականացել սպասումները ...

- Կարելի է ասել` ամբողջությամբ: Իհարկե` ոռոգման համակարգում որոշակի խնդիրներ պատահում են, շատ հաճախ ինքս եմ մեկնում և տեղում պարզում մեղավորներին, ծանոթանում խնդրի բուն էությանը և հրահանգում, բացատրում, թե ինչպես կարելի է խնդիրը լուծել: Դե, գյուղմթերքների պատշաճ իրացման մասին վերևում հանգամանալից խոսեցինք, իսկ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների հետ շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ ունենք, միասին` համագործակցված աշխատում ենք և որևէ խնդիր չկա այստեղ: Մարզում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ է, ամեն ինչ կարգին:

- Այդժամ, թերևս` կարծիք եք հայտնել նաև, թե անլուծելի թվացող խնդիրների դեպքում կդիմեք մարզից բարձրաստիճան պաշտոնյաներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կամ` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջամտություն - օգնությանը: Դրա կարիքն զգացվե±լ է ...

- Ինձ մարզում բոլորն էլ` ընդունել են շատ բարեկամաբար և համագործակցելու պատրաստակամությամբ: Ես էլ` բնականաբար, բոլորին սիրում և հարգում եմ ու այդպես էլ` աշխատում ենք, կատարում մեր առջև դրված պարտավորություններն ու պահանջները` օրենքով սահմանված կարգով և ժամանակին: Սակայն` եթե հարկ լինի, անշուշտ, կդիմեմ նաև բարձրաստիճան պաշտոնյա գործընկերներիս աջակցությանը: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում:

- Պարոն Բարսեղյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների, հետևաբար նաև` մարզի հանդեպ իբրև վարկանիշային ցուցիչ է կիրառվում գույքահարկի և հողի հարկի հավաքագրման տվյալները: Այսօրվա սոցիալ - տնտեսական պայմաններում ինչպե±ս եք վերաբերվում դրան և ինչպիսի±ն են արդյունքներն Արարատի մարզում:

- Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը` նախորդ տարվա համեմատությամբ, ավելին է կատարվել. Գումարային արտահայտությամբ` 16750 հազար դրամ, որից` հողի հարկի գծով. 9770 հազար դրամ, գույքահարկի գծով` 3419 հազար դրամ և 5573 հազար դրամ տեղական տուրքի գծով, թերակատարվել է միայն հողի վարձակալությունը` 2012 հազար դրամով: Բնականաբար` ճիշտ եմ համարում համայնքների հանդեպ ՀՀ տարածքային կառավարման նախարարության նման քաղաքականությունը, որովհետև յուրաքանչյուրն իր տեղում պետք է կարողանա պատշաճ աշխատել և օրենքով սահմանված կարգով իրականացնել այն բոլոր ծրագրերն ու պահանջները, որոնք դրվում են այսօրվա համայնքների, համայնքապետարանների ու համայնքապետերի առջև: Բոլորի մոտ էլ բյուջեները կատարվում են 100 տոկոսով, շատ հաճախ գերակատարվում են: Այնպես որ` մեր մարզի ցուցանիշները, նաև` հարկահավաքման կտրվածքով, կատարվում են և որևէ խնդիր չունենք:

- Քանի որ մեր թերթը լույս է տեսնում Մոսկվայում, թերևս` հետաքրքիր է, թե Արարատի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն այնտեղ ապրող մեր հայրենակից - ընթերցողներին, գուցե` Արարատի մարզի երբեմնի բնակիչներին ...

