Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, September 15, 2011

ՙԵղբայրս էլ, Արգինա գյուղում ապրողն էլ` իմ քաղաքացին են՚

Արմավիրի մարզպետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Ղահրամանյանի հետ զրուցում ենք մարզի խնդիրների, աշխատանքների, գյուղատնտեսության ծանր վիճակի, քաղաքական անցուդարձի, ինչպես նաև` ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև երկխոսության մասին:


- Պարոն Ղահրամանյան, ինչպե±ս է ապրում Արմավիրը, արմավիրցին: ՀՀ կառավարության դոտացիաները որքանո±վ ժամանակին են տեղ հասնում և Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները կատարվե±լ են Արմավիրի մարզում:

- ՀՀ կառավարության կողմից հատկացվող դոտացիաները ժամանակին տրվում են, որևէ ուշացում չի լինում: Բյուջեով հաստատվել է Արմավիրի մարզին հատկացվելիք գումարի չափը, բացի այդ ՀՀ նախագահի կարգադրությամբ Կառավարությունը շուրջ 10 մլրդ դրամ է հատկացրել մարզերին` կապիտալ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար, որից 1 մլրդ 330 մլն դրամն` Արմավիրի մարզին: Այդ գումարի առյուծի բաժինը ներդրել ենք դպրոցաշինության մեջ` 18 կրթօջախներ կվերանորոգվեն: Մինչև նոր ուստրվա սկիզբն ամբողջությամբ ավարտած կլինենք ծրագրավորված աշխատանքները: Ես գիտեմ, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, լինելու են նաև երկրորդ փուլով հատկացումներ` ևս այդ չափի գումար, եթե առաջին փուլով տրվածին համապատասխան, հավուր պատշաճի աշխատանքներ կատարվեն:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավում տրված խոստումներին, ապա դրանց 80 տոկոսը կատարվել են: Բաց են մնացել առայժմ Երվանդաշատ, Բագարան համայնքների և Արմավիր քաղաքի 108 և 107 թաղամասերի գազաֆիկացման խնդիրները, որոնք կիրականացվեն կա’մ ՙՀայռուսգազարդ՚-ի, կամ IFAD-ի ծրագրերի միջոցով, եթե ո’չ, ապա` երկրորդ փուլով տրամադրվելիք գումարների շրջանակներում:
Գաղտնիք չէ, որ Արմավիրի մարզում կարևորագույն խնդիրը հունիսի 5-ին տեղացած կարկուտի հետևանքով մեծ վնասն է` հասցված 13 համայնքների բնակչությանը: Գրեթե ամբողջությամբ վնասվել են ցանքատարածքներն ու այգիները, մարդիկ զրկվել են բերքից, հարյուրավոր խաղողի այգիներ կտրվել են: Այդպիսի արհավիրք` համենայն դեպս, ես չեմ հիշում Արմավիրի մարզում: Առաջին իսկ պահից ամեն ինչ զեկուցվել է ՀՀ նախագահին:

- Հավանաբար այդ շրջանակներում էր, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Սարդարապատում տեղի ունեցած տեղային հանդիպման ժամանակ արմավիրցիներին վստահեցրել եք, որ գյուղացիները կազատվեն հողի հարկից, իսկ մեկ ամսով նաև ոռոգման ջրի վարձավճարից: Բայց մինչ այդ, Կենտրոնական բանկն ինչ որ ուսումնասիրություն պիտի կատարեր: Արվե±լ է և ի±նչ է պարզվել` զիջվելո±ւ է ...

- Բանկը համապատասխան առաջարկություններ է արել առևտրային բանկերին: Քանի որ վարկերի հիմնական մասը կոլեկտիվ պատասխանատվությամբ է, բանկերը համաձայնվել են, որ տրվածը մարդիկ փակեն, որից հետո կտրամադրվեն ավելի մեծ գումարով, ավելի երկար ժամանակով և ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր: Դա էլ` լուրջ օգնություն է: Կարողացանք համախմբել ներքին ռեսուրսները և շուրջ 2228 հեկտարի համար տարբեր մշակաբույսերի սերմեր ու սածիլներ անվճար տվեցինք գյուղացիներին` իհարկե, Գյուղնախարարի աջակցությամբ: Այդ տարածքների համար նաև համապատասխանաբար տրվելու է պարարտանյութ: Որոշ չափով բաժանվել է նաև դիզվառելիք: Կարևորը` ոռոգման ջրի խնդրի լուծումն է և հողի հարկի մարումը: 320 մլն դրամ ոռոգման ջուրն է, 101 մլն դրամ էլ` հողի հարկերի վճարի չափը: ՀՀ կառավարության կողմից երկրորդ փուլով հատկացվելիք գումարներով ամբողջությամբ կփակենք դրանք էլ:

- Ամեն դեպքում` մարզում ամենալուրջ խնդիրներից է մնում 17 հազար հեկտար հողերի չմշակումը, այն պայմաններում, երբ Արմավիրը համարվում է հանրապետության ամենաբարենպաստ մարզերից մեկը: Այս առիթով կարծեմ` հասցրել եք նաև ամոթանք տալ համայնքապետերին:

- Ի նկատի պետք է ունենանք, որ այդ 17 հազարից 5 - 6 հազար հեկտարից ավելին աղակալած, չմշակվող հողատարածքներ են: Այս տարի` նախորդ տարվա համեմատությամբ 2 - 3 հազար հեկտար ավելի շատ է մշակվել: Հիմա` ցորենի դաշտերի հնձումից հետո, երկրորդ ցանքսն է կատարվելու և` ես համոզված եմ, որ ևս 2 - 3 հազար հեկտար հողատարածք կրկնակի կմշակվի: Բազմաթիվ հողատարածքներ էլ կան, որ չեն մշակվում ոռոգման ջուր չլինելու պատճառով: Օրինակ, հենց Արաքս գյուղում, որ սահմանային գոտի է, շուրջ 500 հեկտար գտնվում է սահմանի ներսում, սակայն մշակվում է դրա ընդամենը 30 հեկտարը: Արաքսում մի խորքային հոր պիտի հորատենք, չնայած` դա էլ քիչ է, ևս չորսի հորատումից հետո ոռոգման ջրի խնդիրն ամբողջությամբ կարելի կլինի լուծված համարել:

- Իսկ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի իբր ուշադրությունը գյուղատնտեսությանը գործնականում ի±նչ տվեց Արմավիր գյուղատնտեսական մարզին:

- Գյուղատնտեսության նկատմամբ փոխվել է վերաբերմունքը: Դա ՀՀ նախագահի առաջին հանձնարարականներից մեկն է, որ սկսել է իրականություն դարձնել Գյուղնախարարը: Մեր հիմնական նպատակը աշխատող մարդու կողքին կանգնելը, նրա հոգսերով զբաղվելն է: Օգնությունների ցանկը հենց երեսով դեպի գյուղը շուռ գալու փաստերից մեկն է: Այնպես որ, սա մեկ ամսվա կամ` մեկ տարվա խնդիր չէ: Իրոք, մեր գյուղատնտեսությանը պետք է ամենօրյա լուրջ ուշադրություն դարձնենք:

- Պարոն Ղահրամանյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների, հետևաբար նաև` մարզի հանդեպ իբրև վարկանիշային ցուցիչ է կիրառվում գույքահարկի և հողահարկի հավաքագրման ցուցանիշները: Ինչպե±ս եք վերաբերվում դրան և ինչպիսի±ն են տվյալներն Արմավիրի մարզում:

- Շատ նորմալ եմ վերաբերվում: Այդ մոտեցումը բոլորիս ստիպում է, որ նույնպես աշխատենք` և’ հողահարկի, և’ գույքահարկի բազաները հավաքագրենք: Երբ ես մարզն ընդունել եմ` 389 մլն դրամի աշխատավարձի պարտք կար, իսկ այսօր Արմավիրի մարզում 21 մլն դրամի պարտք կա: Ես համոզված եմ, որ մինչև տարեվերջ դա էլ կփակենք: Արմավիրի մարզը վերջին տարիներին 100 տոկոսով կատարել է հարկահավաքման գործընթացը: Մեր արդյունքները` դրական են:

- Անդրադառնանք ՌԴ տարբեր մարզերի հետ Ձեր համագործակցության եզրերին: Վերջերս եղել եք Յարոսլավլի մարզում, համաձայնագիր կնքել փոխադարձ առևտրային տներ բացելու, գյուղմթերքի արտահանման, կարկտահարությունից տուժածներին օժանդակության մասին: Ի±նչ արդյունք եք արձանագրել ...

- Այո’, միջպետական համաձայնագրի շրջանակներում վերջերս հյուրընկալվեցի Յարոսլավլի մարզում, որի մարզպետի կարգադրությամբ մինչև հոկտեմբեր այնտեղ կբացվի ՙԱրմավիրի տուն՚: Նա հանձնարարեց տեղի ամենահզոր մեծածախ առևտրային ընկերությանը, որ զբաղվեն Արմավիրում արտադրվող գյուղմթերքի արտահանման գործով: Երկկողմանի աշխատանքային խմբեր են ստեղծվել: Իրենց մոտ Թառափ ձկան պահանջարկ կա և պատրաստվում են մեզանից գնել: Մտածում ենք այնտեղից ինչ ներկրելու մասին: Դա, այո’, հնարավոր է նաև ավիափոխադրումների միջոցով: Նրանք պարտավորվել են նաև կարկտահարությունից տուժած ընտանիքների համար ալյուր գնել, իբրև` օժանդակություն, իսկ Արմավիրի մարզի Մեծամոր և Յարոսլավլի Տուտաև համայնքները քույր քաղաքներ են դարձել: Նաև մտածում ենք Յարոսլավլում գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող լուրջ ձեռնարկություն հիմնելու մասին:

