Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, August 17, 2011

Նրանք էլ իրենց ծիրանն էին ուզում

 ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ, հարձակվել են Աշտարակից Ապարան տանող ավտոճանապարհի Օհանավան և Կարբի գյուղերի հատվածին հարող տարածքում առևտուր անող գյուղացիների վրա: Ճանապարհին հարող հողատարածքների սեփականատեր գյուղացիների հանցանքն այն է, որ իրենց աճեցրած բերքը` ծիրանը, վաճառում են հենց ճանապարհի եզրին: Ոստիկանությունը սա համարում է ծանր հանցանք` սպառնալով ամենադաժան կերպով պատժել գյուղացիներին:   


Գյուղացիները` չդիմանալով ոստիկանության ճնշմանը, կեղծ նահանջ են կազմակերպում` թաքնվելով ծառերի ստվերում, իսկ երբ ոստիկանները հեռանում են, նորից վերադառնում են ելման դիրքեր: Այսպես փոփոխական հաջողություններով մարտը շարունակվում է օրվա ողջ ընթացքում:
Գյուղացիների մի մասն ասում է, որ տրանսպորտային միջոցներ չունի բերքը Երևան հասցնելու համար, իսկ եթե մեքենա վարձի, ապա դրանից ապրանքն այնքան կթանկանա, որ այն գնող չի լինի: Մյուսներն ասում են, որ ծիրանը շատ հասած է, և եթե այն հասցնեն Երևան, ճանապարհին կփչանա և պիտանի չի լինի օգտագործման համար: Պարզ է նաև, որ ճանապարհի այդ հատվածը բավական հարմար է առևտրի համար, քանի որ Ապարան, Սպիտակ և Վանաձոր մեկնողները կանգնում և գնում են իրենց ապրանքը, որն ավելի էժան է շուկայում վաճառվողից:
Գյուղացիները պնդում են, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին չի հետաքրքրում սննդի անվտանգությունը, դրա համար այլ պետական մարմիններ կան, նրանց չի հետաքրքրում ճանապարհի անվտանգությունը, դրանով զբաղվում է ճանապարհային ոստիկանությունը, նրանց հետաքրքրության միակ աղբյուրը գյուղացիների աճեցրած բերքն է` ծիրանը. ՙՊարզ ասած` մենթերը փորձում են անվճար ծիրան ստանալ գյուղացիներից, միայն այն բանի համար, որ թույլ տան անարգել վաճառել մեր աճեցրած բերքը՚:
ՀՀ վարչապետի ու մյուս պաշտոնյաների կողմից գյուղատնտեսությունն այս տարի հայտարարվել էր առանձնահատուկ հոգածության ոլորտ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը վերջերս հայտարարում էր, որ գյուղացու բերքն անարգել շուկա հասնելու համար իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել ճանապարհային ոստիկանության հետ, որ չկանգնեցնեն գյուղմթերքով բեռնված մեքենաները: Հիմա անհրաժեշտություն է առաջացել պայմանավորվել, որ ոստիկանությունը չխոչընդոտի գյուղացիներին իրացնել իրենց բերքը` առանց այն շուկա հասցնելու: Ընդհանրապես` այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ամեն առիթով պետք է ոստիկանության հետ պայմանավորվել: Հնարավոր է, որ վաղը ոստիկանները խոչընդոտեն դաշտերը վարել կամ ցորեն հավաքել, պարարտացնել կամ բուժել: Դրա համար պետք է, որ գյուղացիները կամ ինչ-որ կազմակերպություններ, որոնք ներկայացնում են գյուղացիության շահերը, մշտապես գործող պատվիրակություն ստեղծեն և մշտապես բանակցեն ոստիկանության հետ` նման խոչընդոտները վերացնելու համար: Եթե ոստիկանները հակված չլինեն բանակցելու, ապա գյուղացիները կարող են սպառնալ, որ կպահանջեն նրանց հրաժարականը:

No comments:

Post a Comment