- Առաջին ներդրումները եղել են արդեն. Հուլիս ամսին ՙԳՊՄ Գոլդ՚ ընկերության մեծ ներդրումների շնորհիվ Արարատի ոսկու կորզման գործարանի նոր գծի կառուցման հիմնաքարը տեղադրվեց: Արդեն գործարկումից հետո կմեծանա արտադրանքների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Մենք նաև հուշագիր ենք ստորագրել գերմանական BHM GBR ընկերության հետ` մարզի Մարմարաշեն համայնքի տարածքում 15 հեկտար հողատարածք ենք տրամադրել և մոտ 70 մլն եվրոյի ներդրում է կատարվելու: Արդյունքում` լայնամասշտաբ առևտրի գոտի, սպորտդահլիճ ու հյուրանոցային համալիր է կառուցվելու` եվրոպական չափանիշներին համապատասխան բոլոր հարմարություններով: Ներդրումները և շինարարական աշխատանքները` պայմանագրի կետերին համահունչ, չկատարելու դեպքում, հողերն անհատույց կվերադարձվեն համայնքին: Այս տարի Արտաշատ քաղաքում նախատեսվում է գործարկել նաև ՙԱրարատ ջուր՚ նոր գործարանը, որի հիմնադիրներից և գլխավոր ներդրողներից մեկն էլ մոսկվաբնակ Արտաշատի նախկին բնակիչ է: Արդեն տեղադրվում են սարքավորումները, հավանաբար` հոկտեմբերի կեսերին այն ամբողջությամբ պատրաստ կլինի: Այնպես որ, մեր մարզի բնակիչներն, ովքեր արտերկրում են, նաև` Մոսկվայում, ակտիվ կապը պահում են հարազատ քաղաքների ու գյուղերի հետ:
Հոկտեմբերին կկազմակերպվեն Արտաշատ քաղաքի 2200 ամյակին նվիրված միջոցառումները և երգի ու բերքի տոնը: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: Այսպիսով` մարզում կատարվում է այն ամենն, ինչն ընդունելի է բնակչության համար: Իսկ բուն ներդրումներ կատարողներին դեռևս կարող են հետաքրքրել տրավերտինի հանքավայրերը: Բացի այդ` Արարատի մարզը հայտնի է իր համեղ բնամթերքներով: Գյուղմթերքների վերմշակման արտադրություններ դեռ կարելի է հիմնել և հաջողությամբ աշխատել: Մենք կնպաստենք, բոլոր պայմանները կստեղծենք, որպեսզի ոչ մի խոչընդոտ չլինի, իսկ ներդրողներն իրենց ապահով ու պաշտպանված զգան: Մարզում ընդհանրապես աշխատանքի մեծ պոտենցիալ կա և շատ ոլորտներ կան, որտեղ կարելի է փոխշահավետ ներդրումներ կատարել ...

- Մի փոքր քաղաքականացնենք զրույցը. Պարոն Բարսեղյան, մարզում կա± քաղաքական կյանք: Երևանում նկատվող ԲՀԿ - ՀՀԿ թվացյալ հակամարտություն - մրցակցության, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվության, միջկուսակցական տարատեսակ բախումների աղերսները հասնո±ւմ են Արարատի մարզ:

- Քաղաքական կյանք, իհարկե` կա: Բոլոր կուսակցություններն էլ տարածքային կազմակերպություններ ունեն` ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ՀՅ Դաշնակցությունը, նաև` ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը, որոնց հետ ջերմ ու նորմալ հարաբերություններ ունենք: Մեր մարզում հակամարտություններ չկան և չեն կարող լինել: Մենք համագործակցում ենք բոլորի` մարզային կառույցների ղեկավար - ներկայացուցիչների հետ: Դա նպաստում է մարզում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծմանը: Բոլորն էլ ակտիվ մասնակցություն են ունենալու հոկտեմբերին կազմակերպվելիք Արտաշատի հոբելյանին ու բերքի տոնին, ինչպես նաև` մշտապես ներկա են լինում նշվող տոնական օրերին և մարզային միջոցառումներին: Մեզ մոտ շատ ջերմ հարաբերություններ են:

- Դուք` լինելով ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն, ինչպե±ս եք վերաբերվում ՀԱԿ - Կոալիցիա երկխոսությանը:

- Այդ մասին չեմ մտածել, որովհետև իմ գործունեության շրջանակից դուրս է: Կուսակցական և երկրի ղեկավարներն են զբաղվում դրանով: Բայց դրական, լավ հարաբերությունների կողմնակից եմ, որը հանդարտություն ու խաղաղություն կբերի հասարակության տարբեր շերտերում:

- Ձեր առաջին ճեպազրույցի ժամանակ նաև նշել եք, թե ՙՀՀԿ Արարատի մարզային կառույցում կադրային որոշակի փոփոխություններ կարվեն, բայց դա ընդհանուր գործի վրա չի ազդի՚: Եղա±ն կադրային փոփոխություններ, ինչպիսի±ն է իրավիճակը կազմակերպության ներսում:

- Այո’, մեզ էին դիմել Վեդիի ու Արարատի տարածքային կազմակերպությունների ղեկավարները և առողջական խնդիրներից ելնելով, ազատվել այդ պատասխանատու պաշտոններից: Նրանք քաղաքականության մեջ թրծված մարդիկ են և բնականաբար` մնում են ՀՀԿ կուսակցության ջատագովներն ու ակտիվիստները: Ոչինչ չի փոխվել և առաջիկայում էլ` որևէ խնդիր չկա ՀՀԿ Արարատի տարածքայինում: Բոլորն աշխատանքից հետո աշխատում են կուսակցության գրասենյակներում ...

- Պարոն Բարսեղյան, Դուք ոչ վաղ անցյալում եղել եք նաև Սյունիքի մարզպետը: Շա±տ են տարբերությունները` Լեռնահայաստանն ու Արարատյան դաշտավայրը ղեկավարելիս:

- Ես տարբերություն չեմ տեսնում: Պարզապես` ես կապանցի եմ և Կապանի բնակիչները, ճիշտ է ՙքարից հաց քամող՚ ժողովուրդ են, բայց սիրում են աշխատավարձի ցուցակով գումար ստանալ ու իրենց կյանքը դասավորել, որովհետև հանքափորներ են և դժվարությամբ են հաշտվում ազատ շուկայական հարաբերություններին, իսկ Արարատյան դաշտավայրի ժողովուրդը շատ է կապված հողի հետ, նույնքան աշխատասեր է, և այստեղի ղեկավարը միշտ պետք է բնակչության կարծիքի հետ հաշվի նստի` իր կեցվածքով, վարքագծով, խոսելաձևով ... Ես շատ գոհ ու շնորհակալ եմ, որ ինձ լավ ընդունել են, առողջ մթնոլորտ է ստեղծված և փորձում եմ այնպես անել, որ ընդունարան եկած որևէ արարատցի դժգոհ չհեռանա: Ամիսը մեկ անգամ պարտադիր, անհրաժեշտության դեպքում նաև արտահերթ ընդունելություն ենք կազմակերպում, հրավիրում ենք տվյալ համայնքի ղեկավարին և խնդիրները համատեղ լուծում:

- Եվ վերջում. Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել: Դա որևէ կերպ ազդե±լ է մարզի գործերի, ընդհանուր մթնոլորտի վրա: Կամ` ինչպե±ս եք վերաբերվում այդ խնդրին:

- Ճիշտն ասած, այդ մասին ես լսել եմ լրատվամիջոցներից: Չգիտեմ` ինչի± համար է, ի±նչ խնդիր կա, բայց իհարկե, չէի ցանկանա, որ իմ նախորդի հանդեպ քրեական գործ հարուցվեր: Ես նորմալ եմ վերաբերվում իրեն: Մենք միշտ նորմալ հարաբերություններ ենք ունեցել, երբ ես ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարարն ու Փրկարար ծառայության տնօրենն էի. հյուրընկալվում էի այստեղ` իր մոտ և նորմալ աշխատում, խորհրդակցում էինք: Ոչ մի անձնական կամ այլ տիպի խնդիր չունեմ նրա հետ:

No comments:

Post a Comment