- Իսկ Մոսկվայի մարզի արտաքին տնտեսական կապերի նախարարի հետ հանդիպումն ի±նչ տվեց: Կարծեմ` պիտի օգնեն մարզի ռուսական դպրոցներին: Դրանք Արմավիրում այդքան շա±տ են ...

- Ո’չ, ընդամենը երկուսը` ռուսական թեքումով: Նրանք խոստացել են համապատասխան գրականություն և համակարգիչներ տրամադրել: 11 նոութբուք են տվել, իսկ էլեկտրոնային գրատախտակն ու գրքերը` ճանապարհին են: 

- Պարոն Ղահրամանյան, Դուք կարծես մեծ ուշադրություն եք դարձնում դպրոցներին, սակայն այն ոչ միանշանակ, եթե ոչ սվիններով է ընդունվում: Նախ` դպրոցականների համազգեստի, ապա հացաբուլկեղենը միայն մեկ արտադրամասից գնելու հարցում պարտադրում եք: Ինչո±ւմն է խնդիրը, ի±նչ բաժնեմաս ունենալու մասին է խոսք գնում:

- Դպրոցների մանկավարժական խորհուրդներն են դիմել մեր կրթության վարչությանն այդ հարցերով: Ընդհանուր հայտարարի ենք եկել և ամենացածր գներով դպրոցական հագուստ ենք առաջարկել: Դա հասկանալի պատճառներով որոշ մարդկանց ձեռնտու չէր, իրենց բիզնեսին էր դիպչում և աղմուկ էին բարձրացնում: Իսկ սննդի հարցում կարևոր է, որ դպրոցները դրանք գնեն այնպիսի կազմակերպությունից, որը պատասխան է տալիս սննդի անվտանգության հարցում: Պահանջը` սա է եղել, որպեսզի որևէ թունավորման կամ դժբախտ դեպք չունենանք:

- Վերահսկիչ պալատում եզրակացնում են, թե Արմավիրի մարզպետը չի կատարում իր լիազորությունները, որի արդյունքում Տալվորիկ, Փարաքար, Մարգարա գյուղերում և այլուր` շինարարության, ձկնաբուծության, հողերի վերավաճառքի, ավազի հանքերի գործարքներում չարաշահումներ են եղել: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի խոսքում նշվում է, թե Ձեր լիազորությունները ձևական բնույթի են` չնայած որոշումներին խախտումները չեն վերացվել: Կարծեմ` պետբյուջեի չարաշահումների 9 գործ է ուղարկվել դատախազություն: Ինչո±ւմն է խնդիրը ...

- Այդ հողատարածքները տրվել են ըստ համապատասխան օրենքների և նորմերի: Թող այդ Վերահսկիչ պալատը որևէ տող ցույց տա, որտեղ օրենքի խախտում է եղել: Այդպիսի բան չկա: Իրենց ներկայացրած դեպքերը ձևական են: Մարդիկ վարկ վերցնելու համար իրենց բարեկամին մեծ գներով հողերի վերավաճառք են ձևակերպել, որպեսզի կարողանան բանկից վարկ ստանալ:

- Արմավիրի մարզում ներդրումային ի±նչ ոլորտներ կան, որոնք կհետաքրքրեն Մոսկվայում ապրող մեր հայրենակիցներին, գուցե` արմավիրցիներին:

- Ես նպատակ եմ դրել գտնել մարզում ծնված և արտերկրում ապրող բոլոր հայրենակիցներին: Հսկա ցանկ ունենք և յուրաքանչյուր Ամանորին` անկախ այն բանից, նրանց ճանաչում եմ, թե` ոչ, բոլորին շնորհավորական բացիկներ կամ հեռագրեր եմ ուղարկում: Արմավիրցիների հավաք եմ կազմակերպում: Իսկ Արմավիր քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում 8 հեկտար տարածք ենք հատկացրել հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված զբոսայգի ստեղծելու համար, որը կբացենք 2015 թ.-ին: Ովքեր Արմավիրի մարզում 1 մլն դրամ և ավելի ներդրում կկատարեն, նրանց արձանները կտեղադրվեն այդ այգում, որպես Արմավիրի բարեկամներ: Իսկ գործարար ներդրումների համար` գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ կարող են ստեղծել, ընկույզի մուրաբա արտադրել և ես խոստանում եմ դրա իրացման հարցում օժանդակել: Անսահմանափակ պահանջարկ կա:

- Պարոն Ղահրամանյան, Դուք Արմավիրի ՀՀԿ տարածքային կազմակեպության նախագահն եք: ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանից լիազորությունների փոխանցումը Ձեզ գործնականում ի±նչ է արձանագրել: Բացի այն, որ ըստ լուրերի, բոլոր դպրոցների տնօրեններին ու մանկավարժներին պարտադրում եք անդամակցել ՀՀԿ-ին:

- Եթե որևէ մեկը կասի, թե ՀՀԿ տարածքայինի նախագահն իրեն ստիպել է ընդունվել կուսակցության շարքերը, ես ներողություն կխնդրեմ: Այդպիսի բան չկա: Եթե ստիպողական անդամակցեն, ի±նչ օգուտ են տալու: Ընտրություններում կգնան և կընտրեն իրենց սրտի և հոգու խորքում հարգվածին: Հարկադրված անդամակցածը համոզված չի ընտրի: Համենայն դեպս, ես նման բան թույլ չեմ տվել և թույլ չեմ տա: Բայց որ բավական փոփոխություն է եղել` թե’ աշխատանքի, թե’ կուսակցականների պատասխանատվության հարցում, դա այդպես է: Մենք այլևս ավելի խիստ ենք մոտենում այն պաշտոնյաներին, ովքեր մեր կուսակցության անդամ են և անօրինականություններ են թույլ տալիս: Եթե մի բան հարգանքով կամ սիրով չի արվում, դրա կյանքը շատ կարճ է ...

- Արմավիրի մարզում է նաև Էջմիածին քաղաքը, որտեղ կարծես տեր ու տիրակալ է գեներալ Մանվել Գրիգորյանն, ով անգամ պետավտոտեսուչի դերն է ստանձնում հոգևոր համարվող այդ քաղաքում: Ձեր ՙձեռքերը՚ որքանո±վ են հասնում Վաղարշապատ ...

- Ինձ համար բոլոր քաղաքներն էլ հավասար են: Մարզում 97 համայնք կա` 3 քաղաք և 94 գյուղական համայնք: Գեներալ Մանվելը որևէ խոչընդոտ չի ստեղծում իմ աշխատանքում և ես` դա թույլ էլ չեմ տա: Որևէ խնդիր ես չունեմ այդ հարցում: Թող ամեն մեկը հետևողական լինի իր շրջապատի հանդեպ և ամեն ինչ կարգին կլինի: Ինձ համար` եղբայրս էլ, Արգինա գյուղում ապրողն էլ` իմ քաղաքացին են:

- Մարզում կա± քաղաքական կյանք, կուսակցությունների ակտիվություն, Ռոբերտ Քոչարյանի ակտիվության, ՙԲարգավաճ Հայաստան՚ - Հանրապետականի միջև կարծես հակամարտություն - մրցապայքարում վիճակն ինչպիսի±ն է: Եվ ինչպե±ս եք վերաբերվում ՀՀԿ - ՀԱԿ երկխոսությանը, այն մարզում որևէ աղերսներ ունի± ...

- Ես ողջունում եմ ՀԱԿ-ի հետ տարվող երկխոսությունը: Համոզված եմ, որ դա Սերժ Սարգսյանի հմուտ քաղաքականության արդյունքներից է: Երկիրը պիտի ամուր լինի, որ դիմակայի դրսի և շրջապատի թշնամի պետություններին: Մեր աշխատանքների վրա շատ բարերար ազդեցություն է ունեցել երկխոսությունը: Այն լարվածությունը չկա, ինչը երկու - երեք տարի առաջ էր: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի աշխատելու, մարդկանց հավաքագրելու: Ես երբեք որևէ մեկին չեմ նախանձում: Ով կարող է, թող իր ետևից մարդկանց տանի: Արմավիրի մարզում շատ կուսակցություններ ունեն տարածքային գրասենյակներ և առողջ մրցակցում են: ՙԲարգավաճ Հայաստան՚-ի հետ որևէ հակամարտություն չունենք, նրանք էլ իշխանական կոալիցիայի անդամ են, իմ տեղակալներից մեկն էլ` այդ կուսակցությունից է և յուրաքանչյուրն իր գործն է անում:

- Եվ վերջում. Ինչի± մասին կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

- Կարևոր է հայ - ռուսական հարաբերությունների ամրացումը: Այնպես անենք, որ Ռուսաստանում, Մոսկվայում ավելի շատ վստահեն, սիրեն, հավատով համագործակցեն հայերիս հետ:

No comments:

Post a Comment